ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 5, 2014 9:33 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 8

Մեր ավտոբուսը շարժվեց առաջ: Խալիսա գյուղի մոտ դուրս գալով կենտրոնական մայրուղուց, թեքվեցինք աջ և գնացինք դեպի գյուղ: Խալիսա տանող ճանապարհի երկու կողմերում մերկացած,աշնանային դաշտեր էին: Արդեն երևում էին գյուղի տները և հանկարծ, ճանապարհը հսկող միլիցիոները ձեռքի շարժումով կանգնեցրեց մեր ավտոբուսը և պահանջեց իջնել ու ոտքով շարունակել ճամփան: Մենք չգիտեինք, թե ինչ է պատահել,բայց նկատեցինք,որ ճամփին կանգնած են ևս մի քանի մարդատար մեքենաներ:
Շարունակեցինք առաջանալ ոտքով, մտանք Խալիսա ու …կարծես միանգամից ընկանք դժոխք:
Ահավոր գոռում-գոչյունի ձայներ, օգնության կանչեր, լաց ու կոծ: Թեքվեցինք դեպի աջ՝ որտեղից լսվում էին այդ ողբն ու աղաղակները: Ամբողջ փողոցը ծածկված էր փաստաթղթերով, անձնագրերով, ծննդյան վկայականներով, որոնց մի մասը պատառոտված էին: Սկսեցինք մի փոքր վախենալ՝ ադրբեջանցինե՞րն են հարձակվել մերոնց վրա, ի՞նչ է պատահել…
Հետո հանգստացանք այն մտքից, որ հայերիս համար վտանգավոր բան լինելու դեպքում, միլիցիոները կզգուշացներ և թույլ չէր տա մտնել գյուղ: Քանի գնում էինք առաջ, աղմուկն այնքան ավելի լսելի էր դառնում: Առաջին բանը, որ տեսանք՝ ճանապարհին կանգնած մի բեռնատար էր, նրա հարևանությամբ էլ դեղին գույնի «ժիգուլի» մակնիշի մի մեքենա:
Մոտեցանք և ականատես եղանք մի ահավոր տեսարանի…
Արարատի «Ղարաբաղ» կոմիտեի տղաները, անցած Նախիջևանի Զնաբերդ գյուղի փախստականների գլուխ, օգտագործելով նրանց հոգու ցավն ու վրեժի ծարավը, բռնի տեղահան էին անում ադրբեջանցիներին: Նրանց մեջ ես ճանաչեցի Վազգեն Սարգսյանին ու Կամո անունով մեկին, որը հաշմանդամ էր և շարժվում էր ձեռնափայտերի օգնությամբ:
Կամոն կանգնած դեղին «ժիգուլու» մոտ, կատաղի հայացքով հետևում էր այս ամենին, իսկ Վազգենը, արագ-արագ ներս ու դուրս անելով ադրբեջանցիների տները, բարձրաձայն բղավելով հրահանգավորում էր այդ տներ ներխուժած հայերին: Նա ձեռքին ուներ մոմլաթե մի մեծ տոպրակ և պահանջում էր ադրբեջանցիներից թալանած ամբողջ ոսկեղենն ու փողերը բերել ու հանձնել իրեն, ասելով, որ այն պետք է օգտագործվի փախստականներին օգնելու և զենք ու զինամթերք գնելու համար:
Կարճ ժամանակից հետո, այդտեղ հայտնվեցին նաև Արտաշատի կոմիտեականները՝ Հերոսի և Սեդրակի գլխավորությամբ, իրենց հետ բերելով մի քանի արտաշատցի կանանց, որոնք չէին փայլում իրենց բարոյականությամբ և այդ սոդոմ-գոմորը նոր թափ ստացավ:
Տներից բռնի դուրս էին հանում ադրբեջանցիներին, գանակոծելով բերում և ստիպում բարձրանալ բեռնատարի թափք:
Ես և փախստական կանայք կանգնած բեռնատարի հարևանությամբ գտնվող տան մոտ, դիտում էինք այդ ահասարսուռ տեսարանը:
Արտաշատի Կոմիտեականների հետ եկած կանանցից երկուսը բարձրացան բեռնատարի թափք: Նրանք խուզարկում էին այնտեղ գտնվող ադրբեջանցիներին, նրանցից խլելով թաքցրած փողերն ու ոսկեղենը և դրանք հանձնելով Վազգեն Սարգսյանին: Ադրբեջանցիներն արդեն կամովին, լքելով իրենց տները, խումբ-խումբ գալիս էին, որ բարձրանան բեռնատար:
Նրանք պարտադիր ենթարկվում էին գանակոծության և թափքում գտնվողները նրանց մի կերպ քաշում էին վերև: Հանկարծ այդ թոհ ու բոհի մեջ, փողոցով մեկ տարածվեց ահավոր մի վայնասուն:
Երկու թևերից բռնած, քարշ տալով բեռնատարին էին մոտեցնում 70-75 ամյա մի կնոջ:Նա սրտապատառ լաց էր լինում ու բղավում հայերենով՝.
