ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, July 31, 2015 23:51 - 4 քննարկում
Մուսուլման քուրդ ծպտյալ հայեր
Ալի Յորմազ
Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հայտարարաությունը, թե իրենց շրջապատում որպես «մուսուլման քուրդ» հայտնի հայերը սկսել են վերադառնալ իրենց իրական ինքնությանը, խախտեց Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուի լռությունը` «ծպտյալ հայերի թեմայով»: Պրոֆ. Հալաչօղլուն հայտնելով, որ մեր երկրում (հոդվածագիրը նկատի ունի Թուրքիան-Ակունքի խմբ.) գոյություն ունի առնվազն 500 հազար «ծպտյալ հայ», պնդեց թե նրանք, ովքեր իրեն «ցեղապաշտության» մեջ են մեղադրում և առանց դատի դատապարտում` այս ճշմարտությունն ասելու համար, այսօր հայտարարում են դրա մասին, որովհետև հող են նախապատրաստում` հայերին գույք տալու և Թուրքիայից փոխհատուցում ստանալու նկատառումներով: (Իսլամացված հայն ու ծպտյալ հայը տարբեր հասկացություններ են: Սուտ է ծպտյալ կոչված հայերի թիվը և ավելի մեծ սուտ է մի ողջ ժողովրդի ժխտումն ու Քրդական բանվորական կուսակցության հայկական լինելու պնդումը: Այլևս դասական դարձած ստեր):
15 օր առաջ իր կնոջը կորցրած պրոֆ. Հալաչօղլուն Աղթամարի եկեղեցում մատուցված պատարագից հետո Հայոց պատրիարքի փոխանորդ Ա. Աթեշյանի հայտարարությունից անմիջապես հետո մի հոդված հրապարակեց Türk Ocakları կայքէջում:
«Իրենց անձնագրերում քրիստոնյա գրել տվողների վերաբերյալ մի մեկնաբանություն» վերնագրով այդ հոդվածում Հալաչօղլուն գրում է.
««Հյուրիյեթ» օրաթերթի 2010 թ. սեպտեմբերի 21-ի համարում Վանի աղբյուրներին մոտ կանգնած Օքան Քոնուրալփը մի տեղեկություն է հրապարակել, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Այլևս քրիստոնյա են գրել տալիս իրենց անձնագրերում»: Ըստ էության` օրակարգում էր Վանա լճում գտնվող Աղթամարի եկեղեցու պատարագը, որը ներկայացվեց որպես 95 տարի անց սույն եկեղեցում կատարված առաջին պատարագ: Այդ պատարագը պատճառ դարձավ, որպեսզի բացահայտվի Թուրքիայում մշտապես գաղտնի մնացած մի թեմա, և մեկնաբանվեց որպես մինչ օրս իրենց ինքնությունը թաքցնել հարկադրված հայերի վերադարձ իրենց արմատներին` ի հետևանք ժողովրդավարացմանը: Արդյո՞ք դա էր իրականությունը, թե՞ մեկ այլ չափանիշ կար: Այդ տեղեկության մեջ նշվում էր նաև, որ Թուրքիայի հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանի մուսուլման զարմիկները ևս 4 ամիս առաջ քրիստոնյա են գրել տվել իրենց անձնագրերում: Հավելվել էր նաև այն, որ տվյալ անձինք իրենց շրջանում հայտնի են եղել որպես «մուսուլման քրդեր»: Բացի այդ` տեղ էր տրվել նաև նրանց այն մեկնաբանությանը, թե «արտաքուստ մուսուլման ընտանիք էինք, բայց ներքուստ շարունակում էինք հայ լինել»: Այդ կերպ շեշտվում էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում նշանակալի չափով իրենց իրական արմատներին վերադարձողներ են եղել:
2007 թ. ելույթով էի հանդես եկել Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբ.) կազմակերպված գիտաժողովում, որը նվիրված էր ավշար ցեղին: Իմ այդ ելույթում խոսել էի «իրենց քուրդ կամ ալևի քուրդ ներկայացնող հայ դավանափոխների՝ դյոնմեների մասին»: Նետն աղեղից դուրս էր եկել, և այլևս ինձ չասված վատ խոսք ու հայհոյանք չէր մնացել` ներառյալ ցեղապաշտությունը: Թեման այնպես էր ներկայացվել ու խեղաթյուրվել, որ դատապարտվել էի` առանց դատի: Մինչդեռ թե՛ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն ընդունողները և թե՛ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարցնում են, թե որտե՞ղ են հայերը, որ մի ժամանակ Անատոլիայում էին ապրում: Իմ խոսքերում մեր քուրդ և ալևի քաղաքացիներին ուղղված վիրավորանք չկար: Որպես գիտնական՝ փաստաթղթերով բացատրել էի, թե որտեղ են նրանք: Այն ժամանակ այն, ինչ ասացի, բոլոր հիմնված էին Ամերիկայի արխիվային փաստաթղթերի վրա: Անգամ անունների և գյուղական անվանումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կային: Վերոնշյալ արխիվային փաստաթուղթը պատրաստել էին հայկական արմատներ ունեցող պաշտոնյաները: Զեկույցը վերնագրված էր «Հայկական քրդեր»: Վերոնշյալ արխիվային փաստաթղթում արձանագրված էր ամեն ինչ, ընդհուպ մինչև այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ, թե որ հայկական համայնքը որ քրդական աշիրեթի անվանումն է ստացել, որտեղ են բնակվում նրանք և ինչպիսի ենթաբաժանումներ ունեն: Սակայն ոչ ոք ինձ չհարցրեց, թե որտեղից եմ վերցրել այդ տեղեկությունները: Լոկ մեղարդեցին, թե ինչու եմ այդ թեմայով խոսում և որ նման հայտարարություններով ցեղապաշտություն եմ կատարում: Այդ ի՞նչ պատահեց այսօր, որ ինձ կախաղանի բարձրացնելու պատճառ հանդիսացած այդ թեմայով բոլորը հանգիստ կարողանում են ասել, թե հազարավոր հայեր են այդ կերպ ապրում` մուսուլմանի անվան տակ: Ամբողջովին ցնդաբանություն է այն ենթադրությունը, թե «նրանք ազատվել են թաղամասային ճնշումից», քանզի այն տարիներին այդ շրջաններից ինձ զանգահարող մեր քաղաքացիները հայտնում էին, թե նրանց բոլորին ճանաչում են, և իրոք, բոլորը, հարգարժան պատրիարքի գլխավորությամբ, տեղյակ էին, թե որ գյուղերում կային նման «ծպտյալ հայեր»: Նույնիսկ Հրանտ Դինքը, Աստված հոգին լուսավորի, հայտնել էր, որ 1977-ից ի վեր միսիոներները ջանում են գտնել նման հայերի: Իմ հաշվարկներով` այսօր առնվազն 500 հազար այդպիսի հայ կա:
Հայ լինելը ոչ հանցագործություն է, ոչ էլ ստորացուցիչ կարգավիճակ: Այսօր էլ Թուրքիայում ապրում են հայկական արմատներ ունեցող մեր քաղաքացիները, որոնցից շատերի հետ մենք ունենք սերտ առնչություններ: Ըստ իս` մեր իրական հայկական քաղաքացիներին անհանգստացնողները հենց այդ ձևով իրենց թաքցնող հայկական ծագում ունեցողները և ցեղասպանության մասին հերյուրանքը առաջ քաշողներն են: Պատմության մեջ բազմաթիվ տհաճ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն չի եղել դեպք, որ դրանցից որևէ մեկը վերածվի այդքան երկարատև փտախտի: Ոմանք փորձել են հարցն անձնավորել: Անհրաժեշտ է, որ ճիշտ գնահատական տրվի սույն խնդրին: Այսպես, օրինակ, եթե հիշում եք, ինքս ոչ մեկին չէի վիրավորել և կարծում էի, որ ճիշտ կլիներ, եթե նման անձինք իրենք արտահայտվեին: Հիմա էլ եմ այդպես կարծում: Սակայն կարծում եմ, որ պետք է այս հարցը լուսաբանվի, որպեսզի ճիշտ պատկերացում կամզվի Թուրքիայում տեղի ունեցող մի շարք դեպքերի մասին: Բայց, դժբախտաբար, վերջերս Թուրքիան վերածվել է էթնիկականության դրախտի: Ըստ իս` իրական ցեղապաշտությունն այն է, երբ այդ կերպ հող է նախապատրաստվում` երկրի մարդկանց միջև տարբերություն մտցնելու համար: Այժմյան մթնոլորտը զարգանում է մոտ ապագայում Թուրքիան լիովին քայքայելու ուղղությամբ: Այս վերջին իրավիճակն էլ հայերին, ոչ բացահայտ ձևով, գույք տալու և փոխհատուցման համար հող է նախապատրաստում:
Իսկ իրականում, երբ տվյալ դեպքն ամբողջապես լուսաբանվի, հաստատ կբացահայտվի, թե որքան են անտեղի Հայոց ցեղասպանության մասին պնդումները: Թուրքիան ահաբեկչության և անջատողական քրդական հարցերում լուրջ փուլի է հասնելու: Անգամ մեր երկրում զտարյուն թուրքմեն հանդիսացող մեր ալևի քաղաքացիների գլխին խաղացած խաղերն են ի հայտ գալու: Իհարկե, ողջ խնդիրն այն է, թե այս հարցի հետ առանց վախենալու կարողանալու ենք առերեսվել կամ էլ ուզում ենք դա իմանալ, թե ոչ: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, մինչ այսօր պահանջում են տեղը դնել Աղթամարի եկեղեցու խաչը, ցանկանում կամ չենք ցանկանում իմանալ՝ իրականում, ինչպես որ դրա մասին հիշատակում են գերմանական արխիվային փաստաթղթերը, իսկական խաչը 1907 թ. տարել է Հայաստանի կողմից եկած Միշելյանի հրոսակախումբը եկեղեցին ավարի ենթարկելուց հետո և որպես նվեր Միշելյանը նվիրել է իր կնոջը: Իսկ միգուցե մենք նրանցից ենք, ովքեր շատ լավ գիտեն, որ մեր շուրջը հազարավոր հայկական ծագում ունեցողներ կան»:
Դոկտոր, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլու
http://www.ajans09.net/Diger-Yazilar-aliyormaz-2948-2.html
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net
4 քննարկումներ
Levon Poghosyan