ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, January 13, 2015 11:23 - չքննարկված
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 37
1990թվականի մարտի վերջերին, հանրապետությունում աներևակայելի արագությամբ ի հայտ էին գալիս նոր կուսակցություններ ու զինված խմբեր,տեղի էին ունենում միջկուսակցական և ներկուսակցական խլրտումներ և դրանց զուգահեռ՝ ակտիվացել էին նաև հանցագործ աշխարհի հայտնի ու անհայտ դեմքերը:Անհասկանալի մի բան էր կատարվում հանրապետությունում:Օրգանների բարձրաստիճան կոմունիստ աշխատակիցների կողմից հավաքագրվում և գաղտնի կերպով զինվում էին նախկինում բազմակի հանցագործություններ կատարած մարդիկ:ՈՒ՞մ դեմ,ինչի՞ համար՝ դեռ պարզ չէր:Հայտնի էր միայն մի բան,որ կոմունիստները հեշտ չէին զիջելու իրենց խարխլվող դիրքերը,բայց որ Հայաստանի համար այդքան բախտորոշ պահին գնալու էին մինչև արնահեղության և այն էլ սեփական ժողովրդի,սեփական զավակների դեմ ամենակեղտոտ սադրանքներ կազմակերպելով ու իրականացնելով,երկիրը մղելով դեպի քաղաքացիական պատերազմի հորձանուտ՝ դա դուրս էր երևակայությունից:Եթե հետագայում պետք է պարզվեր,որ արտաշատյան դեպքերի,արյունոտ ընդհարումների կազմակերպիչն ու հրահանգողը ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանն է,ապա մինչ օրս հարցականի տակ է մնում,թե ովքե՞ր էին նրանք,որոնք կազմակերպեցին Կիրովականի,Մարտունու,Գորիսի,Ղարաբաղի նմանատիպ խժդժությունները…
Վերջին ամիսներին ընթերցելով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բոլոր հարցազրույցներն ու լկսելով նրա պատմությունները 90-ականներին Սուրիկ Խաչատրյանի և նրա բանդայի կողմից իր ու իր մարտիկ ընկերոջ հանդեպ իրականացված առևանգման ու բռնությունների,բանդիտների ունեցած սեփական բանտի և այլնի մասին,ցնցվեցի…
Սամվել Հարությունյանը ճշգրտորեն ներկայացնում էր կարծես նույն ժամանակ տեղի ունեցած արտաշատյան գործողությունները,որ կատարեցին Կծան Միշայի և Զովաշենցի Ռուբիկի կողմից ղեկավարվող բանդայի անդամները,«Անկախության Բանակի» Արտաշատի մարտիկների հանդեպ:Կարո՞ղ էին արդյոք միմյանցից մոտ 350 կմ հեռավորության վրա գտնվող երկու տարբեր շրջաններում,միմյանցից անկախ տեղի ունենալ այսքան նույնատիպ հանցագործություններ,նույն ծրագրով,նույնատիպ «սեփական բանտեր» ունեցող հանցագործների կողմից,եթե դրանք չէին ծրագրվում,չէին ղեկավարվում նույն կենտրոնից:Ո՞վ էր իրավունք տվել, դեռ սովետի ժամանակներից որևէ Կծան Միշայի ու Զովաշենցի Ռուբիկի՝ Արտաշատի շրջանում և որևէ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսի շրջանում ունենալ իրենց անձնական բանտերը,կատարել մարդկանց,երկու դեպքում էլ ազատամարտիկների ու նեև ո´չ ազատամարտիկների առևանգումներ,խոշտանգումներ,սպանություններ և երկու դեպքում էլ մնալ անպատիժ ու չբացահայտված…Եվ ի վերջո,ինչպե՞ս եղավ,որ այս երկու շրջանների նույնատիպ հանցագործները ոչ միայն