ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, February 25, 2015 12:53 - չքննարկված
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 41
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 41
Այդ փոքրիկ,կիսաձայն արված հայտարարությամբ՝. « Սրանք բոլորիս գլուխը մեկ-մեկ կուտեն:Ես շարժվում եմ Վարդենիս,մինչև վերջ կռվելու եմ ու ոչ մեկին պռիզնատ չեմ գալու:Ես ու իմ Աստվածը:Ես գնացի»,որի վկաներն էինք ես ու Արթուր Մալխասյանը,փաստորեն Լեոնիդ Ազգալդյանը ԱԶԱՏ հռչակեց իրեն բոլոր եղած կապանքներից և առաջին հերթին՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ:ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ինչն իրականում այնքա՜ն անհրաժեշտ էր իսկական ազգի զինվորին:Գիտակցորեն և կասեի՝ ավելի շատ ենթագիտակցորեն նա հասկացավ , թե ինչի համար են ձեռնարկվում բոլոր կուսակցական խաղերը և ո՞րտեղ ու ինչու՞,ինչպե՞ս են վերջանում դրանք երբեմն…
Հիշողությանս մեջ արթնանալով այս դեպքի մանրամասները,ստիպեցին ինձ նորովի արժևորել Նավասարդյան մարդուն ու քաղաքական գործչին,որը մեզ համար ամենաճակատագրական և հասարակության համար ամենավտանգավոր պահին չզլացավ իր կողմից հորինված մի պատճառաբանությամբ ,մեր անունը կապել ՀԱԲ-ի հետ:ՈՒրիշ մի ժամանակ,դա անարժեք,նույնիսկ ծիծաղելի կթվար,ինչ որ ավելորդ խանդի մի երևույթ,քանզի ՀԱԲ-ը ևս Անկախական գաղափարներով տոգորված ռազմական միավորում էր,կասեի՝ պանծալի մի ռազմական միավորում,երկրի իրական ու առաջին պաշտպանը,որին նախանձել կարող էին շատ խմբավորումներ,որոնք իրենց «ռազմական » կենսագրությունը կերտում էին Երևանի փողոցներում զինված թրև գալով,կամ´ շտաբներում սրճելով և այս միավորումը շատ դեպքերում էր համագործակցել «Անկախության Բանակ»-ի հետ:Բայց այդ պահին,այդ իրադրությունում,երբ ՀԱԲ-ի անունը բարձր արտաբերելն անգամ կարող էր ճակատագրական լինել ցանկացած մարդու համար,Աշոտ Նավասարդյանն արդեն գիտե՜ր, թե ինչ է անում,ինչի համար է անում և ի՞նչ ձևով պետք է փորձի ազատվել մեզնից ու ՀԱԲ-ից նաև,որպեսզի երկու ոտքով ամուր կանգնի նրանց շարքում,որոնց հետ սկսել էր իր գրկախառնումները և կարողանա «մաքուր պահել» քաղաքականի իր կենսագրությունը…
Սակայն Աշոտը չգիտեր,որ նրանք,ում հետ սկսել էր արդեն գրկախառնվել,նրանք ունեին լա՜վ հիշողություն,հիշաչար էին նաև և իրեն չէին ներելու իրենց սեփականությունը դարձրած երկրում ունենալ «Հանրապետական» անունով մի կուսակցություն…
Հանրապետությունը,անգամ նրա անվան հետ կապված ամեն բան, պետք է իշխողների սեփականությունը լիներ միայն:ՈՒրիշ կերպ լինել չէր կարող:Իսկ ՀՀՇ-ն, բոլոր հարցերը սովոր էր լուծել «կարճ ճանապարհով»…Այդ ճանապարհով հարցեր լուծելու համար, արձակված էին ՀՀՇ-ի ձեռքերը,քանզի Նավասարդյանի հավատարիմների «աթոռներն արդեն թափուր էին» մեծավ մասամբ՝ինչպես ասում են…
Հետագայում մահացավ նաև Արթուր Մալխասյանը,շատ կասկածելի հանգամանքներում զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը,հետո՝ Աշոտ Նավասարդյանը,բանտից ազատվելուց հետո նաև՝ Սամվել Մարգարյանը…
Տարբեր կերպերով զոհվեցին կամ մահացան «Անկախության Բանակի» բոլոր հրամանատարները…
Պատահականությու՞ն էր այս ամենը,կարծում եմ՝ ՈՉ…
Այս բոլո՜ր հիշողություններն ու վերլուծություններն իմ գլխում ու նաև գործի հատորներին ծանոթանալու ժամանակ այնտեղից անհրաժեշտ ցուցմունքները թղթերի վրա արտագրած, ամիսներ անց?ԿԳԲ-ի նկուղից, հսկիչների ուղեկցությամբ ես գնում էի Գերագույն դատարան:
Երբ Սամվելին հայտնեցի Աշոտ Նավասարդյանի մեր դեմ տված ցուցմունքների մասին,նա կտրուկ թեքվեց,ուղիղ նայեց աչքերիս,հետո կախեց գլուխը մի քանի վարկյան,երկու ձեռքի բթամատերը սեղմած քունքերին:Ի՞նչ էր մտածում,չգիտեի…Մի քանի վարկյան հետո դանդա՜ղ բարձրացրեց գլուխն ու նայելով ուղիղ աչքերիս,ասելիքի մեջ համոզված մարդու տոնով հատ-հատ ու շեշտված ասաց՝. «Հիշիր,չկա,գոյություն չունի որևէ կուսակցություն,որի համար թանկ լինի գաղափարը:Սրանք բոլորը փոքր մաֆիոզական խմբեր են ու ամեն ինչ անում են իրենց շահերի համար,օգտագործելով մեր նմաններին:Մենք հաղթենք էլ՝ մեզ կախելու են,պատրվենք էլ…Հաղթենք՝ մեզ կախելու են մերոնք,որ շատ գաղտնիքներ գիտենք,իրենց ինչ լինելն ու անցած ճանապարհը գիտենք,պարտվենք՝ կախելու են սրանք՝ ՀՀՇ-ականները,որպես հակառակորդների,քավության նոխազ է պետք իրենց ու մենք հենց դա ենք»:
Ոչինչ չասացի:Նա մի քանի րոպե լռեց ու տեղից բարձրանալով մոտ կանչեց Հակոբջան Թադևոսյանին:
Ինչպես արդեն ասել եմ,Հակոբջան Թադևոսյանը մեր շտաբի պետն էր եղել մի քանի ամիս:Նա հին քաղբանտարկյալ էր,պատմաբան,ԱՄԿ-ի խորհրդի անդամ,Աշոտ Նավասարդյանի վաղեմի ընկերն ու նաև նրա հարսանիքի քավորը:
Ես ձեռքիս եղած թերթիկներից Հակոբջանի համար կարդացի Աշոտի տված ցուցմունքները:Հակոբջանը գունատվեց:Աչքերի մեջ ցավ ու անզոր բարկություն հայտնվեց ու ոչի՜նչ չասաց:Բայց նրա լռությունն ավելի քան խոսուն էր:
Հակոբջան Թադևոսյանի այդ հայացքը դաջվեց ու մնաց իմ մտապատկերում:Մնաց հավիտյան ու կմնա մինչև կյանքիս վերջ…
Ամենավտանգավոր գազանների համար նախատեսված ճաղավանդակը,որը տեղադրված էր այս անգամ ՀՀ Գերագույն դատարանի դահլիճում և որտեղ ամեն դատական նիստի ժամանակ փակում էին ջոկատի տղաներին,դատարանում ներկայանալու վայր էր դարձել նաև այդ հին քաղբանտարկյալի,Հայաստանի ազատության համար պայքարած այդ պատկառելի վաստակի տեր մարդու համար:Այսինքն,բախտի դաժան ծաղրով,ողջ կյանքը Հայաստանի Անկախության պայքարին նվիրած մարդը,իր երազած Անկախ Հայաստանի հենց առաջին իսկ օրից պետք է իր նվիրումի պտուղները «վայելեր» բանտերում,ճաղավանդակների ետևում,հետո հոգեբուժարաններում…մինչև հրաժեշտ տալը իր երկրային կյանքին…
Հակոբջան Թադևոսյանը նամակ-նամակի ետևից,բողոք-բողոքի ետևից էր գրում երկրի բոլոր ատյաններին և արդեն պատգամավորական աթոռներ գրաված ու տարբեր կուսակցապետեր դարձած իր ընկերներին…
Ահա, 21.10.1991թվականին,բանտից Աշոտ Նավասարդյանին ուղղված նրա «Բաց Նամակից» մի հատված՝. «Մեղադրվում եմ քր. օր-ի 90 պրիմ հոդվածով,այսինքն՝ պետական ունեցվածքի խոշոր չափի յուրացման համար:Մի հարցնող լինի. ո՞ր պետության ունեցվածքն եմ յուրացրել,Ադրբեջանի՞, լավ եմ արել,նրանց խանումներին հասանելիք հագուստները մեր կանանց վաճառելով:ՈՒրեմն անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության առջև ես ոչ մի քրեական պատասխանատվություն չեմ զգում:Իմ դեմ հարուցած քրեական մեղադրանքը ես համարում եմ մութալիբովներին և օմոնականներին հաճոյանալու զզվելի մի փորձ,որը մեր ազգային արնոտված արժանապատվության դիմաց ոչ մի բարոյական շրջանակների մեջ չի տեղավորվում:Այդ տեսակետից իմ գործը ավելի շուտ քաղաքական բնույթ է կրում,քան քրեական:Ի՞նչ է,նորից պետք է 20 տարի սպասեմ,որ իմ արդարացման զավեշտական թուղթը ստանամ:
Ձանձրացրի,ներող եղիր…»:
Ձանձրացրի,ներող եղիր… Ինչ որ չնչին մի հույսով,հոգու ցավը մի վեջին անգամ արտահայտելով վաղեմի ընկերոջ ու նաև սանիկի՝ Աշոտ Նավասարդյանի առաջ,երևի վերջին րոպեին հասկացել էր,որ ձանձրացնում է նրան:Դե այդ հին «ընկերը» արդեն դուրս էր եկել քաղբանտարկյալի վիճակից,արդեն գտնվում էր շա՜տ վերևներում և չէր ուզում իր կենսագրությունը «կեղտոտել» քրեական «հանցագործների» հետ առնչություն ունենալով…
Հանուն ինչի՞ պայքարել,ջանքեր գործադրել ապացուցելու վաղեմի ընկերոջ,քավորի և նոր ընկերների՝ իր զինվորների գլխին փաթաթված այս խայտառակ գործերի իսկությունը:Հանուն ինչի՞… եթե կարող էր կայծակնային արագությամբ քաղաքական արենայի մեջ տեղ գրավելու այդ թոհ ու բոհում ինքն էլ տեղ ունենալ ու չվաստակել նոր թշնամիներ… ՀՀՇ-ի անբարոյական,ազգակործան քաղաքականությունը կոծկելու համար քավության նոխազնե՞ր էին պետք և դրանք գտե՞լ էր ՀՀՇ իշխանությունը, ուրեմն թող այդպես էլ լիներ:Թող մատուցվեր զոհը, հանուն… հանուն ամեն ինչի,հանուն վերևներում տեղ գրավելու իրենց ցանկության իրականացման թեկուզ…
Եվ հենց այդպես էլ արվում էր…
Հակոբջան Թադևոսյանի,իմ,մյուսների գրած բոլոր նամակներն ու բողոքները մեր հին,ավագ ու կրտսեր բոլոր ընկերներին,մնացին որպես «Ձայն բառբառո հանապատի»…
Ինչպես մենք բոլորս,այնպես էլ քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանը, մնացինք ամբողջովին լքված ու մոռացված բոլորի կողմից,մեն-մենակ, մեր դաժան ճակատագրին դեմ-հանդիման…
Այդ հետո,իր բոլոր քաղբանտարկյալ հին ընկերների կողմից լքված, հոգեբուժարանում իր ողբերգական վախճանը կնքելուց տարիներ հետո միայն, իրենց գրած գրքույկներում Հակոբջան Թադևոսյանի ընկերները պիտի սկսեին «հիշել» նրան ու դեպքերը գլխիվայր շուռ տված նկարագրելով,փորձ պիտի անեին «մաքրել» նրա «քրեական» կենսագրությունը:Այնինչ, այն մաքուր պահելու համար,անհրաժեշտ էր ժամանակին համախմբվել ու պայքար տանել ՀՀՇ ազգակործան քաղաքականության դեմ,պաշտպան կանգնել գոնե Հակոբջան Թադևոսյան քաղաքական գործչին:ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԲՎԱԾ ՈՂՋ ԱԶԳԻՆ…Ո՞վ,եթե ոչ՝ հենց իրենց «հին քաղաքական գործիչներ» համարողները պետք է անհաշտ պայքար սկսեին ժամանակին, մի կիսախելագար,քաջնազարյան բախտով,կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ որ ուժերի գաղտնի ծրագրով պաշտպանության նախարարի աթոռին հայտնված,բայց իրականում ամբողջ երկրի ճակատագիրը իր հայեցողությամբ «կառուցող» բախտախնդրի դեմ,որի բոլոր քայլերը ոչ մի աղերս չունենալով քաղաքականության հետ,կործանման էին տանում Հանրապետությունը:Հին քաղաքականների ձեռնպահ մնալը, մոլորված,խաբված ժողովրդին մատնել էր անտերության և այդ մոլագար ԱՍՖԱԼՏԻ ՖԻԴԱՅՈՒՆ օժտել անսահման իշխանությամբ՝ խելքի փչածն իրականացնելու…ԵՎ հետագայում,նրա անփառունակ մահից հետո անգամ,իրենց ձեռնպահ մնալով նորից,իրականությունը չբարձրաձայնելով՝ տվեցին իրավունք արդեն նրա «ախպեր տղերքին»՝ այդ ազգադավի կերպարը բարձրացնելու ազգային հերոսի պատվանդանին…
…Անցան դատավարության մի քանի ամիսներ: ԵՎ երբ կարճ ժամանակից հետո պետք է դատակոչվեր Աշոտ Նավասարդյանը,հանկարծ դատարանում հայտնվեց Բուռնաշը (Աշոտ Աղաբաբյանը):Նույն դեմքն էր,նույն հայացքը՝ կարծես ոչ ոքի չտեսնող,նույն իր պաշտոնական կոստյումով:Նա դատի ընդմիջման ժամանակ մոտեցավ մեզ և տեղեկացրեց,որ «Աշոտ Նավասարդյանին դատակոչել են դատարան ցուցմունք տալու:Գալու է ու ցուցմունքը փոխի:Որ կգա,իրեն հանկարծ հարցեր չտաք:Դատարանում լիքը ուրիշ կուսակցություններից մարդիկ,ժուռնալիստներ կան,թող եղածը չիմանանց:Կգրեն կխայտառակեն Աշոտին,էտ եղածը որպես զենք կօգտագործեն իր դեմ:Թող գա սուս ու փուս իր ցուցմունքը տա ու գնա»:Սամվելը խոստացավ նրան,որ այդ կերպ էլ կվարվենք:Ես համաձայն չէի նրա հետ,ես չէի պատկերացնում,թե ի՞նչ ձևով էր հնարավոր փոխել գրած ցուցմունքն ու առանց դատախազ-դատավորի կողմից գոնե հարցերի պարզեցման,հեռանալ դատարանից:Չգիտեինք,որ Վազգեն Սարգսյանի միջամտությամբ,արդեն համաձայնեցում կար,որ դատը վարողներից ոչ մեկը նրան հարցեր չպիտի տա:Մնացել էին մենք՝ մեղադրյալներս,մեզ հետ էլ բանակցությունների մեջ էր մտել Բուռնաշը,որը մեկ ամիս շարունակ գնում-գալիս էր դատարան և նույն հորդորներով դիմում մեզ՝ Նավասարդյանի օ«գնությամբ»՝ կործանվողներիս…Ես շատ լավ էի հասկանում,որ տված երկու իրարամերժ ցուցմունքները,դատարանը կարող էր օգտագործել իր հայեցողությամբ,կամ մեր դեմ,կամ՝ ի օգուտ մեզ և քանի որ գիտեի նաև,որ դատ կոչված այդ կեղտոտ թատերական ներկայացումը հատուկ սցենարով պատվիրված է Վազգենի ու Լևոնի կողմից,պարզ էր,որ ամեն դեպքում դրանք օգտագործվելու էին ի վնաս մեզ:Եվ Աշոտի փոխած ցուցմունքն էլ,ոչ թե դեր էր խաղալու մեր գործի թեթևացման համար,այլ ուղղակի ծառայելու էր նրա խաղացած իրական կեղտոտ դերը քողարկելու համար:Արդեն նրա ձեռքով գրված էր այն,ինչն անհրաժեշտ էր իշխանություն-«իրավապահ» շրջանակներին,իսկ առերես,ժողովրդի ու լրագրողների առաջ պետք է հանդես գար դատարանում,որպես արժանավայել մարդ ու քաղաքական գործիչ,գաղտնիության քողի տակ պահելով իրականությունը:Հենց այն ժամանակ արդեն,հասկացել էի այս ամենը և այդ անբարո դաշտում,ուրիշ բան չէր մնում ինձ անելու,քան պարզաբենելու այդ ցուցմունքներն հենց դատարանում,Աշոտի ներկայությամբ:Ես լռությամբ անցնել չէի կարող դրանց կողքով…
