ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, September 25, 2014 0:04 - չքննարկված
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ ( Քաոսի սկիզբը ) Մաս 26
Փետրվարին ջոկատը հրաման ստացավ թողնել Գորիսի սահմանների հսկողությունն ու տեղափոխվել Վայքի Բարձրունի գյուղ:Բարձրունին սահմանամերձ մի գյուղ էր,որն առանձնանալով Վայքի շրջանի բնակավայրերից,մի տեսակ թերակղզու տեսքով մխրճված էր Նախիջևանի հողի մեջ:Այն երեք կողմից շրջապատված էր Ադրբեջանին պատկանող տարածքներով և միայն մի նեղ միջանցք գյուղը միացնում էր Վայքի շրջանին:Բավական էր մի փոքր անուշադրություն,կամ սահմանի հսկողության թուլացում և թշնամին կարող էր գյուղն ամբողջությամբ շրջափակել ու կտրել Վայքից:
Բարձրունի հասնելու հենց առաջին օրից,մարտիկներն սկսեցին գյուղի շուրջօրյա հսկողությունը:Հսկողությունը կատարվում էր կարգապահ հերթափոխով:Տեղեկանալով ջոկատի տեղափոխման մասին,Արտաշատի «Գարուն» կարի արտադրական միավորման դիրեկտոր Զարգարյանը,որը մի հայրենասեր անձնավորություն էր,կարգադրեց անկողնային սպիտակեղեն և ձյուների մեջ քողարկվելու նպատակով, ճերմակ թիկնոցներ կարել ջոկատի մարտիկների համար:Իսկ մարտիկների սննդի մատակարարման հարցն իր վրա վերցրեց Արտաշատի շրջկոոպը:Այսպիսի ուշադրությունը շոյիչ էր և ավելի պարտավորեցրեց տղաներին:
Սահմանները հսկվում էին,իսկ Երևանում ու շրջկենտրոններում շարունակվում էին ազգահավաքները,քաղաքական զանազան ակցիաներն ու միաժամանակ՝ մեկը-մյուսին հաջորդող սադրանքները:
1990 թվականի փետրվարյան այդ օրերին,իրադրությունը համեմատաբար խաղաղ էր:Սակայն ի՞նչ գիտենայինք,որ մեր թիկունքում ջանասիրաբար պատրաստվում է ծրագրված մի ամբողջ հրեշավոր սադրանք,որին զոհ էին գնալու բազմաթիվ մարդիկ,իսկ մյուսներիս կենդանի դուրս պրծնելն այդ ոստայնից, համարվելու էր իսկական հրաշք…
Մայիսին տեղի էին ունենալու Գերագույն Խորհրդի ընտրություններ,դեռ երեք ամիս կար այդ ընտրություններին,բայց արդեն սկսվել էին խոսակցություններ դրա շուրջ:Արտասահման վտարված ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը հրաման էր տվել ԱԻՄ-ին, չմասնակցել ընտրություններին՝ «ԱԻՄ-ը պատգամավոր չունի տալու Սովետական Հայաստանի Գերագույն Խորհրդին» պատճառաբանությամբ և մենք՝ ԱԻՄ-ականներս, բոլորովին ձեռնպահ էինք ու դիտողի դերում:Հրապարակային քաղաքական ասպարեզը ամբողջությամբ մնացել էր ՀՀՇ-ին և այդ կազմակերպությունը ջանասիրաբար պատրաստվում էր առաջիկա ընտրություններին՝ Գերագույն Խորհրդում աթոռներ գրավելու համար:
Փետրվարի վերջին, տեղի էր ունենալու Արտաշատի թատրոնամերձ հրապարակի դիմացի մայթին տեղադրված Զորավար Անդրանիկի արձանի բացումը,որը Աշտարակի ՈՒջան գյուղում երկար տարիներ գոյություն ունեցող արձանից հետո, երկրորդն էր ողջ Հանրապետությունում:Շրջանի կոմունիստ ղեկավարները,հակառակ երկրում տիրող ազգային զարթոնքին,բոլորովին անտարբեր էին Զորավարի արձանի բացման հարցում:Անկախության Բանակի Արտաշատի մարտիկները խոստացել էին քանդակագործ Վանուշ Սաֆարյանին,որ ամեն բան անելու են, ըստ արժանվույն անցկացնելու բացման արարողությունը:Եվ հենց այդ կապակցությումբ,ջոկատի մարտիկների մի խումբ, փետրվարի վերջին Սամվելի գլխավորությումբ իջան Արտաշատ:Բացումը կատարվեց բավականին հանդիսավոր,ներկա էին ՀԱԲ-ի մարտիկներն ու քաղ.գծով հրամանատար Վարդան Վարդանյանը,ուրիշ բազմաթիվ խմբերի մարտիկներ,քաղաքական գործիչներ,կուսակցությունների ներկայացուցիչներ:Տղաները կատարելու էին բացման արարողությունը,վերցնելու էին իրենց անհրաժեշտ սննդամթերքն ու հագուստները և շտապ վերադառնալու էին սահման,այնտեղ գիշեր ու զոր սահմանային հսկողությունն իրականացնող իրենց ջոկատի մյուս մարտիկների մոտ:Արձանի բացումը տեղի ունեցավ 1990 թ.-ի փետրվարի 23-ին,որից հետո տեղեկացա,որ շրջանի ՀՀՇ-ի ու նաև մեր՝ ԱԻՄ-ականներիս խնդրանքը բավարարել են և Արտաշատի քաղխորհուրդը մեզ է տրամադրել մի հնակառույց շենքի նույն մուտքում գտնվող երկու բնակարան,որպես շտաբ օգտագործելու նպատակով:Տղաները ստիպված եղան երկու-երեք օր հետաձգել իրենց վերադարձը,աղբանոցի վերածված այդ սենյակը կարգի բերելու համար:Վերևի բնակարանում տեղավորվեց շրջանի ՀՀՇ-ն,իսկ ներքևի բնակարանը դարձավ Արտաշատի ԱԻՄ-ի շտաբ:Արտաշատում գտնվելու հենց այդ օրերին էր,որ շրջանի Գործադիր Կոմիտեի նախագահ Սեդրակ Սեդրակյանն իր մոտ հրավիրեց Սամվելին:Ի՞նչն էր պատճառը,որ ջոկատի և նրա խնդիրների հետ երբեք և ոչ մի կապ չունեցող բարձրաստիճան այս կոմունիստ ղեկավարը հանկարծ ցանկանում էր հանդիպել Սամվելին…
Սեդրակ Սեդրակյանը երկար տարիներ էր,ինչ աշխատում էր ղեկավար պաշտոնի:Նա նաև հերևան էր մեզ,ապրում էր կողքի շենքում:Արտաշատի շրջանում բոլորը վաղուց գիտեին,որ իրեն անպարտելի համարող գոռոզամիտ այս մարդը,երկա՜ր տարիներ շրջանում ներքին կարգով ղեկավարում է նախկին հանցագործներից կազմված զինված բանդա և որ այդ բանդայի անդամները նրա մեկ հրամանով պատրաստ են կատարել ցանկացած գործ և մնալ անպատիժ:Իսկ այդ հանցագործ խմբի պարագլուխ էր հանդիսանում Միշա Խուդավերդյանը,մականունով հայտնի Կծան Միշան:Սեդրակյանը ծնունդով Արտաշատի Ոստան գյուղից էր և այդ նույն գյուղից էր նաև Կծան Միշան:Վաղու՜ց պատմություններ էին պտտվում շրջանում,որ Խոսրովի արգելանոցում նրանք որջ ունեն,որտեղ հաշվեհարդար են տեսնում այն բոլոր մարդկանց հետ,ովքեր կարող են խանգարել իրենց:Միշան և նրա կամակատար մյուս հանցագործները ընդամենը հրաման կատարողներն էին,գործիք՝ տարիներ շարունակ շրջանում և շրջանից դուրս իրագործված այն բոլոր «չբացահայտված» հանցագործությունների,որոնց ետևում կանգնած էին իրականում բարձրաստիճան կոմունիստ ղեկավարներ և իրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ:Եվ կոմունիստական այս մաֆիայի օղակներից մեկը Արտաշատի շրջանում՝ Սեդրակ Սեդրակյանն էր,մյուսն էլ Միլիցիայի պետի տեղակալ Էդիկ Ալխասյանը,որի անվան շուրջ էր պտտվում Լանջազատ գյուղի դպրոցի 33-ամյա դիրեկտորի անհետացման ցնցող պատմությունը:
1990 թվականի սկզբներին բավականին լարված էին Գործկոմի Նախագահ Սեդրակ Սեդրակյանի և Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանի հարաբերությունները:Զավեն Գևորգյանը Արտաշատցի չէր:Նախկինում նա աշխատել էր Ապարանի շրջանում,չուներ ոչ մի հենարան Արտաշատում և նրա հովանավորն ինչպես ասում էին՝ իր քրոջ որդին էր,այն տարիներին Երևանում բավականին հայտնի մի մարդ,որին մաֆիոզ Գագո էին անվանում և որն իր ունեցած մի քանի ռեստորանների թվում,նաև մեկ ինքնաթիռ ռեստորան ուներ Արտաշատի գյուղերից մեկում:Իսկ ըստ Սեդրակյանի,«ո՞վ էր երևանցի այդ Գևորգյանը,որ պիտի գար ու պաշտոնավարեր Արտաշատում»,երբ ինքն արդեն կար:Այն էլ՝ գտնվեր ամենաբարձր,իրենից էլ բարձր՝ շրջանի առաջին քարտուղարի պաշտոնում:Շրջանում լուրեր էին պտտվում,որ Սեդրակյանն ամեն բան անում է,մայիսյան ընտրություններից հետո գրավելու առաջին քարտուղարի աթոռն ու դառնալու շրջանի տերն ու տնօրենը:Պետք է ասել,որ այս երկուսի համատեղ ղեկավարման տարիներին կաշառակերությունը,հովանավորչությունը,հանցագործությունները շրջանում հասել էին իրենց գագաթնակետին և այսքանով հանդերձ՝ հասարակ բնակիչները չարագուշակ կանխատեսումներ էին անում ու սարսափով պատկերացնում շրջանի ապագան՝ Սեդրակ Սեդրակյանի առաջխաղացման պարագայում:Իր հերթին էլ,շրջկոմի առաջին քարտուղար Գևորգյանն էր կաշառակերության չափերը շրջանում համարում անընդունելի՝ քիչ…Բոլորին էր հայտնի,որ Արտաշատում երբեք ոչ մի բնակարան քաղսովետի կողմից ոչ ոքի հենց այնպես՝ առանց կաշառքի չէր տրվում:Եվ ասում էին,որ քաղսովետի նախագահ Սերյան Ղազարյանի կողմից բնակարանների համար պահանջվող գումարը շատ քիչ էր համարել առաջին քարտուղարն ու նկատողություն արել Ղազարյանին, ասելով,թե՝.«հավաբուն ե՞ս ծախում,թե ի՞նչ»…Ահա,այսպիսին էր շրջանի վիճակը կոմունիստների օրոք,երբ մարտի սկզբին Սեդրակյանն իր մոտ կանչեց Սամվելին:Քանի որ ջոկատը բոլորովին մասնակից չէր քաղաքական և ոչ մի գործունեության,մենք այդ առավոտ զարմանքով ու անհամբերությամբ էինք սպասում Սամվելի ու Սեդրակյանի, վերջինիս առանձնասենյակում տեղի ունեցող հանդիպման ավարտին:
Մոտավորապես մեկ ժամ տևած այդ հանդիպման ավարտից հետո,Սամվելը եկավ շտաբ,որտեղ հավաքված էին շրջանի ԱԻՄ-ի անդամներն ու Վայքից շրջան իջած մարտիկները:
-Բոլորիդ եմ ասում-եղավ Սամվելի առաջին ու կտրուկ խոսքը-շատ զգույշ պիտի լինեք,մեզ ուզում են քաշել կեղտոտ խաղերի մեջ:Սեդրակյանն ուզում է դառնալ շրջանի առաջին քարտուղար և ինձ կանչել համոզում էր,որ մենք օգնենք իրեն ընտրությունների ժամանակ:Ես իրեն ասացի,որ Հայրիկյանը հրաման է տվել ու մենք՝ ԱԻՄ-ականներս բացարձակ չենք մասնակցելու ընտրություններին:Ասեցի նաև,որ մենք կռվող ջոկատ ենք ու ընդհանրապես գործ չունենք քաղաքականության հետ:Սեդրակյանն ինձ առաջարկեց 100 000 ռուբլի,իրեն ծառայելու համար,ասելով,որ «սա ընդհամենը քո ու քո տղաների համար գրպանի ծախս եմ տալիս,իսկ հետո սիստեմատիկաբար շատ փողեր կգան»:Ասում էր,«ես գիտեմ ձեր ընտանիքի ապրելակերպը,ձեր վիճակը,որ դառա առաջին քարտուղար,էն տեսակ գործի տեր եմ անելու քեզ,որ փողին փող չես ասելու»:Ես Սեդրակյանին կտրուկ մերժել եմ:Ասեցի ինձ ոչ մի բան պետք չի,ոչ էլ իմ տղաներին,մենք զենք ենք վերցրել մեր երկրի ու մեր ժողովրդի համար կռվելու և ընտրությունների հետ ոչ մի գործ չունենք:Մերժեցի ու դուրս եկա:
Բոլորս հավանություն տվեցինք Սամվելի այս քայլին,բայց ի՞նչ իմանայինք,որ հենց այդ րոպեից դնում ենք մի ահավոր,արյունալի,շատերիս դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը:Ի՞նչ իմանայինք,որ Վազգեն Սարգսյանի խոսքով ասած՝ մեզ նման «ֆանատները» ԵՐԲԵՔ տեղ չեն ունեցել ու չեն ունենալու,չեն գնահատվելու բորենիներով լցված հասարակության մեջ:Որ մենք, մեր իսկ ճակատագրերի կործանման գնով ենք հատուցելու մեր բացարձակ նվիրվածության ու հավատի համար…
Սովետական շրջանում 100 000 ռուբլով փորձում էր մեզ կաշառել բարձրաստիճան կոմունիստ մի պաշտոնյա,որի բարձր աշխատավարձն ամսեկան կազմում էր, ամենայն հավանականությամբ,ընդհամենը 250-300 ռուբլի երևի:Մի պաշտոնյա և մաֆիայի մի ղեկավար,որն այսօր էլ է բարձր պաշտոնի և կլինի վաղը նաև,կլինի այնքան ժամանակ,քանի դեռ հայը չի սովորել գնահատել իր արժանավոր զավակներին ու սատար կանգնել նրանց:Սովետական երկրից ու ժողովրդից գողացած այսպիսի գումարներով էին անպարտելի զգում և ապահովագրում իրենց,նաև այն ժամանակվա կոմունիստ ղեկավարները:Իսկ աշխատող ժողովուրդը, այն ժամանակ էլ նույն չարքաշ ժողովուրդն էր,որ ծայրը-ծայրին հասցնելով էր ապրում: Երիտասարդ սերունդը որպեսզի ավելի լավ պատկերացում կազմի Սեդրակյանի կողմից Սամվելին առաջարկված այդ գումարի՝ 100 000 ռուբլու չափի մասին,պետք է նշեմ,որ այդ շրջանում մեկ մարդու միջին աշխատավարձը կազմում էր ընդհամենը 100 ռուբլի և ամենաընտիր ու առաջնակարգ համարվող «Վոլգա 24» մակնիշի նոր մեքենան արժեր 15 000 ռուբլի:ՈՒրեմն պետք է պատկերացնել,թե մենք այն ժամանակ մեզ առաջարկված ի՞նչ ահռելի գումարից էինք հրաժարվում՝ հանուն մեզ համար սուրբ եղող նպատակների ու գաղափարների հաղթանակի:Իսկ այսօր,շատ ու շատ մարդիկ գռոշներով պատրաստ են վաճառել իրենց խիղճն ու երկրի ապագան…Շատերն են այս տարիներին ինձ հարցրել՝ եթե ամեն ինչ ետ գար,նույն կե՞րպ կվարվեիք:Պատասխանել եմ ու պատասխանում եմ՝ այո´,անկասկա´ծ կվարվեինք նույն կերպ:Ինձ համար գիտակցությունն է,որ որոշում է կեցությունը:Իսկ մեզ համար,այն տարիներին պաշտելի էին,անփոխարինելի ԱԻՄ-ի գաղափարներն ու ծրագիրը:Մենք երբե´ք չէինք կարող կատարել այնպիսի մի քայլ,որը կխայտառակեր մեր պատկանած կուսակցությանը և դեմ կլիներ մեր գաղափարներին:ԱԻՄ-ի ծրագրերը սուրբ էին մեզ համար,մենք այդ ծրագրերի իրագործման հետ էինք կապում հզոր ու հրաշք մի հայրենիք ունենալու երազանքի իրականացումը:Ազատ ու անկախ Հայաստան ունենալու գաղափարը մեզ համար վեր էր ամեն ինչից,դա այն երազանքն էր,որը ներարկվել էր մեր հոգու ու մեր արյան մեջ դեռ մանկուց և մենք պատրաստ էին հանուն դրա զոհել ամեն բան:Մենք անմնացորդ հավատով ու նվիրումով էինք լցված մեր կատարած գործի,մեր երկրի,մեր ժողովրդի և մեր պատկանած կուսակցության հանդեպ:Մենք ինչպե՞ս կարող էինք վաճառել մեր խիղճն ու գաղափարները ԱԻՄ-ի գաղափարական հակառակորդը հանդիսացող մի կուսակցության՝ կոմունիստական կուսակցության ինչ որ պաշտոնիայի և սատարել նրան,երբ ամբողջովին հավատացած էինք,որ ԱԻՄ-ի գաղափարների հաղթանակն է,որ բերելու է երկրում տիրող կոմունիստական տոտալիտար ռեժիմի վախճանը,մի ռեժիմ,որն այնքա՜ն չարիքներ էր պատճառել մեր ազգին:Բայց ավա՜ղ,մենք այն ժամանակ պատկերացնել անգամ չէինք կարող,որ մեզանից շա՜տ վեր կանգնած գաղափարական ու կուսակցական որոշ ընկերներ,ովքեր համարվում էին քաղբանտարկյալներ նաև,հարմար առիթը ներկայանալուն պես ,ոտնահարելու են մեզ և վաճառելու են իրենց խիղճն ու հոգին առանց երկմտանքի…
Խաչելու են մեզ անարգանքի սյունին՝ 30 արծաթ վարձատրության ակնկալիքով…
Պատկերացնել անգամ չէինք կարող,որ փուչ էին մեր կողմից մեծարվող այդ կերպարները,որ նրանք ուղղակի արժանի չէին մեզ ու մեր նմաններին և մեր վստահությանը…
Տարիներ էին պետք,որպեսզի մեր մաշկի վրա զգալով,տեսնեինք,հասկանայինք,որ մեր կողմից սրբացված մեր ավագ ընկերները,քաղբանտարկյալ կոչվող մեր առաջնորդները ոչ միայն մեզ նմաններին վարպետորեն օգտագործելու միջոցով ապահովում են միայն իրենց սեփական վերելքը,այլև ուղղակի զուրկ են մարդկային այնպիսի հատկանիշներից,որոնք կոչվում են ազնվություն,համարձակություն,նվիրվածություն…
Առաջնորդներ,ովքեր հաշվեհարդարի զոհ դարձած իրենց անդամների համար պայքարելու,սատար կանգնելու փոխարեն, պատրաստ էին ցանկացած պահի երես թեքել,հրաժարվել այդ անդամներից,ովքեր պատրաստ էին հանցագործ իշխանությունների կամքը բավարարելու համար առաջինը վարկաբեկել այդ անդամներին,առաջինը ոտքով հրել դեպի անդունդ,թեև այն տարիներին էլ,այսօր էլ ներկայանում են որպես ընդիմություն…
Եվ ես այս ամբողջ տարիների իմ անձնական փորձով հասկացա ու համոզվեցի,որ երիցս ճիշտ էին ՀԱԲ-ի քաղ, գծով հրամանատար Վարդան Վարդանյանի խոսքերը,գրված իր «Ծանր Վարագույր» գրքում.«Խորհրդային բանտերում քաղաքական գործիչներ չեն կարող ծնվել,դա անհնարին է,քաղաքական գործիչ դառնելու համար նախ պիտի իսկապես քաղաքական պայքարի բարենպաստ պայմաններ լինեն ազատության մեջ,իսկ բանտերը մարդկային հոգին խեղում են:Իմ այս գնահատականը վերաբերվում է նաև այսօրվա որոշ պոլիտիկների,որոնք պարծենում են իրենց բանտարկությամբ:Քաղաքական բանտարկյալը սովետական բանտից դուրս է գալիս կա´մ որպես կենդանի դիակ,կա´մ հոգով խեղանդամ,կա´մ որպես ծախու գործակալ»…
Բայց, ամեն բան իր տեղում…
Սամվելը նոր էր ավարտել Սեդրակյանի հետ իր հանդիպման պատմությունը և մենք անցել էինք քննարկման,երբ շտաբ մտավ շրջկոմի աշխատողներից մեկը ու հայտնեց,որ առաջին քարտուղար Զավեն Գևորգյանն իր մոտ է հրավիրում Սամվելին:
-Գնամ տեսնեմ սա՞ ինչ է ուզում-ասաց և մի փոքր նիարդային վիճակով շտաբից դուրս եկավ:
Շրջկոմի քարտուղարի հետ հանդիպումն ավելի արագ ավարտվեց:Նա հանել ու իր աշխատասեղանին,Սամվելի առաջ էր դրել մի փոքրիկ պայուսակ,ասելով որ այդտեղ 38 000 ռուբլի գումար կա:Խնդրել էր,որ վերցնի ու ասել էր՝.
-Սամվել ջան,ես Արտաշատում ոչ մեկը չունեմ,Սեդրակյանն ամեն ինչ անում է,որ տեղս գրավի,դուք գիտեք թե շրջանում ինչ կկատարվի,եթե Սեդրակյանը դառնա առաջին քարտուղար:Դուք էսօր մեծ անուն ունեք,ժողովուրդն էլ քրոջդ՝ Սվետայի ետևից է գնում:Ինձ պետք է,որ դուք օգնեք ու քույրդ էլ իմ օգտին ելույթներ ունենա,հետո բոլորիդ համար ամեն բան լավ կլինի:
Սամվելը նրան էլ էր մերժել,ասելով՝.
-Ընկեր Գևորգյան,ԱԻՄ-ը ընտրությունների չի մասնակցում,մեզ էս փողերը պետք չեն,մենք կռվող տղաներ ենք,մի երկու օրից նորից Վայք ենք բարձրանալու,մենք քաղաքականությանը չենք խառնվում,իսկ ես քրոջս բացարձակապես նման բան ասել չեմ կարող,նա իր համոզմունքներն ունի:
Գևորգյանը հորդորել էր,թե՝ «լավ մտածիր»,ու Սամվելը դուրս էր եկել նրա մոտից:Նույն օրը երեկոյան ինձ մոտ՝ շտաբ եկավ արտաշատցի մի երիտասարդ,որին մոտիկից չէի ճանաչում և սկսեց բարեխոսել Սեդրակյանի համար,առաջարկելով ընտրությունների հարցում սատարել Սեդրակյանին,փոխարենն առաջարկելով այնքան գումար,որ «երազում անգամ չէի տեսնի»:Ես ահավոր բարկացա և կոպիտ ձևով նրան դուրս արեցի շտաբից,ասելով,որ գնա ու Սեդրակյանին ասի,որ պայքարել ու պայքարելու եմ հենց իր նման կոմունիստների դեմ,որպեսզի այս երկիրը մաքրվի նրանցից:Իսկ երբ տուն գնացի,մուտքի դիմաց ինձ էր սպասում Արտաշատում հայտնի ֆաբրիկաներից մեկի դիրեկտորի որդին,որը եկել էր բարեխոսելու առաջին քարտուղար Գևորգյանին սատար կանգնելու համար,փոխարենն առաջարկելով տանս կահավորման համար ամեն բան՝ արտասահմանյան արտադրության:Նախորդի բախտին արժանացավ նաև սա:
Հետո,նույն օրը, Արտաշատում որպես հանցագործ հեղինակություն, հայտնի Կծան Միշան էր հանդիպել Սամվելին ու փորձել համոզել,որ սատար կանգնենք Սեդրակյանին,քանի որ նա « շրջանի մարդ է»:Բնականաբար նրան էլ էր մերժել Սամվելը:
Այն օրերին մենք ի՞նչ իմանայինք,որ այսպիսի բաների վրա են դնելու իրենց հետագա ֆինանսական հզորացման հիմքը շարժման շատ «մասնակիցներ»,որոնք մեզ նման գաղափարի «ֆանատներին» պիտի թողնեին փակ դռների ետևում,որակեին «բանդիտներ»,իսկ իրենք դառնային օլիգարխ-գեներալներ ու «ազգի նվիրյալներ»…
Հաջորդ օրը երեկոյան, ՀՀՇ-ն կազմակերպել էր հանրահավաք առաջիկա ընտրությունների կապակցությամբ:Մենք նախորդ օրն արդեն շտաբում որոշել էինք,որ ոչ մի ելույթ մեր կողմից չի լինելու,ամբողջովին ձեռնպահ ենք մնալու,ինչպես Հայրիկյանն է հրամայել:Բայց այդ օրը պատրաստվում էինք գնալ ՀՀՇ-ի կազմակերպած հանրահավաքին,որպես ունկնդիրներ:Գնում էինք,հանկարծ մայթին մոտեցավ մի