ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, January 23, 2016 23:39 - չքննարկված
Կանթեղ գրական: ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
**
ԿԱՆԳ ԱՌ, Ո՜Վ ՀԱՅ …
Տեսնես տեսնու՞մ են մի օր երազում
Մեծամեծները մեր այս հայկական,
Որ մի ժամանակ նախնիներն իրենց
Դավիթ են եղել ու անպարտ Վարդան:
Տեսնես տեսնու՞մ են, թե ինչպես մի օր
Դպիրը հայոց ու զինվորական`
Գավազանն առավ ու թափառական
Երկրներ անցավ մեծ չարչարանքով`
Մեր գիր-զենքերը գտնելու հույսով,
Տեսնես տեսնու՞մ են, թե պայծառակերպ
Նշանագիրը իր ժողովրդին ինչպես ծառայեց,
Կամ արդյոք գիտե՞ն, թե վեղարավոր մի կաթողիկոս
Իր ազգի համար մինչև ուր հասավ,
Որ օրհասական այդ տարաժամին`
Մի կաթիլ հույս էր նրա շուրթերին,
Կամ գիտե՞ն նրանք, թե խելագարվող Կոմիտասներն
Ի՞նչ բաղադրակազմ ունեին արյան,
Կամ ինչու՞, աստված, պոետն ամենայն
Դարձավ օրերում այն թափառական`
Ազգի հովանի,
Գոնե մի անգամ նրանց արյան մեջ
Հիշողությունը չի՞ էլ արթնանում,
Կամը համը կաթի իրենց մայրական,
Որ գոյանում էր,անշու’շտ, միևնույն կազմից
Այս հին հայկական,
Կանգ առ, ո~վ հայ, դու թալանում ես քո իսկ ազգակցին,
Որ գուցե մի օր եղբայր է եղել քո նախապապին,
Կամ էլ կապանքից ու նենգից մի օր
Փրկել է հոգին քո զարմից մեկի…
Այս փոքր ազգի ի՞նչն ես թալանում,
Թե թալանողը վաղուց թալանել
Ու մորթոտել է,
Կանգ առ, ո~վ հայ, ես գիտեմ որքան
Մաքուր է հոգիդ,
Շլացրել է քեզ ոսկու փայլը գեթ,
Բայց չի կուրացրել,
Քո մեջ դեռ այնքան լուսավոր կաթիլ
Պիտի արթնանա ,ու ինքնազղջման պահին դու մի օր
Մեղայական տեքստով պիտի գաս
Դեպի խորանը ինքնամերժումի…
**
ՀՈԳՆԵԼ ԵՄ
Հոգնել եմ մարդ լինելուց,
Ուզում եմ ծառ լինել մի քիչ,
Սաղարթս ձգվի վերև`
Կախվի արևի շողից:
Ուզում եմ արմատս կառչի
Խորքերից հողի,
Ուզում եմ տերևս հանգչի`
Աշնան դեղին դողից:
Հոգնել եմ մարդ լինելուց,
Ուզում եմ շառաչս լիզի
Քարափի տխուր մասրենուն,
Ուզում եմ քարափից թափվել`
Խելագար ջրերի նման:
Ուզում գիրկը ընկնել
Ցողաթաց խոտ ու ծաղկի,
Ափերս քանդելով իջնել`
Կարոտ եմ գետի գրկին:
Ուզում եմ երիցուկ լինել`
Մոլորված դաշտի եզրին,
Ուզում եմ քեզ նեցուկ լինել,
Երբ թերթես թերթերս մի օր:
Ուզում եմ սիրի-սիրի խաղալ`
Անսալով իմ ու քո բախտին,
Հետո թերթերս քամին տանի
Հողմահար ափերով դաշտի:
Հոգնել եմ մարդ լինելուց…
ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