ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, October 1, 2014 5:47 - չքննարկված
ԵՀՄՖ նախագահության և կառույցների հերթական տարեկան հավաք Լեհաստանում
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 28-30-ին Լեհաստանի Լոձ քաղաքի “Holiday Inn” հյուրանոցում տեղի է ունեցել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության և կառույցների հերթական տարեկան ընդլայնված հավաք:
Հավաքի հիմնական օրակարգային հարցերն էին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների աշխատանքների կազմակերպական հարցերի քննարկումներ, Մերձավոր Արևելքում ներկայումս տեղի ունեցող ոճրագործությունների և մշակութային ցեղասպանությունների մասին տեղեկատվության փոխանակում, դատապարտման հայտարարության ընդունում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք քաղաքական հարաբերությունների զարգացման արդյունավետությանն ուղղված ծրագրերի քննարկումներ և հաստատում:
Հավաքին իրենց մասնակցությունը բերեցին ԵՀՄՖ կառույցների ներկայացուցիչներ Եվրոպայի 23 երկրներից, իսկ առավել հիշարժան էր հեռուստակամրջի միջոցով հայաստանյան հասարակական, քաղաքական ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին:
Հավաքի վերջին օրը` սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ եռօրյա աշխատաքների արդյունքների ամփոփում, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներ տեղական քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ:
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը մոտ օրերս առավել մանրամասն կներկայացնի հանրությանը հավաքի մասին պատմող տեսաժապավեն, իսկ ԵՀՄՖ հետագա աշխատանքների կազմակերպման համար հավաքում ընդունված երեք կարևորագույն ծրագիր-դրույթները հետյալն էին.
-2015թ-ի ապրիլի 24-ը հանդիսանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված պայքարի սկիզբ, հետևաբար մինչև 2023 թվականի ավարտը ԵՀՄՖ-ն նախատեսում է համատեղ աշխատանք աշխարհասփյուռ հայության ազգային ուժերի հետ միասին, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել Հայ Ազգի 100-ամյա կորուստների փոխհատուցմանը: Այդ առթիվ ԵՀՄՖ նախագահը ներկայացրեց այն միջոցառումների շարքը, որոնք անցկացվելու են 2014-2016 թվականներին:
-ԵՀՄՖ-ի Նախագահ դր. Աշոտ Գրիգորյանը նամակ է ուղղել 1948թ-ին «ցեղասպանությունների մասին կոնվենցիան ստորագրած» ՄԱԿ-ի անդամ 41 երկրների նախագահներին /այն կներկայացվի հաջորդ հաղորդագրության մեջ/
-ԵՀՄՖ հավաքը պատրաստեց կոչ՝ դիմելով եվրոպահայությանը և ողջ հայությանը, սատարել ՀՀ-ում ոտքի ելած ընդդիմության օրինական և իրավական ճանապարհներով իշխանափոխություն իրականացնելու գործին /ներկայացվում է ստորև/:
ԵՀՄՖ ՀԱՎԱՔԻ ԿՈՉԸ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՌՅԱԿԻ
30 սեպտեմբեր 2014թ Լոձ, Լեհաստան
Սիրելի Հայրենակիցներ
Հայ Ազգի հանդեպ ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից և բազմաթիվ հայորդիներ այսօր լծված են դրանց վնասների վերացմանը, գալիք սերունդների իրազեկմանը պատմական անարդարությունների մասին, հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին Հայրենիքում և Սփյուռքում:
Միաժամանակ ԵՀՄՖ Նախագահության և կառույցների ընդլայնված հավաքի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է Հայ Ժողովրդի գոյությունը սեփական երկրում, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող համատարած անարդարության ու անպատժելիության, ցինիզմի ու ատելության մթնոլորտը իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ: Հետևաբար մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրների անարդարությունների պայմաններում, քան սեփական երկրում: Եվ այս ամենը տեղի է ունենում պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռում է ազգային ունեցվածքը, պաշարները` չխնայելով բնությունն և մարդկաց ու գալիք սերունդների առողջությունը:
Իսկ ՀՀ նախագահի սովորական դարձած անտակտ պահվածքն և կառավարության կադրային քաղաքականության վերջին խայտառակությունը` Սյունիքի մարզում հանցագործին բարձր պաշտոնում վերանշանակելը , փոքր և միջին բիզնեսին հարկային տեռորի ենթարկելը, տարբեր սոցիալական խմբերի հանդեպ անտարբերությունը ցինիզմի գագաթնակետն է, հետևաբար հիմք ընդունելով վերը նշված բարդագույն ճգնաժամային իրավիճակը Հայրենիքում, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը իր աջակցությունն է հայտնում Հայ Ազգային Կոնգրեսի, “Բարգավաճ Հայաստան” և “Ժառանգություն” կուսակցությունների կողմից սկիզբ դրած ամբողջական իշխանափոխության գործընթացին:
Այդ առթիվ կոչ ենք անում Հայրենիքի և Սփյուռքի հասարակական միավորումներին և քաղաքական գործիչներին, ազնիվ մտավորականներին մի կողմ թողնել տարատեսակ և տարաբնույթ հակադրությունները և
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՐԵՆ ԼԾՎԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻՆ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՉ ԱՍԵԼՈՎ ՀՀԿ-ԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՆ:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն