ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 4, 2014 15:32 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 16

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 16

1988թվականը ոչ միայն անակնկալների,մեծ փորձությունների նոր էջ էր բացում Հայ ժողովրդի կյանքում,այլ այն ճակատագրական էր լինելու ինչպես ողջ ազգի,ինչպես շատ ու շատ հայ ընտանիքների,այնպես էլ մեր ընտանիքի համար:Ինձ նման մեկի համար,որը քիչ թե շատ անցել էր նոր գաղափարի թրծման հնոցի միջով,Ղարաբաղյան խնդիրը մի փոքր մասն էր կազմում ազգային այն մեծ խնդրի,որի համար դարերով պայքարել էր ՀԱՅԸ:Ահա թե ինչու՞ ,հենց 1988-ին առանց վարանելու մենք գնացինք դեպի ԱԻՄ (Ազգային Ինքնորոշում Միավորում),որն այդ ժամանակ միակն էր,որ բարձրաձայնում էր Հայաստանի Անկախության մասին:ԱԻՄ-ի գաղափարախոսությունը անչափ հոգեհարազատ էր ինձ և նրա ծրագրերի իրականացման մեջ էի ես տեսնում ազգի փրկությունն ու ազգային բոլոր խնդիրների լուծումը:ԱԻՄ-ն այն ժամանակ շատերի ու նաև ինձ համար նույնացվում էր դեռևս Հայաստան մուտք չգործած Դաշնակցության հետ,ինչն էլ մագնիսական ազդեցություն էր ունենում անդամներ գրավելու հարցում:ԱԻՄ-ը լույս էր տեսցնում «Անկախություն» վերնագրով փոքրիկ թերթ,որն անվճար տարածում էր Հանրապետությունում:«Անկախության» ամեն նոր լույս տեսած համար,ես մեծ քանակությամբ տեղափոխում էի Արտաշատ ու տարածում:Կարճ ժամանակից իմ շուրջն սկսեցին հավաքվել բավականին համախոհներ և ես փաստորեն դարձա ԱԻՄ -ի գաղափարների առաջին տարածողն ու ԱԻՄ-ի հիմնադիրն Արտաշատում:ԱԻՄ-ի անվան տակ կազմակերպում էի հանրահավաքներ ,տարածում բոլոր կոչերն ու հրամանները,պարտաճանաչ մասնակցում Մովսես Գորգիսյանի կազմակերպած բոլոր ուրբաթօրյա ժողովներին,կազմակերպած երթերին ու միջոցառումներին:Նույնիսկ հետագայում, բացատրական աշխատանք տանելով եղբորս կազմակերպած ջոկատի տղաների շրջանում,ջոկատը բերեցի Գորգիսյանի ստեղծած Անկախության Բանակի կազմ:Արտաշատում ու նաև նրա սահմաններից դուրս բոլորը գիտեին,որ մենք անկախականներ ենք…Եվ այսքանից հետո,այժմ՝ երբ տարիներ են անցել,հանկարծ տեղեկանում եմ,որ մեզանից շատ հետո՝ տարիներ հետո,երբ մենք արդեն բանտերում էինք, ԱԻՄ-ի անդամ դարձած Արամ Հարությունյանը գրում է իր կենսագրության մեջ,որ ինքն է իբր եղել Արտաշատում ԱԻՄ-ի հիմնադիրը և սա այն դեպքում,երբ Ղարաբաղյան շարժման երկրորդ տարում՝ 1990 թվականին,նա երբեմն գալիս էր մեր տուն,ինձանից տեղեկանալու ԱԻՄ-ի ծրագրերի մասին և ստանալու «Անկախություն» թերթի համարները և այդ ժամանակ,նա դեռևս ԱԻՄ-ի համախոհ անդամ չէր նույնիսկ…Շատերն օգտվելով բանտերում գտնվելու մեր վիճակից,փորձեցին ոչ միայն անխնա վարկաբեկել մեզ,այլև՝ առհասարակ ջնջել ,մոռացնել տալ մեզ ու մեր արածները պատմության էջերից,կարևորագույն բաները վերագրելով իրենց…
