ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, September 11, 2014 18:20 - չքննարկված
Մաս 21 ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Կոռնիձորի մարտը)
Ռուբիկ Հակոբջանյանի գլխավորած հանցագործների խմբի մուտքը Արավուս, Սամվել Մարգարյանի ջոկատին պարտադրեց զոգուշավորություն պահպանել և աչալուրջ լինել:Այդ մասին անմիջապես հայտնեցի Մովսես Գորգիսյանին և Աշոտ Նավասարդյանին:Երկուսն էլ պատասխանեցին,որ ծրագիր կմշակեն և ջոկատը կուղարկեն սահմանային ուրիշ գոտի:Նրանց հայտնվելու հետ մեկտեղ, Արտաշատի միլիցիայի բաժնի աշխատողները զարմանալի կերպով անմիջապես լքեցին Արավուսն ու վերադարձան Արտաշատ:Ինչու՞,ո՞վ էր նրանց հենց այդ ժամանակ տվել ետ վերադառնալու հրաման և ինչու՞ էր հանկարծ զինված նախկին հանցագործների այդ խումբը հայտնվել հե´նց Արավուսում,երբ Գորիսի սահմանի երկայնքով կային ուրիշ շատ գյուղեր,որոնք զուրկ էին պաշտպանությունից…Այս հարցերի վերաբերյալ եղած կասկածները պետք է ամբողջովին պարզ դառնային հետագայում:Իսկ այդ ժամանակ ջոկատի մարտիկներն եթե ստիպված էին բացահայտ պաշտպանել սահմանը թշնամուց, ներքին կարգով էլ պաշտպանում էին թիկունքը՝ «յուրայիններից»:
Դավադիր խմբի վերաբերյալ եղած կասկածները օր-օրի ավելանում էին,քանզի բացահայտորեն նրանք հետևում էին ջոկատի ամեն մի քայլին և սղոսկում այնտեղ,որտեղ նրանց ներկայության կարիքն ընդհանրապես չկար:Եթե Սամվելն անձամբ Արավուսում էր,նրանք անպայման այնտեղ էին,եթե Կոռնիձորում էր՝ Աշտարակի ջոկատի մոտ,ուրեմն այնտեղ էին,իսկ եթե երբեմն իջնում էր Արտաշատ զինամթերք և ուտելիք տեղափոխելու՝ հաջորդ օրն իսկ նրանք արդեն հայտնվում էին Արտաշատում…
Եվ ընդհանրապես,նրանք Արավուսում շատ կարճ էին մնում,անընդհատ իջնելով շրջան ու բարձրանալով Գորիս:Ո՞րն էր նրանց նպատակն ուրեմն…
Այս բոլորից բացի,Արտաշատի ՀՀՇ-ն էր նաև սկսել որոշակի քայլեր ձեռնարկել:
Եվ այսպես,խոր աշնանային մի օր,երբ Արտաշատի և Աշտարակի ջոկատների մի խումբ տղաներ,նրանց հետ էլ Սամվելն ու Գեղազնիկը՝(Չավուշը) իջել էին Գորիսից,Արտաշատի ՀՀՇ-ն ժողով գումարեց շրջկենտրոնի համար առաջին դպրոցում և Սամվելին հրավիրեց այդ ժողովին:ՀՀՇ-ից ներկա էին ընդհամենը երկու մարդ՝ Հերոսն ու Համբարձում Ասատրյանը:Գուսան Հայկազունը,Բուտաև Սաշան,կամ մյուս ՀՀՇ-ականներն արդյո՞ք տեղյակ էին,որ այս երկուսը ժողով են կազմակերպել՝ անհայտ էր:Համբարձում Ասատրյանը սկսեց խոսել իրեն հասած լուրերի մասին,ըստ որոնց՝ Սամվելը ծրագրել ու իրականացրել էր
