ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 1, 2015 7:30 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 43

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 43

Տղաների չվերադառնալու լուրն առանք հաջորդ օրն առավոտյան:Խաչիկ Վասիլյանի եղբայր Սլավիկ Վասիլյանն էր Ազատավանից մեր տուն ուղարկել ջոկատի տղաներից մեկին՝ հայտնելու,որ Խաչիկն ու Վարուժանը անցած օրը,ժամը 13-ի սահմաններում Զովաշենցի Ռուբիկի և Կծան Միշայի կանչով գնացել են գումարը բերելու ու չեն վերադարձել:Լուրն ստանալուն պես,ամբողջ ջոկատի մարտիկներն հավաքվեցին Ազատավան գյուղում գտնվող Խաչիկի մայրական տանը:Զենքերը պահված էին,ջոկատի հրամանատարն էլ Ռուսաստանում էր և տղաները չգիտեին իրենց անելիքը:Խաչիկի ու Վարուժանի անհետացման լուրն առնելուն պես,Ազատավան եկավ նաև Աշոտ Նավասարդյանը մի խումբ մարտիկներով,ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանը՝ իր տղաներով,Տիգրան Մեծ ջոկատի տղաներն ու շատ ուրիշներ:Եվ այնտեղ էլ իմացանք սարսափելին…
Կեսօրին գումարի ետևից գնացած տղաները մինչև ուշ գիշեր չեն վերադառնում,ինչի պատճառով էլ Խաչիկի եղբայրը՝ Սլավիկը չի քնում և սպասում է նրանց:Կեսգիշերին,ժամը 3-ին մոտ նա լսում է,որ ուժգին թակում են դարպասը:Զենքը ձեռքին դուրս է գալիս բակ և հարցնում,թե՝ ո՞վ է:Սլավիկի պնդմամաբ (ինչն ի դեպ նա պնդեց մինչև վերջ և համոզված),դարպասի ետևից լսվում է Զավեն Պողոսյանի ձայնը,թե՝ «Սլավ,դուռը բաց արա»:Ջոկատի անդամ այն Զավենի,որը Խաչիկենց հետ չի գնում գումարը բերելու,պատճառաբանելով,թե իրեն վատ է զգում:Ապարանցի այն նույն Զավենը,ով հայտնել էր Հակոբջան Թադևոսյանին Ադրբեջանական վագոնի Արտաշատի երկաթգծում լինելու մասին,ով արգելել էր ծեծված Քյալաշ Խուդոյանին բուժօգնություն ցույց տալ և ով հետագայում պետք է հովանավորվեր այն ժամանակ Գլխավոր Դատախազության քննիչ հանդիսացող Աղվան Հովսեփյանի կողմից…
Խաչիկի եղբայրը հավատացած լինելով,որ դարպասի հակառակ կողմում Զավենն է,բացում է դուռը և չհասցրած ուշքի գալ՝ ուժգին հարված է ստանում գլխին:Նրան զինաթափում են և մի խումբ մարդկանց թողնելով դարպասի մոտ,երկու դիմակավորված անձինք Սլավիկին իրենց հետ քարշ տալով,ներխուժում են տուն:Քնից արթնանում են Սլավիկի հիվանդ մայրը,5 օր առաջ ծննդաբերած կինն ու երեխաները:Զենքի սպառնալիքի տակ,դիմակավորները պահանջում են իրենց հանձնել տանը պահվող գումարը:Սլավիկը հրաժարվում է,ասելով որ տանը գումար չկա:Դիմակավորները ցույց են տալիս Խաչիկի արնոտված անձնագիրը և հայտարարում,որ Խաչիկն իրենց մոտ է ու խոստովանել է,որ «5 կապ սերտիֆիկատը պահվում է իր մոր տանը,Ազատավան գյուղում»:Սլավիկը նորից է հրաժարվում գումարը հանձնել,ասելով որ ինքը տեղյակ չէ դրանից:Դիմակավորները հարձակվում են սենյակ մտած Խաչիկի քնաթաթախ մոր վրա,սկսում խեղդել հիվանդ կնոջը,մինչև որ նա թուլացած ընկնում է գետնին,հետո սկսում են քաշքշել ու ծեծել Սլավիկի նոր ծննդաբերած կնոջը և անկողնուց վերցնելով 5 օրական նորածնին,բարձրացնում են հարվածելու պատին:Այս տեսնելով Սլավիկը հայտնում է սերտիֆիկատների տեղը:Ստանալով ապակյա տարայի մեջ տեղավորած սերտիֆիկատները,դիմակավորներից մեկն այնքան է ոգևորվում,որ շտապով հանում է դիմակը:Սլավիկն ու կինը տեսնում են նրա դեմքը,բայց չեն ճանաչում ով լինելը:Վերցնելով ամբողջ գումարը,նրանք հեռանում են:
Պատմելով այս ամբողջ կատարվածը,Սլավիկը հայտնեց նաև,որ գումարի ետևից գնալիս,եղբայրն իրեն պատվիրել էր՝.«եթե ետ չվերադառնանք,կգաք ու մեզ կպահանջեք Զովաշենցի Ռուբիկից ու Կծան Միշայից»:Աշոտ Նավասարդյանն իսկույն գործի անցավ:Վերցնելով իր հետ Արշալույս Փայտյանին,նա անմիջապես մեկնեց Կծան Միշայի մոտ բանակցությունների:Քիչ անց վերադառնալով ձեռնունայն,հայտարարեց,որ Ռուբիկն ու Միշան երդվեցին ամեն սրբություններով,որ տեղյակ չեն տղաներից:Որքան էլ որ մենք համոզված պնդում էինք,որ կատարվածը հենց նրանց ձեռքի գործն է,որ նրանք սրբություն չունեցող մարդիկ են,միևնույն է՝ Նավասարդյանը չէր կարողանում հավատալ,թե ինչպե՞ս կարող էին 40-նն անց երկու չափահաս տղամարդիկ,կատարած լինելով այդ ամենը, սուտ երդումներ տալ,նույնիսկ իրենց կանանց,աղջիկների անվամբ հայհոյանքներ ընդունել,ասելով ,որ տեղյակ չեն:Սակայն նույն օրն առավոտյան,լուրեր սկսեցին պտտվել մեր հարևանների շրջանում,որ ընտանիքն հավաքել ու տանից փախել է Արտաշատի Գործկոմի նախագահ Սեդրակ Սեդրակյանը:Վերջինս ապրում էր մեր կողքի շենքում:Նրա և իր ընտանիքի փախուստը տանից,ամենամեծ ապացույցն էր հենց այն բանի,որ տղաները առևանգվել են նրա գլխավորությամբ շրջանում գործող հանցագործների կողմից:Դրանում կասկած անգամ լինել չէր կարող:
Նույն օրը կեսօրից հետո,տեղյակ չլինելով կատարվածին,Ռուսաստանից Խաչիկենց տուն զանգահարեց ջոկատի պետ Սամվել Մարգարյանը,հայթայթած զենքերի վճարման մասին պայմանավորվելու համար:Իմանալով տեղի ունեցածը,նա միանգամից Նավասարդյանին ասաց,որ «դա Կծանենց ձեռքի գործն է» ու հայտնեց,որ շտապ վրադառնում է,սպասեն իրեն:
Երեկոյան ուշ ժամին եղբայրս՝ Սամվելն ու նրա հետ Ռուսաստան մեկնած ջոկատի մարտիկն արդեն Ազատավանում էին:Տեղի տալով մեր պնդումներին,Նավասարդյանն ու Վասիլյանը նորից սկսեցին բանակցությունները հանցագործների հետ:Երեք օր շարունակ ամբողջ ջոկատի մարտիկները,մեզ հետ էլ Ազատավանում գտնվող մյուս ջոկատներն ու նրանց հրամանատարները տուն չգնացին:Խաչիկենց հարևաններից մի քանիսը կամովին ընտանիքները տեղափոխել էին բարեկամների տուն և իրենց տները սիրով հանձնել մարտիկներին:Երեք օր շարունակ Աշոտ Նավասարդյանն ու Ռազմիկ Վասիլյանը բանակցություններ էին վարում Զովշենցի Ռուբիկի և Կծան Միշայի հետ ու միշտ ապարդյուն:Մենք այլևս հույս չունեինք,որ տղաները կենդանի կլինեն:
Այդ ժամանակ Հնարապետությունում կազմակերպվել էր ՄՈՒՇ-ը(Միացյալ ՈՒժերի Շտաբ),որի կազմի մեջ էին մտնում բազմաթիվ կուսակցությունների,կազմակերպությունների և զինված միավորումների ղեկավարներ:Եվ տղաների անհետացման երրորդ օրը,կեսօրից հետո, Ազատավան գյուղում ՄՈՒՇ-ի Ռազմական խորհուրդը հավաքվեց ժողովի:
