ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, January 17, 2015 15:40 - 4 քննարկում
Մեր տիեզերքը կենսաբանական էակ է
Արթուր Արմին, հայագետ, հոդվածների և գրքերի հեղինակ, Լոս Անջելեսի «Spurk-Diaspora» հասարակական-մշակութային կազմակերպության նախագահ
– Դուք երկար տարիներ զբաղվում եք հնագիտական ուսումնասիրություններով և ուենեք հետազոտություններ: Կարո՞ղ ենք ասել, որ անգամ այսօր, կրոնը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ստեղծվել են ոչ թե գիտական մտածողության, այլ տարբեր ազգերին ու ցեղերին բնորոշ աշխարհաճանաչողական ընալումների շնորհիվ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են ժողովրդական բանահյուսության, ավանդապատումների, էպոսների ու առասպելների միջոցով:
– Նախ, հնագույն էպոսները՝ հին հունական, հին արիա-հնդկական, միջագետքյան, նաև՝ բանավոր մեզ հասած «Սասնա Ծռերը» ոչ թե ժողովրդական բանահյուսության արդյունք են, այլ հնագույն հավատամքային աշխարհաճանաչողական համակարգեր են: Իսկ «Սասնա Ծռեր» էպոսը քրմական տաճարի վերին կաստայի՝ բարձրագույն հին գիտունների աշխարհաճանաչողական համակարգը ներկայացնող պատում է, որը հնագույն տաճարի փլուզումից հետո ժողովրդի մեջ տարածվել է որպես որպես սյուժետային դիցա-հերոսական պատումներ: Հնագույն հավատամքներում՝ արարման, գոյության գաղտնիքի, կյանքի իմաստի, տիեզերքի ձևավորման մասին և այլ աշխարհաճանաչողական ներկայացումները, հիմանկանում, ներկայացված են անձնավորման և պատումային մեթոդով: Հասկանալի լինելու համար բերեմ միայն մեկ-երկու օրինակներ՝ Յ. Կեպլերի (laws of planetary motion) մոլորակային շարժման երեք օրենքների հայտնաբերման մասին նրա խոստովանությունը:
Կեպլերն ասում է. ես չեմ այդ գիտական երեք օրենքների հայտնագործման հեղինակը, ես միայն հասկացել ու վերարտադրել եմ ձվին փաթաթված վիշապի եգիպտական կոսմիկական տեքստը, որտեղ հստակ կան մոլորակների ընթացքի օրինաչափության բանաձևումները:
Կամ, ասենք, Նոր Կտակարանի բանագողումը հին համակարգից ու Արա Գեղեցիկ- Շամիրամ պատումը: Տեսեք, արևը ծագում է արևելքում և կորագծով, օրվա վերջում, մայր է մտնում արևմուտքում: Որքան ձմեռը մոտենում է, այնքան այդ կորագիծը կրճատվելով փոքրանում է: Եվ ահա, Դեկտեմբերի 22, 23, 24-ին արևը ծագում ու մարում է հորիզոնին մոտ՝ նույն տեղում, իսկ նրա հետևի ֆոնին երևում է «Հարավային Խաչ» համաստեղությունը: Դեկտեմբերի 25-ին՝ ձմեռային արևադարձին, արևը նորից «համբարձվում»՝ սկսում է իր կորագիծը: Նոր Կտակարանի պատումում, Յիսուսը խաչի վրա մնաց երեք օր, ապա համբարձվեց: Նույն ֆենոմենի մասին կա ավելի հին աստվածային պատում: Եթե ժամանակով ետ գնանք մեկ էոն՝ 2160 տարի կամ 30 աստիճան, ապա նույն օրերին, արևի հետևի ֆոնին «Հարալեզ-շների» համաստեղությունն է երևում, որոնք ըստ Արա Գեղեցիկ-Շամիրամ պատումի՝ արևի վերքերը պիտի լիզեն, որ նրան հարություն տան: Տեսա՞ք, ես գիտեմ, թե երբ է եղել Արա Գեղեցիկ և Շամիրամ ճակատամարտը՝ ի տարբերություն այն պատմա-բանասերների, որոնք թաքնագետ Խորենացու ակնարկը ԱՐԵՎ աստծո մասին, բառացի են հասկանում և Արա Գեղեցիկին զոռով պատմական անձ են ուզում սարքել (սա իհարկե կատակով): Սա տեսողական պերսպեկտիվայի օրինաչափությունն է, որը պայմանավորված է պրեցեսիայի օրենքով՝ երկրագնդի առանցքի տատանումով:
Յուրաքանչյուր մեկ էոն՝ 2 160 տարի, արևը իբր «լողում է» համաստեղությունից համաստեղություն, և 12 համաստեղություններով նրա անցումը հին քրմական գիտունները համարում էին տիեզերական մեծ տարի, որը 25 920 տարի է: Իսկ արեգակը որպես Ծին Կաթնի արբանյակ-համակարգ, գալակտիկայի շուրջ մեկ ամբողջ պտույտ անում է մոտ 250-260 միլիոն տարվա ընթացքում, այսինքն տաս հազար անգամ ավելի քան տիեզերական մեկ տարին: Հին քրմերը փայլուն գիտեին՝ մոտովորապես նույն տեղում, նույն ժամին արևի պարբերական խավարման փուլը` 54 տարին, և այլն, և այլն: Այսինքն, հին գիտունները երկինքը քարտեզավորելով, գիտեին և կարողանում էին հասկանալ ու պատկերացնել ժամանակը, բայց ասենք Գառնու տաճարը սարքելիս, հիմքում ընդունում էին հենց՝ 6 x 9 = 54 պարագիծը, արևի խավարման պարբերափուլը, սակայն ժողովրդին այդքանը ի՞նչ բացատրես, նրան հավատալիք էր պետք՝ պատում, դիցապատում, ինչպես քրիստոնեական Նոր Կտակարանում է ամեն ինչ բառացի հասկացվում: Իհարկե, կա տարբերություն՝ այսօրվա հոգևորականը, բացի այն, որ եռանկյան ներքնաձիգը չգիտե թե ինչ է, այլ նաև՝ անտեղյակ է, թե օրինակ ինչո՞ւ առաքյալները Յիսուսի կամքով հենց 153 ձուկ որսացին: Մի պարզ բան, որը Դելֆիի տաճարի քրմապետ Պյութագորասի դպրոցը գրավոր է ասել, թողել:
Ընդհանրացնենք: Հին քրմերի գիտական լեզուն եղել է պատումայի՛ն: Պատումի բառացի ընկալումը՝ սովորական ժողովրդի ընկալման համար էր, իսկ նույն տեքստի գիտական հասկանալի լինելը՝ բարձրագույն քրմական գիտուններին էր վերապահված: Եվ այն կոչվում էր՝ թաքնագիտություն կամ հերմետիկա:
– Այսինքն, ստացվում է, որ հնագույն կրոնական համակարգերը ձևավորվա՞ծ են գիտական մտածողության արդյունքում, պարզապես երևույթները փոխակերպված են կերպարային, նյութական սիմվոլագրամայով: Ուրեմն հաջողված կարելի է համարել այն կրոնները, որոնց սիմվոլագրաման առավել ընդունելի է տարբեր ազգերի ու լայն հանրությունների կողմից`ասենք դրանք կարող են լինել քրիստոնեություն, մահմեդականությունը, բուդդայականությունը: Ըստ էության հուդդայականությունն ու զրադաշտականությունը իրենց սիմվոլային մակարդակով չէին հավակնում, ու այսօր էլ չեն հավակնում լինել համաշխարհային կրոններ: Սակայն դրանց փոխլրացման, փոխձուլման արդյունքում ստեղծվեց քրիստոնեությունը, որն այսօր իր սիմվոլային համակարգով, երևույթների էությամբ ու բովանդակությամբ շատ ավելի հեշտ է ձուլվում ազգերի աշխարհընկալման համակարգերին ու դարձել է համաշխարհային կրոններից մեկը:
– Ընդհանրապես, գոյություն ունեն աշխարհաճանաչողական երկու տեսակի կրոններ՝
ա/ – նստակյաց ժողովուրդ/ազգերի կրոնական աշխարհաճանաչողություն,
բ/ – քոչվորահոտային (տեղաշարժվող) կենցաղով ապրող ցեղային հասարակության աշխարհաճանաչողություն:
Երկրորդի համար հատկանշական է ոչ թե ստեղծել, այլ ընդհակառակը՝ վերցնել իրենից առավել բարձր նստակյաց հասարակության հավատամքային պատումները և խմբագրելով հարմարեցնել այն ի՛ր ցեղային կենսակերպից բխող ի՛ր ցեղային բարոյահոգևոր ստանդարտներին: Օրինակ, «Հին Կտակարանը», հիմնականում, քոչվորահոտային ցեղերի աշխարհաճանաչողական կոնցեպտ է, թեև նստակյացների հնագույն հավատամքային կառույցներից բազմաթիվ բանագողություն կա այնտեղ:
Պետություն և կրոնահավատամքային կարգակառույց կոնտեքստում, կրոնները, ըստ էության, նույնպես լինում են երկու տեսակի՝
ա/ – ազգային կրոն, որը հավատամքի հիմքով՝ մեկ լեզվով ու մշակույթով խմբերի ընդհանրությունն է ապահովվում ՊԵՏՈՒԹՅԱՆ համար,
բ/ – կոսմոպոլիտ կրոն, որը ԿԱՅՍՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ տարբեր ժողովուրդների համահարթեցմամբ ընդհանրություն ապահովող և կայսրապետական բուրգի գոյությանը ծառայող կրոն է:
Եթե առաջին տարբերակում պանթեոնի գերագույն աստվածության անունը այդ ցեղի անունն է՝ ՀԱՅԱ, ԱՍՈՒՐ, ՅԱՀՎԵ և այլն, և այն արտահայտում է տվյալ ազգային հավաքականության բարոյահոգևոր ընդհանրական նկարագիրը ու այդ վարդապետությունը դառնում է ազգային պետության հենարանը, և ունի «եռաճյուղ» ընկալում՝ ԱՆՀԱՏ – ԱԶԳ/ՀԱՅՐԵՆԻՔ – ԱՍՏՎԱԾ, ապա կայսերապետական կրոնում այն ունի «երկճյուղ» բնույթ՝ ԱՆՀԱՏ-ԱՍՏՎԱԾ: Եվ անշուշտ այն ունի տարբեր ազգերից կազմված կայսրապետության մեջ հասարակության համահարթեցման նպատակայնությունը: Օրինակ, «Ավեստայի» հին գատաներում Միհրը, Անահիտը ներկայացված են որպես դրուժներ՝ չար հոգիներ, իսկ երբ Հայաստանը արդեն Պարսկական կայսրության մաս էր կազմում, «Ավեստայի» նոր գատաներում այդ իպոստասները ստացան աստվածային կարգավիճակ:
Ըստ հնդ-արիական hնագույն աշխարհաճանաչողության (դրա վուլգարացված պրիմիտիվ տարբերակները եթե թողնենք մի կողմ), ՏԻԵԶԵՐՔԸ էակ է, որն ունի՝ ՀՈԳԻ, ՇՈՒՆՉ և ՄԱՐՄԻՆ:
Նրա կեսատու ՈԳՈՒ արևից իրենց հոգու կայծն են առնում տիեզերքի բոլոր էակները, նրա շնչից՝ շունչը, և մարմնից՝ մարմինը, աստիճանական հիերարխիկ սիստեմով: Տիեզերք էակի մեջ կատարվում են՝ հոգևոր, կենսաքիմիական և ֆիզիկական պրոցեսներ:
– Արյոք Տիեզերք էակը մա՞րդ է, թե՞ այլ տիպի էակ է:
ՊԱՏԱՍԽԱՆ՝ մենք չգիտենք:
– Ի՞նչ կա նրանից դուրս:
ՊԱՏԱՍԽԱՆ՝ մենք չգիտենք:
Դե հիմա այս հնագույն արիական-վեդայական աշխարահճանաչողության կողքին դրեք՝ «ութերորդ օրը թլպատված Յիսուսը երեսուն տարեկանում քայլում էր Երուսաղեմի փողոցներում, և ինքը հե՛նց Աստվածն է…» աշխարհաճանաչողությունը:
Հիմա, քրիստոնեությունը, որպես այդպիսին, կայսրապետական կրոն էր, և ի տարբերություն` Միհրականության, Զրադաշտականության, բուդդիզմի և այլն, երբեք չի հանդուժել այլ հավատամք իր «տարածքում»:
Կրոնը՝ թե՛ գաղափարաբանություն է՝ դոգմատիկ աշխարհաճանաչողական համակարգ, թե՛ բարոյահոգևոր ստանդարտների հավաքականություն է, որն իր համար ունի ԱՍՏԾՈ աբստարկտ հեղինակության հենարանը:
Այս կամ այն կայսրապետության մեջ նոր կրոնը հաղթում է հին կրոնին, ոչ թե որ իբր այդ նորը առաջադեմ է, այլ որովհետև կայսրապետության մեջ տեղի է ունենում դեմոգրաֆիական փոփոխություն: Հունա-հռոմեական կայսրապետության տարածքում հետամնաց ժողովուրդների ընդգրկումը բերեց դեմոգրաֆիական փոփոխություն: Եվ ի վերջո, պետք էր մեծամասնությանը բավարարելու կրոնահավատամքային համակարգ, և մյուս հավատամքների նկատմամբ այս նոր կրոնական դոգմայի կողմից անհանդուրժողականություն՝ բռնիության կիրառում: Այդպիսին եղավ քրիստոնեությունը: Այն ի սկզբանե եղել է քոչվորահոտային ու նստակյաց հասարակությունների աշխարհաճանաչողական՝ էությամբ իրարից երկու տարբեր արժեհամակարգերի սինթեզ, և այն կայսրապետության գոյության համար կատարել է քաղաքական հենարանի ծառայություն (Հռոմ.13:1. Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգված:
2.Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. 3. քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ` չար գործերի: Ուզու՞մ ես չվախենալ իշխանութիւնից. բարին գործիր եւ նրանից գովասանք կը ստանաս, 4. որովհետեւ նա Աստծու պաշտոնեայ է քեզ` բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցիր, քանի որ սուրը մէջքին իզուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր` բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. 5. դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. 6. ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետեւ նրանք Աստծու սպասաւորներ են` այդ բանին կանխապէս նշանակուած: 7. Արդ, հատուցեցեք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ` հարկը, որին մաքս` մաքսը, որին երկիւղ` երկիւղը, որին պատիւ` պատիւը):
– Գուցե մարդու համար նյութի, շոշոփելիի ու տեսանելիի ընկալման մատչելիությունն էլ հենց առաջ է քաշել կրոնների ձևավորման անհրաժեշտությու՞նը: Դրա վառ ապացույցը կռապաշտական երևույթներն են, որոնք մինչ օրս, գիտության նանոտեխնոլոգիական զարգացման փուլում անգամ, շարունակում են պահպանվել` նույնիսկ քաղաքակիրթ շատ ազգերի մոտ: Կամ ասենք կրոնը երևույթի ու էության առաջնայնության ընկալման փոխակերպում է նյութի, սիմվոլի լեզվի, որով պետք է մարդը դառնա առավել հոգևոր, առավել վեհ գաղափարներ կրող, բարոյական, քան հոտային գիտակցությա՞ն կրող:
– Հավատք և կրոն՝ դրանք լիովին տարբեր բաներ են: Կրոնը դա դոգմատիկ հավատալիք է հոգեմտավոր պլեբեյի համար, որը մարդկային հասարակության 99% է կազմում: Հոգեմտավոր պլեբեյն ունակ չէ ինքուրույն՝ հոգևոր մտոք հասանել-գտանել, նա պետք է վերցնի արդեն պատրաստին: Եվ այդ պատրաստին որքան պրիմիտիվ է, այնքան մասսայական ընկալման համար հասանելի է: Կռապաշտության մասին: Օրինակ, սիրո երեք տեսակ կա՝ Էրոս, Ֆիլո, Ագապի: Սրանք սիրո տարբեր զգայողականություններ են, օրինակ ասենք անանձնական սերը՝ Ագապին: Հիմա դա բացատրելու, զգալու և տարբերելու համար կարող ենք պարզեցնել՝ մի հատ տաս մետրանոց աստվածամոր արձան դնենք՝ հոգեմտավոր չզարգացած պլեյբեյը միանգամից կչոքի, կաղոթի: Քիչ տարբերությամբ նույնն է այսօրվա կրոններում: Քրիստոնեության մեջ կռապաշտությունը հատուկ և կայուն տեղ ունի: Հովհաննես Մկրտչի իբր գտած յոթ գլուխների, սրբերի ոսկորների ու թաթերի ցուցադրական սրբացումն ու աստվածացումը, Յիսուսի արձանների ու խաչափայտերի երկրպագությունն ու հնազանդ ակնածանքը նյութեղեն իրերի նկատմամբ՝ տիպիկ կռապաշտական երևույթ է:
Քրիստոնեական թեոլոգիան, թեկուզ բանագողել է հին հավատամքներից (միաստվածության գաղափարը, երրորդության գաղափարը, աստված-հրեշտակների թվաքանակները, հոգևոր վարպետի առաջընթացի կարգերը և այլն), սակայն այդ բանագողացվածն այնպիսի խառնափնթոր խմբագրումների է ենթարկվել, որ քրիստոնեական թեոլոգիան իրենից ներկայացնում է՝ անտրամաբանական ու իրար հակասող դոկտրինաների խառնափնթոր: Ավելին՝ այն պարտադրում է կույր հավատք, պարտադրում է չմտածել: Եվ սա այն դեպքում, երբ մարդուն տրված ամենամեծ աստվածային շնորհը բանականությունն է:
– Արդյոք Արևմտյան քաղաքակրթության մեջ միջնադարյան Վերածնունդը հենց այդ կռապաշտական, նյութապաշտական կաղապարից քրիստոնեությունը ձերբազատելու փորձը կամ փուլը չէ՞ր:
– Մարդկային հասարակության պատմությունը՝ դա ներքևից վեր զարգացման ընթացք չէ, այլ վերելքի ու վայրէջքի ընթացք՝ նման սինուսոիդի սպիրալին: Քրիստոնեությունը Եվրոպայում սպանեց լուսավոր միտքը հազար տարի՝ միչև վերածննդի շրջան: ՀԱԶԱՐԱՄՅԱ ԽԱՎԱՐ: Քրիստոնեության աշխրհաճանաչողական դոգման Գալիլեյի, Բրունոյի, Կոպերնիկոսի նմաններին
հալածում էր մինչև մահ՝ երկրի գնդաձևության մասին տարրական աշխարհաճանաչողության համար: Մի բան, որ ակնհայտ գիտական ճշմարտություններ էին հեթանոսության ժամանակներում, երբ կային յոթ գնդաձև մոլորակների օրացույցները:
Սխալ է քրիստոնեական դոգմատիզմ-կրոնը կապել եվրոպական ազգերի զարգացման հետ: Եղել է լրիվ հակառակը՝ եվրոպական ազգերի և երկրների պրոգրեսը սկսվեց քրիստոնեական եկեղեցին պետությունից բաժանելով, կրոնապետության մոդելից ձերբազատումով, գիտությունների ակադեմիաների և համալսարանների ստեղծումով: Եվ պատահական չէ, որ այդ ժամանակաշրջանը կրում է ՎԵՐԱԾՆՈՒՆԴ անունը, որը ձգվել է մոտ չորս հարյուր տարի՝ մինչև 18-րդ դար (Օրինակ 1-ինը Մեծ Բրիտանիան էր: Վատիկանից առանձնացում, պետությունից եկեղեցու անջատում, գիտությունների ակադեմիայի ստեղծում Նյուտոնի գլխավորությամբ և այլն):
