ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 13, 2015 6:05 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 54

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 54

Նույն 1992-ին,չգիտես որտեղից,Հայաստանի սահմաններում և Արցախում էին հայտնվելու մինչ այդ բոլորին անհայտ կասկածելի կենսագրության տեր զինված խմբեր ու մարդիկ,ովքեր հիմնականում զբաղվելով հայկական և ադրբեջանական լքված գյուղերում մեծամասշտաբ թալանով միայն,միանգամից դառնալու էին Վազգենի հավատարիմներն այն աստիճան,որ հետագայում,բազմաթիվ զոհերի հիշատակն անգամ ոտնատակ տալու գնով,«սպարապետը» նրանց էր վերագրելու այլոց կյանքի ու արյան գնով ձեռք բերված հաղթանակի մի մասը…
1992 թվականի մարտին,Արցախի ոգին դարձած հերոսը՝ Սամվել Բաբայանը,գնդակահարելու սպառնալիքով 24 ժամ ժամանակ էր տալու այդ խմբերից մեկի ղեկավար,կատարած քրեական հանցագործության պատասխանատվությունից խուսափելու համար Արցախում հայտնված Մանվել Գրիգորյանին՝ անհապաղ հեռանալու այնտեղից…
Եվ Մանվել Գրիգորյանը հինգ ժամ հետո արդեն ճողոպրելու էր Արցախից ու չգիտես թե ի՞նչ տրամաբանությամբ,հետագայում «սպարապետի» կողմից արժանանալով սպայական ուսադիրների,որպես թե Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ…
Իսկ Հայաստանում՝ «սպարապետն» իրեն շրջապատելու էր հենց այդպիսիներով…
Եվ այսպես, «հայրենասեր սպարապետը»,ով արդեն էժանագին ձևով սկսել էր կերտել սեփական կենսագրությունը իրեն խոնարհվողների միջոցով հատկապես,չհանդուրժելով ոչինչ սեփական «ԵՍ»-ի մեծարումից բացի,դնելու էր երկրում նաև կեղծիքի հիմքը,անկյունում թողնելով բոլոր նրանց,ովքեր ներդրում էին ունեցել հաղթանակի ձեռք բերման գործում և հրաշալի գիտեին ,թե իրականում ինչով են զբաղված եղել այդ տարիներին «սպարապետն» ու նրա մաուզերիստները…
Եվ տարիներ շարունակ,մինչև իր անփառունակ վախճանը,նրա անհանդուրժողականության ու խանդի դրսևորման թիրախ էին դառնալու բոլորն անխտիր,ովքեր չէին փորձելու ծնկի իջնել իր առջև ու մեծարել իրեն՝ անգամ ու հա´տկապես ամենամեծ ժողովրդականությունը վայելող հերոսները…
Ասածիս լավագույն ապացույցն են,Արցախի իրական հերոս Սամվել Բաբայանի 1998 թվականին Վազգենին ուղղված նամակի տողերը. «…իմ նկատմամբ բազմիցս զգացել ու զգում եմ ինչ-որ անփոխադարձ խանդի կամ նման տարօրինակ բարդույթներ: Ի՞նչ ասեմ. միգուցե Ձեր շրջապատից է դա գալիս: Բայց դա չէ կարեւորը: Իմ գործունեության ընթացքում, ցավոք, միանգամից 4 հակառակորդների եմ դիմակայել. ա) թուրքը, բ) ԼՂՀ իշխանությունները, գ) ՀՀ իշխանությունները, դ) ՀՀ պաշտպանության նախարարությունը: Թեեւ սկզբունքորեն պիտի պայքարեի միայն մեկ՝ թվում էր, մնացյալ երեքի համար էլ ընդհանուր թշնամու դեմ: Այլեւս ուժ չունեմ, սակայն, եւ անհրաժեշտ էլ չեմ գտնում կռվել չորս ճակատով: Ու մանավանդ համոզված չեմ, թե ես եմ միայն կոչված ազգի հիմնահարցերը լուծելու: Հիշեցնում եմ, որ միշտ եղել եմ Ձեր անխարդախ ենթական ու ձգտել եմ սրբությամբ կատարել Ձեր բոլոր հրամանները, եթե անգամ ներքուստ երբեմն ճիշտ չեմ գտել դրանք: Չփորձելով քաղաքականացնել ծագող սխալները: Երբեք, համենայնդեպս, ինձ թույլ չեմ տվել տեղակալներիս հավաքել ու բողոքել ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ու չեմ էլ կարծում, որ նման բան կարելի է անել իմ անձի եւ անմիջականորեն իմ կողմից ղեկավարվող կառույցի