պատասխանատվության չենթարկվեցին իրենց արարքների համար,այլև ընդհակառակը՝ սրանց հովանավորման էստաֆետը սահուն կերպով կոմունիստներից փոխանցվեց ՀՀՇ իշխանավորներին ու բանտերում ցմահ պատիժ կրելու փոխարեն,այդ ճիվաղները դարձան մեծ հարստության տեր հետագայում:Սա ևս չի՞ խոսում այն կարծիքի օգտին,որ կոմունիստների հետ ձեռք-ձերքի տված և ազգայնականներին անխնա ոչնչացնող ու կոմունիստ վերնախավին ծառայած հանցագործներին որդեգրած ու հովանավորող ՀՀՇ կոչված կասկածելի կազմակերպությունը,որ հանդես էր գալիս իբր ազգային խնդիրների լուծման դիրքերից,իրականում հանդիսանում էր հեռացող կոմունիստների դրածոն երկրում:
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել,որ ինչպես բոլոր զինված խմբերում ու կուսակցություններում գոյություն ունեին օրգանների գործակալներ,այնպես էլ դրանք առավել շատ էին ՀՀՇ-ի վերնախավում,հակառակ դեպքում,ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո չէին շարունակվի այդ արնահեղություններն ու մա´նավանդ չէին հովանավորվի ու ազատության մեջ չէին իրենց կյանքը վայելի հանցագործ աշխարհի այդ թափթփուկները և նրանց փոխարեն չէին խայտառակվի ու զանազան կեղտոտ մաղադրանքներով երկար տարիներ իրենց կյանքը բանտերում վատնի շատ ազատամարտիկներ:Շարժման սկզբում, իբրև թե կոմունիստներից դժգոհ,նրանց կուսակցական տոմսերը մասսաների առաջ հրապարակայնորեն պատռող ու այդ կուսակցությունից հրաժարվող ՀՀՇ-ի շատ պարագլուխներ,իշխանության անցնելուց հետո, փաստորեն ձեռք-ձեռքի տված կոմունիստ պաշտոնիաների հետ,հաշվեհարդար էին կազմակերպում ազգայնականների դեմ:Այդ հաշվեհարդարի արդյունքում զոհ գնացին հարյուրավոր մեր լավագույն մարտիկներն ու նրանց հրամանատարները:
Մինչ օրս էլ,այն ժամանակներին վերաբերվող ցանկացած այսպիսի բացահայտում կատաղի ձևով են ընդունում նախկին գործակալ-թափթփուկները,որոնց հրահրմամբ,որոնց սադրանքով տեղի ունեցան 90 թվականի մայիսի 27-ի արյունոտ դեպպքերը,օդանավակայանի,Մասիսի թունավորման,ուրիշ շատ ու շատ դեպքեր…
Գործակալ այդ ճիվաղները,վստահ ԿԳԲ-ի արխիվների փակ մնալու վրա,այսօր էլ ցինիկաբար շարունակում են իրենց ներկայացնել ազատամարտիկներ,կուսակցականներ:Շարունակում են, իրենց իսկ կողմից սադրված ու իրականացված այս ու այն դեպքի մասնակից,կամ լավատեղյակ անձ ներկայանալ հասարակության առաջ և կեղտոտ կասկածանք սերմանելով իրենց իսկ զոհը հանդսացողների հանդեպ,տարածելով,հաստատելով հասարակության մեջ վաղուց հայտնի հորինովի կեղտոտ պատմությունները,ահաբեկելով ինձ ու իմ նմաններին,որ համարձակվել ենք բացահայտել ճշմարտությունը,թույլ չտալ տեղեկացնելու հասարակությանը իրականությունը…
Թույլ չտալ,որ ճշմարտությունը գլուխ բարձրացնի:Որ մաքրվի իրենց իսկ կողմից կեղտոտված շատ ազնիվ ու հայրենասեր ազատամարտիկների անունները,ովքեր ոչ միայն ֆիզիկապես,հոգեպես տուժեցին այդ ծախու ստրկահոգիների ու նրանց տերերի կողմից,այլև բարոյական մեծ հարված ստացան…
