ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, August 16, 2014 23:53 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 10

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Մաս 10

Աքաղաղների կանչն ու մզկիթից լսվող ազանի ձայնը ավետում են,որ լուսաբաց է և մենք արթնանում ենք հանգի՜ստ ու խորը քնից:Քուն,որի նմանը երբեք չի եղել իմ ողջ կյանքում:Այս մասին մտածել ու զարմացել եմ ամբողջ հետագա տարիների ընթացքում:Ո՞րն էր գաղտնիքը:Գուցե գեներով ինձ փոխանցված կարոտն հագեցավ ու կարոտի ցավից թոթափվե՞ց հոգիս,հանգստացա՞վ,ո՞վ գիտե…
Երկրորդ լուսաբացն է Վանում:Մենք արագ-արագ վեր ենք կենում,պատրաստվում ,որ պետք է վերջապես Մխկներ գնանք:Բոլորս մի տեսակ հուզված ենք,լարված,մի տեսակ խորհրդավոր լռություն է տիրում:
Բակում կանգնած մեր մեքենան նստելիս, Հաջին նայում է երկինք ու աղոթքի խոսքեր մրմնջում:Շարժվում ենք:Նորից մտնում ենք կենտրոնական մայրուղի , անցնում Վանա կատուների արձանի կողքով և թեքվում դեպի աջ:Մայրուղու և նրանից աջ գնացող երկրորդական ճանապարհի բաժանման կետում դրված է երկանք աղացող կնոջ մի արձան,այնքան մե՜ծ ու գեղեցիկ,այնքա՜ն բնական:Գլխաշորով կինը նստած, երկանք է պտտում ու ձավար աղում:Ես մտածում եմ՝ ի՞նչ կլիներ,եթե Երևանից շրջաններ տանող ճանապարհների վրա դրված լինեին ասենք՝ ձծում խփող,կամ՝ լավաշ թխող կանանց արձաններ ու նմանատիպ բաներ,որոնք Հայաստան եկող զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն կառաջացնեին մեր ավանդական կենցաղի մասին:Չ՞է որ արտասահմանյան զբոսաշրջիկներն այսօր միապաղաղ,չոր ու ցամաք Եվրոպաներից ձգտում են գնալ հին ու յուրահատուկ մշակույթ ունեցող երկրներ,գոնե մի կարճ ժամանակ ապրել նրանց նիստ ու կացով,ճաշակել նրանց ազգային ուտեստները:Եվ մինչ մենք ամեն բան անում ենք Եվրոպականանալու համար,Թուրքիան կազմակերպում է բավականին բարձր արժողությամբ հատուկ տուրիզմ, իր լեռնային գյուղերում,որտեղ Եվրոպացի տուրիստները գունազարդ փալաններ ունեցող էշերով շրջում են լեռներում,ճաշակում խաղողի թփով փաթաթած տոլմա,մարագներում սովորում ոչխար կթել և այլն:Ինչե՜ր չէինք անի մենք,եթե հեռուները նայելու և օտարներին ընդօրինակելու փոխարեն նայեինք ինքներս մեզ ու գնահատեինք մեր ունեցածը…
Ճամփեզրին նստած երկանք պտտող կնոջ արձանի մոտից թեքվելով աջ,մենք շարունակում ենք ճամփան դեպի Մխկներ:Չորս կողմը լեռներ են,անմշակ հողեր,ոչխարի հոտեր:Հանկարծ երևում է Արճակ լիճը,կապու՜յտ,գեղեցիկ հայելի,կանաչապատ ափերով:Սկսում եմ մտածել՝ ինչքա՜ն է պապիս հայացքն ուղղվել այս լեռներին ու լճին,քանի՜անգամ է նա անցել այս ճամփով,հիմի ես՝ նրա թոռնուհին,84 տարի անց եկել ու անցնում եմ այս նույն ճամփաներով,նայում այս նույն լեռներին,նույն լճին:Նայում եմ ու կարծես ինձ հետ,իմ աչքերով նայում են պապս ու տատս,իմ գեներում հավերժաբա՜ր գոյություն ունեցող իմ նախնիք…
Գնում ենք առաջ և հետզհետե լեռներն իրենց տեղը զիջում են անմշակ դաշտերին:Միայն հեռվու՜մ երևում են լերկ գագաթներով բլուրներ:Արճակ լճից թեքվում ենք դեպի ձախ,առաջանում դեղնած,չորացած դաշտերի միջով,անցնում երկաթգիծը :Ճանապարհն հանկարծ սկսում է մի փոքր բարձրանալ դեպի վեր և երբ հաղթահարում ենք ճամփի բարձունքն ու հասնում ամենաբարձր կետին,հանկարծ համատարած այդ դեղնության մեջ, միանգամից մեր առաջ բացվում է կանաչապատ օազիսը՝.
-Մխկներն է-ձեռքն առաջ մեկնելով ցույց է տալիս մեզ Հաջին:
Հայրս միանգամից սկսում է մղկտալ ու արագ էլ լռում է և սրբում արցունքները,Վարդգեսը բերանբաց ժպտում է,ավելի առաջ ձգվելով ու կենտրոնանալով,իսկ իմ սիրտը թունդ է ելնում:Մինչ մենք հուզվում ենք,մեր մեքենան արագ մոտենում է գյուղին և ավելի պարզ են երևում խիտ բարդիները:Սովորական գյուղ է,ա´մենասովորական գյուղերից մեկը:Բայց մեզ համար այդպես չէ:Մեզ համար հայտնություն է,իրական հրաշք,փոքրիկ դրախտ:Մեքենան հասնում է գյուղի պռնկին ու կանգնում:Իջնում ենք:Մեզանից ընդհամենը երկու քայլ այն կողմ երկու քուրդ մանուկներ են իրենց հոր հետ կանգնած,որ զարմացած նայում են օտար համարներով մեքենային:Ես՝ Եվրոպայում ապրող հայուհիս, մի տեսակ նախանձ եմ ապրում և մտածում եմ՝.«երանի ձեզ,որ Մխկներում եք ապրում»:
-Սիրելի եղբայրս,սա Մխկնե՞րն է,-թուրքերենով քրդին է դիմում Հաջին:
-Հա,Մխկներն է-գլխով անելով,դարձյալ թուրքերենով պատասխանում է քուրդը:Միայն հետո է Հաջին բացատրում,որ միմյանց չճանաչող քրդերն իրար հետ քրդերեն լեզվով չեն խոսում,զգուշանում են՝ հանկարծ թուրքը չիմանա:Քրդերեն խոսում են միայն գյուղերում,նույն գյուղի բնակիչները միմյանց հետ,կամ մտերիմ քուրդ մարդիկ:Մինչ Հաջին զրույցի է բռնվում քրդի հետ,ես սկսում եմ ուսումնասիրել հարյուրամյա կավաշեն տներով Մխկները:Այստեղ բացարձակ ոչ մի նորակառույց տուն գոյություն չունի:Հարյուր և դեռ ավելի տարիներ առաջ կառուցված մեր հայկական կավե,անկտուր,ցածլիկ տներին տիրացել են քրդերն ու այդպես էլ ապրում են մինչ օրս:Նորը,միայն հատ ու կենտ այս ու այն տան կավե տանիքներին երևացող մեծ ու ձվաձև ալեհավաքներն են:Հենց մեր դիմաց,խիտ ու հաստաբուն բարդիներից այն կողմ երևում է կլորավուն,ազատ մի տափարակ,իրեն կից աղբյուրով:Քուրդ կանայք ջրի հերթի են կանգնած և հետաքրքրությամբ մեր կողմն են նայում:
-Մխկներու ս.Հարություն եկեղեցին, հենց գեղի սկզբին էր,կանա՜չ խոտերու մեջ,բարդի ծառներու մոտ,ինոր պատի տակն էլ աղպուր կեր,ճուր՝ անու՜շ,անու՜շ-ականջներումս հնչում է պապիս ձայնն ու ես հասկանում եմ,որ աղբյուրի հարևանությամբ եղող տափարակը, հենց հիմնահատակ ավերված եկեղեցու տեղն է:Ամեն բան նույնն է,չկա միայն եկեղեցին:Երկու քայլ առաջանում եմ,ոտքերիս տակ զմրուխտին տվող կանաչն է:Զարմանալի է,թե ինչպե՞ս այս համատարած չոր,դեղնավուն շրջապատում,ճամփան վերջանալուց հետո, անմիջապես սկսվում է այսքան փարթամ զմրուխտյա խոտածածկույթ:
-Տոն օրերուն,Զատկի տոներուն,ամբողջ գեղ մեկ մարդու նման տյուս կյիկեր,գերդաստաններով կնստեր գեղի սկիզբ էղող կանաչներու մեջ,խաց կուտին,քեֆ կանին,զուռնա-դհոլ կզարկին ու կպարի՜ն-նորից լսելի է դառնում պապիս ձայնը-իրեք տուն քյուրդ էր,մնացած խայեր էին,խաղա՜ղ,խաղաղ էր մեր գեղ ու համերաշխ,մենակ,երբ որ թուրք ասկյար կմտներ գեղ,ամեն բան կխառնվեր իրար:
-Մեր գեղի սկիզբ բա՜նձր բադու ծառեր կային-այս անգամ լսելի է լինում Վարդգեսի մոր՝ Արուս տատի ձայնը-1915 թ.-ի Վանի ինքնապաշտպանություն որ պրծավ,կամավորներ չցրվան ուրենց տներ:Թուրք սսկված էր,բայց զգուշավոր:Հակոբ մեկ-մեկ կյիկեր տուն,մե գիշեր կմներ,հետո կերթար,ինչի՞ կյիկեր,ու՞ր կերթա՜ր,հեչ մարթ չէր կյիտնա:Մեր գեղեն էրկու կամավոր կար,մեկ մեր Հակոբն էր,մեկն էլ գեղապետի տղեն:-Հակոբ պապիս մասին իր պատմությունն է ականջներիս մեջ հնչեցնում Արուս տատի ձայնը:-Մեկ օր էլ, առավոտ լուսուն ասկյար լցվավ գեղ,մտան մեր տնեն տարան Հակոբին ու գեղապետի տնեն էլ՝ ինոր տղուն,տարա՜ն,գեղի դեմ էղող բարդի ծառերեն կապին ինոնց:Գեղ խառնվավ իրար:Ասկյար իմացեր էր,որ Հակոբ ու գեղապետի տղեն կամավոր ին կնացի ու Վանի մեջ կռվիր ին ուրանց տեմ:Հետևեր ին,լցվեր ին գեղ ու պռնե:Հակոբ որ տուն կյիկեր,ուր թվանք ու մաուզեր կպախեր,հեչ մարդ չէր կյիտնա թե ուր պախեց:Ասկյարներու ճոչ էնոնց կապեց ծառերեն,ասկյարներ ուրանց թվանքներ քյաշին Հակոբի ու գեղապետի տղու վրան,կայնան:Սաղ գեղ վախեն մտավ տներ,տուռ-դարպաս փակեց:Գեղապետ ու մեր խորոխպեր Բաղդոն իլան կնացին ասկյարներու մոտ:Իտոնց ճոչավորի խետ խոսացին,էն ասավ 80 ոսկի պյիրեք տվեք,ես իմ ասկյարներուն վերցիմ էթամ:Գեղապետ չտվավ,վախցավ:Վախցավ համ ուր ոսկին էրթա կորի,համ էլ տղեն:Մեր խորոխպեր Բաղդոն ասավ ասկյարներու ճոչին՝.
-Կայնի,ես կպիրեմ կիտամ քյո ուզած ոսկին:
Բաղդոն պիրեց 80 ոսկի տվավ,Հակոբին ու գեղապետի տղին ազատեց ինոնց ծեռեն…
Արուս տատի ձայնն իմ ունկների մեջ,ես ուշադի՜ր զննում եմ բարդենիներն ու մտածում.«տեսնես այս բարդիներից որի՞ն է կապված եղել պապս,ո՞ր բարդենին է սրանցից,որ զգացել է պապիս թիկունքի ջերմությունը»:
Արուս տա՜տը…Բարի՜,գեղեցի՜կ,բարձրահասա՜կ,սպիտակամորթ ու խաժաչյա:Նա իրականում Հակոբ պապիս հորեղբոր աղջիկն էր և նրա աղջիկներն ու որդին՝ Վարդգեսը,մինչև իմ պապու մահը նրան քեռի էին անվանում ու բացարձակ խոնարհ էին պապուս առաջ:
-Վանի կռիվ պրծավ-նորից կենդանանում է Արուս տատի ձայնը-մեկ օր էրկու ծիավոր կայնան մեր տուռ:Մեկ Հակոբն էր,մեկ էլ ինոր կամավոր ընգեր:Հակոբի կյալու լուռ առանք,մենք խառնվանք իրար՝ ճաշ իջացրինք թոնիր,ղավուրմա քանդինք,տան խարսներ սեղան քցին:Ես 13-14 տարու աղջիկ էի,կամչնայի,Հակոբի տեմ չէի կայնի:Տղամարդիկ խաց կիրան պրծան,մեկ էլ ընձի ասին,թե Հակոբ կկանչի քեզ, Արուս:Ես իմ կլոխ կախ,կնացի կայնա Հակոբի տեմ,իմ աշկեր վեր չառի,չնայի ինոնց,կամչնայի:Հակոբ ասավ՝.