Եվրոպական ռենեսանսը՝ վերածնունդը, ունեցել է երեք փուլ, որը բնականոն է:
ԱՐՎԵՍՏ – զգայախոհական ազատություն՝ լուսավորություն,
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ – բանական և տրամաբանական ազատություն՝ լուսավորություն,
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ – վերևի երկուսը հավաքող և կոնցեպտուալ ընդհանրացնող ազատություն՝ աշխարհաճանաչողական լուսավորություն (անվանումները պայմանական են):
Այնպես-որ, Էմանուել Կանտի և կամ Հեգելի աշխարհաճանաչողական կոնցեպտները, բնականորեն, դեռ իրենց մեջ պետք է ունենային քրիստոնեական մնացուկներ: Նրանք ի մտոք փնտրող գիգանտներ էին, սակայն որպես այդպիսին՝ «տեղ չհասած» մտածողներ էին:
– Դուք ասացիք, որ հավատքն ու կրոնը տարբեր բաներ են: Կրոնի մասին քիչ թե շատ արդեն խոսեցիք: Մի փոքր էլ կխոսեք, թե ի՞նչ է ձեր պատկերացմամբ հավատը և, ո՞րոնք են դրանց էական տարբերությունները:
– Թերթի սեղմ ֆորմատում չէի ցանկանա խորանալ հերմետիկ փիլիսոփայության մեջ, բայց կասեմ պարզ ձևով: Շատ տարիներ առաջ, երբ աղջիկս 12 տարեկան դպրոցական էր, մի օր ինձ հարցրեց՝ «Պապ, ես ո՞վ եմ…»: Ասացի՝ աղջիկս դու հավաքականություն ես և միաժամանակ անհատ-միավոր ես: Քո ամեն բջիջում կան միլիոնավոր միկրոաշխարհներ, որոնց հավաքականությունն ես դու, քո հոգու արևից քո միջի միլիարդավոր էակներն իրենց կյանքի կայծն են առնում, քո մարմնի ջերմությունից՝ իրենց ջեմությունը: Նրանք քեզանով են ապրում, դու՝ նրանց հավաքականությամբ, և դու նրանց համար՝ աստվածուհի ես: Իսկ ահա մեր տիեզերքը նույնպես կենսաբանական էակ է, որ ունի հոգի, շունչ, մարմին, և դու նրա մեջ մի հյուլե ես, դու նրա հոգու արևից քո հոգու կայծն ես վառել: Քո աղոթքը՝ մասնիկի հոգու կանչն է ամբողջին, քո էությունը՝ նրա էության մասնիկն է, քո հոգու հավատը՝ մասնիկի ու ամբոջի նույնացումը:
Իսկ երբ աղջիկս մեծացավ, ես նրան Թումանյանի քառյակը բացատրեցի, որը գոյության գաղտնիքի բանալին է: Նույն քառյակը1998-ին, երբ Հազար-ութ անունով Հիմալայանների բարձրագույն յոգայի վարպետին նրա Լոս Անջելես այցի ժամանակ հանդիպեցի ու թարգմանեցի՝ նա հիացմունքից ապշեց: Ասաց՝ «Ո՞վ է այդ աստվածային հոգևոր մեծ վարպետը, որ ողջ տիեզերքի բնույթը մի քանի տողով բացել է: Ես սովորեցնում եմ, բայց այսօր ես սովորեցի»: Ահա Թումանյանի այդ տողերը, որի արժեքը մենք չենք գնահատում:
Հոգիս տանը հաստատվել՝
Տիեզերքն է ողջ պատել,
Տիեզերքի Տերն եմ ես,
Արդյոք ո՞վ է նկատել:
Արմինե Դավթյան
Հատուկ religions.am կայքի համար
http://www.religions.am/arm/interviews/
4 քննարկումներ
Ditord