Ազգադավ այդ տականքների միջոցով էր ապազգային,կասեի՝ հակաազգային կառույց հանդիսացող ԿԳԲ-ն դեռ էն գլխից սկսել ազգանվեր ազատամարտիկների վարկաբեկումն ու ոչնչացումը…
Ես և ինձ նման շատերը լավ ենք ճանաչում այդպիսիներին ու տեսնում ենք զարմանքով,որ նրանք այսօր միաբանվել են նույն խմբում ու խաղում են ազգի ամենաազնիվ զգացմունքների հետ,ամենավեհ՝ ազատամարտիկի մաքրամաքուր անվան տակ…
Ասել կուզի՝ վախ չունեն բացահայտվելուց…
Այսօր արդեն այդպես է նրանց ծրագրված խաղը…
ԱՅՍԻՆՔՆ՝ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱՑԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾԱԿԱԼ ՃԻՎԱՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ…
ԻՍԿ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ,ՀԱՍԿԱՆՈՒՄ ՈՒ… ԼՌՈՒՄ…
Դեպքերը զարգանում էին գլխապտույտ արագությամբ և անկառավարելի ձևով:Այս ամենի մասին լսելով ու դրա հետևանքներից զգուշանալով էր,որ 1990 թվականի մարտի վերջերին Պարույր Հայրիկյանը ԱՄՆ-ից հրաման տվեց Աշոտ Նավասարդյանին,զինաթափել «Անկախության Բանակն» ու բերել քաղաքական դիրքերի վրա:Հայրիկյանի այս պահանջի հետևանքով, ինչ որ անհասկանալի բաներ էին կատարվում նաև ԱԻՄ-ում:Աշոտ Նավասարդյանը տեղեկացրեց Սամվելին,անմիջական կապ պահպանել իր հետ և սպասել նոր հրամանի:Սպասողական ու անհանգիստ դրության մեջ էր նաև ամբողջ ԱԻՄ-ը:1990 թվականի մարտի 29-ի առավոտն էր:Սամվելն շտապում էր ժամ առաջ մեկնել Բարձրունի,ուր գտնվում էր ջոկատը:Խաչիկ Վասիլյանը,Զավեն Պողոսյանը, Ազատավանում եղած ադրբեջանական վագոնի ապրանքի մոտ թողնելով ՀՀՇ-ի անդամ Վարուժան Մելքոնյանին,եկել էին շտաբ, ճանապարհելու Բարձրունի մեկնող եղբայրներիս՝ Սամվելին ու Վարդանին:Այնտեղ էր նաև Հակոբջանը:Ես բարի ճանապարհ մաղթելով եղբայրներիս,շտապեցի Երևան,քանի որ ԱԻՄ-ում տեղի էին ունենում ժողովներ,այնտեղ ամեն վարկյան սպասում էին Հայրիկյանի նոր հրահանգներին,իսկ ջոկատի մարտիկների և ԱԻՄ-ի մեջ կապը պահպանվում էր հիմնականում իմ միջոցով:Իմ Երևան մեկնելուց հետո,երբ տղաները,հայրս ու Հակոբջանը դեռ շտաբում են լինում,հանկարծ ներս է մտնում մի անծանոթ երիտասարդ կին և սարսափած հայացքով սկսում բողոքել,թե գիշերվա կեսին իր բնակարան են ներխուժել զինված տղաներ,ովքեր ներկայացել են որպես այս ջոկատի մարտիկներ,ասելով, թե՝ «սարերից նոր ենք իջել և կնոջ կարիք ունենք» ու ծեծել և բռնաբարել են իրեն և իր հետ բնակարանում գտնվող մի ռուս աղջկա:Կնոջ այս հայտարարությունից նախ ապշում են բոլորը:Հետո Սամվելն ասում է,որ իր ջոկատի մարտիկները գտնվում են Վայքի Բարձրունի գյուղում և հնարավոր չի,որ նրանցից որևիցէ մեկը եղած լինի,քանի որ իր ջոկատում բոլորը խելացի,հանգիստ ու չափի մեջ գտնվող մարդիկ են և եթե Արտաշատում կան իր ջոկատից տղաներ,ապա հենց շտաբում եղող այսքանն են՝ այս մի քանիսը:Կինը պնդում է,թե շտաբ գալիս,մեկ-երկու րոպե առաջ տեսել է այն տղաներին