ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, August 29, 2014 8:34 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 15

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 15

1977 թվականն էր:Ես 16 ամյա աղջիկ էի,երբ 4 ամիս շարունակ,բոլորից գաղտնի սկսեցի լույս տեսցնել ձեռագիր տպատառով գրված ամսաթերթ «ՀՈՂ» վերնագրով:Այդ ժամանակ արդեն իմ բանաստեղծություններն էի տանում Հ.Շիրազի մոտ ստուգման և ունեի նրա անտիպ,այն ժամանակ արգելված «Հայոց Դանթեական» պոեմի մի հսկա հատվածը՝ ձեռագրով գրված:Եվ իմ լույս տեսցրած թերթում զետեղում էի այդ պոեմից հատվածներ,հողերի պահանջատիրության հարցով կոչեր,հայրենասիրական հոդվածներ ու բանաստեղծություններ:Երբ պատրաստ էին լինում մեկ մետր երկարություն և յոթանասուն սանտիմետր լայնություն ունեցող տպարանային թղթի վրա տքնաջան աշխատանքով գրված այդ թերթի մի քանի տասնյակ համարներ,ես դրանք ծալում փոքրացնում էի և ամենահարմար պահերին գցում արտաշատցիների փոստարկղերը:Մի քանիսն էլ տալիս էի ընկերուհուս՝ Արմինե Արշակյանին,ով միակն էր այն ժամանակ,որին վստահում էի գաղտնիքս և ով օգնում էր ինձ տարածելու դրանք:Հաջորդ օրը քաղաքը բզզում էր մեղվի փեթակի նման:Մարդիկ շշուկով ու զարմացած մտքեր էին փոխանակում:Հայրս,նրա այլախոհ ընկերն ու Երևանից եկած մյուս մարդիկ ևս խոսում էին այդ մասին ու զարմանում,թե ո՞վ կարող է լինել,որ իրենք չգիտեն:Իսկ ես լու՜ռ լսողի դերում էի և չափազանց գաղտնապահ:
Ճիշտ այդ ժամանակ էր,որ հայրս մեր տուն բերեց Հակոբջան Թադևոսյանին պատկանող մի բավականին հաստափոր գիրք՝ «Հուշամատյան Մեծ Եղեռնի» վերնագրով,որը տպագրվել էր արտասահմանում և մեծ դժվարությամբ,գաղտնի ճանաարհներով բերվել Հայաստան,ինչպես Հակոբջանի ունեցած շատ գրքեր:Այնտեղ կային գաղթի ճամփեքին ու Դեր Զորում, գերմանացի սպայի կողմից արված, եղեռնին վերաբերվող բազմաթիվ լուսանկարներ,թուրքական կառավարության հրամաններ,հոդվածներ,վերապրածների հիշողություններ,կոչեր և այլն:
Ես կարճ ժամանակում,ագահությամբ կարդացի ամբողջ գիրքը և իմ գլխում մի միտք հղացավ…
Մոտենում էր 1978 թվականի Ապրիլի 24-ը:Ես իմ մտադրության մասին տեղյակ պահեցի ավագ եղբորս՝ Սամվելին և նա դարձավ իմ գաղտնի գործակիցը:Այդ ժամանակ ես 17 տարեկան էի,իսկ Սամվելը՝ 15:Սկսեցի դպրոցական տետրի էջերի վրա ձեռագիր տպատառով արտագրել գրքում եղած կոչերից մեկը,որը վերաբերվում էր Հայոց ցեղասպանությանն ու կորցրած տարածքների պահանջատիրությանը:Ապրիլի 23-ին արդեն պատրաստ էին բավականին քանակությամբ թռուցիկներ,որ մենք ՝քույր ու եղբայր պատրաստվում էինք փակցնել ամբողջ քաղաքում:Ապրիլի 23-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում,բարեկամի տուն այցելելու պատրվակով մենք դուրս եկանք տանից ու հասանք Արտաշատի մյուս ծայր:Երբ ետ էինք գալիս,արդեն գիշերվա ժամը 24-ն էր և իմ պայուսակում էին բոլոր թռուցիկներն ու սոսինձը:ՈՒշադիր զննելով,որ փողոցում մեզ մարդ չտեսնի,ես արագ-արագ սոսնձում էի թռուցիկներն,իսկ Սամվելը դրանք փակցնում էր կենտրոնական ճանապարհի աջ ու ձախ մասերում գտնվող շենքերի,գրադարանների,խանութների և հիմնարկությունների պատերին ու դռներին:Նախավերջին թռուցիկը Սամվելն իր նախաձեռնությամբ փակցրեց Արտաշատի ԿԳԲ-ի դրսի երկաթյա դռան վրա,իսկ վերջինը մնաց ինձ մոտ,որը պահպանել եմ մինչ օրս:Այսպիսին էր այդ թռուցիկի բովանդակությունը՝.