-Արուս,էս տղուն կտիսնա՞ս,շատ քաջ տղա ի,անուն Վարդան ի:Միասին կկռվինք Վան:Ես ինոր խոստացա,որ կռիվ պրծնի,թե կենդանի մնանք,պարեկամ պիտի տառնանք:Արու´ս,էս կյիշեր կերթաս կմտնիս էս տղու ծոց,էսօրվանեն էնի քյո մարդն ի:-Հանկարծ տեսիլքի պես ինձ երևում է Արուս տատի դեմքն իր բարի՜,բարի՜աչքերով ու անհետանում,իսկ ձայնը շարունակում է՝.-Ես վո՞վ իմ,որ Հակոբի խոսք չլսիմ:Էտ կյիշեր ես կնացիմ, սուս ու փուս մտամ էտ տղու ծոց,տառցամ ինոր կնիկ,բայց ոչ ինոր էրես տիսամ,ոչ ճանչցամ ինոր:Մենակ էն ինձի ասաց.քյա Արուս,տու իմ սրտին շատ տյուր էկար,տու խորոտ ես Արուս:Առավոտ արև չծագած,Հակոբ առավ ուր ընգեր ,ծիեր թամքան ու կնացին:Էտ օր տան խարսներ,որ տիսեր ին Վարդան,ինձի ասին թե ինչ մարդ էր էնի:Մեր տան դրվածք շա՜տ խիստ էր,տան մեջ ամեն մարդ կյիտեր ուր գործ-շարունակում է Արուս տատի կենդանացած ձայնը-մենք գերդաստանով կապրեինք,13 տունինք ամբողջս,բայց միասին,նույն բակի մեջ ու միասին էլ տնտեսություն կվարեինք:Տան ճոչ Բաղդոն էր ու իր կնիկ Անթառամ:Ասածներն օրենք էր:Մեր տան մեջ 7 օրորոց կերթեր կյիկեր:Ճիժ որ կճվար,խարսներեն որ մեկ որ պարապ էր,կվազեր ծիծ կիտեր,իմ ու քյո չկա՜ր մեր տան մեջ:Լուս չպացված,առավոտուն խավխուսոց,մենք ոտի կելնինք,թոնիր կվառինք,խաց կթխինք:Մեր 13 տուն միասինին ու բաժանված չին ցանկապատով,մենք մե ընդհանուր բակ ունինք,ինոր կենտրոն մե մե՜ծ սալքար կար տրած:Անթառամ ամեն առավոտ կպիրեր,ինչքան որ աշխատող տղամարդ կար տուն,էնքան ղավուրմա,պանիր,ծու,խաց ու ճուր կտներ էն սալքարին:Տան տղամարդիկ կյիկեին,մեկ-մեկ կվերցեին ուրանց բաժին խաց ու կեռթեյին հանդ աշխատելու:Մեկ օր էլ, Հակոբ Վանեն էկավ տուն,կարքադրեց որ իմ բողչեն կապիմ:Էնի լսեր էր,որ դրություն լավ չի,ռսի զորք կթողնի Վան,գաղթ կսպասվի:Բայց մենք չինք կյիտնա:Էտ իրիկուն,մեր խորոխպեր Բաղդոն խավքեց մեզ մեկտեղ:Ինոր առաջ իրեք մեծ պուտուկ կար տրած:Ասավ մեզ՝.