մի շարք ռազմական գործողություններ Ադրբեջանի դեմ:Սամվելը բացատրեց իրավիճակը սահմանային գոտում և իր կատարած գործողությունների անհրաժեշտությունը:ՀՀՇ-ականները մնացին անդրդվելի և Համբարձումը փորձում էր «բացատրել»,որ մենք՝ հայերս ագրեսորներ չենք,մենք,նրա խոսքերով ասած՝.«չպետք է ագրեսիա իրականացնենք Ադրբեջանի դեմ,մենք ընդհամենը պաշտպանվողներ ենք և պետք է պաշտպանական կռիվներ մղենք»:Սամվելն այս որակումից ահավոր բարկացավ,ոտքի ելավ ու գոռաց թե՝. «Ինձ համար ամենալավ պաշտպանությունը նախահարձակ լինելն է:Հերիք է ձեր վախկոտությունը փաթաթեք ազգի վզին:Դուք էստեղ տաք-տաք նստած ձեր տներում,ի՞նչ գիտեք թե ի՞նչ է կատարվում սահմանում:Իմ օգնության կանչին, ձեր ՀՀՇ-ի ջոկատներն անգամ օգնության չեն գալիս:Ես նստած պետք է սպասեմ, թե ո՞ր գյուղի վրա են հարձակվում ադրբեջանցիները,հետո վազեմ մի ուրիշ գյուղ,էնտեղից էլ մեկ ուրիշը, ետ քշեմ ադրբեջանցուն,երբ արդեն մի քանի գյուղացիներ սպանված լինե՞ն,որ դուք ինձ ագրեսոր չհամարեք:Ես ադրբեջանցուն խեղդում եմ հենց իր բնի մեջ ու դա եմ համարում ճիշտը:Ես եմ տեղանքի հրամանատարն ու Մովսեսն ինձ տվել է տեղում կողմնորոշվելու, կամովին որոշումներ կայացնելու և իրագործելու ազատություն»:Համբարձումը չհապաղեց պահանջելու,ոչ թե խնդրելու ,կամ՝ առաջարկելու,որ ջոկատը պետք է բերվի ՀՀՇ-ի ենթակայության տակ:Սամվելը կտրականապես մերժեց,ասելով,որ ինքը Անկախության գաղափարի կրող է է և զենք չի վերցրել,որ սահմաններն անտեր թողած ՀՀՇ-ի հրամանով,նրանց ջոկատի պես գա ու նստի Արտաշատում:Ասաց,կտրուկ վեր կացավ իր մարտիկների հետ միասին ու դուրս եկավ սենյակից:
Օղակն ավելի սկսեց սեղմվել ջոկատի շուրջ…
Այստեղ մեկ անգամ ևս պետք է ափսոսանք հայտնեմ մեր պատմության՝ խեղված պատմության և այդ ստով նոր սերնդին սնուցելու համար:Քանզի ասածիս վառ ապացույցն է նաև այն,որ ճակատագրի ծաղր որպես,այդ նույն Համբարձումը,որն ընդհամենն իր կյանքում մեկ անգամ էր սահման գնացել,այն էլ զինվորական կոշիկ ու փամփուշտներ այս նույն ջոկատի մարտիկներին վաճառելու համար,այսօր հանդիսանում է Երկրապահների միավորման անդամ,իսկ դրան հակառակ՝ ջոկատի մարտիկները 90-ականներին ՀՀ Գերագույն դատարանում դատապարտվեցին որպես բանդիտներ…
Ահա թե ինչպիսի «երկրապահներով» արհեստականորեն եռապատկվեց Արցախի համար մարտեր մղած իրական մարտիկների թիվը Երկրապահների միավորման վարչության մատյաններում և իրական մարտիկներին հասանելիք առանց այդ էլ չնչին գումարներից բաժին հանվեց և մինչ օրս էլ բաժին է հանվում ու հատկացվում նաև Համբարձումի նման հազարավորներին,ովքեր ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ՕՐ ԶԵՆՔ ՉՎԵՐՑՐԵՑԻՆ ՁԵՌՔՆԵՐՆ ՈՒ ՈՉ ՄԻ ԳՆԴԱԿ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ՉԱՐՁԱԿԵՑԻՆ…
Պատերազմից հետո ՀՀՇ-ին ուղղակի անհրաժեշտ էին,ձեռնտու, Համբարձումի նման տասը հազար սարքովի «ազատամարտիկներ»,քան թե տասը իրական ազատամարտիկ,որոնցից վտանգ կար,ովքեր կարող էին վկայություն տալ,պատմել իրականությունը սերունդներին և հողին հավասարեցնել նույն ձևով սարքված սպարապետ-գեներալների «փառքը» և իրականում գոյություն չունեցող նրանց «ռազմական գործերը»…
Իրական մարտիկները ամեն կերպ պետք է հեռացվեին ասպարեզից,իսկ ավելի հայտնիներն ու ժողովրդականություն վայելողները՝ ոչնչացվեին թիկունքից դավադրաբար…
Սա էր ՀՀՇ պարագլուխների թիվ մեկ խնդիրը…
Ազատամարտիկի անվան տակ հանդես եկող այդ հազարավոր համբարձումները հենց այն «վկաները» պետք է հանդիսանային,ովքեր անվրդով գրպանելով իրական ազատամարտիկներին հասանելիք նպաստը և վերջիններիս փոխարեն օգտվելով զանազան առավելություններից,որպես ծառայություն այդ ամենի,պիտի կուրծք ծեծեին ու բոլորից բարձր գոռային իրենց ու իրենց համարժեք սպարապետ-գեներալների «հերոսությունների» մասին՝ լռեցնելով տանջված,անտեսված ու անկյուն նետված իրական ազատամարտիկների բերանից հնչող ճշմարտության ձայնը…
Այդ ճշմարտության ձայնը եղել և մինչ օրս էլ մնում է սարսափելի՝ շատ «հերոսների» համար,ովքեր ժամանակին չունենալով քաջություն՝ կերտելու իրենց անհրաժեշտ կենսագրությունը,փորձ էին անում կամ զսպել իրական քաջերի անձնուրաց գործողությունները,կամ՝ վարկաբեկել նրանց,կամ էլ՝ աչքի ընկնող բոլոր ջոկատներին ամեն գնով բերել ՀՀՇ-ի ենթակայության տակ,որպեսզի նրանց կատարած գործերով կառուցեն իրենց «հերոսական» կենսագրությունները…
Ահա թե որն էր այդ օրը և դրանից հետո նաև, ՀՀՇ-ի կողմից Արտաշատի «Անկախության Բանակ»-ին ամեն կերպ իր ենթակայության տակ բերելու փորձի նպատակը…
Այս ժողովի հաջորդ օրն իսկ երեկոյան,Աշտարակի ջոկատի մարտիկները զինամթերքով ու պարենով բեռնված եկան Արտաշատ:Մեր երեք սենյականոց բնակարանում բացարձակ տեղ չկար:Նրանք նստել էին նույնիսկ հատակին և մայրս նրանց հյուրասիրում էր:Այսպես լինում էր ամեն անգամ,երբ մարտիկներն իջնում էին Գորիսից:Շարժման տարիների իմ ամենալավ հիշողությունները կապված են այդ ժամերի և պարկուճներ լիցքավորելու մեր աշխատանքի հետ,երբ մեր տունը վեր էր ածվում զորանոցի:
Այդ ժամանակ կենդանի էին բոլորը,բոլոր տղաները՝ անձնուրաց քաջերը և ես նրանց հիշում եմ հենց այդպես՝ հեմեստ,կենդանի ու ներկա հավերժ…
Երեկոյան ժամը տասին էին նրանք սովորաբար շարժվում դեպի Գորիս:
Եվ այդ օրը,ի զարմանս բոլորի՝ մայրս աղեկտուր լալիս էր,երբ մարտիկները իրերն էին տեղավորում «ՈՒրալ»-ում:Բոլորը զարմացած էին,մորս երբեք այս վիճակում չէին տեսել:Նրանք գրկում էին մորս,հուսադրող,քաղցր խոսքեր ասում,ծիծաղում:Շարժվելիս, մայրս նրանց ետևից առաջին անգամ ջուր ցանեց,որպես հաջողության նշան ու ասաց՝.«ոչ մի անգամ էսպես չէր եղել,հիմա սիրտս էնպես տրորվում է,ոնց որ վատ բան մտքովս անցնի»:Ես բարկացա նրա վրա,բայց ի՞նչ իմանայի,որ մայրական սիրտը ամենազգայունն է,ի՞նչ իմանայի,որ տղաներն հաջորդ անգամ Գորիսից իջնելու են, իրենց զոհված մարտիկ ընկերոջ դին ուղեկցելու և նրան հողին հանձնելու համար…
1989թ.-ի դեկտեմբերի 7-ին,երկրաշարժի տարելիցի օրը, առավոտ շուտ ժամը 6-7-ի սահմաններում, մի քանի ադրբեջանցի սպաներ ռուսական զինվորների ուղեկցությամբ,Սովետական զորքերին պատկանող ավտոմեքենաներով մտնում են Արավուս:Մինչ նրանց մուտքը,խրամատներում հսկող մարտիկները լուր են հասցնում ջոկատին:Հաշված րոպեների ընթացքում թաքցվում են զինվորական հագուստներն ու այլ պարագաները,ջոկատի մարտիկները մտնում են տարբեր գյուղացիների տներ:Տանտերերը անմիջապես իրենց անկողիններում տեղավորում են մարտիկներին՝ զենքերով հանդերձ,իսկ իրենք հագնվում և սկսում են տան գործեր անել,տպավորություն ստեղծելու համար,թե իբր քնած տղաներն իրենց զավակներն են:
Գյուղի հարդանոցներում,գոմերում,այգիներում սկսվում է խուզարկությունը:Գյուղի նախագահը նրանց հարցերին պատասխանում է,որ իրենց մոտ չկան և չեն եղել հայ «գրոհայիններ»,որ ինքը տեղյակ չէ,թե ովքեր են գալիս,որտեղից են գալիս ու մոտենում սահմանին և թե ինչ կրակոցներ են:Խուզարկությունն անցկացնելուց հետո,հավաքում են մի քանի գյուղացիների անձնագրեր,ասելով,որ գյուղը գտնվում է վտանգավոր գոտում և գյուղացիները պետք է լքեն գյուղն ու հեռանան:Նրանց գնալուց հետո խուճապն ընկնում է գյուղով մեկ,քանզի բոլորին էր հայտնի նման ձևով Արցախյան գյուղերի հայաթափումը:
Գյուղապետն ու ջոկատի մարտիկները հավաստիացնում են գյուղացիներին,որ մինչև վերջ ու ամեն գնով պաշտպան են կանգնելու նրանց և երբեք չի կարելի գյուղը լքել:Սամվելն հասկանում է,որ կազմակերպվում է ինչ որ գործողություն և անմիջապես ուժեղացնում է Արավուս,Տեղ,Կոռնիձոր սահմանային գծի հսկողությունը:Բոլոր մարտիկներն ու ջոկատների երկու հրամանատարները,մեկ մարդու նման զինվում են և մտնում խրամատներ:Զինվում և ջոկատի տղաներին են միանում նաև մի քանի տեղացի երիտասարդներ:Կարգավորում ու Արավուսից սահմանային գիծ են տեղափոխում նաև ամպերը ցրելու համար օգտագործվող թնդանոթը:Կոռնիձորցի Կամոն ու Գագոն,որոնք պատրաստում էին ինքնաշեն պայթուցիկներով լցված անվադողերը,սկսում են գործի գցել իրենց «զինանոցը»:
Հիշում եմ,կեսօրին Սամվելը զանգահարեց տուն և պահանջեց ամբողջ զինամթերքը տեղափոխել Գորիս:Կրտսեր եղբայրս՝ Վարդանը, անմիջապես վերցնելով այն ամենն ինչ որ կար,ուղևորվեց Գորիս:
Այդ ծայրահեղ լարված օրերին «զարմանալի զուգադիպությամբ» Ռ.Հակոբջանյանն ու իր մարդիկ գտնվում էին Արտաշատում և նրանց մտքով իսկ չէր անցնում բարձրանալ Գորիս,թե՞ այդպես էր կարգադրված Մոսկվայի պնակալեզ իրենց տիրոջ՝ սեփական երկրի ու ժողովրդի դեմ սադրանքներ կազմակերպող և իրականացնող,Համաժողովրդական շարժմանը թիկունքից հարված հասցնող ՆԳ Մինիստրի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից…
1989թ.-ի Դեկտեմբերի 8-ի առավոտյան ադրբեջանական կողմից սկսվում են կրակոցներն ու ռուսական տանկերի առաջխաղացումը Կոռնիձորի ուղղությամբ:
Սկսվում է Կոռնիձորի մարտը…
