ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, December 20, 2014 19:23 - չքննարկված
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 35
Ինչու՞ եմ մի փոքր երկար կանգ առնում 1990 թվականի մարտ ամսին Արտաշատի կայարանից առգրաված,Ադրբեջանին պատկանող այդ վագոնի դեպքը նկարագրելու վրա…Քանզի հենց այդ դեպքով սկսվեց ամիսներ շարունակ Արտաշատում տիրող այն արյունոտ մաղձավանջը,որի ժամանակ զոհ գնացին բազմաթիվ մարդիկ:Այդ դեպքն էր ու դրա դատապարտումը մանավանդ,որ պարզից էլ պարզ ցույց էր տալիս իշխանության եկած ՀՀՇ-ի ավազակաբարո ու հայրենադավ էությունը,մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու նրանց գազանային ախորժակը:Եվ եթե այն տարիներին մենք ու մեզ նման շատ ազատամարտիկներ կարծում էինք,թե մեր բոլորի հանդեպ իրականացված հաշվեհարդարի հարցում ուղղակի համընկան ՀՀՇ-ի և դեռևս իրենց աթոռներին մնացած շատ կոմունիստ չինովնիկների կուսակցական շահերը,ապա այսօր՝ տարիներ անց ,երբ բոլորիս աչքի առաջ շարունակվեցին ու «ավարտվեցին» ՀՀՇ-ի անփառունակ գործերն ու ավելի պարզվեցին նրան ուժ տվող հրեշավոր դեմքերը,կարող ենք հաստատապես ասել,որ ՀՀՇ-ն, հենց կոմունիստական տոտալիտար ռեժիմի կողմից հատուկ նպատակով հանրապետությունում նշանակված,առաջ քաշված մի ուժ էր,ով պետք է իրականացներ հենց կոմունիստական տապալվող ռեժիմի ծրագրերը՝ ներքին անտեսանելի դաշտ ապահովելով հետագայում նրանց հնարավոր վերադարձի համար:Եվ պատահական չէր,որ ՀՀՇ-ի անվան տակ առաջ քաշվեցին ու իշխանական բուրգի գլխին հայտնվեցին ՄԻՄԻԱՅՆ այնպիսի անձինք,որոնց ողջ գործունեությունը լինելով հանցավոր ու խայտառակ,ոչ միայն մնացին անպատժելի,այլև կոչումներ շահելով, արժանացան իրենց ռուս «եղբայրների» հովանավորությանը:Իսկ հակառակ վերջիններիս,որպես բացառություն անգամ,ՈՉ ՄԻ ազգայնական,ոչ մի իրական հայրենասեր,ոչ մի ազգային հերոս ու իրական ազատամարտիկ չկարողացավ ստանալ արժանի գնահատական իր կատարած գործերի համար և շատերը մնացին անտեսված,մնացին ստվերում:Պատահական չէր նաև,որ 90-ականների սկզբներին,Ռուսաստանն իր տարբեր հեռուստաալիքների միջոցով լայնածավալ վարկաբեկիչ քարոզ էր ծավալել հենց այն կռվող խմբերի ու մարտիկների հանդեպ,ովքեր ՀՀՇ-ի իշխանության գալու հենց սկզբից հայտնվեցին բանտերում,կամ՝ գնդակահարվեցին տարբեր պայմաններում:Կոմունիստական տոտալիտար ռեժիմը քաղաքական դաշտը,երկիրը մաքրում էր իրական հայրենասերներից իր դրածո ՀՀՇ-ական գործակալների միջոցով,որոնց որպես վարձատրություն՝ կանաչ ճանապարհ էր ապահովել անպատիժ կերպով թալանելու երկիրն ու հարստանալու և իրենց հանցավոր գործունեությամբ ու երկիրն ավերակ դարձնելու փաստով՝ վարկաբեկելու Անկախության գաղափարը մանավանդ…Ահա թե ինչու՞ հարկ համարեցի ավելի երկար մեկնաբանելու Ադրբեջանին