ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, September 30, 2015 13:31 - 2 քննարկում
Կյանքից հեռացել է անցած դարի ամենաանվանի հայ ջութակահար Ժան Տեր Մերգերյանը: Բացառիկ տեսագրություն Ի Հիշատակ Ժան Տեր Մերգերյանի :
Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով Ժան Տեր-Մերկերյանը պարգևատրվեց Պատվո նշան շքանշանով: Շատերը զարմացան՝ լսելով հրամանագրի մասին, քանի որ բոլոր ժամանակների հայ մեծագույն ջութակահարը մոռացության էր տրված, ոչ ոք նրան չէր հիշում, անգամ երաժշտագետները փորձում էին շրջանցել նրա անունը: Եվ ահա, 9 օր անց, Ժան Տեր-Մերկերյանն այլևս չկա: Պարզ է, որ տեղեկանալով ականավոր ջութակահարի առողջական վիճակի մասին, որոշ սրտացավ մարդիկ հոգ էին տարել, որ նա պարգևատրվի ողջության շրջանին: Ախր, շատ էին ցավեցրել նրա սիրտը, շատ էին վիրավորել, մոռացության տվել:
Ծնվել էր Մարսելում: Ընդամենը տասնմեկ տարեկան հասակում ավարտել էր Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես էր եկել առաջին մենահամերգով` կատարելով Մենդելսոնի և Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: 1948թ. ընտանիքով ներգաղթել էր Հայաստան: Հանդես էր եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել էին «փոքրիկ հրաշք»: 1956թ. Պրագայում և 1961թ. Փարիզում արժանացել էր առաջին մրցանակների: Դասավանդել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ելույթներ էր ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում:
Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել էր Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները: 1981թ. տեղափոխվել էր ծննդավայր` Մարսել: Դասավանդել էր տեղի կոնսերվատորիայում և համերգներով հանդես եկել հարևան երկրներում, հատկապես` Պրովանսի քաղաքներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես էր եկել համերգներով: 1971թ. արժանացել էր Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Նա ամենաերիտասարդ ժողովրդական արտիստներից մեկն էր, քանզի այդ կոչմանն արժանացեր էր 36 տարեկան հասակում: Ժան Տեր-Մերկերյանն էլ մեկն էր խորհրդային այն արվեստագետներից, որոնց առջև արգելքներ էին դնում, խոչընդոտումն հանդես գալ արտասահմանում: Խանգարում էր նաև նրա հայ լինելու հանգամանքը, քանի որ Մոսկվայում «նստածներն» ամեն ինչ անում էին, որպեսզի ազգային հանրապետությունների շատ քիչ տաղանդներ երևան արտասահմանում՝ ստվերելով ռուս կատարողներին:
Ժան Տեր-Մերկերյանը Հայաստանից հեռացավ խռոված հոգով, վիրավորված: Երբ 1989-ին եկավ Հայաստան, սրտի ցավով պատմեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր: Ներեց իրեն նեղացրած մարդկանց, նրանց, ովքեր ՊԱԿ նամակներ էին գրում՝ խնդրելով արգելել նրա արտասահմանյան համերգները:
Ուզում էր Հայաստանում իր 80-ամյակը նշել: Չհասցրեց: Մահացավ ուղիղ 80 տարեկան հասակում:
Լևոն Մութաֆյան
2 քննարկումներ
Leuon Poghosyan