Կոռնիձորի մարտը, Ղարաբաղյան Շարժման պատմության մեջ առաջին լուրջ մարտն էր և այդ մարտի ժամանակ զոհված ՈՒջանցի Նորիկ Հարությունյանը՝ առաջին զոհը:Այս ամբողջ տարիների ընթացքում, հայկական թերթերից մեկ-երկուսն ընդհամենը, կցկտուր ձևով անդրադարձել են Նորիկ Հարությունյանի առաջին զոհը լինելու հանգամանքին,առանց խոսք իսկ ասելու Կոռնիձորի կռվի մասին:Եվ ո´չ միայն Կոռնիձորի կռվի,քար լռություն են պահպանել նաև Վայքի Բարձրունու եռօրյա մարտերի մասին,այն բոլոր մարտերի ու գործողությունների,որն իր ուսերին է տարել հատկապես Արտաշատի «Անկախության Բանկը» միայնակ:Այնպիսի լռություն,որ կարծես թե նման մարտեր ու գործողություններ տեղի չեն էլ ունեցել:Ղարաբաղյան շարժման «պատմությունը կերտողներին» պարզ է՝ ձեռնտու չէր հիշատակել ու պատմության մեջ թողնել այնպիսի դեպքեր,որոնք ոչ միայն կհանդիսանային որպես վկայություն իրենց բացակա,նույնիսկ անտեղյակ լինելուն այդպիսի մարտերին,այլև կգային լույս սփռելու Վազգեն Սարգսյանի և ԼՏՊ-ի անմիջական կարգադրությամբ «բանդիտի» պիտակ ստացած այդ մարտիկների կերպարի վրա:Այս տողերս գրելուց ամիսներ առաջ միայն՝ 2012-ի Նոյեմբեր ամսին,Կոռնիձորի մարտի մասնակիցների և գյուղացիների ջանքերով Կոռնիձոր գյուղում կանգնեցվեց մարտը հիշատակող հուշարձան…
Թվով երեսուն կամավոր մարտիկներ,մի քանի տեղաբնակ գյուղացիների հետ միասին,զինված որսորդական հրացաններով,մի քանի ավտոմատ զենքերով,ինքնաշեն նռնակներով,բենզինով լցված շշերով և մեկ ամենասովորական թնդանոթով,պետք է դիմագրավեին ադրբեջանական գրոհայիններին և նրանց հետ հայկական գյուղերը գնդակոծող ռուսական տանկերին ու գնդացիրներին:
Քանի գնում,մարտն այնքան կատաղի բնույթ է ընդունում և այլևս պարզ է դառնում,որ սա, մինչ այդ եղած սովորական հարձակումներից չէ:
«Ամբողջ կռվող մարտիկներին բաժանել էի հնգյակների-հետագայում հիշում էր Սամվելը,-ամեն մի հնգյակ գիտեր թե տարածքում որ հատվածն է պաշտպանելու:Հարձակումը Կոռնիձորի կողմից,ստիպեց ինձ ձախ թևում տեղաբախշված մարտիկներին վերադասավորել,բերել նոր դիրքերի:Մեր կատաղի դիմադրությունը ստիպեց հանկարծակիի եկած թշնամուն, մնալ տեղում:Մարտիկներին հրամայել էի խնայել փամփուշտները,կրակել միայն նպատակակետին:Ամենամեծ դժվարություն ներկայացնողը տանկերն էին,որոնց դեմ հավասարազոր ոչ մի բան չունեինք»:
Մարտը տևում է առավոտից մինչև երեկո,որին էլ հենց մասնակցում է Գորիսից անմիջապես Կոռնիձոր եկած կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռ.Ալեքսանյանը:Ամբողջ մեկ օր տևած մարտի ընթացքում, թշնամուն չի հաջողվում անգամ Կոռնիձոր գյուղի մատույցներին հասնել և երեկոյան նրանք նահանջում են սահմանից այն կողմ:Հաջորդ օրը ադրբեջանական ռադիոն ու հեռուստատեսությունը հաղորդում են,որ իրենց կողմից եղել է 13 զոհ,իսկ հայկական կողմից՝ 27:Այնինչ մարտիկները տվել էին միայն մեկ զոհ,որը Նորիկ Հարությունյանն էր:
«Ես,Սամվելը,Նորիկը և Կոռնիձորցի Գագոն ու Կամոն միասին էինք այդ տարածքի վրա-հետագայում պատմում էր կրտսեր եղբայրս՝ Վարդանը,-երեկոյան կողմ էր,մենք ոչ մի զոհ չէինք տվել, պաշտպանվում էինք և թշնամուն թույլ չէինք տալիս մեկ քայլ անգամ առաջանալ:Սամվելը,Կամոն ու Գագոն մեզանից մի քանի քայլ առաջ էին,դեպի աջակողմ և մեզ նրանցից բաժանում էր մի փոքր առվակ:Մեզ հասանելիք զինամթերքը թողել էինք մի փոքր ետ:Նորիկին ասացի,որ պետք է անմիջապես