պատկանող այդ վագոնի բռնագրավման դեպքը,որը ցցուն մի ապացույց է բոլոր ասածներիս:Այդ դեպքն էր նաև,որ ժամանակին այնքա՜ն մեծ աղմուկ էր հանել Հանրապետությունում,ինչն իրականում քող էր հանդիսանում,ծածկելու նույն այդ ժամանակ և դրանից էլ շատ առաջ ՀՀՇ-ական «ազգային ջոջերի» կատարած իրական թալանի աղաղակող փաստերը…Սեփական ազգի հանդե´պ կատարած ու կատարվելիք թալանի… Երկիրն ու ազգին անխնա թալանող գողերն ու թալանչիներն, ամենից բարձրն էին գոռում փաստորեն՝ «բռնեեեե՜ք Ադրբեջանին թալանողներին»…
Այստեղ հատկանշական է մեջ բերել 1991թ.-ի հունվարի 15-ին «Անկախություն» թերթում տպագրված Վազգեն Սարգսյանի խոսքից մի հատված՝.«Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ,որ ոչ մի մարդ չի դատապարտվելու զենք տանելու և զենք օգտագործելու համար…բացի այն մարդկանցից,ովքեր հայի արյուն են թափել,թալանել ու բռնաբարել են…»:
Վազգեն Սարգսյանն այս հայտարարությունն անելիս, կարծես «մոռանում էր»,որ հենց իր պատկանած ՀՀՇ-ի պարագլուխներն ու մանավանդ՝ ինքն անձամբ էին այն մարդիկ Հանրապետությունում,որոնք արդե´ն իսկ վաղուց սկսել էին և´ թալանել,և´ բռնաբարել,և´ հայտնի ու անհայտ սպանությունների հեղինակներ էին…Նրա այս հայտարարության ժամանակ,Հայաստանի բոլոր բանտերն արդեն լեփ-լեցուն էին ՀԱԲ-ի,«Անկախության Բանակի»,«Անկախության Լեգեոնի»,«Ադանա»,«Վրիժառու» ջոկատների բազմաթիվ մարտիկներով ու հրամանատարներով և այդ հայտարարությունն ըստ էության վրաբերվում էր հենց այդ մարտիկներին,որոնց դեմ վարպետորեն սարքվում էին հենց այդպիսի խայտառակ մեղադրանքներ ու նաև այդ հայտարարության համաձայն՝ արդարացվում ու «չէին մեղադրվում զենք տանող և օգտագործող» այն բոլոր մարդիկ,ովքեր անցել ու անցնում էին ՀՀՇ-ի «թրի տակով»…Եվ ահա այսպիսի իրավիճակում,բոլորն անխտիր՝ և´ այս խմբերին ու մարտիկներին ժամանակին համակրողներն ու նրանցով հպարտացողները,և´ նրանց մարտական ընկերներն անգամ,և´ զանազան կուսակցությունների գլուխ կանգնաց նրանց երբեմնի հրամանատարներն ու ղեկավար ընկերները,որոնք արդեն դարձել էին հանրապետության խորհրդարանի պատգամավորներ,հեռացել ու «մոռացել էին» այս մարտիկներին էլ,նրանց վիճակն էլ…ինչն էլ հենց օգնեց ՀՀՇ-ին ու նախկին կոմունիստ իրավապահներին, ձեռք-ձեռքի տված, դաժան հաշվեհարդար տեսնել բոլորիս հետ…
Իսկ ոմանք էլ,այդ թվում նաև հին քաղաքական գործիչներ,սխալվելով իրենց ոտնատեղը վերևներում ամրացնելու հաշիվներում,ՀՀՇ-ական հանցագործների հետ ձեռք-ձեռքի տված, շտապեցին ավելի մեծացնել այն հորը,որտեղ հրում էին մեզ ՀՀՇ-ի ազգադավ բորենիները…
Այդպիսով,շատ կասկածելի դարձավ ու մնաց նրանցից ոմանց այլախոհ լինելու քաղաքական «մաքրությունը» …
Այս կապակցությամբ, ես ցանկանում եմ մեջ բերել Արտաշատի «Անկախության Բանակի» շտաբի պետ,ԱՄԿ-ի երդվյալ անդամ և ԱՄԿ-ի խորհրդի 5 անդամներից մեկը հանդիսացած,պատմաբան,հին քաղբանտարկյալ,ԱԻՄ-ում Մովսես Գորգիսյանի կողմից հրատարակվող «Հայրենիք» ամսագրի խմբագրական կազմի անդամ և «Հայ Ազատամարտ» բաժինը վարող,նաև՝ Աշոտ Նավասարդյանի հարսանիքի քավորը եղած Հակոբջան Թադևոսյանի,1991թ.-ին բանտից գրած բաց նամակը,ուղղված ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանին:
« ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ
Բարև,Պարույր
Դու այդպես էլ ժամանակ չունեցար գալու մեր տուն,մինչդեռ այնքա՜ն շատ մտքեր ունեի քեզ հետ կիսելու:Որքան էլ քաջատեղյակ լինեիր քո բացակայության ընթացքում (նկատի ունեմ 2 տարվա արտաքսումը) Հայաստանի քաղաքական անցքերին,միևնույն է,պատկերացումներդ ավելին կլինեին, եթե իրադարձությունների կիզակետում լինեիր:Հազիվ թե մեկը գտնվեր,որ այնքան անաչառորեն կարողանար տալ ԱԻՄ-ի գործունեության,նրա պառակտման և ԱԻՄ-ից ածանցվող կուսակցությունների ու կազմակերպությունների առաջացման դրդապատճառները,որքան ես:Ոչ այն պատճառով,որ իմ աչքի առաջ կատարվեց այդ ամենը:Ես ցավով ու տագնապով էի տանում այդ ամենը և անում կարելին՝ ԱԻՄ-ի կառուցվածքային ու քաղաքական հիմքերը կայունացնելու համար:
Ով-ով,գոնե դու լավ գիտես,թե ինչու պաշտոնապես չգրանցվեցի ԱԻՄ-ում:Բայց թե ինչ արեցի ԱԻՄ-ի համար՝ հայտնի են քեզ և բոլոր աչքի ընկնող ԱԻՄ-ականներին:Ինձ համար ԱԻՄ-ը քաղաքական նոր միավոր չէր,որին ես պետք է գիմնազիստի ոգևորությամբ զինվորագրվեի:ԱԻՄ-ը ինձ համար ԱՄԿ էր,որի երդվյալ անդամն եմ եղել, և որի քաղաքական հիմքերի ,տարիների փորձություններով հաստատված ու ճշտված գաղապարախոսության հենքի վրա աճեց ԱԻՄ-ը:Ոչ ոք չի կարող ասել,թե երբևէ ես դավաճանել եմ ԱՄԿ-ի բարոյա-քաղաքական սկզբունքներին:Ոչ ոք չի կարող ասել,թե ես,մինչև շարժումը և հետո,ինչ որ տեղ թերացել եմ քո քաղաքական վարկի պաշտպանության գործում:Իմ լավագույն ամիսներն ու տարիները,հրապարակախոսական մտքի բոլոր արգասիքները կապված են «Հայրենիք» ամսագրի ու Մոսոյիս անդառնալի կորստի հետ:Մի ամսագիր,որ բացվում էր իմ առաջնորդող հոդվածներով և փակվում «Հայ Ազատամարտ»-ով:Իմ տունը վերածվել էր բոլոր անկախականների շտաբ-կայանի՝ և´ խմբագրատուն էր,և´ կազմատուն,և´ տարածման աղբյուր:
Շատերը ԱԻՄ-ական դարձան իմ շնորհիվ:
Աստված իմ,ինչպիսի ոգևորություն էր,ու հանկարծ՝ աղետ…զարկվել է ՄՈՍՈՆ:
Մոսոյի մահով ԱԻՄ-ը երկճեղքվեց,կներես,բազմաճեղքվեց:Աշոտը և Ազատը,իրենց անհատականությունը շեշտելու նպատակով,անձնական կուսակցություններ ստեղծեցին:ԱԻՄ-ի համակիրներից մեկը կար,որ ավելի շատ համախոհներ և հնարավորություն ուներ նոր տիպի քաղաքական կուսակցություն ստեղծելու համար:Այդ ես էի:Բայց ես «ծուլացա» և չգնացի այդ քայլին:Չգնացի,որովհետև,որքան էլ կողմ էի բազմակուսակցությանը,միևնույն է,ինձ համար գոյություն ուներ ԱԻՄ…Դրա ապացույցներն են գրանցում ստացած ՀՀԴ-ի գրասենյակը տնօրինելու՝ Հրայր Կարապետյանի և Իգոր Մուրադյանի առաջարկության մերժումը,տեղական ՀՀԴ-ի ,Աշոտի և այլ կուսակցությունների թերթերի խմբագիր լինելուց հրաժարվելը:Իսկ ամենակարևորը՝ շարժման սկզբից,քո վերջին կալանումից հետո,հրաժարվեցի «Ղարաբաղ» կոմիտեին անդամագրվել,չդարձա ՀՀՇ-ական և,քաղաքական «անհեռատեսության» պատճառով,այսօրվա կառավարության անդամ դառնալու փոխարեն,հայտնվեցի քրեական հանցագործի կարգավիճակում:
Պարույր,հիշիր և հավատա,որ ԱԻՄ-ից սերված և քեզ հայտնի կուսակցությունները և կազմակերպությունները,որոնք ստեղծվել են անձնական ու քաղաքական ամբիցիաների հողի վրա,զուրկ են անկախության գաղափարախոսությունից և որ նրանց երևան գալը պայմանավորված էր միմիայն իրենց տրամադրության տակ եղած զենքի ու մարտական ջոկատների առկայությամբ:
Դա կուսակցությունների ստեղծման մի խայտառակ,անբարոյական գործընթաց էր:Պարտադրված հեռվից բոլոր ճիգերիդ,հորդորներիդ ԱԻՄ-ին՝ հեռու մնալ ռազմական արկածախնդրությունից,չշեղվել քաղաքական պայքարի ուղղվածությունից,չանսացին ոմանք:Դա ավարտվեց մեծագույն ողբերգությամբ՝ Մոսոյի մահով և ԱԻՄ-ի պառակտումով:
…Դեպքերի աննախադեպ զարգացումով,ԱԻՄ-ում «Անկախության Բանակ» ստեղծվեց,
որի ամենամարտական ջոկատն Արտաշատինն էր:Այն մեծ հեղինակություն ուներ հանրապետությունում:Բայց ով-ով,գոնե ես զգում էի,թե ինչպիսի տխուր հետևանքների կարող է հասցնել անիշխանության պայմաններում զինվորական կարգապահությունից զուրկ,անկառավարելիությունից բխող գործողությունների ազատության դիմող երեկվա մարտիկների հոգեբանությունը:Հենց այս մտավախությունն էլ ինձ՝ «Անկախության Բանակի» ռազմական խորհրդի անդամիս տարավ Արտաշատ:Ես որոշակի առաքելություն ունեի:Իմ նպատակն էր բարոյաքաղաքական անհրաժեշտ ուղղվածություն տալ ամենահեղինակավոր ջոկատի մարտիկներին:Հանձինս Արտաշատի ջոկատի,ես տեսնում էի այն ձգողական կենտրոնը,որն իրեն պետք է մագնիսեր մոտալուտ Հայոց Սպարապետության
Մատյան Գունդը:Ես Արտաշատում «Մահապարտ» անունով թերթ պետք է հրատարակեի:Գրել էի ջոկատի ,որ Մովսես Գորգիսյանի անունով պետք է կոչվեր,մարտիկների երդման տեքստը:Մտադիր էինք կարել հատուկ ազգային զինվորական համազգեստ:Ես ոչինչ չհասցրի,որքան էլ հեղինակություն էի Սամվելի ղեկավարած ջոկատում:Չհասցրի,որովհետև,հոգևարքի մեջ գտնվող կոմունիստական ու քրեական մաֆիաներն ամեն ինչ անում էին ,որպեսզի ջոկատը շեղեն նվիրական գործից:Երկու մաֆիաների հետ իմ բանակցություններն իզուր անցան:
Սակայն Արտաշատում գտնվելու ընթացքում մի դեպք տեղի ունեցավ,որին ես գործուն մասնակցություն ունեցա:Դա Արտաշատում թյուրիմացաբար հայտնված և Բաքու մեկնող մի վագոնի բռնագրավումն էր:Կանացի հագուստներով լի վագոնի բռնագրավման մեջ են ինձ մեղադրում,իբր,միութենական սոցիալիստական սեփականության առավել խոշոր չափի հափշտակման կազմակերպիչ եմ:
Վագոնի բռնագրավումը տեղի է ունեցել 1990 տվականի մարտին:Այն ժամանակ,երբ հանրապետությունում անիշխանություն էր,երբ իրավապահ մարմինները տառացիորեն չէին գործում,երբ աղետի գոտի եկող , անգամ միջազգային Կարմիր խաչից ստացվող օգնությունն էին թալանում օմոնականները և խրախուսվում իրենց կառավարությունից:Այդ
կողոպուտները ահռելի նյութական վնաս են հասցրել Հայաստանին:Բռնագրավման պահին Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ էր հարևան Ադրբեջանի հետ,երբ տարերայնորեն ստեղծված մարտական ջոկատները ոչ մի նյութական օգնություն չէին ստանում հանրապետության կառավարությունից:Զինամթերք ձեռք բերելու հարցը օրվա հրամայականն էր:
Ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դատախազությունը ինձ մեղադրում է,կոմունիստների կողմից սրբագործված Քրեական օրենսգրքով՝ թքելով ազգային արժանապատվության վրա:Ադրբեջանի փոխարեն հանդես է գալիս որպես ՏՈՒԺՈՂ ԿՈՂՄ:
ԱՆԿԱԽ ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ, ԱՆԿԱԽ ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԼԻՆԵԼՈՒ ԻՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ,ԵՍ ՊԵՏՔ Է ՎԱՐՎԵԻ ԱՅԴՊԵՍ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄԵՂԱՆՉՈՒՄ ԱՐԱԾԻՍ ՀԱՄԱՐ:
ՈՒրեմն,իմ դեմ հարուցված քրեական գործն անկախացած Հայաստանի իրավական մարմինների առաջին նվաճումը պետք է համարել:
Խորհելու առիթ է տալիս,թե ինչու՞ ինձ կալանքի են վերցնում հանրապետության նախագահի ընտրությունների նախօրեին:Ես ստիպված էի քո թեկնածության դիմաց ստորագրել արդեն բանտախցում:
Ո՞վ,եթե ոչ դու՝ մեծ տառապյալը,որ գերազանց գիտես ինձ,երբ մեր 20 տարին 60-ական թվականներին բոլորում էր ՊԱԿ-ի նկուղներում,երբ անկախության համար պայքարում էինք միասին ընդհատակում,պետք է իր ձայնը բարձրացնի նախկին քաղբանտարկյալիս քրեական մեղադրանք-կեղտից զերծ պահելու համար:
Ո՞վ,եթե ոչ դու,պետք է ջնջես զավակներիս հիշողությունից այն մտապատկերները,որ դաջվում են ամեն անգամ Անկախ Հայաստանի Անկախ Գերագույն դատարանի դահլիճում գիշատիչ գազանների համար նախատեսված երկաթյա վանդակի ճաղերի հետևում իրենց հորը տեսնելիս:Այդպիսի ստորացման մենք չենք արժանացել անգամ կոմունիստների օրոք:
Ո՞վ,եթե ոչ դու,պետք է զավակներիս ասես,որ ես՝ մարտնչող անկախականս և նրանց հայրը,Մեծ ճանապարհների ավազակ չեմ:
Հայեր,ուշքի եկեք,Հակոբջանի տեղը բանտախուցը չէ:
Հակոբջան Թադևոսյան
«Քավարան» , թիվ 50 բանտախուց »