-Չեմ գնա,իմ տնից ոչ մի տեղ չեմ գնա, սպանեք ինձ:
Նրան հասցրեցին մեքենայի թափքի մոտ,ստիպում էին բարձրանալ,բայց ծեր կինը դիմադրում էր: Հետո նրան մոտեցավ Կամոն, բարձրացրեց ձեռնափայտը, ուժգին հարվածով ծեր ադրբեջանուհուն տապալեց գետին և սկսեց, որքան ուժ ուներ, այդ ձեռնափայտով հարվածել կնոջ փորին ու կրծքին:
Մենք քարացանք…
Կողքս կանգնած մորաքրոջս որդին շուռ եկավ մեջքով դեպի տեսարանը, ասելով՝.
-Վայ,Աստված ջան, էս ի՞նչ են անում:
Կամոն շարունակում էր հարվածել ու հայհոյել, իսկ կինն արդեն ծանր էր շնչում, դեմքն ամբողջովին արյունոտվել էր:
Հետո, մեքենային մոտեցած ադրբեջանցի տղամարդիկ նրան բարձրացրեցին մի կերպ ու հրեցին դեպի թափք: Դեռ ուշքի չէինք եկել այս տեսարանից, երբ ինձ մոտեցան երեք երիտասարդ ադրբեջանուհիներ: Նրանք աղեկտուր լաց էին լինում: Նրանցից մեկը, որը կլիներ 17-ից 19 տարեկան՝ հղի էր, երևի արդեն 8-9 ամսեկան:
Հղի կնոջ թևերը մտած աղջիկները սրտապատառ լաց էին լինում ու խնդրում ինձ օգնել,որ հղին անվնաս բարձրանա բեռնատարի թափք,ասելով՝.
-Քույրիկ, քույրիկ, տե´ս, հղի ա, հեսա կազատվի, մի թող որ ծեծեն, վնաս տան, թող բարձրանա մեքենա:
Ես նրանց հետ երկու քայլ արեցի դեպի բեռնատար:
Չարացած աչքերով մի հայ տղամարդ մոտեցավ մեզ:
Ես ձեռքս դեմ արեցի հղի կնոջն ու դարձա հայ տղամարդուն,ասելով՝.
-Ձեռք չտաք, հղի է, թող բարձրանա մեքենա:
-Թող բարձրանա-համաձայնվեց հայը:
Վերևից երկու ադրբեջանցիներ քաշեցին նրան դեպի թափք, բայց հանկարծ, ներքևից նրան մեկնվեցին չորս տղամարդկային ձեռքեր և հղի կինը տապալվեց նրանց ոտքերի տակ: Ես նետվեցի առաջ, բղավելով,որ ձեռք չտան: Բայց Արարատի կոմիտեականներից մեկը գոռաց ինձ վրա, թե՝.
-Ե´տ քաշվիր և ոտքով հարվածեց ձեռքիս:
Մեկ վարկյան ևս, և հղի ադրբեջանուհին հայտնվեց գազազած տղամարդկանց ոտքերի տակ…
Ես շրջվեցի, որ չտեսնեմ այդ ամբողջը: Միայն լսում էի, որ ավելի բարձր էին բղավում ու լալիս ադրբեջանցի կանայք, ասելով. «մեռա՜վ»:
Հետո, երբ շրջվեցի, հղի ադրբեջանուհուն արդեն պառկեցրել էին բեռնատարի թափքի հատակին ու գլխի տակ շոր դրել: Չգիտեի՝ մահացա՞ծ էր նա, թե՞ կենդանի: Կողքիս փախստական կինը շշնջաց ականջիս՝.
-Եթե չի մահացել,անպայման կմեռնի:
Նրա շշնջոցի մեջ ցավ կար, վա´խ…
Նրա, որ ականատես էր եղել նույնատիպ բաների Ադրբեջանում, որ իրականացրել էին ադրբեջանցիները մերոնց հանդեպ: Փախստական այդ հայուհի՜ն, որն անցել էր նմանատիպ դժոխքի միջով, բայց մարդ էր մնացել ու հոգում բույն չէր դրել վրեժը…
Մենք ցավով ու սարսուռով թողեցինք Խալիսան, այնտեղ անելու բան չունեինք այլևս,վերադարձանք ավտոբուս և շարժվեցինք դեպի Արտաշատ:
Հաջորդ օրն առավոտյան լուր ստացա, որ այս դեպքերին ականատես մորաքրոջս 29-ամյա որդին անկողին է ընկել ու տենդի մեջ է: Ես գնացի նրան տեսության: Նա միայն մի բան էր կրկնում շարունակ՝.
-Աչքիս առաջից չի հեռանում էն ծեր կինը, չեմ կարողանում մոռանալ: Պատկերացնում էի, որ մորս էին գցել գետնին ու այդպես ծեծում:
Նա երկու ամիս տենդի մեջ պառկեց անկողնում և հետո կամաց-կամաց կազդուրվեց: Իսկ դեպքի հաջորդ օրն իսկ, Արտաշատի թատերական հրապարակում ինձ շրջապատեցին կոմիտեական Սեդրակն ու նրա հետ Խալիսա եկած ագրեսիվ կանայք:
Նրանք սկսեցին պատասխան պահանջել՝ հղի ադրբեջանուհուն պաշտպան կանգնելուս համար:
Ասում էին՝.
-Ինչի՞ էիր պաշտպանում էդ ադրբաջանցուն, նրա փորից դուրս եկածը վաղը մեզ կմորթի:
Իսկ ես ոչ թե արդարանում էի, այլ պատասխանում հաստատակամորեն, որ հղի արարածի վրա ձեռք բարձրացնելը սրբապղծություն է, գազանություն, որ մենք չենք կարող թուրք լինել, մեր գեներում չկա «թրքություն»:
Ի՞նչ իմանային այդ «հայրենասերները»,որ ինձ համար պատերազմը միայն սահմաններում էր,մեր դիմաց կանգնած թշնամու հետ,բայց ո´չ երբեք՝ դեռ չծնված մանկան…
Ասում էի՝.