Նորից խոսելով տղաների անհետացման դեպքի մանրամասների մասին,Աշոտ Նավասարդյանը հայտնեց,որ Ռուբիկ Հակոբջանյանը թեև չի ժխտում,որ այդ օրը կեսօրին Խաչիկն ու Վարուժանը հանդիպել են իրեն,իրենից ստացել վաճառված ապրանքի գումարը,բայց նրանք դրանից հետո հեռացել են և ինքն ու Միշան տեղյակ չեն նրանց անհետացման մասին:Ռազմական խորհրդի անդամները լսելով նաև ջոկատի մարտիկների փաստարկները վերոհիշյալ հանցագործների ով լինելու մասին,նրանց անվան հետ կապված բազմաթիվ հանցագործությունների մասին,ընդունեցին որոշում,որի համաձայն,եթե երբևէ ապացուցվեր,որ տղաներն առևանգվել են Զովաշենցի Ռուբիկի և Կծան Միշայի կողմից,ուրեմն նրանք կհայտարարվեն ազգի դավաճաններ և կգնդակահարվեն,քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրում առևանգել ու ազատությունից զրկել,կամ ոչնչացրել են ազատամարտիկների,ինչը միայն թշնամին կարող էր անել:
Ռազմական Խորհրդի այս ժողովից հետո,արդեն կարծես համոզված,Նավասարդյանն ու Վասիլյանը նորից գնացին Միշա Խուդավերդյանի (Կծան Միշայի) մոտ բանակցությունների,այս անգամ կարծես վերջնագիր ներկայացնելու նրան:Նավասարդյանն ասել էր,որ եթե մինչև հաջորդ օրը գիշերվա ժամը 24-ը տղաները ետ չվերադառնան,ապա ամբողջ միացյալ ուժերը դուրս են գալու նրանց դեմ:
Հաջորդ օրը մենք նստած ծրագրեր էինք մշակում հետագա քայլերի համար,երբ ի զարմանս բոլորի,երեկոյան ժամը 17-ին մոտ, հայտնվեցին կորած տղաները…
Ահավոր էր նրանց վիճակը,աննկարագրելի,մանավանդ Խաչիկ Վասիլյանի վիճակը…
Վարուժանին ծեծել էին:Արնոտված էր նրա դեմքը,թևն ամբողջովին ուռած,կապտած ու պատռված:Իսկ Խաչիկը…
Առանց չափազանցության կարող եմ ասել,որ միայն թուրքերին գերի ընկած մարդը կարող էր նման վիճակում լինել… 35-ամյա հաղթանդամ մի մարդ,ով երազում էր անդամագրվել Դաշնակցությանն ու դեռևս չլինելով որևէ կուսակցության անդամ,մասնակցել էր սահմաններում ծագած բոլոր մարտերին:
Հանցագործներն աքցանով քաշել էին նրա բեղերն ու եղունգները,երկաթալարով այնքան ամուր էին կապել հաղթ դաստակները,որ կտրելով կաշին ու մկանները,երկաթալարն հասել էր դաստակի ոսկորներին,ոտքերից գլխիվայր կախել էին ծառից,անխնա ծեծի ենթարկել,թույլ չէին տվել երեք օր շարունակ բնական պահանջներն հոգալու,ինչի պատճառով աղտեղության մեջ էին ամբողջ հագուստները և ի վերջո… կատարել էին ամենասարսափելին… ու այս ամենից հետո,անձամբ Զովաշենցի Ռուբիկն ու Միշան գիշերով տեղափոխել էին նրանց Եղեգնաձորում գտնվող ադրբեջանական մի լքված սահմանամերձ գյուղ ու խիստ պատվիրել,որ ետ վերադառնալիս պատմեն,իբր թե գերի են ընկել ադրբեջանցիներին ու գերությունից են վերադառնում,ահաբեկելով,որ հակառակ դեպքում վատ կլինի նրանց համար…
Բայց ինչու՞,ի՞նչն էր ստիպում հանցագործներին, այդպես վերաբերվել իրենց հետ ընդհանրապես ոչ մի հարաբերություն չունեցող մարտիկներին:Գումա՞րը…Ո´չ միայն…