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՅՈՑ ՀՈՂԱՅԻՆ ԴԱՏԻ
ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՇՈՒՐՋԸ
…1915թ.էր,երբ սկսվեց հայկական ցեղասպանությունը,որին զոհ գնացին շուրջ
մեկ ու կես միլիոն հայեր:Ամայացավ Արևմտյան Հայաստանը,կործանվեցան
Հայոց շեները,թալանվեցին նրանց հարստությունները:Մեծ եղեռնի հեղինակներ
Թալիաթն ու Էնվերը ցանկացան վերջ դնել Հայկական հարցին:Սակայն չհաջող-
վեց:Հայկական Հանրապետությունը հաղթանակ հանդիսանալով,չի նշանակում
Հայկական հարցի լուծում:Անլուծելի կմնա Հայկական հողերի ազատագրության
արդարագույն դատը:ՈՒստի կոչ ենք անում երբեք չհրաժարվել սրբազան դա-
տից,նոր եռանդով և աննահանջ կորովով շարունակենք հետապնդել մեր հողային
դատը,պահանջելով Արևմտյան հողերի ազատագրումը և նրա կցումը ներկա
Հայկական Պետության հողամասին…

Հաջորդ օրը հորս կանչեցին ԿԳԲ:Ամբողջ քաղաքը նորից մեղվի փեթակ էր դարձել:Մարդիկ հավաքվել էին քաղաքի թատրոնամերձ հրապարակում իբր զրուցելու,բայց իրականում քննարկվում էր այս աննախադեպ երևույթը,որի մասին մեզ լուր բերեց այդ ամենից անտեղյակ հորեղբայրս:Ասել,թե մենք լրիվությամբ գիտակցում էինք մեր կատարածի վտանգավորությունն ու դրա հետևանքները՝ ճիշտ չի լինի:Գիտեինք,որ վտանգավոր գործ ենք կատարում,բայց ի՞նչ չափի՝ չգիտեինք:Մեր հոգիներում անդառնալիորեն բույն դրած պապերի կորցրած «էրկրի» ցավն ու վրեժի ցասումը,դրան էլ գումարած մեր անփորձ ու հանդուգն պատանեկությունը,մեզ մոռացնել էին տալիս վտանգը և մղում թռիչքների:
ԿԳԲ-ում հորս դեմ դրած թռուցիկը, տպատառերով անգամ ճանաչելի էր եղել նրան և նա անմիջապես հասկացել էր ,որ դա իմ ձեռքի գործն է,չնայած կտրականապես հրաժարվել էր և ասել,որ տեղյակ չէ, թե ով է դրա հեղինակը:Այդ օրը հորս արգելվեց բացակայել Արտաշատից և նա զրկվեց Ծիծեռնակաբերդ բարձրանալու ամենամյա իր պարտքը կատարելուց:Սակայն այսքանով չվերջացավ հորս «պատիժը»:Այն դեռ կազմակերպվելու էր նրա դեմ մեկ տարի անց,որի պատճառով անդառնալի հարված հասցվեց մեր ողջ ընտանիքին և մենք,այդ ընտանիքի երեք երեխաներս տեսանք ու հասկացանք,թե ինչ չափերի են հասնում անարդարությունը,անմարդկայնությունն ու կաշառակերությունը Սովետական կոչված երկրում:Այդ մասին խոսել անգամ չեմ ցանկանում…
Հայրս շա՜տ,ահավոր էր բարկացած այս կապակցությամբ:Նա ստիպում էր ինձ խոստովանել,որ դա իմ նախաձեռնությունն է,իսկ ես հրաժարվում էի:Նա չէր էլ հավատում իմ խոսքերին,համոզված լինելով իր ենթադրության մեջ, և բացատրում էր ինձ,թե ինչ վտանգ է պարունակում այս ամենը:Միայն տարիներ հետո ես խոստովանեցի իմ «մեղքը» և նրան տվեցի կարդալու ինձ մոտ պահվող այն մեկ հատիկ թռուցիկը:
Հաջորդ օրն իսկ,«չգիտես թե որտեղից» այս մասին իմացել էր նաև պատմության ուսուցչուհիս և չզլացավ մեկ անգամ ևս դասարանի առաջ , իբրև հարց ծառայող իր չափազանցված հորինվածքով տարածել լուրը՝.
-Ճի՞շտ է,որ ձեր տանից ԿԳԲ-ն խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ հակասովետական թռուցիկներ է գտել:
Իսկ ԿԳԲ-ն երբեք խուզարկություն չէր կատարել մեր տանը և ոչ էլ մենք խոստովանել էինք մեր արարքը:
Ես վաղու՜ց ներել եմ իմ ուսուցչուհուն,որն այժմ էլ ապրում է Արտաշատում:ՈՒ չգիտեմ,թե այսօր արդեն ի՞նչ է մտածում ,ի՞նչ է զգում ազգային հարցերի վերաբերյալ:Ի՞նչ է մտածում ամենուր,նաև Արտաշատում բարձրացված մեր ազգային հերոսների արձանները տեսնելիս:Ես նրան վերջին անգամ տեսա Ղարաբաղյան շարժման սկզբում,երբ բազմամարդ ազգահավաքներ էին տեղի ունենում Արտաշատում:Շատ զարմացա,երբ նկատեցի նրան միտինգին մասնակցող ժողովրդի մեջ:Ես լու՜ռ տեղավորվեցի ուղիղ նրա թիկունքում և տեսնում էի,թե կոմիտեականների ամեն խոսքից ու կոչերից հետո ինչպես է նա գլխով համաձայնության նշան անում:Հանկարծ նա շրջվեց ետ,մեր հայացքներն հանդիպեցին ու նա սկսեց ժպտալ:Ամեն բան ասված վերջացած էր արդեն…
Տարիներ անցան,մենք մեծացանք:Ես ստացա կրթություն,եղբայրներս սովորեցին մասնագիտություն:Ամուսնացանք:Բայց շարունակում էինք ապրել բավականին համեստ կյանքով,ինչպես մեր բոլոր հարևանները:Մեր փողոցում շռայլ ապրող ընտանիքներ չկային,բոլորն էլ չարքաշ,իրենց ազնիվ աշխատանքով օրվա հացը վաստակող մարդիկ էին:Անհերքելի է,որ սովետական շրջանում ևս շատերը գողանում էին պետությունից,զարտուղի ճանապարհներով,կաշառք վերցնելով՝ հարստություն էին դիզում:Մենք և մեր նման շատերը,ովքեր «անշնորհք» էինք այդ գործում,ապրում էինք մի կերպ, ծայրը-ծայրին հասցնելով:Հորս միշտ մեղադրում ու ծաղրում էին,ժամանակին համընթաց շարժվել չկարողանալու համար:Մեր նմանները չունեին ավելորդ ոչ մի եկամուտ՝ խանութներում բացեիբաց կատարվող թերակշռումների և մանրը չվերադարձնելու ծախսերի համար,բժիշկներին,դպրոցների ուսուցչական կազմին,ԲՈՒՀ ընդունվելու համար դասախոսներին,աշխատանքի տեղավորվելու համար մեծ ու փոքր չինովնիկներին կաշառելու:Իսկ Սովետական երկրում ևս,եթե կաշառել չէիր կարող,ուրեմն՝ ոչնչի հասնել չէիր կարող:Չնայած, պետք է ասեմ,որ կային բացառություններ…Բայց դեռ չգիտեինք,որ գալու են ժամանակներ,երբ սովետական երկրի գարշահոտ իրականությունը հարյուրապատկվելու է և վեր է ածվելու «օրենքի ուժ ստացած» ապրելակերպի:Որ գալու են ժամանակներ ու ավելի մեծ գողեր են ի հայտ գալու,ավելի ցայտուն են դառնալու մարդկանց սոցիալական տարբերությունն ու անարդարությունները…
Հասկանալով,տեսնելով ու մեր մաշկի վրա զգալով այս ամենը,համակերպված եղած վիճակին,աշխատում և ապրում էինք բացարձակապես մեր արդար քրտինքով,չխանգարելով ոչ ոքի,չնախանձելով ոչ ոքի և չհամեմատելով մեզ ոչ ոքի հետ:Այն, ինչ որ մերը չէր՝ ուրեմն մերը լինել չէր կարող:Այս գիտակցությամբ էր մեզ դաստիարակում մայրս և սա այնքա´ն ամուր էր նստած մեր ուղեղներում,որ ոչ ոք և ոչինչ այն խաթարել չէր կարող և չգիտեինք,որ բախտի չար խաղով,մի օր մեզ՝ նույն ընտանիքի բոլոր երեք երեխաներիս ձերբակալելու էին և Հայաստանի գերագույն դատարանում դատապարտելու էին պետական հատկապես խոշոր չափի գույքի հափշտակման և բանդիտիզմի մեղադրանքներով…ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԷԻՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳՈՂԵՐՆ ՈՒ ԲԱՆԴԻՏՆԵՐԸ…
Այսպես,ինքներս մեզ համար,առանց որևիցէ բանով աչքի ընկնելու,աշխատում և ապրում էինք:Մենք՝ երեք երեխաներս էլ ամուսնացել էինք և եղբայրներս երկուսն էլ, իրենց ընտանիքներով հանդերձ,հայրս-մայրս էլ նրանց հետ,միասին բնակվում էին նույն տան մեջ: Չափազա՜նց համերաշխ էր մեր ընտանիքը,այնքա՜ն համերաշխ,որ ուրիշ ընտանիքներում եղած հարս-սկեսուր հավիտենական հակասությունների դեպքում,ամբողջ շրջապատում օրինակ էինք ծառայում:
Ահա այսպիսին էր մեր կյանքը,երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը…
1988թ.-ի փետրվարի 20-ին մեր ողջ ընտանիքն արդեն Երևանի Ազատության Հրապարակում էր…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

martin
Aug 31, 2014 3:28