Դատարան գալու օրն առավոտյան,մինչ դատի սկսելը,դատավոր Զինավար Ղուկասյանն հանկարծ մտավ ետնամասում գտնվող այն սենյակն, ուր հավաքել էին մեզ՝դատական դահլիճ բերելու համար:Քանի որ գործին ծանոթացել էի միայն ես և անխտիր բոլոր վկաներին ուղղվող հարցերը ես էի հնչեցնում բոլոր կալանավորվածներիս անունից,դատավորը մոտեցավ հենց ինձ ու ցածրաձայն խնդրեց,որ Աշոտ Նավասարդյանի խոսելուց հետո,ոչ մի հարց չտամ նրան:Ես հրաժարվեցի կատարել նրա խնդրանքը:Միջամտեց Սամվելն ու հավաստիացրեց,որ այդպես էլ կլինի:Ես ձայն չհանեցի,բայց միևնույն է,համաձայն չէի նրա հետ:Որքա՞ն պետք է անհանգստացած լինեին «վերևներում»,որ այսքան հոգ տանեին Աշոտի կերպարը խայտառակությունից փրկելու համար:Գերագույն Դատարանի դատավորը իրեն թույլ էր տալիս գալու դատարանի ետնամասում գտնվող կալանավորների հավաքակետ-խուց ու խնդրելու այդ կալանավորներին,այդ «բանդիտներին»՝ խնայել մի պատգամավորի…Խնայել՝ սեփական ճակատագրերի կոծանման հաշվին…
Դատն սկսվեց:Դատարան մտան Աշոտ Նավասարդյանը,նրա ետևից Բուռնաշն, ի զարմանք մեզ՝ զինվորական արտահագուստով և ուրիշ երկուսը՝ ևս զինվորական արտահագուստով (ի՞նչ էլ գիտեին,թե որ պահին,որտեղ պետք է ներկայանան այդ արտահագուստներով):Նավասարդյանը թեթև բարևից հետո մոտեցավ տեղադրված ամբիոնին,մնացածները նստեցին և Բուռնաշն հանելով գրպանից փոքրիկ ձայնագրիչն,այն ցուցադրական մեկնեց առաջ ձայնագրելու:Ի՞նչն էին ուզում հավերժացնել ,կամ ինչու՞,չհասկացա:Գուցե իրենց բանակցությունների արդյունքի վրա վստահ, իրենց իսկ սարքած սցենա՞րն էին ուզում «հավերժացնել»,որպես ապացույց-փաստ՝ ՀՀԿ առաջնորդի հետագա «մաքուր» կենսագրության …
Կամ գուցէ Աշոտ Աղաբաբյանին փաստեր էին պետք ընդդեմ Նավասարդյանի,հետագայում հարկ եղած դեպքում օգտագործելու համար,ո՞վ գիտե…
Նավասարդյանն սկսեց խոսել:Էլի նույն բառերն ու գովասանքները ջոկատի հասցեին,նրա կարգապահության,մարտունակության,քաջության,մասնակցած մարտերի մասին,ինչպես գրած առաջին ցուցմունքում:Վերջացրեց իր խոսքը:Ոչ ոք չանդրադարձավ տված երկրորդ ցուցմունքին,կարծես նման բան չէր էլ եղել:Հետո դատավորը շտապով,թռուցիկ կարծես հարցրեց բոլորին,թե՝« հարցեր ունե՞ք»,ստանալով «ոչ» պատասխանը բոլորի կողմից,կատարեց օրենքի խախտում՝ նույն հարցով չդիմելով մեզ ընդհանրապես և այն է ուզում էր ազատ արձակել Նավասարդյանին,երբ ես բարձրացա տեղիցս:Հանկարծ Հակոբջան Թադևոսյանը կանխեց ինձ ու բարձրաձայնեց,որ ինքն հարց ունի Նավասարդյանին:Դատարանը պարտավոր էր հարգել այն և ոչինչ անել չէր կարող:Հակոբջանի այդ հայտարարության վրա,Նավասարդյանը ետ էլ չնայեց,որտեղ գտնվում էր նրա վաղեմի ընկերն ու քավորը:Հակոբջանն ասաց՝.
-Աշոտ,մենք վաղեմի ընկերներ ենք եղել,նաև գաղափարի ընկերներ,նաև ես քո հարսանիքի քավորն եմ:Ես հիմի ուզում եմ քեզ զուտ մարդկային մի հարց տալ,ո´չ որպես քո քաղաքական ընկեր,այլ որպես քո հարսանիքի քավոր:Արդեն մեկ տարի է,որ գտնվում եմ բանտում:Կինս ու չորս երեխաներս մնացել են առանց հոր և անխնամ,այն էլ այս դժվար ժամանակներում:Դու,ոչ որպես ընկեր,այլ որպես իմ սանիկ,գոնե մեկ անգամ քո մտքով անցկացրե՞լ ես գնալ իմ տուն այցելության,տեսնելու երեխաներս,կինս ինչի՞ կարիք ունեն:
Դահլիճում սառը,ծանր և անհարմար մի լռություն տիրեց:Դատախազն անմիջապես միջամտեց,ասելով, թե հարցը չի վերաբերվում գործին:Սակայն Նավասարդյանը կանխեց նրան:Աշոտը,նորից առանց ետ նայելու,հատ-հատ շեշտելով բառերն, ահավոր չարացած կարծես,դեմքին տալով զզվանքի մի արտահայտություն, պատասխանեց՝.
-Եթե քեզ թվում է,որ Պարույրը (Ս.Մ.-Հայրիկյանի մասին էր խոսքը),կամ դաշնակցությունը գնում են ու մի բան են դնում քո տան սեղանին,կամ փողով օգնում են ու դա մեծ բան է,սխալվում ես:Ես գուցե չեմ գնում,բայց կարողա նրանցից էլ շատ բան եմ անում քո համար:
Խոսքը դեռ չվերջացրած,դահլիճից լսվեց Հակոբջանի կնոջ՝ Սիրունի ռեպլիկը,ինչն անհասկանալի եղավ ինձ համար:
-Ես այսքանն էի ուզում ասել,ուրիշ հարցեր չունեմ-դարձավ դատավորին Հակոբջանն ու նստեց:
Իրո՞ք Հայրիկյանն ու Դաշնակցությունը օգնում էին Հակոբջանի ընտանիքին,ես չեմ կարող ասել,բայց հավատարիմ մնալով իրականությանը պետք է ասեմ,որ ԱԻՄ-ն այն միակ կուսակցությունն էր,որ թեև ոչ բավարար,բայց սատար էր կանգնում Հակոբջանին ու մեզ:ԱԻՄ-ի փոխնախագահ Արամազդ Զաքարյանը մասնակցում էր բոլոր դատավարություններին և մեծ դժվարությամբ,հակառակվելով դատավորի ամենօրյա արգելքներին՝ նկարահանում էին դատի ընթացքը:ԱԻՄ-ի կողմից,որպես քաղաքական դատապաշտպան, դատարան էր ներկայանում նաև Ռուզաննա Գորգիսյանը:ԱԻՄ-ի կողմից,ինձ ազատ արձակելու չորս գրավոր պահանջ էր նաև Հայրիկյանը ներկայացրել դատախազություն:Այսքանը…
ՈՒրեմն, Աշոտ Նավասարդյանի պատասխանն արդյո՞ք վերաբերվում էր այս ամենին ուղղակիորեն,թե՞ նորից նպատակ էր հետապնդում մասսայականացնելու,լսելի դարձնելու ինչ որ շրջանակների, Հակոբջանի «կապը» ՀՀՇ իշխանություններին ոչ ընդունելի Հայրիկյանի ու Դաշնակցության հետ…
Հակոբջանի հարցից հետո,հերթը իմն էր՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ…
Ես բարձրացա տեղիցս և հարցս ուղղեցի Նավասարդյանին՝.
-Պարոն Նավասարդյան,90 թվականի Մարտի 30-ին,ԱԻՄ-ի պառակտման ժամանակ,դուք հայտարարեցիք,որ կողմ եք դեմոկրատական բանակի ստեղծմանը…-նա չթողնելով,որ ես ավարտեմ խոսքս,նետեց՝.
