ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, December 19, 2014 17:23 - չքննարկված
Օսմանյան հայերին միավորող հրատարակություն՝ պատրիարք Խրիմյանի «Արծիվ Վասպուրականի» թերթը
Զաքարիա Միլդանօղլու / zakaryamil@gmail.com/
Էմրե Ջան Դաղլըօղլու /misakmanusyan@gmail.com/
«Արծիվ Վասպուրականի». 1859 թ. հոկտեմբերին տպագրված 10-րդ համարի առաջին էջը
«Արծիվ Վասպուրականի». 1859 թ. հոկտեմբերին տպագրված 10-րդ համարի առաջին էջը
1869-1873 թթ. Պոլսո հայոց պատրիարքի աթոռը զբաղեցրած և 19-րդ դարում քաղաքական մեծ պարտավորություններ ստանձնած Մկրտիչ Խրիմյանի աշխատություններից մեկն էլ, որը հայոց պատմության մեջ կարևոր հետք է թողել, 1855-1864 թթ հրատարակած «Արծիվ Վասպուրականի» լրագիրն է: Թերթի պատմության և բովանդակության համար օգտվել ենք «Հուշամատյան» կայքում թեմայի վերաբերյալ առկա հոդվածից:
19-րդ դարի ընթացքում, երբ ողջ աշխարհում տարածվում էր ազգայնականությունը, և ազգերը թևակոխում էին պետականաշինության փուլ, օսմանահպատակ հայերն էլ տարբեր քաղաքական, սոցիալական, տնտեսական և գրական գործընթացների արդյունքում որպես հայրենիք «Հայաստան» հասկացությունը կերտեցին՝ իբրև հայերի «երազած համայնքի» ազգային խորհդանիշ: Այս ազգաշինության մեջ, ինչպես և մյուս բոլոր ազգերի դեպքում, ամենակարևոր միջոցներից մեկն էլ գրավոր աղբյուրներն ու թերթերն էին, որոնք նույն տարածքում, այսինքն՝ որոշակի սահմաններ ունեցող Հայաստանում և միևնույն ժամանակ նրա մի հատվածում ապրելու հնարավորություն էին ապահովում: Այս գործընթացում ավանդ ունեցած առաջին և ամենկարևոր թերթերից մեկը պատրիարք Մկրտիչ Խրիմյանի՝ 1855-1864 թթ. Վանում (Վասպուրական) հրատարակած «Արծիվ Վասպուրականի» ամսաթերթն էր, որի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ, ի տարբերություն ժամանակի հրատարակվող բազմաթիվ հայերեն պարպերականների, լույս էր տեսնում Արևմտյան Հայաստան կոչվող շրջանում: Իսկ մյուս կարևոր առանձնահատկությունն էլ կայանում էր նրանում, որ թերթի խմբագիր Մկրտիչ Խրիմյանը, ելնելով հոգևորական կոչումից, իր ուրույն տեղն ուներ նաև քաղաքական գործընթացներում:
Թերթի՝ հայերի ազգային ինքնագիտակցության վրա ունեցած ազդեցության, այս շրջանակում գծված սահմանների և քննարկված թեմաներին անդրադարձել է Միչիգանի համալսարանի դոկտորանտուրայում սովորող Ծովինար Դերդերյանը, ում «Պատկերելով հայրենիքը. անցյալի հուշերով «Արծիվ Վասպուրականի» բարենորոգումները» հոդվածը հրապարակվել է Հուշամատյան կայքեջում, որից մեծապես օգտվել ենք:
Միջավայրը, որտեղ լույս էր տեսնում թերթը
Վարագում գտնվող Սուրբ Նշան վանքը: Վանքի անմիջապես կողքին երևում է Խրիմյանի հիմնած Ժառանգավորաց վարժարանը: (ՀԲԸՄ, Նուբարյան գրադարան, Փարիզ)
Վարագում գտնվող Սուրբ Նշան վանքը: Վանքի անմիջապես կողքին երևում է Խրիմյանի հիմնած Ժառանգավորաց վարժարանը: (ՀԲԸՄ, Նուբարյան գրադարան, Փարիզ)