անցնենք առվից այն կողմ:Նա ետ դարձավ ու սողեսող գնաց ետևում թողած զինամթերքը բերելու:Երբ ետ եկավ ու հավասարվեց ինձ,ես անցա առվից այն կողմ ու սկսեցի կրակել:Հանկարծ զգացի,որ նա ուշանում է:Ետ նայեցի,տեսնեմ՝ պառկած է:Գոռացի՝«առուն անցի´ր,շու´տ»:Նա ասաց՝ «ոնց որ խփվել եմ,չեմ կարողանում շարժվել»:Այն աստիճան կատաղի էր գնդակոծումն այդ տարածքի վրա,որ ես մի կերպ ետ գնացի, անցա առուն,գրկեցի Նորիկին,շուռ տվեցի ու տեսա փորից հոսող արյունը:Նրան պառկեցրի հարմար դիրքով ու ինչքան որ հնարավոր էր, արագ-արագ սողալով հասա Գագոյին:Նրան խնդրեցի Սամվելին տեղեկացնի,որ Նորիկը վիրավոր է ու արագ ետ սողացի Նորիկի մոտ:Մի քանի րոպեից Սամվելը սողեսող մոտեցավ մեզ:Նրա մոտ հեռալսման սարք կար,անմիջապես կապնվեց գյուղի հետ,հաղորդեց եղածն ու խնդրեց մեքենա ուղարկել,հետո հաղորդեց Գեղազնիկին,որ մարտի ղեկավարումն իր վրա վերցնի:Մի քանի րոպեից թիկունքում մի բեռնատար նկատեցինք,որը կրակոցների հետևանքով չէր կարողանում մոտենալ մեզ:Այդ տեսնելով Գագոն ու Կամոն մի փոքր ետ նահանջեցին և Սամվելի հետ կողք-կողքի դիրքեր գրաված սկսեցին կրակել՝ ապահովելով իմ ու Նորիկի շարժը:Ես Նորիկին պառկեցրի իմ մեջքին,թևերից բռնեցի ու սկսեցի սողալ դեպի բեռնատարը:Ինձ հետ միասին Սամվելը,Գագոն ու Կամոն կամաց-կամաց սկսեցին ետ նահանջել,իրենց կրակոցով պատնեշ ստեղծելով մեզ համար :Երբ հասանք բեռնատարին,ադրբեջանցիներն սկսեցին ավելի կատաղի կրակել և միջոց չէին տալիս,որ կարողանանք գլուխ բարձրացնել ու Նորիկի մարմինը տեղավորել մեքենայում:Մեքենայի վարորդը խելացի էր գտնվել ու թափքի դուռը նախորոք բացել էր ,հետո նոր էր եկել դիրքեր:Ըստ երևույթին թշնամու կողմից հեռադիտակով նկատել էին մեզ ու բեռնատարը, և կարկուտի պես կրակ էին թափում գլխներիս:Նորիկը տնքում էր ու ասում,որ էլ չի դիմանում:Ես նրան հույս էի տալիս:Մեր աչքի առաջ մահանում էր մեր ընկերն ու մենք ոչինչ չէինք կարողանում անել:Սամվելը իրավիճակի մասին հայտնեց Գեղազնիկին և հրամայեց մարդիկ ուղարկել մեր դիրքերն ու ուժեղացնել կրակն այդ մասում:Ոչինչ չօգնեց,իրավիճակը մնաց նույնը:Կամաց-կամաց մթնում էր արդեն:Անցել էր ընդհամենը մի քանի րոպե,իսկ մեզ համար կարծես մի ողջ հավերժություն լիներ:Անզորությունից չգիտեինք ինչ անել:Հանկարծ Սամվելը դարձավ ինձ ու ասաց՝.-ապեր,էլ ճար չկա,մի վախի,Աստված մեզ հետ,վարկիանի տակ երկուսով վերցնում ենք Նորիկին ու բարձրացնում մեքենայի կուզով:Անվերջանալի կրակի տակ մենք մի ակնթարթում բարձրացրեցինք Նորիկի մարմինն ու դրեցինք թափքին,հետո ես ցատկեցի թափք ու պառկեցի Նորիկի կողքին,իսկ Սամվելը սողեսող գնաց դեպի խցիկ:Մեքենան արագ շարժվեց առաջ:Նորիկն հանկարծ ասաց,որ ահավոր դողում է մարմինը,մրսում է:Ես չգիտեի,որ դա մահվան սարսուռն է:Անմիջապես հանեցի հագիս վերարկուն ու դրանով ծածկեցի նրան:
Նորիկին հասցրեցինք Գորիսի հիվանդանոց:
(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