կապտագույն «Ժիգուլի» ու կանգնեց:Վարորդին ճանաչում էինք,վանեցու թոռ էր,Արտաշատում բավականին ճանաչված որսորդ ու զինագործ Ցոցոյի Նոնոն:Այդպես էին անվանում նրան:Կողքին նստած մի մարդ կար,կերած-խմած,ինքնագոհ,սև ակնոցն աչքերին:Նրան առաջին անգամ էի տեսնում:Նոնոն բարևեց ու հրավիրեց նստել մեքենան,ասելով որ հենց մեզ էր ուզում տեսնել:Մենք նստեցինք:Նա սկսեց խոսել առաջին քարտուղար Գևորգյանի մասին,գովել նրան և դառնալով ինձ առաջարկեց այդ օրվա հանրահավաքին ելույթ ունենալ ի շահ առաջին քարտուղարի:Սամվելը դառնալով նրան ասաց՝.
-Նոնո ջան,մենք ընտրություններին չենք մասնակցում,դե հիմի լսեք,Սվետը կհամաձայնվի՞ ձեր առաջարկին:
Ես մի անգամից ահավոր բարկացա և ագրեսիվ տոնով նետեցի թե՝.
-Եթե անգամ մասնակցեինք,քեզ ի՞նչ էր թվում Նոնո,ես պիտի ելույթ ունենայի ի շահ այդ կոմունիստ շա՞ն,որ քաղսովետի տների համար ստացած կաշառքը քիչ է համարում ու նետում է քաղսովետի նախագահի երեսին,թե՝«տուն ե՞ս ծախում,թե՞ հավաբուն էսքան էժան»:Ինձ համար Սեդրակյանն էլ,Գևորգյանն էլ նույն կաշառակեր կոմունիստներն են-ասացի և մինչ պատրաստվում էի մեքենայի դուռը բացել ու իջնել, դիմացս նստած և խոսակցությանը չխառնվող անծանոթ մարդը,ակնոցներն հանեց,շրջվեց դեպի ինձ,բարկացած նայեց ու շուռ եկավ:Ես իջա մեքենայից,իմ ետևից էլ Սամվելը:Երբ մի քանի քայլ հեռացանք,Սամվելն սկսեց թե՝.
-Դու որ ջղայնանում ես,չես հասկանում ում մոտ ինչ ես խոսում:Ինչի՞ էդ տեսակ արտահայտություն արեցիր,մի քիչ զուսպ խոսա,գիտեի՞ր,որ էդ դիմացի նստածը մաֆիոզ Գագոն էր,Գևորգյանի քրոջ տղան:Մերժելուն էլ ձև կա,մենք պետք է շատ հանգիստ ձևով բացատրենք սրանց ու մերժենք,ինչի՞ ենք իզուր թշնամի ստեղծում մեզ:
Ես բարկությունից չէի հանդարտվում և ասացի՝.
-Ինչ կուզի թող լինի,ինձ հետաքրքիր չի թե ով էր:
Եվ մենք այսպես զրուցելով գնացինք դեպի հրապարակ:
Բազմամարդ էր հանրահավաքը:Հարթակից ձախ, ծառի տակ կանգնած էր առաջին քարտուղար Գևորգյանն իր մի քանի համախոհներով,նրանցից մի փոքր առաջ կանգնած էր Սեդրակյանն իր խմբով:Նրանք երկուսն էլ առաջին անգամ էին գալիս հանրահավաքի:Սկսվեցին ելույթները ՀՀՇ-ականների կողմից,հետո հարթակ բարձրացավ առաջին քարտուղարի ներկայացուցիչը և սկսեց թվարկել քարտուղար Գևորգյանի «արժանիքները»:Ժողովուրդը լուռ էր և բնավ ոգևորություն չկար,ընդհակառակը՝ զսպված ատելություն ու առհամարհանք կար շատերի դեմքերին ու կամացուկ խոսակցություններում:Հետո հարթակ բարձրացավ Սեդրակյանի ներկայացուցիչը, սկսեց գովեստներն ու խոստումները ու հանկա´րծ՝.
