ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, September 25, 2014 5:01 - չքննարկված
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 29
Մենք առաջ էինք շարժվում սարի լանջով հորիզոնական և երբեմն ուղղահայաց,ավելի մոտենալով գագաթին:Գնդակոծվում էր արդեն մեր շուրջը և արկերը պայթում էին մեզ շատ մոտիկ,ստիպելով երբեմն պառկել գետնին:Քիչ էլ առաջ շարժվելով,երևացին ջոկատի մերտիկները:Ես և բուժքույրը տեղավորվեցինք մի քարի ետևում,որը հազիվ էր ծածկում երկուսիս:Մենք ջոկատի մարտիկներից,որոնք սարի գագաթին պառկած կրակում էին,ներքև էինք գտնվում ընդհամենը 7-10 մետր:Հենց այդտեղ էլ բացեցինք մեր բեռները:Բուժքույրը սկսեց ուտելիքի ծածկոցի փեշի վրա դասավորել դեղորայքն ու ներարկիչները,իսկ ես սկսեցի արագ-արագ լավաշե բավականին մեծ դուռումներ պատրաստել մսով,երշիկով ու պանրով:Պատրաստածս առաջին տասը դուռումները պինդ սեղմած կրծքիս, կուզեկուզ վազեցի վերև:Հասնելով ամենամոտիկ մարտիկներին,չգիտես ինչու ոգևորված,ամբողջ ուժով բարձր գոռացի՝. «Զարկե´ք տղաներ,ես ձեզ հետ եմ,զարկեք թշնամուն,իմ քաջեր»:Մարտիկներն հանկարծակիի եկան իմ ներկայությունից,նկատելի հուզվեցին:Մոտ 5 մետր առաջ ու ներքև,որտեղ արդեն լեռան գագաթից սկսվում էր վայրէջքը դեպի հակառակորդի կողմը,մի քարի ետևում տեղավորված էին հրամանատարի տեղակալ Մխչյանցի Վահրամ Արամյանը և Արտաշատցի Պետոն:Վերջինս ջոկատի գնդացրորդն էր,Նա իր գնդացրին ջութակ էր անվանում և միշտ հպարտանում իր «ջութակի նվագով» :Վահրամը նկատելով ինձ,սողեսող բարձրացավ լեռան գագաթն ու սկսեց բարկանալ,թե ինչու եմ եկել առաջին գիծ,պահանջելով անմիջապես ետ գնալ:Ես նրան ասացի,որ հաց ու ջուր եմ բերել տղաներին:Նա նորից բարկացավ,թե ի՞նչ հաց ուտելու ժամանակ է ու նորից սողաց դեպի ներքև,դեպի իր դիրքը:Դուռումները մնացին գրկումս,իսկ ես՝ կռվող մարտիկների կողքին:Թնդանոթի ուժգին հարվածից անմիջապես հետո,հանկարծ սկսեց ձյուն տեղալ:Մարտը կարծես մեղմացավ,հակառակորդի կրակոցները հատուկենտ դարձան:Ես սկսեցի խնդրել տղաներին,որ նրանք վերցնեն ուտելիքը:Կուզեկուզ վազքով վերջին երկուսը հասցրեցի Վահրամին ու Պետոյին և տեղեկանալով,որ վիրավորներ չկան,կրակոցների ընդմիջման ժամանակ սողալով ետ վերադարձա դեպի այն քարը,որտեղ գտնվում էր բուժքույրը,հայտնելով նրան վիրավորներ չլինելու մասին:Ձյունը տևեց մոտ կես ժամ և այդ ամբողջ ընթացքում հատուկենտ էին կրակոցները,որի ժամանակ էլ ես հաջողացրի իմ տեսադաշտում գտնվող բոլոր մարտիկներին ուտելիք բաժանել:Ջոկատի մարտիկների մի մասն էլ դիրքավորվել էին լեռան ձախ կողմում,մեզանից բավականին հեռու և մինչ մտածում էի նրանց ուտելիք հասցնելու մասին,ձյունը կտրվեց և սկսեց թեժանալ մարտը:Այլևս անհնար էր շարժվել ձեպի ձախ,քանի որ ավելի կատաղի էին դառնում կրակոցները և գնդակոծման ու թնդանոթային ռմբակոծման տակ էր առնված լեռան այդ տարածքը:Իմ ձեռքում մնացել էր մեկ լավաշե դուռում և ջրամանով ջուրը:Նկատելով, որ մարտը գնալով ավելի կատաղի է դառնում և միջոց չկա այլևս առաջ շարժվել,ես արագ որոշում կայացրեցի և գագաթում դիրքավորված տղաների մոտից մեկ վարկյանում հայտնվեցի նրանցից ներքև,թշնամու դիմացի զառիվայ լանջին դիրքավորված Վահրամի ու Պետոյի կողքին:Հիշում եմ,Երասխավանի կռիվների առիթով,անգլիացի մի լրագրող գրել էր զարմացած,որ հայ կամավորները մարտի դաշտ էին մտնում զարմանալիորեն ուրախ ու անվախ,կարծես գնում էին խնջույքի մասնակցելու:Այնքա՜ն ճիշտ էր նկատել այդ օտար լրագրողը:Ես այդ բանը տեսա նաև Բարձրունու կռվի օրը:Բացարձակ անհանգստություն,խուճապ,վախ չկար տղաների դեմքին:Պետոն ինձ նորից տեսնելով իրենց կողքին,ուրախ կատակեց՝.