-Ես երբե´ք դեմոկրատ չեմ եղել,ես միշտ էլ հանրապետական եմ եղել:
-Շատ լավ,թող այդպես լինի,թեև ես ունեմ փայլուն հիշողություն:Դա այդքան էլ էական չէ-պատասխանեցի ես:
-Դրանք գործի հետ կապ չունեցող հարցեր են,պահանջում եմ բավարարվել եղած վկայությամբ և ավարտել հարցերը-հնչեց դատախազի ձայնը:
-Ո´չ,ես դեռ հարցեր ունեմ վկային,պարոն պետական մեղդրող և թույլ տվեք օգտվել մեղադրյալի իմ իրավունքից-դիմեցի ես դատախազին ու նորից դարձա Նավասարդյանին՝.
-Պարոն Նավասարդյան,գործի 12-րդ հատորում զետեղված ձեր ցուցմունքում դուք գրում եք,որ դեռևս 90-թվականի մարտ ամսին հրաժարվել եք ջոկատից և այն հայտարարել բանդա:Խնդրում եմ պարզաբանեք,ե՞րբ է դա եղել և ինչու՞ եք դուք ջոկատն հատարարել բանդա: -Հարցս ավարտեցի և հայացքս դեմ առավ Սամվելի սաստող հայացքին:
-Բացատրեմ-խոսեց Նավասարդյանը-գրածս կապ չունի ջոկատի հետ կատարված դեպքերի հետ:90-ի մարտ ամսին,ես հրաման տվեցի ջոկատին զինաթափվելու,բայց նրանք մերժեցին կատարել իմ հրամանը:Իսկ բոլորին է հատնի,երբ զինվորը հրաժարվում է կատարել իր հրամանատարի հրամանը,նա արդեն վեր է ածվում բանդիտի-ավարտեց իր բացատրությունը Նավասարդյանը:
Առաջին վարկյանին ես քարացա այսքան ահավոր մի կեղծիքից:Փաստորեն,90-ի մարտի վերջին Հայրիկյանի զինաթափման հրամանի պատմությունը,որին չէր ենթարկվել հենց ինքը՝ Նավասարդյանը ու հեռացել էր ԱԻՄ-ից,հիմա վարպետորեն շուռ էր տալիս մեր դեմ,դառնալով մի նոր կեղծիքի հեղինակ:
-Բայց ե՞րբա նման հրաման եղել քո կողմից-չհամբերեց Սամվելը:Ես կտրեցի Սամվելի հարցն ու նորից դարձա Նավասարդյանին՝.
-Պարոն Նավասարդյան,եթե հիշու՞մ եք,90 թվականի մարտի վերջին ոչ թե դուք՝ մեզ,այլ Պարույր Հայրիկյանը՝ ձեզ էր նման գրավոր հրաման տվել,զինաթափել ԱԻՄ-ը,ինչը հրաժարվեցիք հենց ինքներդ կատարել:Ձեր այդ նույն մեկնաբանությունից ելնելով,Պարույր Հայրիկյանն այսօր իրավունք ունի՞ ձեզ բանդիտ համարելու:-Հարցիս ավարտին հետևեց աղմուկի մի հզոր ալիք դահլիճում:Անսպասելիությունից Նավասարդյանը մի պահ շփոթվեց:Դատախազը միջամտեց թե՝.
-Վերջացրեք,այս ի՞նչ բաներ եք ասում պատգամավորին:
Հաջորդ վարկյանին Նավասարդյանը կարծես հավաքել էր իրեն ու պատասխանեց՝.
-Այո,իրավունք ունի,բայց ընդունել-չնդունելու իրավունքն էլ իմն է:
-Ես այլևս ասելիք չունեմ-դիմեցի դատավորին ու նստեցի տեղս:
Նավասարդյանը հեռացավ դահլիճից,իր ետևից տանելով ահավոր չարությամբ մեզ նայող Բուռնաշին ու մյուս երկուսին,բայց թողնելով իմ ու բոլոր ներկաների հիշողության մեջ, իրական Աշոտ Նավասարդյանի աննախանձելի կերպարը…
Ահա այսպես ու այդ օրն ավարտվեց մեզ համար Աշոտ Նավասարդյան մարդն ու քաղաքական գործիչը…
(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