Պետք է հանուն ճշմարտության նշեմ,որ եթե Հակոբջանի համար որևիցէ մի բան ձեռնարկեց այն տարիներին,փոքրիկ մի բան,դա միայն Պարույր Հայրիկյանն էր:Մնացած նրա բոլոր այլախոհ ընկերները չնչին ձևականություններից ու քար լռություն պահպանելուց այն կողմ չանցան:Նրանցից ոչ ոք, ոչ մի օր անգամ իրեն հոգնածություն չպատճառեց գոնե մեկ անգամ գալու և լսելու իրենց հին այլախոհ ընկերոջ դատը,գոնե բարոյապես սատար կանգնելու նրան…
Ահա,իշխանության եկած ՀՀՇ պարագլուխները և մարտիկներին այսպես ստորացնելու ու ոչնչացնելու գործում անձնապես առաջնային դերն ստանձնած ԼՏՊ-ն ու Վազգեն Սարգսյանը մանավանդ,այսպես,առանց խտրականության, բացահայտ հաշվեհարդար էին տեսնում բոլոր նրանց հետ,ովքեր չէին անցել և չէին էլ անցնելու իրենց թրի տակով,նրանց հետ,ովքեր մի օր,վստահաբար,դառնալու էին արդարության այն սուրը,որն իջնելու էր երկիրն ու ժողովրդին ագահաբար թալանող ու դավաճանողների իրենց կառափներին…
Ոչնչացնում էին նաև Հակոբջան Թադևոսյանի նման անբասիր կենսագրության տեր Հայրենիքի մի նվիրյալի,որի կեղտոտ եղունգն անգամ չարժեին ԼՏՊ-ն ու Վազգենն իրար հետ վերցրած:
Իսկ Հակոբջան Թադևոսյանը, բանտից ,օգնության հույսով ու հավատով,այսպիսի նամակներ էր գրում իր տարիների պայքարի ընկերներին,որոնք արդեն դարձել էին կուսակցությունների նախագահներ և ՀՀ խորհրդարանի պատգամավորներ,մինչև…
Հակոբջանի նման մարդը,չորս մանկահասակ հրաշալի երեխաների հայրը,որն իր ամբողջ գիտակցական կյանքն էր դրել ազգի ազատության զոհասեղանին,հաշտվել չէր կարող այն իրողության հետ,որ իր երազած ու նաև ի´ր պայքարի արդյունքն հանդիսացող Անկախ Հայաստանում, իրեն կարող էին դատապարտել քրեական խայտառակ մի մեղադրանքով,այն էլ՝ հանուն թշնամի հանդիսացող մի պետության շահերի…
Եվ այս ամենից հոգեկան խանգարում ստացավ Հակոբջան Թադևոսյանն ու երկու տարի Հայաստանի տարբեր հոգեբուժարաններում տառապելուց հետո՝ մահացավ…ահավոր ու անասելի դժվարությունների մեջ, միայնակ ու անօգնեկան թողնելով, իրական թալանչիների ու ազգադավների սեփականությունը դարձած երկրում՝ իր կնոջն ու չորս երեխաներին…
«Առավոտ» թերթն, այն տարիներին, նրա մահվան կապակցությամբ գրեց՝.
« Մահացավ նաև քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանը:Հայաստանում այդպես էլ չգտնվեց գոնե մի մարդասիրական կազմակերպություն,որը հանձն առներ նրա անվճար,ստացիոնար բուժումը կա´մ հայրենիքում,կա´մ էլ հայրենիքից դուրս:
Նրա կնոջ՝ Սիրուն Նաջարյանի կողմից գրված մի նամակ,այդպես էլ անպատասխան մնաց ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամներից մեկի գրպանում,իսկ նրա ճամբարական ընկերներից շատերն անդառնալիորեն փոխվել էին…»:
Այսպես վերջացավ, 1990 թվականին Արտաշատի կայարանում, Ադրբեջանին պատկանող այդ մեկ վագոնի բռնագրավմանը մասնակցած ազգայնական այդ մարդու՝ Հակոբջան Թադևոսյանի կյանքը…
Սակայն ի՞նչ ընթացք ունեցան դեպքերն Արտաշատում, այդ վագոնի բռնագրավումից հետո…
(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