հենց շտաբի դիմաց:Սամվելը վերցնելով կնոջը,իր «վիլիս» մեքենայով գնում է փնտրելու նրանց:Քաղաքի կենտրոնում,ընթացքի ժամանակ կինն հանկարց բղավում է,թե դիմացից եկող մեքենայի ղեկին այն տղաներից մեկն էր:Սամվելը հետապնդում և կանգնեցնում է այդ մեքենան:Կինը հաստատում է,որ երեք մարդկանցից մեկը հենց սա է:Պարզվում է,որ դա Արտաշատում բնակվող,ազգությամբ եզդի Քյալաշ Խուդոյանն է,որը ոչ մի կապ չունի ոչ ջոկատի հետ,ոչ էլ առհասարակ շարժման հետ:Սամվելն ստիպում է նրան հետևել իրեն:Գալիս են շտաբ,որտեղ Քյալաշը խոստովանում է,որ գիշերն ինքն ու իր ընկերներն իրոք ջոկատի մարտիկների անվան տակ եղել են այդ կնոջ բնակարանում ու հայտնում է,թե ովքեր են եղել իր մյուս ընկերները:Տղաները բնականաբար ահավոր բարկանում են,որ իրենց անվան տակ հանդես գալով,նման արարք են գործել Քյալաշն ու նրա ընկերները և սկսում են ծեծել նրան:Հանկարծ շտաբ է մտնում Արտաշատում հայտնի ու վտանգավոր հանցագործ Միշա Խուդավերդյանը (կծան Միշան),որը մինչ այդ, երբեք շտաբում չէր եղել և ոչ մի կապ չուներ ջոկատի,կամ առհասարակ շարժման հետ:Մինչ տղաները, իբր բանից անտեղյակ Միշային պատմում են կատարվածի մասին,Սամվելը վերցնելով այդ կնոջը, դուրս է գալիս փնտրելու մյուսներին:Կծան Միշայի հայտնվելը շտաբում,կարծես ոգևորում է Զավենին և նա ատրճանակով կրակում է Քյալաշի ոտքին:Միշան առաջարկում է Քյալաշին տանել Թատրոնի հրապարակ,ներկայացնելու ժողովրդի դատին:Այդպես էլ անում են:Այն ժամանակ, թատրոնի հարթակի վրա,անընդմեջ տեղի ունեցող հանրահավաքների համար միշտ միացված էին բարձրախոսներն ու հրապարակում միշտ հավաքված էր ժողովուրդը:Քյալաշին բարձրացնելով հարթակ,կծան Միշան անձամբ հայտարարում է,թե այս եզդին իր ընկերների հետ գիշերը 15 տարեկան հայ աղջիկ է բռնաբարել և «դրանց սատկացնել է պետք»:Ժողովուրդն ալեկոծվում է:Հանկարծ,որտեղից-որտեղ, հարթակի վրա են հայտնվում նաև, արդեն իսկ զինված հանցավոր խմբի ղեկավար, Լանջազատցի Ռուբեն Հակոբջանյանը ( զովշենցի Ռուբոն) և ոմն Քյարամ,դարձյալ ազգությամբ եզդի ,որը թշնամական հարաբերություննի մեջ է գտնվելիս լինում Քյարամի հետ:Վերջինս սկսում է անխնա ծեծի ենթարկել արդեն իսկ վիրավոր Քյալաշին և այդ ծեծին մասնակցում են նաև Զավենն ու Խաչիկը:Հետո,արդեն կատաղած ամբոխի աչքի առաջ,Քյարամը բարձրացնում է իր ձեռքին գտնվող հրացանն ու ամբողջ ուժով իջեցնում Քյալաշի գլխին:Մահացու հարվածից,ուղեղի վնասմամբ, տապալվում է Քյալաշն ամբողջովին:Փոքր եղբայրս,որն արդեն հավաքված ամբոխի ետևում ,հարթակից հեռու,ճանապարհի վրա գտել ու կանգնեցրել էր Քյալաշի հետ այդ կնոջ տուն մտած մյուս երկու տղաներին,հասկանալով,որ հարթակում ծայրահեղ բաներ են տեղի ունենում,չի հայտնում ,որ գտել է մնացած երկուսին: Թատրոնի հրապարակ է գալիս շտապօգնության մեքենան և տանում Քյալաշի դեռ շնչող մարմինը:Զավենն ու Խաչիկը շտապ հասնելով հիվանդանոց արգելում են բժիշկներին օգնություն ցույց