« մեր կռիվը սահմաններում է,մարտի դաշտում,թե այդքան քաջ եք,վեր կացեք գնացեք սահման»:
Ասում էի, որ Անդրանիկն անգամ թույլ չէր տալիս, որ վնասեն թուրքի կանանց ու երեխաներին:
Իսկ նրանք անդրդվելի էին: Եվ այս դեպքի պատճառով, ես դարձա ոչ վստահելի մարդ այդ Կոմիտեականների համար:
Այս երկա՜ր ու ձիգ տարիներին, քանի՜անգամ է այս պատկերն եկել իմ աչքերի առաջ ու հեռացե՜լ…
Իսկ տեսնես Սեդրակն հիշու՞մ է այս բոլորը և ի՞նչ է մտածում հիշելիս: Սեդրակը, որն այսօր բարձր պաշտոն ունի Արտաշատում, որը Արտաշատի Սոցապի պետն է և ամեն օր գործ է ունենում ծերերի և կարոտյալների հետ…
«Ինչի՞ էսպես եղավ»…
Կտցում է ուղեղս Իգդիրում հանդիպած և Շիդլույից այսպե´ս բռնագաղթված ադրբեջանցու հարցը, որն այսքանից հետո ժպտալ գիտի մե´զ, փարվե´լ գիտի մեզ, ինչպես մենք՝ մեզ կոտորած, մեր երկիրն ու մեր տունը մեզանից խլած ահա այս վանեցի թուրքին…
Հիշողություններս երկարու՜մ, ձգվում են առաջ…
Ճիշտ այդ ժամանակ՝ 1989-ի նոյեմբերին, մենք՝ Արտաշատի և Արարատի ԱԻՄ-ականներս միավորել էինք մեր ուժերը:
Արարատի ԱԻՄ-ը, որը բաղկացած էր ընդհամենը 4-5 երիտասարդներից, ղեկավարում էր հին քաղբանտարկյալ Արարատ Թովմասյանի որդին՝ Մուշեղ Թովմասյանը:
Մենք համաձայնության էինք եկել միավորել Արտաշատի և Արարատի մեր ուժերը և այդ ընթացքում երկու անգամ հավաքվեցինք նրանց տանը ժողովների,քննարկելու մեր հետագա ծրագրերը: Արդեն 3 ամիս էր, որ ավագ եղբորս՝ Սամվել Մարգարյանի գլխավորությամբ կազմվել էր կամավոր մարտիկների ջոկատ և նրանք, զինված ամենապարզ որսորդական հրացաններով,խրամատավորվել էին Գորիսի շրջանի Արավուս սահմանամերձ գյուղի մատույցներում, որտեղ հաճախակի էին դարձել ադրբեջանական կողմի հրաձգությունները:Ես արդեն այս ջոկատի գոյության մասին տեղյակ էի պահել «Անկախության Բանակ» ստեղծելու աշխատանքներ տանող Մովսես Գորգիսյանին, արդեն կազմակերպվել ու տեղի էր ունեցել Մովսեսի, Աշոտ Նավասարդյանի և Սամվելի հանդիպումը:Նրանք համաձայնության էին եկել նույն գաղափարի շուրջ և փաստորեն, այս ջոկատով դրվեց ԱԻՄ-ի «Անկախության Բանակ»-ի հիմքը, քանզի Անկախության բանակ ստեղծելու Մովսեսի հայտարարությունից րոպեներ անց, ես նրան արդեն հայտնեցի, որ գոյություն ունեցող ջոկատի մարտիկներն անկախականներ են և հաստատապես մաս կկազմեն ստեղծվող բանակին:
Անկախության Բանակին առաջինը անդամագրվողներից էր նաև տեր Գրիգոր քահանան՝ Արծրունի Ավետիսյանը,ով հետագայում պետք է դառնար նաև կամավորական ջոկատի հրամանատար:
Հետագայում՝ 1990 թվականի ապրիլի 2-ին, նորի´ց այս ջոկատի մարտիկները առաջիններից էին, ովքեր դրեցին ՀՀԿ-ի հիմքը, ովքեր մեկ մարդու նման հետևեցին ԱԻՄ-ից հեռացած Աշոտ Նավասարդյանին և դարձան նրա ստեղծած ՀՀԿ-ի ամենաառաջին անդամները:
Մի երեկո, ես ու Մուշեղ Թովմասյանը մեկնեցինք Գորիս, բացատրական աշխատանք տանելու և անդամագրելու ջոկատի մարտիկներին: Նրանք տեղավորվել էին գյուղի հարդանոցներից մեկում և խումբ-խումբ, գիշեր-ցերեկ պարտադիր հսկողություն էին իրականացնում սահմանի վրա փորված խրամատներում:
Երբե´ք չեմ մոռանա այդ օրը:
Չեմ մոռանա բոլոր առումներով…և´ այդ կամավոր մարտիկների քաջության ու նվիրումի, և մեր այնտեղ հասնելու պահին Կոռնիձորի գոմերի մոտ սկսված կրակոցների պատճառով վախից գունատված Մուշեղ Թովմասյանին ավելի լավ ճանաչելու առումով, ով շտապ Կոռնիձոր մեկնող մարտիկներին օգնելու փոխարեն, բառի ամենալայն իմաստով՝ սրտապատառ բղավում էր, թե շուտ արեք, մեքենա տվեք, ես հենց հիմա այստեղից գնում եմ, ես քաղաքական գործիչ եմ, ի՞նչ գործ ունեմ կրակի բերան…
Այսօր Մուշեղն էլ, Մուշեղի նմաններն էլ կարծես «մոռացել» են այս ամենը ու եթե լսես նրանց, ի՜նչ «հերոսական» պատմություններ կպատմեն իրենց երբե´ք չունեցած «քաջագործություններից», որ զարմանք կկտրես…
Իսկ նմանների կողքին՝ մարտիկները…
Պա՜րզ,հասարա՜կ, հաճախ դատարկ ձեռքերով թշնամու դեմ գնացող այս նվիրյալները…
Այս խենթե՜րն, իրավ,ի՞նչ պետք է անեին ադրբեջանցիների և այդ ժամանակ նրանց օգնող Ռուսական կանոնավոր բանակի դեմ իրենց հի՜ն, որսորդական հրացաններով:
Նրանք չէին էլ մտածում այդ մասին:Վտանգված էր Հայրենին, իսկ նրանք մտածելու, կշռադատելու ժամանակ չունեին: Այս քաջերը դուրս էին եկել իրենց կյանքը դնելու ազգի ազատության զոհասեղանին,իմացյալ կերպով…
Նրանց զենքը՝ առաջին հերթին իրենց անկոտրում ոգին էր, որ ունեին, ԿԱՄԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ, որը մեծն Նժդեհի խոսքերով ասած՝ նախ հաղթում է մահվան սարսափն իր մեջ, հետո նոր դուրս գալիս ռազմի դաշտ՝ հաղթելու թշնամուն:
Մտածելու հերթը հետո էր գալու…
Եվ եկավ ժամանակը մտածելու,որ անհրաժեշտ է մի փոքր լավ զինվել: Զենքի մի մասը բերվում էր Ռուսաստանից և բերվում էր որոշակի գումարի դիմաց: Իսկ Խալիսայի դեպքերից ընդամենն օրեր էին անցել: Արդեն կապ էր հաստատվել որոշակի մարդկանց հետ, պայմանավորվածություն էր կայացել զենքերի փոխադրման հարցում, իսկ անհրաժեշտ գումարի չնչին տոկոսը կար ընդամենը, այն էլ, բացառապես, ջոկատի մարտիկների համեստ միջոցներից գոյացած:
Օգնության հարցով, եթե չեմ սխալվում, Մուշեղն էր, որ դիմեց Վազգեն Սարգսյանին:
Իսկ նա կտրականապես մերժել էր, ասելով թե իրենց մոտ ոչ մի գումար էլ գոյություն չունի և լսածը սխալ տեղեկություն է:
Մուշեղը Սամվելին տվեց Վազգենի հեռախոսահամարը:
Եվ մի երեկո, Արարատում հանդիպեցին Սամվելն ու Վազգենը:
Գործի մասին մանրամասն տեղեկանալուց հետո,Վազգենի պատասխանը այս էր եղել՝.
-Էդ փողերից 64 000 կաշառք եմ տվել Արարատի միլպետին, մի քիչ էլ փող է մնացել, էն էլ մեր շրջանի համար է, դուք գնացեք ձեր Արտաշատից ճարեք զենքի փողը:
Սամվելը բարկացել էր, ասել՝ «իմն ու քոնը ո՞րն է, ես որ գնացել եմ սահման ,իմ համար ե՞մ գնացել»:
Բայց Վազգենն անդրդվելի էր մնացել և հազար ու մի պատճառաբանություններով, մերժել էր գումար հատկացնել, չնայած այդ ժամանակ Արարատում չկար ոչ մի զինված խմբավորում,որոնց կարիքների համար պետք է ծախսվեր այդ ահռելի գումարը:
Խալիսայի ադրբեջանցիներից թալանված այդ գումարից ու ոսկեղենից, ինչպես նաև՝ Երևանում և Հանրապետության համարյա բոլոր շրջաններում փախստականներին օգնելու անվան տակ հավաքված խոշոր չափի գումարներից, այդպես էլ ոչ մի գրոշ չծառայեց իր նպատակին և փոշիացվեցին այդ գումարները,տարակուսանքի մեջ թողնելով ժողովրդին…
Դրանք յուրացվեցին Կոմիտեականների կողմից, ովքեր հենց այդպե´ս ու այդ ժամանակի´ց սկսած դրեցին երկիրն ու ժողովրդին խաբելու և անխնա թալանելու հիմքերը:
Վազգենի այդ անբեկանելի «իմն» ու «քո՜ն»-ը՝ իր եսամոլության ու մեծամտության արդյունքը…
Մի բան, որը պահպանվեց մինչև իր անփառունակ կյանքի վերջ…
Այս դեպքից հազիվ էր անցել մեկ ու կես ամիս:1990 թվականի հունվարի 18-ն էր, երբ սկսվեցին Երասխավանի մարտերը:
Եվ Վազգենի օգնության կանչին ամենաառաջինը մարտի նետվեցին «Անկախության Բանակ»-ի Արտաշատի ջոկատի հենց ա´յս մարտիկները, որոնք ոչ Վազգենին հիշեցրին նրա չարաբաստիկ «իմն» ու «քոն»-ը, ոչ էլ իրենք հիշեցին, որ Արարատի շրջանը «իրենցը չէր»:
Նրանց անձնուրաց, կազմակերպված ու հերոսաբար մարտի դաշտ նետվելու վրա զարմացավ անգամ ինքը՝ Վազգեն Սարգսյանը, որը մարտերից հետո պաշտոնական թերթերից մեկում գրեց մի ծավալուն հոդված՝
«Ձեր ցավը տանեմ, Արտաշատցիներ» վերնագրով, հիացական խոսքեր շռայլելով Սամվել Մարգարյանի ղեկավարած ջոկատի հասցեին:
« Ինչի էսպես եղա՜վ»…

Բացվող դռան շրխկոցը ինձ վերադարձնում է իրականություն…Ներս մտած թրքուհին ժպտալով գետնին փռված սփռոցին է դասավորում ափսեները և քիչ անց,ամբողջ սփռոցը ծածկվում է այս հյուրասեր թուրքերի տան բարիքներով՝ վանա շորվա, վանա փլավ, վանա ժաժիկ, վանա խաղող, վանա հաց…համե՜ղ, որպիսին չենք կերել երբևէ…
Հա՞մն է ուրիշ, թե՞ մեր կարոտն է համ տվել այս բոլորին:
Նստած ենք ծունկ-ծնկի տված՝ հայ, թուրք, քուրդ ու նաև քրդացած հայ և վայելում ենք Վանա բարիքները՝ ուրա՜խ, կատակո՜վ:
Ուտելիքը վերցնում ենք նույն ամանից, միմյանց ենք փոխանցում հացն ու մրգերը ու չենք էլ հիշում, որ քրիստոնեա ենք ու մուսուլման, հայ ենք,քուրդ ու թուրք…
« Ինչի էսպես եղա՜վ»…



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