Կոմիտեական տղաներն արդեն սկսել էին ամենօրյա հանրահավաքները Արտաշատի թատրոնամերձ հրապարակում,որտեղից հնչում էին նաև իմ ելույթները:Արտաշատի կոմիտեականների շարքերում էին հայտնվել ամեն կարգի մարդիկ,ինչի պատճառով կոմիտեն հեռու էր մեկ ամբողջություն համարվելուց:Նրանց մեջ ամենաազնիվը,հավասարակշռվածն ու գրագետը երկուսն էին՝ Բուտաև Սաշան և Գագիկ Նազարյանը (ներկայումս՝ գուսան Հայկազուն):Հենց 88-ին Գագիկ Նազարյանը գրեց իր առաջին երգը՝ «Հայեր միացեք»-ը,որը կարճ ժամանակից դարձավ հանրահայտ ու սիրված: Արտաշատյան հանրահավաքներն ամեն օր սկսվում և ավարտվում էին այդ երգով:Թատրոնի հարթակի վրա դհոլ էր զարկում ու երգում Սեդրակը և նրան էր միանում ամբողջ ժողովուրդը:
Ի տարբերություն Արտաշատի,հարևան սահմանամերձ շրջանում՝ Արարատում,որն ուներ նաև ադրբեջանցիներով բնակեցված մի քանի գյուղեր,ժողովուրդը բավականին պասիվ էր:Արարատը ևս ուներ կոմիտե,բայց որքան էլ զարմանալի էր,բոլորովին չէր կարողանում ոտքի հանել,համազգային շարժմանը մասնակից դարձնել Արարատի բնակչությանը:Այնտեղից ժամանակ առ ժամանակ Արտաշատ էին գալիս Դավիթ Զադոյանն ու Վազգեն Սարգսյանը,հանրահավաքներին մասնակցելու համար:Շատ անգամ Արտաշատի կոմիտեականները մերժում էին ձայն տալ Վազգեն Սարգսյանին:Այն ժամանակ նրանք ի՞նչ իմանային,որ գործ ունեն ապագա նախարարի հետ…Արարատի բնակչությունը բավականին ուշ՝ կարելի է ասել 1989-90-ի սկզբներին ոտքի ելավ,երբ սկսվեցին Երասխավանի մարտերը:
Անկախության գաղափարը բարձրաձայնելու համար,Երևանի կոմիտեականները ոչ միայն հեռու էին փախչում ԱԻՄ-ից,ոչ միայն փորձում էին խանգարել ԱԻՄ-ի կազմակերպած հանրահավաքները,այլև ԱԻՄ-ականներին համարում էին պռովոկատորներ,մանկամտորեն «հավատալով»,որ «Լենին-պարտիա-Գորբաչով» գոչելով լուծվելու է Ղարաբաղի հարցը:1988-ի մարտին ձերբակալված ու հետո երկրից բռնի վտարված մի հին քաղբանտարկյալ՝ Պարույր Հայրիկյան անվամբ,թող ջանք ու եռանդ չխնայեր արտերկրից գրելու,հասկացնելու,համոզելու,որ այդ բոլորը կարմիր Մոսկվայի խաղերն են,որն ամեն կերպ ցանկանում է պատերազմի թատերաբեմ դարձնել Կովկասը՝ շեղելու այնտեղ ապրող ժողովուրդներին անկախության գաղափարից,որ պետք չէ ծուղակն ընկնել ու տրվել ծրագրված սադրանքին:Լսո՞ղն ով էր,Անկախության մասին մտածո՞ղն ով:Այդ մի հատիկ բառից սարսափում էին շատերն այն ժամանակ,իսկ Կոմիտեականներն հայտարարում՝ պրովոկացիա:Որքան էլ Անկախության գաղափարախոս ու մարտիկ Պարույր Հայրիկյանը փորձում էր ուշադրություն հրավիրել ու հասկանալի դարձնել իրականությունը,ասելով թե՝.