-Հարգելի ժողովուրդ,Սեդրակյանը մի իսկական հայրենասեր մարդ է,որը չի սիրում իր արածների մասին խոսել:Բայց ես էսօր պիտի ասեմ,որ նա շատ մոտ հարաբերությունների մեջ է Սամվելի ջոկատի հետ,ամեն բան անում է ջոկատի համար և ինքն էլ Կոռնիձորում զենքը ձեռքին մտել է ջոկատի տղների հետ խրամատ ու կռվել է Ադրբեջանի դեմ…
-Ա՜յ քեզ բան-մինչ ես ուշքի կգայի լսածիցս,զարմացած ու բարձր գոչեց Սամվելը-Սվե´տ,բարձրացի հարթակ ու խոսա,ամեն բան պատմիր ժողովրդին:
ՈՒրիշ բան չէր մնում այլևս անելու:
Ես բարձրացա հարթակ ու ձայն խնդրեցի:Պետք է ասեմ,որ ՀՀՇ-ն իր հանրահավաքներին միշտ սիրով էր ինձ ձայն տրամադրում և այս անգամ էլ կատարվեց նույնը:Ես ահավոր բարկացած էի:Մի անգամից սկսեցի նրանից,թե հանցագործության ու կաշառակերության ինչ որջի է վերածվել շրջանը Սեդրակյանի և Գևորգյանի կողմից,ոնց են առհամարհվում ու ոտնահարվում աշխատող մարդու իրավունքները և ասացի,որ սրանք երկուսն էլ այսօր գառան դիմակ հագած գայլեր են ու պետք չի խաբնվել:Եվ սկսեցի պատմել, թե երեկ ինչպես են երկուսն էլ իրենց աշխատասենյակ հրավիրել Սամվելին ու ամեն մեկն ինչքան գումար է փորձել նվիրել,իրենց սատար կանգնելու համար:Պատմեցի նաև,որ այդ երկուսի կողմից ուղարկված մարդիկ երեկ երեկոյան ու նաև այդ նույն օրը, մինչ հանրահավաքի սկսելը նորից են փորձել զանազան խոստումներով կաշառել ինձ ու եղբորս,բայց մենք կտրուկ մերժել ենք բոլորին:Նկատելով,որ ներքևում կանգնած առաջին քարտուղար Գևորգյանն իր մարդկանցով հեռանում է հրապարակից,հայտարարեցի՝.
-Սիրելի ժողովուրդ,ոչ Գևորգյանը,ոչ էլ Սեդրակյանը երբեք ոչ օգնել են ջոկատին,ոչ էլ եղել են սահմաններում:Մենք ձեր ծոցից ելած մարդիկ ենք ու միշտ և բոլոր դեպքերում ձեզ հետ ենք միայն,մենք երբեք ու ոչ մի կերպ այս գայլերի հետ լինել չենք կարող…
Խոսքս կիսատ մնաց ժողովրդի ցնծության աղաղակից:Չհասցրեցի շարունակել,Սեդրակյանը կատաղությունից փրփրած ուղղակի հարձակվեց ինձ վրա:Այդ տեսնելով ժողովուրդն անմիջապես շրջապատեց նրան և ամեն կողմից բղավում էին նրա երեսին՝ «կաշառակեր»,«խուժան» և այլն:Հարթակ բարձրացավ նաև Սամվելը և սկսեց գոռալ նրա երեսին երեկվա կատարված դեպքի առիթով:Հանրահավաքը խափանվեց:Ամբողջովին կարմրտակած Սեդրակյանը,թատրոնի աստիճանների վրա մատ թափ տվեց մեզ վրա և բղավեց՝.
-Դե լավ,հեսա կտենաք թե ինչ կանեմ ձեզ,սպասեք հլա…-ու ձեռքով, իրեն հետևելու նշան անելով իր մարդկանց,հեռացավ:
Հաջորդ օրն առավոտյան Սամվելն ու ջոկատի մարտիկները բարձրացան Վայք:
(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