Այն ժամանակ մենք դեռ չգիտեինք,որ այդ գումարն ընդհամենը բազմակի դատված և միշտ էլ կարճաժամկետ պատիժներ կրած այդ հանցագործների ավարն է ուղղակի և իրական պատճառը՝ մեր անկախական լինելն է,ինչի համար էլ հենց նրանց զինել ու մեր դեմ էր հանել Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը,որը կարմիր Մոսկվայի բացահայտ գործակալ էր,գործիք՝ սեփական ազգի ու նրա ազատության դեմ ուղղված և որն իր ընտրած հանցագործ-«գործիքների» միջոցով ապացուցում էր, տարիներ շարունակ Հանրապետությունում կատարված ու չբացահայտված բազմաթիվ ծանր հանցագործություններին ունեցած իր ուղղակի մասնակցությունը…
Կառլեն Թորոսյանը…
Բոլոր ժամանակներում գոյություն ունեցած,ազգի մի իսկական հերթական ԴԱՎԱՃԱՆ…որը շարունակելու էր իր սկսած արյունալի խաղն Արտաշատի շրջանում,ցանկանալով ամեն կերպ հրահրել քաղաքացիական կռվներ,արդյունքում ոչնչացնելով իրենից ուժ ներկայացնող անկախական մի ջոկատ,չմտածելով անգամ,որ իրեն որպես գործիք ծառայած այդ հանցագործները, մի օր բացահայտելու են իրավապահ ներկայացող իրական հանցագործի ու դավաճանի իր կերպարը…
Տարիներ շարունակ և մինչ օրս, այս պատմություններին քիչ թե շատ ծանոթ մարդիկ,Արտաշատյան արյունոտ դեպքերը ներկայացնում են տղաների այս առևանգումից ու խոշտանգումից հետո կատարված դեպքերից սկսած,չիմանալով,կամ՝ մտածված «մոռացության» տալով այս դեպքը,ինչն էլ հենց հիմանակնում դրեց հետագա արյունոտ պատմության սկիզբը…
Երբ կատարված այս ծանր հանցագործության հանդեպ թվացյալ անտարբերություն էին դրսևորում հանրապետության իրավապահ մարմինները,էլ չեմ ասում,որ հետագայում պետք է իմանայինք,որ ՆԳ նախարարի տեղակալ հանդիսացող պաշտոնյան ինքն էր զինել ու կազմակերպել այս ամենը,մնում էր մի բան՝ հանցագործներին պատժել անձամբ:Վրեժխնդիր լինել նրանցից…
Անցնելով մի փոքր առաջ,պետք է ասեմ,,որ յուրաքանչյուր իրեն հարգող հայ տղամարդ,այն ամենից հետո,ինչ որ կատարել էին հացագործները Խաչիկի հանդեպ,կվարվեր նույն կերպ,ինչպես վարվեց Խաչիկը՝ հետագայում լուծելով իր վրեժը…
Հոշոտված,բայց կենդանի վերադարձած տղաների ներկայությունը թուլացրեց եղած լարվածությունը:Առաջին խոսքը,որ իր շուրջն հավաքվածներին ուղղեց Խաչիկը,այս էր՝. «Սվետն ու՞ր է,հո բան չի՞ պատահել իրան»:Ես առաջ եկա:«Փառք Աստծո»,ինձ տեսնելով ասաց Խաչիկն ու լռեց…Ցանր էր այդ լռությունը:Նա նման չէր այն ինքնավստահ,հպարտ,լուրջ ու մի քիչ էլ խիստ մարդուն,որին սովոր էինք միշտ տեսնել:Սկզբում չէր խոսում,մաքրվել-կարգավորվելուց հետո անգամ լուռ էր:ՈՒներ բացակա,գրեթե ոչինչ չասող,մտազբաղ հայացք:Հաջորդ օրն երեկոյան միայն, հանկարծ հայտարարեց ի լուր բոլորի՝.«Ես մորթելու եմ Կծանի ամբողջ ընտանիքը,մինչև ծծկեր երեխան:Ռուբիկին կներեմ մենակ էն դեպքում,եթե իր ձեռքով սպանի Կծանին ու դիակը բերի հանձնի ինձ»…
Այս հայտարարությունը կարծես բացեց նրա լեզուն և նա սկսեց պատմել մի բան,որը մեր առաջ բացեց մի նոր իրականություն,սարսափելի ու անիրական մի բան,որի նմաններն հանդիպում են միայն ֆիլմերում…
…Հասնելով Զովաշենցի Ռուբիկենց տուն,վերջինս հավաստիացնում է,որ գումարը գտնվում է Գառնի գյուղում և առաջարկում է միասին գնալ այն բերելու:Ընտրում են Զովաշենից Գառնի ընկած ոչ բանուկ ճանապարհը,որն անցնում է լեռների ու բլուրների միջով:Եվ հենց այդտեղ,մարդկային աչքից հեռու,հանկարծ բլուրներից դուրս են թափվում մի խումբ զինված մարդիկ ու հետո…Հետո տղաներն աչքերը բացում են Գառնի գյուղի տներից մեկի նկուղում:Նույն օրը գիշերը, Զովաշենցի Ռուբիկը մի քանի զինված մարդկանց հետ,նրանց տեղափոխում է Խոսրովի անտառի տարածքում գտնվող Թաթուլի բերդ և բանտարկում, այնտեղ նախորոք իրենց ձեռքով պատրաստված,իրենց սեփականը հանդիսացող իրական մի բանտում,որն ունենում է նաև բանտապահ:Այդտեղ էլ հենց նրանք հանդիպում են բանդայի երկրորդ պարագլխին՝ Կծան Միշային:Հավատացած լինելով,որ տղաներն իրենց ձեռքից կենդանի չեն ազատվելու,Ռուբիկ Հակոբջանյանն սկսում է հպարտանալ տարիների կատարած իրենց հանցագործություններով,ասելով,որ «տեսնում ե՞ք,էս սաղ Գառնու ձորերն ու անտառները դարձրել եմ անթաղ մեռելների գերեզմանոց ու ձեզ էլ եմ ուղարկելու էտ անթաղ մեռելների հետևից:Անկախական եք հա՞,ի՞նչ անկախություն,արա:Դուք ո՞վ եք,որ դուս եք էկել կառավարության դեմ:Չգիտե՞ք,որ մեզնից ուժեղ ոչ մեկը պտի չլնի էս շրջանում»…
ՈՒ հետո սկսում է հպարտանալ,որ իրենք ամենազոր են,որ հովանավորվում են Հանրապետության բարձրաստիճան իրավապահների կողմից ու նրանց հետ էլ միշտ «գործեր» են արել,որ այդ իրավապահներն իրենց թիկունք են ու իրենք՝. «այ էս տեսակ սեփական բերդ ունենք ու մեր սեփական դահիճը,որը ձեր նման հազարինա էն աշխարհ ուղարկել,չէիք լսե՞լ,թե ոնց դպրոցի դիրեկտրին անհայտ կորուստ սարքինք,ձեզ էլ ենք ուղարկելու էտ հարիֆի հետևից»:
Հետո, իրենց այդ «սեփական բերդի դահիճն»,ով պարզվում է,որ Զովաշենցի Ռուբիկի համագյուղացին է՝ բազմակի հանցագործ Արփիար Դարբինյան անունով մեկը, սկսում է անմարդկային կտտանքների ենթարկել տղաներին,չմտածելով,որ երկու ամիս անց,օդանավակայանում պատահաբար հանդիպելով Խաչիկին,բռնի առևանգվելու,հետո էլ գնդակահարվելու է նրա կողմից…
Սպանելուց հետո,Խաչիկը նրա դիակը տարել ու նետել է Նախիջևանի սահմանից այն կողմ,լեռների մեջ,ասելով,որ «քեզ նմանն իրավունք չունի մեր հողի մեջ թաղվելու» և դեպքից մեկ ամիս անց միայն «դահճի» հարազատաները գտան նրա արդեն քայքայված դիակն ու վերադարձնելով,հողին հանձնեցին:
Տղաների պատմածներից պարզ դարձավ ,որ հանցագործները ցանկացել են ամեն գնով առևանգել նաև ինձ,ասելով,որ Սվետան այդ ջոկատի գաղափարն է և նրա ոչնչացումը կթուլացնի ջոկատը:Եվ պետք է ասեմ,որ ձերբակալությունիցս հետո,քննիչ Սերգեյ Պողոսյանն հենց այդպես էլ գործն աշխատում էր առաջ տանել և ինձ ամեն կերպ դուրս բերել որպես ջոկատի «գաղափար» ու հրահրող ՝ մեզ վրա դրված բոլոր մեղադրանքների պահերով…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