տալ մահամերձին:Դեպքի մասին տեղեկացած և հիվանդանոց եկած Քյալաշի ողբացող հորը Զավենը թույլ չի տալիս մոտենալ որդուն: Սամվելը գնալով թատրոնի հրապարակ և տեղեկանալով կատարվածի մասին,շտապում է հիվանդանոց:Նա բարկանում է Զավենի վրա,պահանջում հեռանալ և խնդրում բժիշկներին, անմիջապես օգնություն ցույց տալ Քյալաշին:Բժիշկները Քյալաշին տեղափոխում են վիրահատարան,սակայն անզոր են լինում փրկել նրա կյանքը՝ հարվածից ստացած ուղեղի ծանր վնասվածքի պատճառով:Իսկ նրան հարվածած Քյարամը անհետանում է Արտաշատից:Երեկոյան ժամը 4-5-ի սահմաններում, երբ ետ եկա Երևանից ու իմացա կատարվածը,անմիջապես զանգահարեցի Աշոտ Նավասարդյանին և տեղեկացրի ամբողջը:Նավասարդյանը կես ժամ հետո արդեն շտաբում էր,մեզ մոտ:Նա Արտաշատ էր եկել հին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանի հետ:Մանրամասն տեղեկանալով կատարված դեպքի մասին և զրուցելով շտաբում գտնվող այդ կնոջ հետ,որի անունն էր Արմինե Հակոբյան,Նավասարդյանը ցանկություն հայտնեց գնալ Արտաշատի թատերական հրապարակ և ելույթ ունենալ:Մենք բոլորս միասին,այդ կինն էլ մեզ հետ, գնացինք հրապարակ:Խոսեց միայն Աշոտ Նավասարդյանը,պատմեց կատարվածի մասին ու ասաց. «քանի որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում,ուրեմն տեղի ունեցող ցանկացած հանցագործություն պետք է դիտել որպես հայրենիքի դավաճանություն և պատժել պատերազմական օրենքներով:Այս տեսանկյունից,կատարված այս պատիժը համարում եմ արդարացի»:Հետո խնդրեց հարթակի վրա գտնվող Արմինե Հակոբյանին,որ մոտենա ու պատմի իր հետ տեղի ունեցածը,իսկ նա մերժեց,ասելով,որ վախենում է:Այս նույն վախի պատճառաբանությամբ,ոչ մի կերպ այդ կինը չհամաձայնվեց հեռանալ և մնաց ջոկատի հետ:Այդ օրն իսկ,Նավասարդյանը կարգադրեց Սամվելին,ջոկատը ետ բերել Բարձրունուց ու սպասել նոր հրահանգի:Կարճ ժամանակից հետո պարզ էր դառնալու,որ շիկահեր այդ կինը՝ Արմինե Հակոբյանը,Արտաշատում հայտնի մարմնավաճառ էր,որ նրա անբարոյական վարքի համար, 4 անգամ, բոլոր հարևանները միասին գրավոր դիմել էին ոստիկանություն,նրան շենքից վտարելու պահանջով,բայց արդյունքի չէին հասել:Մեկն էր նա,որն օգտագործվում էր օրգանների կողմից՝ մարդկանց դեմ գործ սարքելու համար:Կարճ ժամանակից ամբողջ շրջանը գիտեր,որ նա հատուկ նպատակով էր ուղարկվել մեզ մոտ:Նույնիսկ լուրեր էին պտտվում,որ Քյալաշն ու իր ընկերները եղել են նրա մշտական այցելուներն ու Քյալաշի հետ կատարված այդ դեպքը,օրգանների կողմից նախօրոք լավ պատրաստված սցենար է եղել հենց Քյալաշի,այդ կնոջ ու Կծանի մասնակցությամբ,որտեղ անտեսված է եղել դեպքերի նման զարգացումը,կամ՝ գուցէ և դա էլ էր նախատեսված,ո՞վ գիտե:Քանի որ մեր բազմաթիվ պահանջները՝ գտնել Քյալաշի գլխին մահացու հարված իջեցրած Քյարամին,ՀՀ Գլխավոր դատախազության կողմից,այդպես էլ մինչ օրս մնաց որպես «ձայն բարբարո հանապատի»:Կատարված այս ամբողջ դեպքը, մեզ ձերբակալելուց հետո ամենախայտառակ ձևով շուռ տվեցին ջոկատի դեմ և ներկայացրեցին այսպես՝. կատարված սպանության բացահայտ հրահրող որպես,երբե´ք չձերբակալվեց ու չմեղադրվեց Արմինե Հակոբյանը,որին ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրեց ընդհամենը որպես վկա… Դեպքի հրահրող որպես՝ նկատելով ինձ…որ անգամ ականատես չէի եղել կատարվածին:Ռուբիկ Հակոբջանյանը, իր տված ցուցմունքում, ստորաբար զրպարտելով ինձ գրել էր,որ իբր ես կոչ եմ արել տղաներին՝ սպանել Քյալաշին:Կատարված դեպքի բազմաթիվ վկաներից չկար գոնե մեկը,որ հաստատած լիներ գոնե իմ ներկայությունը այնտեղ:Եվ միայն,շրջանում ու շրջանի սահմաններից դուրս երկար տարիներ անպատիժ կերպով բազմաթիվ պատվերով հանցագործություններ իրականացրած այս հանցագործի՝ ՆԳ նախարար Կառլեն Թորոսյանի գործիքն հանդիսացող Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի ցուցմունքը հիմք ընդունելով էր,որ Գլխավոր դատախազության «իրավունքի պաշտպանները» իմ դեմ գործ էին հարուցել,որպես կատարված սպանության հրահրողի:Ռուբեն Հակոբջանյանն արդեն ձերբակալված էր,երբ եկավ դատարան որպես վկա և արդեն իր ձեռքով խոստովանանք-ցուցմունք էր տվել ու բացահայտել էր,որ ինքը եղել է Նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից զինված և նրա կողմից մեզ ոչնչացելու պատվերը կատարողն ընդհամենը:Դրա հետ միասին էլ,հանցավոր աշխարհի ներկայացուցիչներն էին հետաքրքրված ու մարդ էին ուղարկել՝ լսելու դատն ու նրա տված ցուցմունքները,ինչի պատճառով էլ հենց,նա շտապեց հերքել իր ստոր զրպարտությունները…
Մինչ օրս էլ չեմ հասկանում,թե ինչպե՞ս կարող էր 45-ն անց անձը իր մարդկային կոչումից այնքան ընկնել,ստորանալ,դառնալ այնքնա անզգա բութ գործիք,որ զրպարտիչ ցուցմունք տար 29-ամյա մի կնոջ՝ տվյալ դեպքում իմ դեմ ու չնողկալ «տղամարդու» իր կոչումից…
Մեր գործի 21 հատորներից մեկում,այս էպիզոդի վերաբերյալ գոյություն ունի նաև մի փաստաթուղթ,որով ՀՀ Գլխավոր դատախազությունը խնդրել է ՀՀ ՊԱԿ-ին,իրեն տրամադրել Արտաշատի հրապարակում Քյալաշ Խուդոյանի սպանության գաղտնի տեսագրությունը,որը արվել է հրապարակի դիմաց գտնվող կենցաղսպասարկման շենքի տանիքից:ՊԱԿ-ը համապատասխան գրությամբ տեղեկացրել է դատախազությանը,որ իրենց մոտ չկա նման տեսագրություն…
Հանրապետության Գլխավոր դատախազությունը չէր կարող հենց այնպես,առանց լուրջ փաստեր ունենալու,նման պահանջ ներկայացնել ՊԱԿ-ին:ՈՒրեմն հարց է առաջանում՝ եթե այդ ամբողջը նախորոք ծրագրված և կազմակերպված չէր օրգանների կողմից,ՊԱԿ-ն ինչու՞ պետք է դեպքի վայր հայտնվեր տեսախցիկով…
Թեև դատարանում Քյալաշ Խուդոյանի հայրը ճանաչեց և մատնացույց արեց Զավեն Պողոսյանին,ասելով, որ հենց նա էր,որ արգելում էր իրեն՝ մոտենալ որդուն և արգելում էր բժիշկներին,օգնություն ցույց տալ ,թեև երկու բժիշկներն էլ,որից մեկը գլխավոր բժիշկ Ռուբիկ Ավետիսյանն էր,մյուսն էլ՝ Պարույր Սևակի որդին,մանրամասն ցուցմունք էին տվել և նույնն էլ ասացին դատարանում,որ Զավեն Պողոսյանն էր իրենց արգելում օգնություն ցույց տալ տուժողին և Սամվել Մարգարյանն էր,որ գալով այնտեղ հեռացրեց Զավենին ու պահանջեց անմիջապես օգնություն ցույց տալ Քյալաշին,միևնույն է՝ մեղադրական եզրակացության մեջ այդ ամբողջ դեպքի մեղավոր ու դաժան մասնակից որպես՝ ձևակերպվեց Սամվելի անունը,ով ոչ հարվածել էր Քյալաշին,ոչ կրակել նրա վրա,ոչ էլ սպանել:Փաստորեն իրականացվում էր քննչական խմբի նախկի ղեկավար Սերգեյ Պողոսյանի ամեն անգամ իմ երեսին նետած չարախինդ հայտարարությունը՝.«ես կործանելու եմ ձեր ընտանիքը,կոմունիստական մաֆիա էիր ասում հա՞,կոմունիստների դեմ էիք դուրս եկե՞լ»:
Այս բոլորով հանդերձ,ձերբակալությունից հետո հանկարծ իմացանք,որ ՀՀՇ-ի հետ արդեն սիրախաղեր սկսած Աշոտ Նավասարդյանն էլ իր հերթին է գրիչ բարձրացրել ու ցուցմունք տվել,որ իբր իրեն ճիշտ տեղեկություն չեն տվել կատարված դեպքի մասին և ինքն իբր իմացել է,թե այդ տղաները անչափահաս աղջիկ են բռնաբարել:Ինքը իբր չի իմացել նաև ,որ Քյալաշը սպանվել է,իմացել է,թե ուղղակի ծեծված ու վիրավոր է և միտինգից հետո է իմացել իայն,որ նա մահացել է:ՈՒ գրել էր նաև,որ ինքը խիստ դատապարտում է այդ դեպքը և կարծում է,որ «դա այն դեպքը չէր,որի համար կարելի էր մարդ սպանել»:Ահա,այսպես:Փաստորեն,դեպքից մեկ տարի հետո,վախ ունենալով Արտաշատի թատրոնի հարթակից հնչեցրած իր իսկ ելույթում արտահայտած մտքերի համար,Աշոտ Նավասարդյանը հիմա էլ ընտրել էր կատարվածն ամբողջովին մեզ վերագրելու,իր ելույթի ամբողջ ընթացքում իր հետ հարթակում գտնված Արմինե Հակոբյանին իբր տեսած չլինելու և ինչ որ անչափահաս աղջկա հորինված պատմություն ներկայացնելու և ժամանակին դեպքն արդարացնելու,իսկ հիմա լրիվ հակառակը՝ դեպքը դատապարտելու տարբերակը:Երեսպաշտության,մորթապաշտության և դավաճանության փայլուն մի օրինակ հին քաղբանտարկյալ համարվողի կողմից….Եվ սա առաջին դեպքը չէր,ինչպես կտեսնեք հետագայում,երբ մեր գլխավոր հրամանատար հանդիսացող Աշոտ Նավասարդյանը ասում,տարածում էր բաներ,նույնիսկ ցուցմունք գրում մեր դեմ նույն բառերով ու իրականությանը բոլորովին չհամապատասխանող հորինվածքների պահով,ինչը որ միտումնավոր հորինել ,մեր անվան հետ էին կապել ու տարածել օրգանների աշխատողները և նրանց վարձու գործակալներ հանդիսացող նախկին հանցագործները…Այս և նմանատիպ ցուցմունքներ իր իսկ ձեռքով գրելուց կարճ ժամանակ անց,Աշոտ Նավասարդյանը ստիպված էր լինելու բազմաթիվ անգամներ մեղա գալ,և իր «աջ թևը» դարձած Աշոտ Աղաբաբյանի միջոցով հավաստել,որ դատարանում փոխելու է ցուցմունքն ու ճիշտն է ասելու:Ահա թե ու՞մ ետևից էինք գնացել մենք և ու՞մ էինք դարձրել մեզ համար պաշտամունք…
ԴԵՌ ԽՈՍԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԽԻՎՆԵՐԸ…
ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ…
ԵՎ ԱԶԳԸ ՏԵՍՆԵԼՈՒ Է ԴԻՄԱԿՎԱԾ ԴԵՎԵՐԻՆ….
(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