«կույր պիտի լինել չտեսնելու համար՝ թե ինչպես է Սովետական Միությունը թավալգլոր կերպով գնում դեպի կործանում…»,որ՝ մենք պատրաստ պետք է լինենք ընդունելու Անկախությունը,միևնույն է՝Անկախության գաղափարը եղել ու մնում էր միայն ԱԻՄ-ի և նրա համախոհների սեփականությունը,որն այնքա՜ն մեծ դժվարությամբ էր տեղ գտնում մարդկանց ուղեղներում…Հայրենիքից վտարված Հայրիկյանի փոխարեն, մի ավելի երիտասարդ,անկախության գաղափարի իսկական մի նվիրյալ,կազմակերպչական մեծ տաղանդ ունեցող,աներևակայելի համարձակ մեկը՝ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ էր ղեկավարում ԱԻՄ-ն այն ժամանակ:Նա էր կազմակերպում ԱԻՄ-ի հանրահավաքները,երթերը,քաղաքական ակցիաները:Մարդ, ով լինելով այնքան երիտասարդ,կարողացավ կազմակերպչական ամենաբարձր կետին հասցնել ԱԻՄ-ն ու Հայաստանում ճանաչելի դարձնել իր ավագ ընկերոջ,դեռևս շատ քչերի կողմից հայտնի Պարույր Հայրիկյանի անունն ու ծրագրերը:Անհատ,ով գալու էր ապագայում հաստատապես փայլատակելու,որպես անփոխարինելի քաղաքական գործիչ,եթե հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումը չտաներ նրան ազատության զոհասեղանի վրա մատաղվելու…
Որքան էլ խոհեմ լինեին Հայրիկյանի այդ զգուշացումները,միևնույն է՝ դեպքերը զարգանում էին սրնթաց ձևով,իսկ շարժման գլուխ կանգնած էր Կոմիտեն,արդեն շատ կասկածելի իր գործողություններով,որն իր կամքն էր թելադրում ազնիվ մղումներով ոտքի ելած ողջ հայությանը,թույլատրելի և անթույլատրելի քայլերի մղելով նրան:Այն ժամանակ,ի հակառակ ԱԻՄ-ի, կոմիտեն չուներ հստակ ծրագիր,կոմիտեականները բոլորովին պատրաստ չէին կառավարելու շարժումը,նրանք պատկերացում անգամ չունեին իրենց հետագա քայլերի մասին և հենց այս անպատրաստ լինելն էր,որ նրանց մղում էր անխոհեմ քայլերի և հակաազգային պրովոկացիաների խթանման,կամ՝ ո՞վ գիտե,ինչն այսօր ավելի տեսանելի է թվում՝ այնտեղ թափանցած որոշ մարդիկ հատուկ ծրագի՞ր էին իրականացնում:Հենց 88-ին արդեն սկսվել էր մի տեսակ անհանդուրժողականության,թշնամության մթնոլորտ ձևավորվել Կոմունիստների հանդեպ:Կոմիտեականներն իրենց ելույթներում անվերջ շեշտում էին,որ իրենք բոլորովին նպատակ չունեն իշխանություն գրավելու,բայց իրականում ամենաանթույլատրելի մեթոդներն էին ձեռնարկում Կոմունիստներին վարկաբեկելու և տապալելու համար:Երկրում տեղի էին ունենում կազմակերպված մասսայական թունավորումներ,խոշոր քիմիական գործարաններում՝ պայթուններ,զինվորների վրա հարձակման սադրիչ կոչեր և այլն:Հանրապետությունում ճանաչված ու հարգված դեմքեր,ինչպես օրինակ՝ Վազգեն Առաջին Կաթողիկոսը,Սոս Սարգսյանն ու ուրիշներ,հեռուստացույցով կոչ էին անում չենթարկվել սադրանքների,չմասնակցել անթույլատրելի ակցիաներին,որի պատճառով այդ հարգարժան մարդիկ ու մտավորականները անխնա ծաղրվում ու վարկաբեկվում էին ինչպես կոմիտեին սատարողների կողմից,այնպես էլ հետագայում ՀՀՇ-ի մամուլը հանդիսացող «Հայք» թերթի կողմից: Երկար տարիներ էին պետք,որպեսզի ազգային զարթոնք ապրած ժողովուրդն հասկանար,թե ովքե՞ր,ինչու՞ և ինչի՞ համար կազմակերպեցին այս ամենն,օգտագործելով իրենց ազնիվ զգացմունքները… ԱԻՄ-ը զերծ էր այս ամենից,նրա պայքարի ձևը միայն քաղաքական-գաղափարական էր ու թեև ԱԻՄ-ն էր,որ գաղափարապես Կոմունիստների համար առաջին հակառակորդն էր հանդիսանում,բայց պայքարի իր ձևերի մեջ մնում էր զսպված,ազնիվ ու մաքուր:
1988թվականի Մայիսի 28-ն էր՝ հարյուրամյակներ պետականություն չունենալուց հետո,առաջին Հանրապետության կայացման 70-ամյակի օրը…Համալսարանական երիտասարդների խումբը,իրեն առաջնորդ ունենալով Մովսես Գորգիսյանին,շարժվեց դեպի Ազատության Հրապարակ:Նրանք առաջին անգամ բարձր բռնած բերում էին Նժդեհի , մեր ազգային մյուս հերոսների և Պարույր Հայրիկյանի նկարները:Հրապարակում հավաքված ժողովուրդը քարացել էր մի պահ,քանզի շարժումը 3 ամիս շարունակ զարգացել էր միայն մարդկային ավելի հոծ բազմություն հավաքելու առումով,հայության սրտին ծանրացել էր Սումգայիթյան արյունոտ ջարդերի ցավը ևս, և ոչ մի հուսադրող առաջընթաց չկար:Այդ օրը Մովսեսը բարձրացավ հարթակ և 68 տարի ու էլի 3 ամիս Սովետական դրոշների ծածանումը
տեսած,միաբերան «Լենին,պարտիա,Գորբաչով» վանկարկող միլիոնանոց հայության հայացքի դիմաց պարզեց ԵՌԱԳՈՒՅՆԸ…
68 տարի անց,Երևանում նորից ծածանվեց Հայոց Եռագույնը:Ալեկոծվեց ժողովուրդը,հնչեցին ելույթներ Սիլվա Կապուտիկյանի,Վարագ Առաքելյանի և էլի ուրիշների կողմից,ովքեր իրենց ելույթներից առաջ,կամ՝ հետո, կռանում ու համբուրում էին եռագույնը:Հանկարծ երևացին կոմիտեականներն ու իրարով անցան,բղավում էին՝ «պռովակացիա է՜,պռովոկացիա՜»:Աշոտ Մանուչարյանը և էլի մի քանիսը առաջ անցան:Բազմությունը հուզված էր,հնչում էին իրարամերժ կարծիքներ,սակայն անդառնալիորեն կատարվել էր մի բան,որը նոր լիցքեր էր հաղորդելու մարդկանց և արթնացնելու էր թմբիրից:
Ահա այսպիսին էր ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ՝ մեր Մոսոն…
Հայությանը ԵՌԱԳՈՒՅՆ պարգևած Անկախության զինվորը…
Այս դեպքից ոգևորված,գտա համապատասխան գույների կտորներ,կարեցի եռագույն դրոշ և երկու օր անց,Մայիսի 30-ին Արտաշատյան հանրահավաքի ժամանակ,երբ եղբորս՝ Սամվելի 6-ամյա որդին՝ Հակոբը, հարթակից հայրենասիրական մեկ երգ կատարելուց հետո, բոլորի համար հանկարծ անսպասելի «ան-կա-խութ-յուն,ան-կա-խութ-յուն» վանկարկեց, հանեցի Արտաշատի թատրոնի քարե սյունին ամրացված Սովետական Հայաստանի դրոշն ու նրա փոխարեն ամրացրեցի Եռագույնը…
Արտաշատի կոմիտեի տղաներից մեկը՝ Համբարձում Ասատրյանը, անմիջապես նետվեց դեպի իմ կողմ,քաշեց ու փայտե պոչը կոտրելով վայր բերեց Եռագույնն ու հարթակից կոպտորեն նետեց հավաքված մարդկանց ոտքերի տակ,հետո ձեռքիցս արագորեն վերցրեց Սովետական դրոշն ու ամրացրեց իր տեղում,բարձրախոսով հայտարարելով թե՝.
