ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, December 26, 2014 12:55 - 14 քննարկում
Հայ առևտրական կամ խոջայական կապիտալի անկումը 18-րդ դարում Ալինա Սալնազարյան
Ալինա Սալնազարյան
http://armfvn.com/
Պետականությունից զուրկ ժողովուրդների (հայերի, հրեաների) առևտրական համայնքները իրենց էական դերակատարությունն են ունեցել համաշխարհային կապիտալի ձևավորման մեջ, մասնավորապես նախնական էտապում: Հաստատելով առևտրական համայնքներ աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ վաճառականները ստեղծել են երկար հեռավորությունների վրա առևտրի իրականացման ենթակառուցվածք՝ առևտրական ցանց՝ իր կենտրոնով, օրենսդրությամբ և ինֆորմացիոն համակարգով:
Քրիս Բեյլին նման համայնքների առևտրական ցանցը անվանել է «արխայիկ» կամ «պրոտո» գլոբալիզացիոն, որոնք Նոր դարերի պատմության վաղ շրջանում ինտեգրել և կապել են աշխարհի տարբեր մասերը՝ Միջերկրականից մինչև Եվրասիայի ծայրամասերը: (Sebouh Aslanian, From the Indian Ocean to the Mediterranean, 2011,p. 4,):
Հայ առևտրական կապիտալը (խոջայական կապիտալը) ձևավորվել և իր առևտրական ցանցը ձևավորել է Հայաստանում դեռևս 16-րդ դարում, իսկ 1603-1605թթ. Պարսից արքա Շահ Աբասի բռնագաղթի արդյունքում՝ հաստատվել Նոր Ջուղայում (Սպահանի մոտ) և ընդլայնել իր ցանցի սահմանները: Իր կառուցվածքով այդ ցանցը եղել է մոնոցենտրիկ (միակենտրոն) , այսինքն՝ ղեկավարվել է միայն մեկ կենտրոնից` Նոր Ջուղայից և նրա վաճառական խորհրդի օրենսդրությամբ (ի տարբերություն Սեֆարդի հրեաների ցանցի, որ եղել է բարձր մակարդակի սինխրոնիզացված պոլիցենտրիկ՝ (բազմակենտրոն) Լեվորնոն, Ամստերդամը, Վենետիկը, Սալոնիկը և Կոնստանդնուպոլիսը կենտրոններով): Ջուղայի առևտրական ցանցը 17-րդ դարում ընդարձակվելով, ընդգրկել է ողջ Եվրասիական մայրացամաքը և Հեռավոր արևելյան կղզիները: Հայ վաճառականության ներկայությունը զգալի է եղել Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում և վճռորոշ դերակատարություն ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացումների մեջ: Երկար ժամանակ հայերին համարել են արևելյան առևտրի գլխավոր տերերը (որպես զուգահեռ նշեմ, որ Սեփհարդի հրեաներն էլ նման դիրքի են հասել Ատլանտյան օվկիանոսի տարածաշրջանում): Զարգացած առևտրի մշակույթի մասին է խոսում Նոր Ջուղայի վաճառական երեխաների համար նախատեսված դպրոցի գոյությունը, որտեղ ուսումնասիրել են տնտեսական աշխարհագրություն, առևտուր, չափման միավորներ, գիտելիք տարբեր երկրների արժույթների մասին: Դպրոցում կարևորվել է հատկապես Հնդկաստանի տնտեսական կյանքի ուսումնասիրությունը, ինչը դասավանդվել է հատուկ դասագրքով՝ գրված Կոնստանդ Ջուղայեցու կողմից (որ Հնդկաստանի տնտեսական, առևտրական կյանքի փորձագետ էր): Առևտրական ցանցի կառույցի մաս են կազմել հոգևոր թեմերը, որոնց տնօրինության ներքո է գործել համայնքների կրթական և մշակութային կյանքը: Հետևաբար, առևտրական համայնքներից կազմված «առևտրական սփյուռքը» եղել է մեկ ամբողջական, անկախ սոցիալական միավոր՝ իր առևտրական և կրթական և մշակութային կյանքով:
Հեռավոր տարածությունների վրա առևտրի կազմակերպման համար, ըստ Ռենե Բարենցեի, անհրաժեշտ էր երկու գործոն: Առաջին գործոնը՝ զարգացած ինֆորմացիոն համակարգի առկայությունն էր, որ ջուղայեցի հայ վաճառականները իրենց փոստային համակարգի շնորհիվ ստեղծել էին շատ վաղուց և երկրորդ գործոնը՝ առևտրի ծավալման ընթացքում հյուրընկալ երկրի պետական կառույցների վրա հենվելն էր, որ հնարավորություն էր տալիս ստանալ պետության հովանավորությունը և պաշտպանել հյուրընկալ երկրի առևտրական շահերը այլ երկրներում: (Sebouh Aslanian, Tred Diaspora versus State: Armenian Merchants, the English East India Company, and the High Court of Admiralty in London, 1748–1752)
Լինելով օտարականներ և արմատից կտրված միավոր՝ Նոր Ջուղայի հայ վաճառականները հանդիսանում էին կայսրի իշխանության ամրապնդման իդեալական ծառայողներ Պարսկաստանում և նպաստում էին միապետի իշխանության կենտրոնացմանը: Լինելով պետականությունից զուրկ՝ նրանք պարտավոր էին իրենց անվտանգության և բարգավաճման համար պաշտպանել միապետի շահերը: Դա նշանակում է, որ շահը կարող էր վստահել նրանց առանց վախենալու, որովհետև դա ծառայող համայնք էր՝ օժտված որոշակի հմտություններով: Ջուղայեցիները նաև իդեալական համապատասխանում էին պետական կենտրոնացման շահի քաղաքականությանը, որը հիմնված էր ռեֆորմիստական միջոցառումների վրա, որոնց նպատակն էր զարգացնել իրանյան միջազգային մետաքսի ճանապարհը: Ջուղայեցիները ունեին պարսկական մետաքսի մատակարարման մեծ փորձառություն եվրոպական շուկաներում, իրենց տեղահանությունից շատ ավելի վաղ: (Շահ Աբասը օգտագործում էր մեր վաճառականությանը հմտությունները այնպես՝ ինչպես Հաբսբուրգները օգտագործում էին «պալատական հրեաներինը»):(Sebouh Aslanian, From the Indian Ocean to the Mediterranean, 2011,p. 2,)
Հայ վաճառականությունը կայսերական հովանավորչության տակ է գործել չորս՝ Պարսից, Օսմանյան, Ռուսական և Մողոլական կայսրություններում: Օրինակ՝ Մեծ Մողոլի հզոր կայսր Զալալուդին Աքբարը (1556-1605) դիմակայելու համար Հնդկաստանի ափամերձ քաղաքներում հաստատվող առևտրական մրցակից Եվրոպական հզոր ընկերություններին, որպես հակակշիռ ուժ, ընդլայնել է հայ վաճառականության իրավունքները: Նա hայերին իր մայրաքաղաք Ագրայում հող է հատկացնում և նպաստավոր պայման ստեղծում նրանց անկաշկանդ գործունեության համար և նույնիսկ Ագրայում պետության ծախսերով 1562թ. կառուցում է եկեղեցի և այլն:
Արևմտյան Եվրոպական ծովային տերությունները, որոնք երբեք ցամաքային ուղիներով Հեռավոր Արևելք մուտք չէին գործել, (ի տարբերություն իտալական քաղաք պետությունների) առաջին անգամ ծովային ճանապարհով ներթափանցեցին Հնդկաստան՝ սկսած 16-րդ դարից (երբ պորտուգալացի ծովախույս Վասկո Դա Գաման 1497թ. Աֆրիկայի հարավում հայտնաբերեց Բարեհուսո հրվանդանը և նավարկեց դեպի Հնդկաստան): Եվրոպական տերությունների համար օտար և անհայտ երկրում հեշտ չէր հաստատվել և անհրաժեշտությունից թելադրված՝ համագործակցեցին հայ վաճառականության հետ: «Հայերը,- գրում է Ղ.Ինճիճյանը,- երևելի նավապետներ եղած են, որոնք մեծ նավեր բանեցնելով՝ վարպետ եղան Պենկալիային առջևին ծոցեն մեջ ու Գանկես կամ Կընկա գետին մեջ: Երբ եվրոպացիք հասան Հնդկաստան, այն ատեն հայ նավապետերը անոնց առաջնորդ եղան և ճամփաներ կցուցեին գետին մեջ նավարկելու»: (Դարապատում,Ղ.Ինճիճյան, Վենետիկ, 1824,էջ246)
