ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, January 29, 2015 14:45 - չքննարկված
10 տարվա ընթացքում Հայաստանից դուրս է բերվել մոտ 7.5 մլրդ դոլար :© 168 Ժամ
Մոտ մեկ տարի առաջ, 2013 թ. դեկտեմբերին, երբ հրապարակվեց Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերի մասին Global Financial Integrity (GFI) կազմակերպության զեկույցը, իշխանության ներկայացուցիչները խիստ վրդովմունք էին բեմականացնում՝ տարակուսանք հայտնելով, թե որտեղի՞ց այդ ցուցանիշները և ընդհանրապես աղքատ Հայաստանում որտեղի՞ց այդքան մեծ գումարներ: Մինչդեռ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու վերլուծաբանները հաստատում էին՝ Հայաստանից միլիարդավոր դոլարների արտահոսք կա: Ընդ որում, այդ արտահոսքը կամ, ավելի պարզ ասած՝ փողերի լվացման գործընթացը տարեցտարի ավելանում է: GFI-ն անցած տարեվերջին հրապարակել է նոր զեկույց` «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012», որը, սակայն, Հայաստանում դոլարադրամային խուճապի ֆոնին աննկատ մնաց: Մինչդեռ զեկույցում Հայաստանն «առաջընթաց» է արձանագրել և նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից (144 երկրների շարքում) 2012-ին բարձրացել է 69-րդ «պատվավոր» տեղը (145 երկրների շարքում): Պարզվում է, 2012-ին Հայաստանից հանցավոր ճանապարհով ստացված փողերի արտահոսքն ավելի է եղել, քան 2011-ին: GFI-ի հաշվարկներով 2012-ին Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում (2003-2012թթ.) Հայաստանից արտահոսքը կազմել է մոտ 7.5 մլրդ դոլար: Թե որ ուղղությամբ են հոսել կամ որտեղ են հանգրվանել այդ փողերը, զեկույցում չի նշվում: Ուշագրավ է, որ Հայաստանի համար մշտապես օրինակ ծառայող Ռուսաստանը 2012-ին հետընթաց է ունեցել, նախորդ տարվա շուրջ 187.7 մլրդ դոլարի փոխարեն` արտահոսքը կազմել է մոտ 122.9 մլրդ դոլար: Այս մեծ տարբերության արդյունքում Ռուսաստանը 2011-ին իր զբաղեցրած առաջին տեղը զիջել է Չինաստանին (2012-ին արտահոսքը կազմել է 249.6 մլրդ դոլար): Մեր հարևաններից Վրաստանն աչքի է ընկել հանցավոր փողերի արտահոսքի կտրուկ նվազմամբ՝ 2012-ին 23 մլն դոլար` 2011-ի 253 մլն-ի փոխարեն: Ադրբեջանում արտահոսքը մեծացել է, սակայն մեր երկրին զիջում է գրեթե կրկնակի՝ 3.3 մլրդ` նախորդ տարվա 2.5 մլրդ դոլարի փոխարեն: Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների մոտ վիճակը ևս հուսադրող չէ. Բելառուսից արտահոսքը թեև աննշան չափով նվազել է, սակայն ծավալը բավականին զգալի է՝ 2012-ին 13.9 մլրդ` 2011-ի 14 մլրդ դոլարի փոխարեն, իսկ Ղազախստանում հանցավոր փողերի արտահոսքն ավելացել է՝ 4.5 մլրդ 2011-ի 3.9 մլրդ` դոլարի փոխարեն: Ինչու են հայ պաշտոնյաները կասկածի տակ դնում GFI-ի ցուցանիշները: Կազմակերպությունն իր գնահատականներում հիմնվում է երկրի վճարային հաշվեկշռի ու արտաքին առևտրի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի տվյալների բազաների վրա, որոնք էլ կազմվում են` հիմք ընդունելով տվյալ երկրի պաշտոնական վիճակագրությունը: GFI-ն ուսումնասիրում է այն տարբերությունները, որ ի հայտ են գալիս ապրանքի ծագման երկրի ու փաստացի արտահանող երկրի տվյալները համադրելիս: Կապիտալի արտահոսքերը հանցավորության, կոռուպցիայի, հարկերից խուսափելու և այլ ապօրինի գործունեության հետևանք են: Կապիտալիզմի «աքիլեսյան գարշապար» համարվող անօրինական փողերի արտահոսքը, ըստ էության, նպատակ է հետապնդում փողերի լվացման կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման, ինչն անդրազգային կազմակերպված հանցագործություն է: Հայաստանյան ամեն մի նոր կառավարություն առաջնահերթ պայքար է հայտարարում տնտեսության ստվերի դեմ, սակայն, ցավոք, ոչ մեկն էլ չի կարող պարծենալ նշանակալի հաղթանակներով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցած տարի հայտարարել էր, թե ստվերը 20-30% է: Սակայն ԱՄՀ-ի գնահատականների համաձայն, Հայաստանն ամենաբարձր ստվեր ունեցող երկրներից է, ՀՆԱ-ի համեմատ` անօրինական դաշտում է գործում տնտեսության շուրջ 35%-ը: Միջազգային այլ կառույցներ ՀՀ-ում ստվերը գնահատում են 50% և ավելի: Եթե ընդունենք, որ Հայաստանում ստվերը ՀՆԱ-ի մոտ 30%-ն է, ապա ստվերային տնտեսության ծավալը կստացվի շուրջ 3 մլրդ դոլար: Ընդգծենք` սա միայն հարկային դաշտից դուրս տնտեսական գործունեության արդյունքն է, որը չի ներառում հանցավոր բնույթի այլ շրջանառությունները: Նկատի ունենալով, որ մեր հայրենակիցները գերադասում են իրենց կապիտալը պահել արտերկրում և ոչ թե հայրենիքում, ապա GFI-ի ցուցանիշը լիովին տրամաբանական ու իրատեսական է, եթե ոչ` համեստ: Այս համատեքստում, երբ սեփական մեծահարուստներն իրենց գումարները չեն ներդնում հայրենի երկրի տնտեսության մեջ, պարզապես ծիծաղելի են ՀՀ իշխանությունների հայտարարություն/փորձերը` ներդրումներ ներգրավելու և արտադրություն զարգացնելու վերաբերյալ: Ընդ որում, Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 60%-ը գտնվում է հենց քաղաքական վերնախավի «հովանու» ներքո, որը և կազմում է արտահոսքի հիմնական աղբյուրը: Հ.Գ. Հայաստանում գոնե մի ցուցանիշ կայուն աճում է, և, հաշվի առնելով, որ դրան առնչություն չունեն վիճակագրական ծառայության «վարպետները», ովքեր ամեն ինչ անում են իշխանությանը հաճոյանալու համար, այն իրապես արտացոլում է մեր իրականությունը: Դառը իրականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/01/25/448197.html#.VMaEFH9ne1A.facebook
© 168 Ժամ առցանց լրատվական կայք