-Ժողովուրդ,ես բանակում էս դրոշի տակ եմ երդում կերել ու էս դրոշը սուրբա իմ համար…
Հետո թեքվեց ու սկսեց վիճաբանել ինձ հետ:Վեճին միացան Համբարձումի միջամտությունից դժգոհ մարդիկ:Ակնհայտ էր,որ նա բավականին վախեցած էր ու միաժամանակ իր քայլով հասկացնել էր տալիս,որ իրենցից առաջ անցնող չպետք է լինի,քանի որ ողջ Հանրապետությունում Կոմիտեն մի տեսակ «որդեգրել» էր շարժումը:Կոմիտեի մյուս տղաները ձեռնպահ էին:Կատարված այս միջադեպերը և էլի սրանց նման շատերը չթունավորեցին մեր հոգիները և երբ 1988թվականի երկրաշարժից հետո ձերբակալվեցին ու Մոսկվայի Բուտիրյան և Մատրոսկայա Տիշինա բանտեր տարվեցին ԼՏՊ-ն ու կոմիտեի մյուս տղաները,ԱԻՄ-ն առաջինն էր,որ բոլոր հնարավոր միջոցներով սատար կանգնեց նրանց ու նրանց ընտանիքներին:Մովսես Գորգիսյանը կազմեց և ԱԻՄ-ի միջոցներով լույս տեսցրեց կոմիտեի ձերբակալված անդամների լուսանկարներով,նրանց մասին պատմող մի գրքույկ,որի վաճառքից գոյացած գումարով օգնություն հատկացվեց ձերբակալվածների ընտանիքներին:Հայրիկյանը Վաշինգտոնում կազմակերպեց հանրահավաքներ,բողոքի ակցիաներ,ի պաշտպանություն նրանց:Բազմաթիվ ԱԻՄ-ականներ Հանրապետության տարբեր շրջաններում վաճառում էին կոմիտեականների անուններով շքանշաններ,որպեսզի հասույթը հատկացվի նրանց ընտանիքներին:Կոմիտեականների ձերբակալվելուց հետո Գորբաչովի հրամանով արգելվել էին հանրահավաքները Հանրապետությունում:Ընդունվել էր օրենք,որի համաձայն հանրահավաք կազմակերպողը կպատժվեր մինչև մեկամսիա ազատազրկմամբ և որոշակի գումարի չափով տուգանքի:Շատերը խուսափում էին գնալ անգամ թատերական հրապարակ:Բայց համարձակ մարդիկ միշտ էլ գտնվում էին:
Արտաշատի թատրոնի հարթակի վրա միացված էին բարձրախոսները և ոչ ոք սիրտ չէր անում հայտարարել ու սկսել հանրահավաքը:Ներքևում ,հավաքված բազմության մեջ կանգնած էին միլիցիայի և ԿԳԲ-ի աշխատակիցներն ու լուռ հետևում էին բազմությանը:
Ես եկա,մի քանի րոպե կանգնեցի բազմության մեջ ու հետո, ներքին մի մղումով բարձրացա հարթակ,մոտեցա բարձրախոսին և հայտարարեցի՝.
-Այսօրվա հանրահավաքը հայտարարում եմ բացված:Այն նվիրված կլինի «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված տղաների ազատությանը…-և սկսեցի շարադրել մտքերս ու կոչ անել պայքարելու կոմիտեականների ազատության համար:
Հարթակից իջնելու առաջին իսկ րոպեին ինձ շրջապատեցին միլիցիայի աշխատակիցները և պահանջեցին հետևել իրենց:Տարան Արտաշատի միլիցիայի բաժին:Բոլորի աչքի առաջ կատարված այս բացահայտ դեպքի հարցաքննությունը տևեց ուղիղ երկու ժամ:Գործ կազմելուց հետո ինձ ազատ արձակեցին:Մեկ ամիս անց գործն ուղարկվեց դատարան և դատարանի վճռով 30 ռուբլի տուգանք գանձվեց ինձնից:
Այսպիսի փոքր ու մեծ զոհողություններով էր,որ շարժումը տարվում էր առաջ:
1988-ը թեև ազգային զարթոնքի,ազգային համախմբման թվական էր,բայց և մեծ կորուստների թվական էր նաև:Կորուստներ,որոնք միայն նոր էին սկիզբ առել և շարունակվելու էին այնքա՜ն երկար ու այնքա՜ն դաժանորեն,որ սարսափելի էր դառնալու շահած հաղթանակի հետ նժարին դնելն անգամ…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