Եվրոպացի գաղութարարներից առավել հեռատես գտնվեցին անգլիացիները: Անգլիական Արևելա-հնդկական ընկերությունը, ծանոթանալով այն հանգամանքներին, որոնցով առաջնորդվում էր հայ վաճառականությունը Հնդկաստանում, Պարսկաստանում և Եվրոպայում, հատուկ շրջաբերականով ծանուցեց. «Եթե հայ վաճառականները ընկերությունից ստանան արտոնագիր շրջելու իրենց առևտրի հնագույն ուղին դեպի Եվրոպա և այնտեղից դուրս անգլիական ձևով, դա կբարելավի նորին Մեծության մաքսային մուտքերը և կնպաստի անգլիական նավագնացության աճին»: (A.Mesrov J. Seth, History of the Armenians in India,Kolkata.1937,p.234) Անգլիացիները հնդկահայ վաճառականության հետ համագործակցության պայմանագիր ստորագրեցին (1688)և կարողացան նրանց աջակցությամբ առևտրական, դիվանագիտական հաջողությունների հասնել և հաստատվել Հնդկաստանում: Անգլիացիները խոստովանում են. «Հայերը Դելիի այն հպատակներից էին, որոնց նկատմամբ կառավարության կողմից կար մեծ հարգանք և հովանավորություն: Հայերի նկատմամբ այդ հարգանքը գալիս էր դեռևս Աքբարի ժամանակներից: Նրանք դրան արժանացել էին ազնվության և անկողմնակալության համար»: (Հայ գաղթաշխարհի պատմություն, հ2, ՀՀԳԱԱ.2003, էջ 398)
Ջուղայահայ առևտրական ցանցը սկսեց անկում ապրել 18-րդ դարի սկզբին, Պարսկաստանի թուլացման զուգընթաց և վերջնականապես դադարեց գործել 1747թ-ին, երբ Նոր Ջուղան ավերվեց Նադիր Շահի կողմից: Նոր Ջուղայի ավերումով ավարտվեց քարավանային ցամաքային ուղիներով առևտուրը, իսկ վաճառականության անկումը իր ավարտին հասավ հնդկահայ վաճառականությանը ծովային առևտրից դուրս մղելու Անգլիական Արևելա-հնդկական ընկերության քաղաքականությամբ 18-րդ դարի երկրորդ կեսին: Տարբեր անօրեն եղանակներով մեր նավերը բռնագրավում էին: Հնդկաստանը գաղութացրած անգլիացիները սահմանում էին անգլիական ընկերության մենաշնորհ այն ապրանքների վաճառքի վրա, որ եղել է հայ վաճառականության մենաշնորհը և այլն: Այդ դեպքերից հետո աշխարհում հայկական «առևտրական սփյուռքը», որպես մեկ ամբողջական սոցիալական միավոր, դադարեց գոյություն ունենալ, չնայած դեռ երկար ժամանակ տարբեր երկրների տնտեսական կյանքում հայերի ակտիվությունը պահպանվում էր:
Խոջայական կապիտալը, որի շուրջը պտտվում էր 16-18-րդ դարերի ողջ Հայոց պատմությունը, ունեցավ իր վախճանը: Հայերը, ունենալով զգալի դիրքեր պատմական որոշակի էտապում, ունենալով ահռելի նյութական կարողություն և համագործակցության աշխարհասփյուռ ենթակառուցվածք, չկարողացան ունենալ որևէ ազգային հեռանկարային նշանակալի ձեռքբերում: Սակայն, ինչո՞ւ նույն կարգավիճակում գտնվող և նույն ճանապարհով կապիտալ կուտակած հրեական համայնքը ոչ միայն չկորցրեց իր կուտակած կապիտալը և ամբողջականությունը (չնայած որ նրանց առևտրական ցանցը ևս կազմալուծվեց) այլ հակառակը, կարողացավ վերստեղծել իր պետականությունը:
Դա կարելի է բացատրել երկու հիմնական պատճառներով: Առաջինը՝ յուրաքանչյուր ազգի կայացման գործում էական է նրա գաղափարական արժեհամակարգը, որի ներքո ապրում և արարում է ժողովուրդը: Միջնադարից նոր ժամանակներ ներթափանցած վարդապետական կրթության կրողները և նրանց կրած գաղափարական արժեհամակարգը ի վիճակի չէր հայ ազգի անհատականության կայացմանը ծառայել: Հայ վաճառական կապիտալը ազգային պետության վերստեղծմանը չծառայելու և անկում ապրելու պատճառը ամենևին հայ վաճառականության հայրենասիրության պակասը կամ ազգային ծրագրերի հաշվին խնայողություններ անելը չէր: Նոր ժամանակների ողջ հայոց մշակութային, կրթական և հոգևոր կյանքը կազմակերպվել է վաճառականության նյութական միջոցներով, որը սակայն ազգային հոգևոր և գաղափարկան առումով սնանկ էր և անընդունակ ծառայելու ազգային հավաքական ոգու վերածնմանը: Հայոց հոգևոր կառույցի դերակատարությունը սահմանափակվել է հայապահպանության և գոյապայքարի՝ պաշտպանողական քաղաքականությամբ միայն, որը որևէ նոր՝ որակապես բարձր հարթության չէր կարող հասցնել հայ ազգը: Հետևաբար առանց ազգային զարգացման ծրագրի գործող հայկական տարրը կուլ գնաց տերությունների կայսերապաշտական ծրագրերին: Ի հակադրություն մեզ՝ Սեփհարդի հրեական սփյուռքը ապրում էր ծայրահեղ ազգայնամոլ գաղափարական հավաքական հավատամքով՝ մարտնչող սիոնիզմով, որը թույլ տվեց նրանց օգտագործելով աշխարհում իրենց ունեցած դիրքերը ոչ միայն մնալ որպես հավաքականություն, այլ նաև ստեղծել և ինտեգրվել վերազգային կայսերական կառույցներին, պահպանել իր կապիտալը և ստեղծել իր պետությունը:
Սկսած 18-րդ դարից, հայ գիտական և մշակութային վերելքը պայմանավորվեց Վենետիկում Մխիթարյանների գործունեությամբ , որը սակայն ազգային քաղաքական մտքի զարգացման առումով որևէ դերակատարություն չունեցավ: Միայն Հնդկահայ վաճառականության այն հատվածը, որ իր բախտը կապել էր անգլիական ընկերության հետ, նրանց հետ գործընկերության շրջանակներում բարձրացրեց իր քաղաքակրթական մակարդակը և կարողացավ դուրս գալ այն նեղ կաղապարից, որի մեջ ապրում էին իրենց մյուս հայրենակիցները: Նրանք հասկացան ազգային պետության կարևորությունը՝ որպես ազգային գոյության երաշխիքի: Հայ քաղաքական մտքի զարգացումը և գործնական քայլերի նախաձեռնությունը կապվեց Մադրասի խմբակի գործունեության հետ, որը սակայն ի վիճակի չեղավ խավարի մեջ ճահճացած Հայաստանի ժողովրդի մեջ սերմանել ազգային ոգի և բախվեց այդ խավարը սնող դասի՝ կղերականության դիմադրությանը:
Ալպոյաջանը իրավամբ նշում է. «Ի բնե ընդունակ, ազգային հանրային բնազդներով տոգորված ջուղայեցիք, ուղղակի անգլիական ազդեցության տակ էին, որ կդառնային ավելի զգայուն, ավելի պատրաստակամ ու պարտաճանաչ: Թեև մեծ մասամբ անուսում վաճառական, որոնք իրենց ժամանակակիցները կը կանխեն, և այդպիսի ժամանակի մը մեջ, երբ հայրենասիրությունը մեր մեջ խեղդված էր եկեղեցիի, կրօնական իրերու նեղ ըմբռնումին մեջ, անոնք իսկական հայրենասիրությունը ցոյց կու տան, առաջին անգամ հիմնելով պարբերական մամուլ, սիրելով գիրքն ու գրականությունը և իրենց հեռավոր պանդխտութենեն դասեր և խրատներ քաղելով հայութեան, և զայն կքաշեն դեպի առաջ, առանց անտես առնելու իրենց տեղական պետքերը: Ասոր համար էր, որ Հնդկաստանի հայությունը հարուստ էր ոչ միայն դրամով, այլ և ընդհանուրին բարօրութեան նուիրուած գործերով»: (Ա.Ալպոյաջան, Պատմություն հայ գաղթականության,հ3, Կահիրե,1961,էջ363)
Հ.Էմինը ցավով նշում է, որ հայերի, ինչպես և բոլոր ճնշված ժողովուրդների դժբախտության անմիջական պատճառը տգիտությունն է, որի մեջ ապրում են: «Եթե հայ երեխաները ստանային պատշաճ կրթություն, ապա հայերը կլինեին անկախ ազգ: Նրանք իրականում չգիտեն ինչ է ազատությունը: Եթե, նրանք գեթ մեկ անգամ ճաշակեին նրա քաղցրությունը և իրենց բարի սրտերից հանեին ծեր տատիկների հեքիաթները, ապա նրանք անկասկած կդառնային հզոր ազգ»: (Հովսեփ Էմին, Գլ.I,)
