ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, June 11, 2014 7:18 - չքննարկված
Ինչ է կատարվում Նախիջեւանի հետ սահմանին
Ռուսական Ռեգնումը, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնում է, որ Նախիջեւանի շրջանում ադրբեջանական Լակադաղ գյուղի ուղղությամբ հայկական զինուժը գրոհ է նախաձեռնել եւ տեղի է ունենում մարտ, բնակիչները տարհանվել են գյուղից: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ դա ապատեղեկատվություն է:
Նախիջեւանի ուղղությամբ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել սահմանային միջադեպ: Ադրբեջանական դիպուկահարների կրակոցից զոհվեց երկու հայ պայմանագրային զինծառայող: Նախիջեւանի հետ սահմանի մասով դա փաստացի աննախադեպ սրում էր, քանի որ Նախիջեւանի ուղղությամբ սահմանում միշտ եղել է հանգիստ եւ մինչ այդ ընդամենը տարիներ առաջ մեկ միջադեպ է գրանցվել: Ավելին, տեղի ունեցածը աննախադեպ էր նաեւ նրանով, որ հայկական կողմը պաշտոնապես կասկածներ հայտնեց Նախիջեւանում թուրքական վարձկանների եւ միավորումների առկայության մասին:
Տեղի ունեցածի վերաբերյալ եղան ոչ պաշտոնական տեղեկություններ, թե հայկական կողմը պատասխան կրակ է բացել հայ զինծառայողներին սպանած դիպուկահարների խմբի ուղղությամբ, որոնք սահմանին մոտեցել էին սեւ ամենագնացով եւ եղել են մինչ այդ սահմանի մոտ չտեսնված համազգեստով: Այդ տեղեկություններում հղումն արվում էր դեպքին ականատեսներին, պաշտոնական հաստատում կամ աղբյուր չկար:
Չի բացառվում, որ ադրբեջանական ԶԼՄ-ները Լակադաղի մարտի մասին կեղծ տեղեկություն են տարածում, որպեսզի հետագայում այդ մարտի վրա «դուրս գրեն» օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի իրենց զոհերին, որ եղել են հայկական կողմի պատասխան գործողության հետեւանքով: Ադրբեջանցիները երեւի թե փորձում են քարոզչական գործողության միջոցով ստեղծել տպավորություն, որ հայկական կողմն է նախահարձակ:
Հայկական կողմն օրեր առաջ Նախիջեւանի սահմանի մոտ տեղի ունեցածից հետո ՊՆ էր հրավիրել ԵԱՀԿ գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին եւ ասել, որ միջոցներ ձեռնարկվեն սահմանային իրավիճակը կայունացնելու համար, այլապես ադրբեջանական կողմը կարող է ծանր հետեւանքներ ունենալ:
Ի դեպ, օրերս Ադրբեջանի դեմ պատրաստվող ծանրակշիռ հակահարվածի մասին իր ունեցած տեղեկության վերաբերյալ հայտարարություն էր արել պաշտոնաթող գեներալ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նախօրեին էլ Մոսկվայում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաք էր, որի ընթացքոմ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ քննարկումների մասին չի հայտարարվել, իսկ ՀԱՊԿ-ն որեւէ դիրքորոշում չի հայտնել այդ կապակցությամբ՝ ինչպես միշտ:
Ի դեպ, Նախիջեւանի միջադեպը, երբ երկու հայ զոհվեց, տեղի ունեցավ Թուրքիայում թյուրքալեզու պետությունների Վեհաժողովին զուգահեռ, որին մասնակցող Իլհամ Ալիեւն էլ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահին շնորհակալություն էր հայտնում Աստանայում Հայաստանի վերաբերյալ սահմանային պայմանի հարցը բարձրացնելու համար: – See more at: http://www.lragir.am/index/arm/0/politics/view/100367#sthash.i3PwqaJ6.dpuf