-Սվետա,տեսնում ե՞ս ջութակս ո՞նց է նվագում:Ջութակիս նվագը՝ թուրքի մահն է,նայիր…-ասաց ու սկսեց գործի գցել գնդացիրը:Ես Վահրամից խնդրեցի վզից կախված հեռադիտակը:Նա մերժեց ու պահանջեց քարի ետևից գլուխս չբարձրացնել:Հանկարծ ներքևից,մեզանից աջ գտնվող բլրի ետևից բարձրացավ ուղղաթիռը,ուղղություն վերցրեց դեպի մեզ,եկավ շա՜տ մոտիկից պտույտ կատարեց և ետ վերադարձավ դեպի ադրբեջանական կողմ:Այդ միջոցին, մերոնց կողմից կրակոցները մի քանի վարկյան դադարեցին,ինչն էլ հնարավորություն տվեց տղաներին ջուր խմելու:
-Թուրքերի դիակներն ու վիրավորներին էր հավաքել,տարավ ա՜յ էն սարի ետևը գտնվող իրենց գյուղը-ձեռքով դիմացի բլուրը ցույց տվեց Վահրամը:-Սա որ գալիս է ու գնում,մենք չենք կրակում,ռուսական ուղղաթիռ է-տեղեկացրեց նա:
Ես հետաքրքրվեցի,թե ո՞րտեղ են եղբայրներս,քանի որ ոչ Սամվելին էի տեսել,ոչ էլ Վարդանին ու նրա զրահամեքենան:
-Սամվելը ռացիայով միշտ կապի մեջ է իմ հետ-պատասխանեց Վահրամը-մի քանի րոպեից մեծ օպերացիա է իրականացվելու:Տեսնու՞մ ես ներքևում,ա՜յ էնտեղ,էն մեծ ժայռի մոտ գտնվող երկու «Նիվա»-ները-ձեռքը դեպի ձախ ու ներքև մեկնելով ասաց նա,հեռադիտակը մոտեցնելով աչքերիս-այ էդ «Նիվա»-ների մոտ,էն ժայռի ետևում թուրքերը թնդանոթ ունեն դրած,Սամվելը տղերքից երեք հոգու վերցրել է հետն ու իջել ձորը,պիտի խփեն դրանց,պայթեցնեն «Նիվա»-ներն ու թնդանոթը շարքից հանեն:Վարդանն էլ էնտեղ,ձախ կողմում է ԲՏԵՌ-ով…
Վահրամը՝ խոսքը դեռ բերանում,հաղորդիչ սարքը սկսեց ազդանշաններ տալ:Սամվելն էր:Պահանջում էր ամբողջ թափով կրակն ուժեղացնել աջ մասի վրա,թշնամու ուշադրությունը ձախ մասից շեղելու համար և ուշադիր լինել՝ գործողությունը կատարելուց հետո, ուժեղ կրակով ապահովել իրենց անվնաս վերադարձը:Այս խոսակցությունից կես ժամ չէր անցել,ահռելի պայթյունով բոցավառվեցին թշնամու երկու «Նիվա»-ները:Մարտիկները փոխեցին կրակի ուղղությունն ու սկսեցին անընդմեջ կրակահերթի տակ պահել ձախ մասը:Օպերացիան փայլուն կատարվեց,ոչնչացված էր թշնամու թնդանոթը,որի արկերը երբեմն թռչելով լեռան վրայով,հասնում էին մինչև գյուղի սահմաններին և ավերում հանդերը:Երեկոյան ժամը 5-6-ն էր,արևը կամաց-կամաց գնում էր դեպի մայրամուտ:Հանկարծ հեռու,բլուրի ետևում գտնվող ադրբեջանական գյուղից նորից վեր բարձրացավ ուղղաթիռը և արագ առաջ շարժվեց դեպի մեր դիրքերը:Կրակոցը միանգամից մեղմացավ,հնարավորություն տալով ուղղաթիռին վայրէջք կատարել աջ մասում գտնվող բլրի ետևը:Վահրամը աչքերիս մոտեցրեց հեռադիտակն,ասելով՝.
-ՈՒշադի՜ր նայիր ա՜յ էն սարի դոշին,տեսնում ե՞ս ինչքան սև ֆորմաներով դիակներ կան փռված,խփված թուրքերն են:
Ես հաշվեցի մոտ 6-7 ադրբեջանցու մարմին:Սպանվա՞ծ էին,թե՞ վիրավոր՝ չեմ կարող ասել:Բայց այդ օրը և դրա հաջորդ երկու օրերին շարունակված մարտերի ընթացքում ադրբեջանցիները տվել էին, իրենց իսկ հաղորդման համաձայն՝ 17 զոհ ու 23 վիրավոր:Մեր կողմից չկար ոչ մի զոհ,կար միայն մեկ թեթև վիրավոր:
Մինչ ես հեռադիտակով զննում էի դիմացի բլրի լանջը,ուղղաթիռը նորից վեր բարձրացավ,եկա՜վ,ինչպես ամեն անգամ՝ պտտվեց մեր գլխավերևում և մինչ մենք սպասում էինք,որ ամեն անգամվա նման նա պիտի խաղաղ հեռանա,հանկարծ սկսեց գնդացրային կրակն ու առաջ շարժվեց դեպի Բարձրունի:Հաղորդիչ սարքով գյուղապետը կապի մեջ մտավ ու հաղորդեց,որ ուղղաթիռը գնդակոծում է գյուղը և խուճապ է սկսվել:Անմիջապես Սամվելը կապնվեց Վահրամին ու հրաման տվեց Բարձրունուց վերադարձող ուղղաթիռի ճամփան փակել կրակոցներով ու խփել:Վահրամը իր հերթին հրամայեց սարի գլխին՝ մեր ետևում դիրքավորված մարտիկներին մեկընդմեջ դասավորվել՝ միմյանց հակառակ ուղղությամբ,հարվածելու համար և´ առջևից կրակող ադրբեջանցիներին,և´փակել ետևից՝ Բարձրունուց ետ եկող ուղղաթիռի ճամփան:Հետո կարգադրեց ինձ,սարի գագաթին դիրքավորված տղաների մոտ հասած բուժքրոջ հետ, արագ թողնել դիրքերն ու հեռանալ:Մինչ կրակոցների մեջ ես հարմար պահ էի փնտրում ետ քաշվելու,հեռանալու,հանկարծ ետևից լսվեց մոտեցող ուղղաթիռի ձայնը:ՈՒղղաթիռը վերադառնում էր Բարձրունուց և այնքա՜ն ցածրից էր թռչում ու գնդակոծում:Տղաները փորձեցին կրակոցներով փակել նրա ճանապարհը:Չհաջողվեց:ՈՒղղաթիռը սրընթաց հեռացավ դեպի ադրբեջանական կողմ:
Նրա հեռանալուց հետո, կրակոցներն ադրբեջանական կողմից ամբողջովին դադարեցին:
Մայրամուտը վրա էր հասնում:Սամվելը նորից կապի մեջ մտավ և հրամայեց մի փոքր սպասել,կրակոց չլինելու դեպքում մարտն ավարտված համարել,տեղում թողնել օրվա հերթապահներին՝ մյուսներին ցած իջեցնել:Մայրամուտը խաղաղ էր,չկար այլևս ոչ մի կրակոց:Վահրամն ու Պետոն վերցրած իրենց զենքերը բարձրացան լեռան գագաթը:Ջոկատի տղաների այս խումբը,գրկած իրանց զենքերը նստել էին թաց գետնին ու քարերի վրա և զրուցում էին օրվա մարտից:Հաղորդիչ սարքը նորից ազդանշան տվեց:Սամվելը հայտնեց,որ մարտն ավարտված է:Մենք սպասում էինք մեքենաներին, տղաները զրուցում էին,իսկ ես ձնծաղիկներ էի հավաքում աղջկաս տանելու համար:Կես ժամ էր երևի,որ ամեն ինչ հանդարտվել էր:Հանկարծ նորից լսվեց մոտեցող ուղղաթիռի ձայնը:Տղաները հանկարծակիի եկան,վարկյանական դիրքեր գրավեցին:Բուժքույրը նրանց հետ էր,իսկ ես նրանցից հեռու էի մոտ 10-15 մետր և զբաղված էի ձնծաղիկներով:ՈՒղղաթիռն այնքան արագ էր մոտենում,որ այլևս անհնար էր միանալ տղաներին:Լեռան ձախ կողմից հատուկենտ կրակոցներ լսվեցին,մեր հերթապահ տղաներն էին,իսկ ջոկատի ձախակողմյան մասն արդեն իջել էր գյուղ:Ես մի պահ կարկամել էի ու չգիտեի անելիքս:Վահրամը գոռում էր իմ ուղղությամբ՝.
-Սվե՜տ,վազիր քարը,շու՜տ:
Ես կտրուկ ետ դարձա և սկսեցի ամբողջ թափով,որքան որ դա թույլ էր տալիս ձյան հաստ շերտը,վազել դեպի մեծ ժայռաբեկորը,որի մոտ կանգնած էր միջինասիացի զինվորի զրահամեքենան:Նկատեցի,որ նստած տեղից բուժքույրը ևս վեր կացավ, որ վազի դեպի իմ կողմ,դեպի ժայռաբեկորը,քանի որ ողջ շրջապատում ուրիշ պատսպարվելու տեղ չկար,բայց երևի հասկանալով ,որ ուշ է,որ ուղղաթիռը շատ արագ մոտենում է՝ մնաց տղաների մոտ:
Ես վազում էի,բայց ժայռն ինձանից դեռ բավականին հեռու էր:Հանկարծ լսեցի,որ ուղղաթիռը գնդացրային կրակ է մաղում տղաների վրա:Անկախ ինձանից ետ նայեցի:Տեսա,որ տղաները մեջքի վրա պառկած գետնին,կրակում են ուղղաթիռի ուղղությամբ:Վարկյան հետո նորից ետ նայեցի և տեսա,որ ուղղաթիռը մի կոր գիծ անելով շարժվեց իմ ուղղությամբ:Ես մի մեծ քայլ անելով բարձրացա մի փոքր վերև իմ գտնված դիրքից,որտեղ ձյունը բոլորովին հալված էր և սկսեցի ամբողջ ուժով վազել դեպի ժայռը:Մոտիկ հռնդյունից հասկացա,որ ուղղաթիռն արդեն գլխիս վերևում է և նրանից եկած գնդացրային կրակը կորագիծ կազմեց ձախ ոտքիցս տասը սանտիմետր հեռավորության վրա:Հասկացա,որ դա վերջն է և բնազդաբար ընկա գետնին,աջ կողմի վրա,երեսս պինդ հպելով գետնին և չգիտեմ թե ինչու՞,ձեռքիս մեջ պինդ պահած հավաքածս ձնծաղիկները:Երբեք չեմ մոռանա այդ պահը…Երբեք…Ինձ թվաց,որ ահա,ուր որ է գնդակները մխրճվելու են գլխիս մեջ և առաջին բանը,որ փայլատակեց ուղեղումս՝ խնդրանքն էր Աստծուց:Մտովի դիմեցի Աստծուն՝.
-Աստված ջան,ինձ փրկիր,գնամ հասնեմ երեխուս…
Սրանից բացի,ոչ մի ուրիշ բան չկար մտքումս:Չկար ափսոսանք ոչնչի համար:Ափսոսանքս միայն երեխայիս համար էր,որ որբ պիտի մնար:Ամենածայրահեղ պահին,մայրական զգացմունքը բնազդաբար գրավել էր ամբողջ միտքս և տեղ չէր թողել ուրիշ ոչ մի մտքի համար…
Այս ամբողջը վարկյաններ տևեց և հանկարծ լսեցի հեռացող ուղղաթիռի ձայնը:Այդ ժամանակ դեռ ուշքի չէի եկել կատարվածից,որ գիտակցեի,թե այս հրաշքով փրկությունս, հենց բնազդաբար գետնին ընկնելուս արդյունքն էր:Ըստ երևույթին,ուղղաթիռում եղած ադրբեջանցիները տեսնելով իրենց գնդակոծումից հետո իմ վայր ընկնելը,մտածել էին,թե սպանեցին ինձ,այդ իսկ պատճառով հեռացան:Եվս մի քանի վարկյան և զգացի,որ ուղղաթիռի ձայնը արդեն շատ հեռու է ինձանից և արագ ոտքի ելա,մտածելով,որ որքան հնարավոր է շուտ հասնեմ ժայռաբեկորին,ուղղաթիռի հնարավոր վերադարձից պաշտպանվելու համար:Ոտքի ելնելուս պահին նկատեցի,որ վազքով ինձ մոտեցող ջոկատի տղաներն ու բուժքույրը տեղներում քարացան:Կարծես վերակենդանացած մեկին էին տեսել:Սարսափից ու զարմանքից լայն բացված աչքերով նրանք նայում էին ինձ ու մի քանի վարկյան ոչ մի բառ չէին արտաբերում:
-Սվետ,քեզ ոչ մի բան չի եղե՞լ,դու վիրավոր չե՞ս-ուշքի եկած,համարիա գոռաց Վահրամը:
-Չէ,ոչ մի բան չի եղել-պատասխանեցի ես,կատարվածը դեռևս խորը չմբռնելով:
-Ոտքերիդ է՞լ բան չի եղել-նորից հարց տվեց Վահրամը:
Իմ «չէ»-ն այս անգամ խեղդվեց մեզ մոտեցող ուղղաթիռի հռնդյունի մեջ:
-Դուք վազե՜ք-մեր կողմը գոռաց Վահրամը-Կրա՜կ-դարձավ տղաներին:
Ես և բուժքույրը ինչքան ուժ ունեինք,վազում էինք դեպի ժայռը:Այս անգամ Պետոյի գնդացիրը կատարեց իր դերն ու ուղղաթիռը սարի գագաթին չհասած,արագ հեռացավ:Մենք ժայռի տակ,տղաները սարի լանջին, կես ժամից ավել սպասեցինք:Արդեն մութն ընկել էր:Տեսնելով,որ այլևս ամեն բան խաղաղ է,«Վիլիս»-ներն եկան մեր ետևից:Հերթապահներին թողնելով սարի լանջին, մենք մոտեցանք մեքենաներին:
-Սկզբում խբված էտ կնոջը տեղավորեք մեքենան-հուշեց վարորդը:
-Խբված մարդ չկա-ասավ Վահրամը:
Եվ վարորդը պատմեց,որ գյուղապետն իր հեռադիտակով տեսել է,թե ինչպես է ուղղաթիռը հետապնդել ինձ ու կրակել,որից հետո ես վայր եմ ընկեր:Նա ասաց,որ իրենք կարծել են,թե ես զոհվել եմ,այդ մասին արդեն հայտնել են Սամվելին,բայց Վարդանը զրահամեքենայով է ու սարից դեռ ներքև չի իջել ու չգիտի:Եվ քանի որ հաղորդիչ սարքը Սամվելը թողել էր հերթապահ մարտիկների մոտ,մենք չկարողացանք կապնվել նրա հետ:Ամբողջ գյուղով մեկ տարածվել էր իմ «զոհվելու» լուրը և ահռելի բազմություն էր հավաքվել բուժկետի մոտ:Այդտեղ էին նաև Երևանից նոր-նոր օգնության եկած «Տիգրան Մեծ» ջոկատի մարտիկները:Նրանց հետ կար նաև մի երիտասարդ աղջիկ,որին չէի ճանաչում,թեև այդ ջոկատի մարտիկներից շատերին մոտիկից գիտեի:Երբ ես բացեցի մեքենայի դուռն ու ցած իջա,վարորդն հասցրեց ուրախ ու բարձր հաղորդել,որ ողջ ու առողջ եմ:Հավաքված բազմությունը,որի մեջ էր նաև գյուղապետը,մեղվի փեթակի նման սկսեց բզզալ:Բազմության միջից ինձ մոտեցավ «Տիգրան Մեծ» ջոկատի այդ երիտասարդ կին-մարտիկն ու ամուր գրկեց ինձ,փառք տալով Աստծուն:Հետո իմացա՝ «Տիգրան Մեծի» հայտնի Կառան էր:Նա ասաց,որ Սամվելը բուժկետում է:Ես նետվեցի այնտեղ:Երբ դուռը թափով բացեցի,տեսա եղբայրս,գլուխը ձեռքերի մեջ առած,նստած է վառարանի մոտ:
-Ապե´ր-բարձր ու ուրախ կանչեցի ես:Նա հանկարծակիի եկավ,թափով վեր թռավ տեղից:Ցածրիկ փայտյա աթոռը գլորվեց գետին ու նա ինձ ամուր առավ իր գրկի մեջ…
-Սվետ,քեզ ոչ մի բան չի եղե՞լ-մի տեսակ կամացուկ,խեղդված ձայնով հարցրեց նա:Աչքերում արցունք կար:
-Չէ,ողջ ու առողջ եմ,տես-ուրախ ասացի ես ու եղբայրս նորից փաթաթվեց ինձ,փառք տալով Աստծուն:Բուժկետ լցված մարդիկ ու «Տիգրան Մեծ»-ի մարտիկներն ուրախ շրջապատել էին մեզ:
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(Շարունակելի)