Հայ վաճառականության անկման հաջորդ պատճառը մեր վաճառականության և գրեթե համաշխարհային տիրապետության հասած Անգլիական կայսրության հետ տնտեսական և քաղաքական շահերի բախումն էր Առաջավոր Ասիայում: Հնդկաստանում, որտեղ մեր վաճառականության մի մասը ինտեգրվել էր անգլիացիներին, դարձել անգլիական ընկերության գործակալներ և նպաստել նրանց ամրապնդմանը այդ երկրում, մի որոշ մասն էլ շարունակում էր վարել ինքնուրույն քաղաքականություն՝ երբեմն վերածվելով լուրջ մրցակցի: Հայերը հատկապես Բենգալիայում, հայազգի վաճառական Գորգին խանի գլխավորությամբ, վճռական պայքար մղեցին անգլիական գաղութարարների դեմ: Այդ դեպքերի հետ կապված անգլիական ընկերության ծառայողը բողոքում է. «Նրա շնորհիվ հայերը ընդհանրապես իրենց անկախ են պահում այս երկրում և վարում են առևտուր՝ հասցնելով մեզ մեծ վնաս երկրի տարբեր մասերում»: (Հովսեփ Էմին, Գլ.I, )
Արևելքում դրությունը շատ ավելի սրված էր: Հայ վաճառականությունը, որ վաղ ժամանակներից կարևորագույն դեր է ունեցել Օսմանյան և Պարսկական կայսրություններում, կատաղի պայքար է մղում անգլիական վաճառականության դեմ, որ ձգտում էր տիրել Մերձավորարևելյան շուկաներին: Պայքարը հատկապես կատաղի է դառնում, երբ 1736թ. անգլիական ընկերությունը ռուսական իշխանություններից ստանում է Պարսկաստանի հետ Կասպից ծովի վրայով տարանցիկ առևտուր անելու իրավունք: Այդ պայքարը այնքան սուր բնույթ է կրում, որ նույնիսկ Նադիր Շահը ստիպված է լինում հատուկ ժողով հրավիրել, որպեսզի քննի, թէ ում տա ընդլայնվելու հնարավորություն՝ անգլիացի, թէ հայ վաճառականությանը:
18-րդ դարում Մերձավոր Արևելքում տիրող նման իրադրության պայմաններում, անգլիական իշխող շրջանները չէին կարող թույլ տալ Թուրքիայի, Իրանի և Կովկասի տարածքում Հայկական պետություն ստեղծելու որևէ ծրագրի իրագործում, մասնավորապես, որ այդ ծրագիրը նպաստելու էր ռուսական ծավալմանը Արևելքում՝ ծավալում, որ 18-րդ դարի երկրորդ կեսին սկսել էր մեծապես անհանգստացնել անգլիական կառավարող շրջաններին:
Հետևաբար, հայ վաճառականության դուրս մղումը, նրա կազմալուծումը բխում էր անգլիական կայսերապետական շահերից: Հայ վաճառականության սննկացումով և տարանջատումով նրանց համար լուծվում էր երկու կարևոր խնդիր՝ ազատվում էին հայերի մրցակցությունից և հարված հասցնում նրա քաղաքական ծրագրերի իրականացմանը: Այստեղ հարկ է նշել նաև, որ սկսած 19-րդ դարից, երբ հայերի բախտը կապվեց Ռուսաստանի հետ (Արևելյան Հայաստանի միացումով) և դրվեց նաև հայության մյուս հատվածի (Արևմտյանի)ազատագրումը ռուսական ծավալման ճանապարհով, անգլիական դիվանագիտությունը մեզ համար ճակատագրական ելք կանխորոշեց: Արդեն գաղտնիք չէ, որ անգլիական համաշխարհային տիրապետության ծրագրի մաս կազմող «Մեծ Արևելքի» ծրագրով է որոշվել հայկական հարցի լուծման այն տարբերակը, որը իրականացվեց Օսմանյան կայսրության պետական ապարատի միջոցով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Ալինա Սալնազարյան
Պատմաբան, միջազգայնագետ, հնդկահայ վաճառականության պատմության հետազոտող
http://armfvn.com/
14 քննարկումներ
Արա Հովհաննեսյան