դեմ. այն մարդիկ, որոնք չգիտեն էլ, թե ինչ է իրական կռիվը եւ ինչպես են ձեռք բերվել նրա այժմյան արդյունքները, ընդհանրապես իրավունք չունեն ներքաշվելու ճղճիմ ու չնչին խարդավանքների, հայոց սպայակազմին ծայրահեղ անվայել «թիմախաղերի» մեջ: Ձեզ քաջ հայտնի է, որ երբեւիցե իմ անձը չեմ ցուցադրել, եղել եմ խիստ զուսպ՝ նաեւ այլ բազում առումներով, երբեք ինքնագովազդային տեսահոլովակներ չեմ պատվիրել ու չեմ պտտեցրել: Ինչ մնում է առանձին ելույթներիս ու տվածս հարցազրույցներին, ապա եղել են ազգային բախտորոշ հարցեր ու պահեր, երբ չեմ կարծել, թե պարտավոր եմ որեւէ մեկից թույլտվություն հայցել դրանց շուրջ իմ կարծիքն ու մոտեցումները (այն էլ՝ իմ անփոփոխ համոզմամբ, իրավացի ու օգտակար) հայտնելու համար: Ի՞նչն է, սակայն, ամենացավալին ու սպառնալիցը: Վստահ եմ, որ այսպիսի ներքին քաղաքականությամբ, սոցիալ-տնտեսական ռազմավարությամբ «զարգացում» նախատեսելով՝ իրականում հետընթացի եւ կործանման ենք ազգը դատապարտում… Այսօր էլ համարձակվում եմ հավակնել վարչապետական պատասխանատվության եւ պարտականությունների (բայց բնավ երբեք դափնիների) ոչ թե իշխանությունս «ամրապնդելու կամ ավելացնելու» հետին նպատակով, այլ՝ որ տեսնում եմ Արցախի համակողմանի առաջընթացի, տնտեսության զարգացման հստակ ճանապարհը: Եվ եթե իմ առջեւ, ասել է թե՝ այդ ճանապարհի առջեւ խոչընդոտներ են դրվում, մնում է ենթադրել ընդամենը, որ դուք («մնացած թիմով»)՝ – կամ չեք տեսնում այդ առաջադիմության ուղին, – կամ չեք ուզում Արցախի հզորացումը եւ տարածաշրջանում նրա, որպես ազդեցիկ գործոնի, աճը, – կամ էլ տեսնում եք դա, բայց՝ Արցախի հզորացումն ուղիղ համեմատական կերպով կապելով իմ անձի «անթույլատրելի», «առաջանցիկ», «ձեր իշխանությունը գերազանցելիք» հզորացմանը: Այսինքն՝ առաջնորդվում եք զուտ անձնական սկզբունքով (սխալ հասկացվող ինքնասիրության հիվանդագին խոցվածություն եւ այլն): Ահա թե ինչու ես, ելնելով համազգային շահերի գերակայությունից, չեմ ուզում տուրք տալ այդ սկզբունքին եւ անաղմուկ, առանց «դուռ շրխկացնելու» հեռանում եմ՝ հրաժարվելով «թիմում մնալուց»… Պարոն նախարար Հրաժարականիս հարցն ավելի վաղ էր հասունացվել. կամենում էի դա ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական կոլեգիայի վերջին նիստից հետո, սակայն խուսափել եմ մեր ազգային տոները մթագնելուց: Եվ, որ նվազ կարեւոր չէ, ինձ խիստ անհրաժեշտ էր համոզվել Ձեր մտածելակերպի եւ դրա կայունության մեջ: Արդեն համոզվեցի: Ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ես զգացված եմ ու վերջնականապես զգում եմ, թե ինչ արժեք եք տալիս ազգին նվիրված մարդկանց: Իմ ոգին, իմ տղամարդկային հավատամքը լիուլի հերիքում են ցանկացած պահին, ցանկացած տեղում արտահայտել այն, ինչ մտածում եմ: Իսկ եթե ոմանք կարծում են, թե թույլ մարդ եմ, որ դիմում եմ այդ քայլին՝ ուղղակի հեռանալով, ապա նորից ու չարաչար են սխալվում. իսկ ճիշտն այն կլինի, որ նմաններն իրենց հաշիվ տան հին սխալները թույլ տալու մեջ եւ գոնե, կրկնում եմ, այսուհետ չավելացնեն դրանք:
Ս. Բաբայան ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ 1998թ. մայիսի 26»:
Վազգենը շատ լավ էր գիտակցում,որ եթե առանց որևէ մարտի մասնակցելու պետք է համարվեր սպարապետ ու հերոս,ուրեմն իրեն անհրաժեշտ էին գեներալներ ու գնդապետներ՝ ովքեր պետք է կեղծ վկայությամբ հաստատեին իր հերոս լինելը:Իսկ այդպիսիներին անհնար էր գտնել ոգի ու կամք ունեցող իրական հերոսների շրջանում,ովքեր ականատեսը լինելով նրա շարունակական չարագործություններին,մի օր կարող էին բարձրաձայնել իրականությունը և պատժիչ սուր դառնալ նրա գլխին…
Եվ այսպես,թեթև ձեռքով նա ՍՏԵՂԾԵՑ նաև իր գեներալներին ու գնդապետներին՝ իրեն հավատարիմ թափթփուկներից,իրեն փառաբանելու դիմաց տալով նրանց երկիրը թալանելու ու հարստանալու կանաչ ճանապարհ…
Եվ ազգային պատմությունը երկրում, գլխիվայր շուռ եկավ…
Իսկ երկրում ամրապնդված անձի պաշտամունքի հիմքերի վրա, սկսեցին սնկի պես աճել հազարավոր կարիերիստներ,որոնց միջոցով հաստատվեցին իրականությունը կեղծելու,շողոքորթելու,երեսպաշտության ստոր բարքեր…
ՈՒ խաթարվեց հայի բարոյական կերպարը…
Թկունքում ունենալով որոշակի ուժեր,որոնք նրան արագորեն առաջ էին մղում և հավանաբար վստահեցրել էին իշխանական բուրգի գագաթին հասնելու մասին,նա իր կատարած յուրաքանչյուր հանցագործությունից առաջ,կամ՝ անմիջապես հետո,շատ հետևողականորեն ու խորամանկ ձևով երկիմաստ գրություններ,նամակներ էր հասցեագրում,ելույթներում՝ իր կատարած իրական քայլերից տրամաբանորեն լրիվ հակառակ հայրենասիրական խոսքեր բարձրաձայնում,որոնք հետագայում պետք է «ապացույցներ» հանդիսանային իր չունեցած հայրենասերի կերպարի կառուցման համար:Այս ձևով, Վազգենը փորձում էր իր ետևից մաքրել իր իսկ կատարած հանցանքների կեղտոտ հետքերը և պատմությանը պահ տալ «հերոս հայրենասերին» վայել գրավոր վկայություններ…
Բավական չէի՞ն ադյոք նրա կատարած ամբողջ հանցագործությունների մի փոքրիկ մասը կազմող այս թվարկածս դեպքերը,որպեսզի նա արժանանար ամենածանր քրեական պատասխանատվության և լրացներ դասական ազգադավների շարքը…
Սակայն պարզվեց,որ ժողովուրդը տառապում է հիշողության կորստով,թույլ է սրտից և հաճույք է ստանում խաբվածի վիճակում լինելուց…ԵՎ նրա ոհմակի հանցագործները քաջ գիտենալով դա, ժողովրդին մատուցեցին «հերոսի» վազգենյան մի կեղծ կերպար,որը պետք է ուղղակի վահանի դեր կատարեր, այդ հանցագործներին զերծ պահելով պատասխանատվության հնարավորությունից և կանաչ լույս վառեր հետագա կատարելիք նոր հանցանքների ճանապարհին…
Եվ ի հայտ եկած բազմաթիվ կարիերիստներ,ովքեր հրաշալի հասկացել էին,որ իրենց առաջընթացի համար անհրաժեշտ է ուղղակի թմբկահար դառնալ Վազգենի փառքը գովերգելու ներկայացմանը,մասը կազմեցին այդ ոհմակի ու նոր սերնդի հիշողության մեջ ամրապնդեցին «սպարապետի» ու նրա հանցագործ շրջապատի «հերոսական» կեղծ կերպարների պատկերացումները…
Իսկ խաբվածները,այն միամիտ խաբվածները,ովքեր այսօր էլ դեռ շարունակում են գովերգել Վազգենի փառքը,մտածե՞լ են երբևէ,թե այդ ինչպե՞ս եղավ,որ իրենց կուռքի բոլոր ընկերները,շրջապատի մարդիկ հանկարծ այսչափ հանցագործ դուրս եկան:Ի՞նչ է,Վազգենն այդքան միամի՞տ էր,որ ինքը լինելով մաքուր անձնավորություն,խաբնվեց և իր շուրջը հավաքեց,ընկերացավ հատկապես այսչափ բարոյազուրկների,նման բորենիների հետ,ովքեր և´ նրա կենդանության օրոք,և´ նրա մահից հետո, կեղեքեցին և շարունակում են կեղեքել երկիրն ու ժողովրդին:
Սակայն,հավատում եմ, կգա ժամանակը՝ արդարության,իրականությունը բարձրաձայնելու ժամանակը և կտապալվի կուռքն իր պատվանդանից ու նրա անկումը կլինի ավելի ահավոր,քան նրա կատարած սև գործերն էին…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Levon Poghosyan
Apr 13, 2015 22:34