Թերթը սկել է լույս տեսնել 1850-ական թթ. որը համընկնում է այն ժամանակին, երբ օսմանյան կառավարությունը փորձում էր ամրացնել գավառներում իր ներկայությունն ու մասնակցությունը: 1839 թ. Գյուլհանեի կայսերական հրովարտակով նոր թափ ստացած արդիականացման և դրա հետ մեկտեղ երևան եկած իշխանության կենտրոնացման ջանքերը ազդում են նաև հայոց պատրիարքարանի վրա: 1840 թ. հռչակված հրովարտակով Պոլսո հայոց պատրիարքարանը հարկադրված եղավ Բարձր դռան նկատմամբ ավելի մեծ ֆինանսական պարտավորություններ ստանձնել.. Եթե մինչ այդ հոգևորական դասն ազատված էր հարկերից, ապա այժմ դարձավ հարկատու: Պատրիարքարանի համար այս մեծ տնտեսական բեռան տակից դուրս գալու միակ ճանապարհը եկեղեցու ղեկավարության կենտրոնացումն ու արևելյան վիլայեթների եկեղեցիներից եկամուտ ստանալն էր լինելու: Սակայն ինչպես պետության ու գավառերի առաջնորդների միջև ի հայտ եկավ ճգնաժամ, այնպես էլ հայոց պատրիարքարանն առերեսվեց Պոլսի աշխարհիկ և կրոնական ղեկավարության միջև ժամանակ առ ժամանակ ուժգնացող բախումների հետ, քանի որ Պոլսի հայ մեծատունները մինչև այդ գավառահայերի վերաբերյալ բավականին սակավ գտելիքների էին տիրապետում և նրանց հետ գրեթե հարբերություններ չունեին: Ներառյալ 1850-ական թթ., երբ սկսեց լույս տեսնել «Արծիվ Վասպուականի» թերթը, Օսմանյան կայսրությունում լույս տեսնող մյուս հայերեն թերթերից «Մասիս» (Կ.Պոլիս), «Հայրենասեր» (Զմյուռնիա), որտեղ ավելի շատ տեղ էր հատկացվում Ամերիկայի, Հնդկաստանի և Չինաստանի վերաբերյալ նորություներին, Վանի, Էրզրումի և Օսմանյան կայսրության տարածքում հոծ խմբերով բնակվող հայերի վերաբերյալ տեղեկություները հազվագյուտ են: Ինչպես հայտնում Ժ. Ջ. Լիպարիտյանը, օսմանյան կարևոր կենտրոններց դուրս գտնված տարծքները, որտեղ ապրում էին հայերը, այսինքն՝ «պատմական Հայատանը» ընկալվում էր որպես օտար շրջան: Հետևաբար, քաղաքաբնակ հայերի համար Հայաստանը գավառական շրջան էր, Հայաստան եզրն էլ գավառական ինքնության նշանակություն ուներ: Նման միջավայրում Խրիմյանի՝ «Արծիվ Վասպուրականի» թերթը լույս ընծայելու հիմնական նպատակն էր վերացնել Պոլսի և գավառների միջև առկա բախումը, «Հայաստան» եզրը բոլոր հայերի երևակայության մեջ կենտրոնական վայր դարձնել և ապահովել, որպեսզի հայերը համատեղ ազգային գիտակցություն ունենան:
Լրագրի միավորման պատմությունը
Խրիմյանը, ով իրեն նվիրել էր կրթական ոլորտին, 1854 թ. նշանակվում է Աղթամարի վանքի քահանա, մեկ տաի անց, երբ վանականի կոչմամբ հետ է կանչվում Պոլիս, Պոլսի և գավառների միջև կապ հաստատելուն օգտակար լինելու մտադրությամբ որոշում է հիմնել լրագիր: Իդեալիստ հոգևորականը, գնելով տպագրիչ մեքենա, սկսում է Սկյութարի Սուրբ Խաչ եկեղեցու համալիրի մի սենյակում տպագրել լրագիրը:
1856 թ. Վան վերադարձած Խրիմյանը մեկ տարի անց կայացնելու էր որոշում, որը փոխելու էր թերթի ճակատագիրը: Խրիմյանը նշանակվում է Վարագավանքի վարդապետ և որոշում է բացել Ժառանգավորաց դպրցը, որն ուներ 25 աշակերտ: Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) տարբեր վայրերից եկած աշակերտներն ու ուսուցիչներն իրենց ներդրումն են ունենում «Արծիվ Վասպուրականի»-ի կայացման գործում, և դրա շնորհիվ Վարագավանքը դառնում է հասարակության հանդիպման և գաղափարների հղացման վայր: Այսպիսով, թերթը դառնալով Վանում հրատարկվող տեղական թերթ, դիմում էր Օսմանյան կայսրությունում բնակվող բոլոր հայերին:
Խրիմյանն էլ լրագրի այս առանձնահատկությունն օգտագործում է հայերի միջև ազգային կապ հաստատելու համար: Թերթում, որտեղ լույս էին տեսնում Էրզրումից մինչև Բուլղարիա, Իրանից մինչև Զմյուռնիա ընկած տարածքից եկած հոդվածները, տպագրվում էին նաև հայ կանանց հոդվածները, որոնց Խրիմյանը կրթության հարցում մեծ կարևորություն էր տալիս: 1850-ական թթ. վերջին «Արծիվ Վասպուրականի» թերթը սկսեցին բաժանել Վանում, Էրզրումում, Բիթլիսում, Զմյուռնիայում, Պոլսում, Տրապիզոնում և Իրանում: 1860-ական թթ. բաժանորդագրման ցանցն ընդլայնվում է՝ ներառելով Մուշը, Թիֆլիսը, Գանձակը, Ղարաբաղը, Ալեքսանդրապոլը, Բայազետը, Երևանը, Վերինը և Թավրիզը: 1860 թ. Խրիմյանն ու իր մի քանի աշակերտները լրագրի համար աջակցություն գտնելու և շրջանի հայերի հետ ծանոթանալու նպատակով ճանապարհորդում են դեպի Կովկաս, և այդուհետ թերթում հաճախ լուրեր են հրապարակում Ռուսաստանի և Կովկասի հայերի վիճակի վերաբերյալ: «Արծիվ Վասպուրականի» լրագիրը շրջանում նման լրագրեր բացելու ազդեցություն է ունենում: 1858 թ. Կարինում և 1868 թ. Կիլկիայում Վարագավանքի օրինակով դպրոց և թերթ է հիմնվում: 1868 թ. Տարոնում (Մուշ) հրատարակվում է «Արծվիկ Տարոնոյ» լրագիրը, որը բացահայտ հայտարարում է, որ նույն նպատակն է հետապնում, ինչ որ «Արծիվ Վասպուրականի» լրագիրը:
Թերթը, որին աշխատակցում էին այնպիսի առաջատար գրողներ և փիլիսոփաներ, ինչպիսիք էին Տևկանց եղբայրները, Գ Սվանձտյանցը, Հակոբ Մելիք Հակոբյանը (Րաֆֆի), Մ. Աղաբեկյանը, Պ. Մադաթյանը, Արսեն Թոքմաքյանը, մինչև 1861 թ. հրատարակվում էր գրաբարով, իսկ հետագա շրջանում խառը՝ գրաբար և աշխարհաբար: Ժամանակի Պոլիս-գավառ տարաձայնությունների շրջանակում հիմնական հարձակումների թիրախ դարձած Խրիմյանը և՛ օսմանյան արքունիքի և՛ Պոլսի հայերի մոտ անվստահություն է առաջացնում, և օսմանյան պալատի որոշմամբ թերթը 1864 թ. փակվում է:
Թերթի թեմաները
Խրիմյանի կողմից պատկերված մի բացիկ: (Միշել Փաբուջյանի հավաքածու, Փարիզ)
Բացիկ, որում պատկերված է Խրիմյանը: (Միշել Փաբուջյանի հավաքածու, Փարիզ)
Թերթի օրակարգային թեմաները գլխավորում էին Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում բնակվող հայերի գրած նորությունները, որոնց հաջորդում էին պատմական Հայաստանի հայ պետական գործիչների և հոգևորականների պատմությունները: Թերթում հաճախ հանդիպող թեմաների շարքում էին կարճ պատմություններ, քրիստոնեական առակներ և բրոյականության վերաբերյալ քննարկումներ: Բազմաթիվ հոդվածներում կրոնական խորհրդանիշներ և թեմաներ էին տեղ գտնում, Խրիմյանը թույլ էր տվել նաև հրապարակել հոդվածներ, որտեղ խիստ քննադատության էին ենթարկում կրոնական կառույցները: Հայ հայտնի գրող Հակոբ Մելիք-Հակոբյանը, ով 1858 թ. ապրիլից սկսեց թերթում գրել Րաֆֆի անունով, խիստ քննադաում էր հայ հոգևորականներին և հայերի սոցիալական պայմանների համար Հայոց պատրարքարանի պասիվությունը:
Իսկ Խրիմյանն իր հոդվածներում մեծավ մասամբ անդրադառնում էր Հայաստանի աշխարհագրությանը՝ շեշտելով պատմական վայրերի վերակենդանացման, նոր վայրեր կառուցելու, կրթությունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու և տեղական լրագրեր բացելու անհրաժեշտությունը: Այս հոդվածները գրելիս Խրիմյանը նպատակ չէր հետապնդում ծանոթացնել աշխարհագրական շրջանի հետ. վայրերի վերաբերալ հոդվածներով անցյալի, ներկայի և ապագայի միջև ցանկանում էր կապ հաստատել՝ վերկենդանացնելով անցյալին պատկանող լեգենդները և այս լեգենդներին պատկանող աշխարհագրական շրջանը, քանզի, ըստ Խրիմյանի, «անցյալը պարզաբանում է իրականության ուժն ու վստահություն է ներշնչում:
Ընտրված վայրը Հայաստանն է
Խրիմյանն իր հոդվածներում հնագույն Հայաստանը ներկայացնում է որպես հայերի հայրնիք: Նա գրում է, որ, Աստված ընտրելով աշխարհի այս գեղեցիկ և դրախտային վայրը, նվիրել է Հայկի որդիներին, իսկ Հայկի որդիների պարտականությունն էր այս վայրը ցանել ու հերկել և նրա բարիքներով երջանիկ լինել: Իսկ այդ պարտականությունը հնարավոր կլիներ կյանքի կոչել լոկ եւրոպացիների օրինակով գյուղատնտեսական արտադրանքով և ժամանակակից կրթությամբ:
Ըստ Խրիմյանի՝ Աստված հայերին հրեաներից շատ ավելի է սիրել, քանի որ հրեաներին բաշխել է խոնավ և արևակեզ հողեր, իսկ հայերին վայել է համարել բերրի հողերը: Այս հողերի բարիքներից հնարավոր կլիներ օգտվել միայն հայերի զարթոնքով, որը հնարավոր էր միայն հետևյալ կերպ. «Սիրե՛ք Աստծուն: Եթե հաղթահարեք տգիտությունն ու ջանաք անխոնջ աշխատել, ապա Աստված ձեզ կրկնակի կսիրի»:
Հայաստանին սիրահարված Շամիրամի առասպելը
Խրիմյանի նկարագրած Շամիրամի Վանը (Վենետիկ, Սուրբ Ղազար կղզու արխիվ)
Խրիմյանի նկարագրած Շամիրամի Վանը (Վենետիկ, Սուրբ Ղազար կղզու արխիվ)
Հայաստանի պայծառ անցյալն ու հնագույն դարերից գալու փաստը շեշտելու համար Խրիմյանի օգտագործած առասպելական կերպարները գլխավորում է Շամիրամը: Ըստ հայկական առասպելների՝ Շամիրամը տխրահռչակ և ցանկասեր ասորի թագուհի է, ով սիրահարվել է հայերի նախահորը՝ Արային, և նրան հասնելու համար նվաճում է Հայաստանը: Իսկ Խրիմյանը, բացի Մ. Խորենացու ՙՀայոց պատմություն՚-ից՚, օգտվելով նաև բանավոր պատմության ավանդությունից, ի տարբերություն իր ապրած ժամանակաշրջանում ընդունված տեսակետի և հայկական ավանդույթի՝ Շամիրամ թագուհուն դիտարկում է որպես դրական կերպար, որովհետև, ըստ էության, Շամիրամը սիրահարված է Հայաստանին, և նրա կատարած յուրաքանչյուր քայլ այս սիրո պատճառով է: Խրիմյանի մեկնաբանություններն ու հավելումներն այս ավանդական պատմություններին այսքանով չեն սահմանափակվում: Ըստ «Արծիվ Վասպուրական» թերթում տեղ գտած պատմությունների` Շամիրամը շրջանում զբոսնլիս շատ է սիրել Վանի առողջարար օդը և որոշել է այստեղ ամառանոց կառուցել: Հրամայել է իր մարդկնացից բերել այս «փափագյալ վայրը»: Խրիմյանի ազդեցության տակ այս թեման դարձել է նրա աշակերտներից մեկի բանաստեղծության թեման. «Ա՛ Վասպուրական, քեզ հաճեցաւ / մեծ թագուհին Շամիրամ, […] / Կանանչազարդ մարգագետինքդ / աղբերակունքդ կաթնորակ, / Յափշտակեաց սիրտ Ասորոյն…։»
Ըստ Խրիմյանի՝ անգամ Շամիրամի անունը ծագում է Վանում շատ հայտնի մի առվակի անունից, քաղաքի մյուս անունն էլ Շամիրամակերտ է: Թեև Խրիմյանն իր մյուս հոդվածներում հիշատակում Վանը կառուցած հայ առաջնորդների անունները, քաղաքի հայկական հնագույն պատմությունը շեշտելու համար հաճախակի շեշտում է Շամիրամի լեգենդը:
Հայերի հայրիկը՝ Խրիմյանը
Խրիմյան Հայրիկ
Խրիմյան Հայրիկ
Ծնվել է 1820 թ. Վանում: Սոցիալական, քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման ներկայացուցիչ է: 1869-1873 թթ. դարձել է Պոլսո հայոց պատրիարք, իսկ 1892-1907 թթ. Մկրտիչ I Վանեցի անվամբ՝ Ամենայն հայոց կաթողիկոս:
Ավազանի անունը Մկրտիչ Խրիմյան է: Հայաստանի նկատմամբ տածած մեծ սիրո, ժողովրդին նվիրվածության և նրա իրավունքը պաշտպանելու համար հայերը նրան կոչել են Հայրիկ:
Կրթություն է ստացել Վանի Լիմ և Առտեր կղզիներում: 1840-ական թթ. շրջելով Վասպուրականի շրջանում՝ տեղում ծանոթացել է ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին: 1842 թ. տեղափոխվել է Ստամբուլ: 1846 թ. Սկսած՝ 4 տարի շարունակ դասավանդել է Հասքյոյի հայկական դպրոցում: Վերադառնալով Վան՝ ամուսանցել է, բանակից խուսափելու խամար շտապ նախ՝ գնացել է Իրան, այնուհետև՝ Գյումրի և Էջմիածին: 1848 թ. եղել է Թիֆլիսում, Բաթումում, Պոլսում և Երուսաղեմում: 1854 թ. Աղթամարում ձեռնադրվել է վարդապետ: Պոլսում և Վանում հրատարակել է «Արծիվ Վասպուրականի» թերթը: 1862 թ. Պոլսո հայոց պատրիարքարանի առաջարկով դարձել է Մշո Սուրբ Կարապետ վանքի առաջնորդը: Բացել է Ժառանգավորաց դպրոցը: 1863-1865 թթ. ընթացքում Մուշում Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ հրատարակել է երկու շաբաթը մեկ լույս տեսնող «Արծիվ Տարոնոյ» թերթը:
1868 թ. Էջմիածնում ձեռնադրվել է վարդապետ և 1869 թ. ընտրվել Պոլսո հայոց պատրիարք:
1872 թ. Բարձրագույն Դռանն է ներկայացնում մի զեկույց, որը ներառում էր այնպիսի պահանջներ, ինչպիսիք են 1860 թ. ընդունված սահմանադրության վերաքննություն, հայկակակն գավառների բռնության և հարստահարությունների կանխարգելում, Հայոց Ազգային ժողով ընտրված գավառական պատգամավորների թվի աճ և գավառական հոգևոր առաջնորդների ընտրության հետ կապած խնդիրների կարգավորում: Այս զեկույցի պատճառով դառնում է կառավարության և հայ մեծատունների աչքի փուշը: Հաջորդ տարի՝ 1873 թ., հրաժարվում է պատրիարքական աթոռից:
1878 թ., որպես Բեռլինի վեհաժողովին մասնակցող հայոց պատվիրակության նախագահ, նախ՝ գնում է Գերմանիա, այնուհետև՝ Ֆրանսիա, Անգլիա և Իտալիա՝ փնտրելով Հայկական հարցի լուծման համար օժանդակություն: Վեհաժողովի արդյունքները նրան հուսախաբ արեցին և ստիպեցին, որ փոխի իր դիրքորոշումը: Ժողովրդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արեց:
1879 թ. ընտրվում է Վասպուրականի հոգևոր առաջնորդ: Վանում՝ Սև Խաչ և Էրզրումում՝ Պաշտպան հայրենիաց ազատագրական նկրտումներով հիմնված գաղտնի կազմակերպությունների հիմնադրման ու գործունեության մեջ իր ներդրումն է ունեցել: Սա պատճառ է հանդիսացել, որպեսզի համարեն Խրիմյանին Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի մեջ առաջացած դժգոհության աղբյուր: Հետևաբար կառավարությունը 1885 թ. նրան կանչում է Ստամբուլ: Արտակարգ իրավիճակը հաշվի չառնելով՝ Ստամբուլում ևս շարունակում է հասարակական գործունեությամբ զբաղվել: Գավառահայերի օրեցօր վատացող վիճակի վերաբերյալ Հայոց ազգային ժողովի նախաձեռնությամբ երկու զեկույց է ներկայացնում կառավարությանը: Իսկ 1890 թ.՝ Գում Գափուի ցույցերից հետո, աքսորվում է Երուսաղեմ:
1892 թ. ընտրվում է Ամենայն հայոց պատրիարք, սակայն սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը նրան թույլ չի տալիս լքել օսմանյան պետության տարածքը: Ռուսական ցարի միջամտությամբ 13 ամիս անց հասնում է Էջմիածին և 1893 թ. օծվում է Ամենայն հայոց կաթողիկոս: 1895 թ. գնում է Պետերբուրգ և ռուս ցար Նիկոլայ 2-րդից Արևմտյան Հայաստանի համար թղթի վրա մնացած բարեփոխումները կյանքի կոչելու օգնություն խնդրում: 1894-96 թթ. Անատոլիայում (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) հայկական կոտորածների ժամանակ ժողովրդին նյութական աջակցություն է ցուցաբերում և գաղթականներին իրենց տները վերադարձնելու համար մեծ ջանքեր գործադրում: 1903 թ. հայոց եկեղեցուն և դպրոցներին պատկանող անշարժ գույքը ցարական կառավարության կողմից բռնագրավելու դեմ մեծ պայքար է սկսում, որը 1905 թ. հաջողությամբ է պսակվում: Կյանքից հեռանում է 1907 թ. Երուսաղեմում:
Թղթե շերեփ
«Թղթե շերեփին» նվիրվախ հուշարձանը` Էջմիածնի այգում (Զաքարյա Միլդանօղլուի անձնական արխիվ)
«Թղթե շերեփին» նվիրվախ հուշարձանը` Էջմիածնի այգում (Զաքարյա Միլդանօղլուի անձնական արխիվ)
Բեռլինի վեհաժողովը, որտեղ Հայկական հարցը, որպես Արևելյան հարցի մի մաս, առաջին անգամ տեղ է գտնում միջազգային դիվանագիտության օրակարգում, տեղի ունեցավ 1878 թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը: Վեհաժողովին մասնակցող օսմանյան պետությունը 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ծանր պարտություն էր կրել և ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել ռուսների հետ, որոնց բանակը հասել էր մինչև Յեշիլքյոյի դռները: Պայմանագի 16-րդ կետը պարտավորեցնում էր Օսմանյան կայրսրությանը՝ Կրետեում և Հայաստանում բարեփոխումներ իրականացնել: Այս պայմանագիրը վերանայելու համար կազմակերպված վեհաժողովին եվրոպական տերությունների ուշադրությունը Հայկական հարցի և հայերի ծանր կացության վրա հրավիրելու նպատակով Մ. Խրիմյանի գլխավորությամբ Բեռլին պատվիրակություն են ուղարկում՝ պոլսահայ քաղաքական շրջանակների պատրաստած զեկույցը ներկայացնելու, սակայն պատվիրակությանը թույլ չեն տալիս մասնակցել վեհաժողովի աշխատանքներին:
Հայերի համար փակ հանդիպումների ժամանակ Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ կետը վերածվում է 61-րդ կետի, որն այդպես էլ մնալու էր թղթի վրա. Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»:
Հետևաբար հայկական պատվիրակությունը հեռանում է Բեռլինից առանց որևէ արդյունքի: Այս իրավիճակը Մ. Խրիմյանը ներկայացնում է հետևյալ կերպ. «Նրանք երկաթե շերեփներով մտան հարիսայի կաթսա, իսկ մեր շերեփները աղոթագրքի թղթերից էին պատրաստված»: Խրիմյանի այս խոսքերը Էջմիածնի այգում կանգնեցված հուշարձանով հավերժացել է:
http://www.agos.com.tr/haber.php?seo=osmanli-ermenilerini-birlestiren-yayin-patrik-khrimyanin-ardzvi-vaspuragan-gazetesi&haberid=8510
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net