-Ամենքտ լավ նայեք իսոնց:Էս պուտուկներու մեջ մեր տներու ոսկին ի լցված:Գաղթ կսպասվի:Հիմի ամենքս մեկտեղ կփորենք ու կխորենք էս ունեցվածք,թող ամենքիտ հայտնի լինի իսոնց տեղ:Թե որ փրկվա՜նք ետ էկանք,էլի մերն ի,թե չէ´,ով որ կփրկվի ետ կյիկա,թող էն խանի ու հավասար բաժնի տան փրկված անդամներու մեջ:Ասավ ու ելան տան տղամարդիկ էտ կյիշերով իրեք տարբեր տեղեր փոս փորին,պուտուկներու բերնին քարեր տրին ու բոլորիս աշկի առաջ ոսկին խորին:Առավոտ Հակոբն առավ ինձի,սելով տարավ Խորգոմ,հանձնեց իմ մարդի մորն ու քուրերուն,ասավ՝.Արուս ծեր խարսն ի,Վարդանի կնիկ,պիրեր իմ:Էնոնք կճանչնային Հակոբ,ուրխցան,առան ինձի տարան վերին օթաղ:Մնացիմ մեկ,երկու ամիս,էլի Վարդանի իրես չտիսամ,զինվոր էր,տուն չէր իկյա:Մեկ օր էլ հրաման էկավ ,որ գաղթ սկսվիր ի:Էլանք մեր շորեր բողչա էրինք ու միացանք գաղթին:Կնացի՜նք խասանք Բերկրիի կամուրջ:Կռիվ,կոտորա՜ծ,մեր մանուկ կուրանար:Գիշեր հրաման էկավ որ սսկվինք նստինք:Ես նստածիմ իմ տալերու խետ,մեկ էլ մե մարդ գրկեց իմ կլոխ ու շալիս վրայեն իմ կլոխ պաչեց:Ես իմ ծեռներով փակիմ իմ աշկեր ու ասիմ՝.
-Վա՜յ,տնավե՜ր,էտ ի՞նչ արիր,ես կարգված իմ,մարդ ունիմ:-Մթան մեջ էն մարդ ասավ իմ ականջին՝.
-Սուս արա Արուս,ես քյո մարդն իմ,Վարդանն իմ:-Ասավ ու կնաց,էլ չտիսամ ինոր:Բերկրիեն կնացինք Պարսկաստանի Սալմաստ քաղաք,էնտեղից էլ՝ Բաղդադ:Բաղդադ որ անգլիացին վրաններ տվեց,տեղավորեց խայերուն,ամեն պան խաղաղվավ,մեկ օր տիսամ,մե բոյով մարդ,թվանքն ուր ծեռ, մտավ վրանեն ներս:Իմ տալեր խառնվան իրար,ուրխցան ,ինձի ասին՝.
-Արուս,մոտ արի,էս մեր ախպերն ի,Վարդանը:-Նոր էտ վախտ տիսա,ճանչցա իմ մարդ: Հետո էկանք խասանք Հայաստան,իմ սրտին շատ տուր էկան կոլխոզներ:Կոլխոզներու դրվածք ճիշտ մեր գերդաստանու դրվածքին կնմաներ:Ես երկու աղջիկ ու մե տղա ծնիմ Վարդանի խամար:Էնի շա՜տ լավ մարդ էր,ու մինչև վերջ էլ շա՜տ կհարգեր Հակոբին:41 թվին կնաց կռիվ ու զոհվավ…
Արուս տատի ձայնը լռում է և ես շուռ եմ գալիս ու մի փոքր երկա՜ր նայում Վարդգեսին՝ Արուսի և Վարդանի միակ արու զավակին,որը ժառանգել էր իր ծնողների գեղեցիկ կազմվածքն ու անսահմա՜ն բարությունը:Երբ Մխկներում էինք,մենք գիտեինք,որ Վարդգեսն արդեն տառապում է անբուժելի հիվանդությամբ,իսկ նա,Վանում շրջագայելու ամբողջ ժամանակ ,շարունակ կրկնում էր՝.
-Էհ,սրանից հետո ի՜նչ կուզի թող ըլնի,ջհանդամին թե չեմ մեռնի, եկամ, Վանը տեսամ,Մխկները տեսամ,էտ ինձ հե՜րիքա:

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