ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, June 5, 2014 20:39 - չքննարկված
Եթե մի օր Արցախյան հարցը լուծվի, այն կլինի մեզ համար առավել անբարենպաստ. Արծրուն Պեպանյան
NewsBook-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը.
– Պարոն Պեպանյան, ո՞րն էր այն հիմնական մեսիջը, որ Պուտինն ուզում էր հասկացնել Սերժ Սարգսյանին՝ Նազարբաևի բերանով, Ադրբեջանի հոխորտանքով հայտարարելով, որ Հայաստանը Եվրասիական միություն պետք է մտնի առանց Լեռնային Ղարաբաղի՝ ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով: Եվ ինչո՞ւ էր, ըստ Ձեզ, մեսիջը փոխանցելու համար ընտրվել Ղազախստանի նախագահ Նազարբաևի ֆիգուրը:
– Բայց մի՞թե դուք չէիք զարմանա, եթե Եվրասիական միություն նախաձեռնողները համաձայնեյին, որ Հայաստանը անդամակցի Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Մենք պաշտոնապես Արցախը չենք հայտարարել Հայաստանի մաս, մեր նախագահը նաև նրանց նախագահը չէ, քանի որ չեն ընտրում նրան: Դուք տեսե՞լ եք Հայաստանի պաշտոնական քարտեզ, ուր ներառված կլինի Արցախը: Եթե մենք Արցախին Հայաստանի մաս չենք ճանաչում /իհարկե, մի շարք արդարացնող պատճառներից ելնելով/, ապա ուրիշն ինչու՞ պիտի համարի: Արցախը ներկայանում է աշխարհին որպես ինքնուրույն պետություն, որին դեռ չեն ճանաչել, այդ թվում` նաև Եվրասիական միություն նախաձեռնող երկրները: Եվ սպասելի է, որ նման պահանջ պիտի դրվեր: Անհարմար այդ վիճակից կարելի կլիներ խուսափել, եթե ընդհանրապես գործ չունենայինք Եվրասիական միության հետ, բայց մեր կարծիքը չեն հարցրել այդ հարցում:
– ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական եռօրյա այցից հետո Ադրբեջանական մամուլը տեղեկություն տարածեց, թե ՌԴ-ն Ադրբեջանին հրավիրել է Եվրասիական միություն: Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ծրագրում մտնել որևէ միություն, այդ թվում’ Եվրասիական տնտեսական միություն և Եվրամիություն: Բայց նաև հայտնել է, որ Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի Ռուսաստանի հետ առևտրի ռեժիմի հարցում’ նշելով, որ այդ ռեժիմը շատ հարմարավետ է: ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների ջերմացումն, ըստ Ձեզ, մինչև ո՞ւր կարող է հասնել և Հայաստանն ի՞նչ հետևություններ պետք է անի դրանից:
– Մենք փողոցային կնոջ նման էժան գնով տրվեցինք Ռուսաստանին, ու հիմա մենք նրա համար էլ հետաքրքիր չենք: Մենք իրենն ենք ու առանձնակի հմայք էլ չունենք, որ մեզ ուշադրություն դարձնի: Ադրբեջանն այս առումով իրեն ավելի ձիգ է պահում /հասկանալի է, թիկունք ունի/, և Ռուսաստանը հարկադրված է նրան սիրաշահել: Հայաստանի հետևությունն այն պիտի լինի, որ փալասի տեղը դռան տակն է: Մենք պիտի ուժ գտնենք մեր մեջ որձ պետություն կերտելու համար: Մենք` աշխարհի հայությունը, ունենք այդ ռեսուրսը:
– Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա եռամսյակում ԼՂ հարցի կարգավորումը, խնդրի կարգավորման ինչպիսի՞ մեթոդ ու տարածքային կտրտվածքներ է ուրվագծվում, ըստ Ձեզ:
– Արցախի հարցը խաղաքարտ է աշխարհի հզորների համար /ինչպես նաև մեր Ցեղասպանության հարցը/, և այդ առումով խնդրի կարգավորումը գուցե շատերին ձեռնտու չլինի: Բայց եթե մենք շարունակենք այսպես անփույթ վարվել մեր երկրի հանդեպ ու շարունակաբար թուլացնենք այն, ապա Արցախյան հարցը մի օր եթե լուծվի, այն կլինի մեր համար առավել անբարենպաստ: Վերևներում կարծես թե չկա վտանգի գիտակցումը: Ներքևներում էլ վհատություն է: Բայց այսպես երկար չի շարունակվի. ազգի արթնացման կանխազգացում ունեմ:
Հարցազրույցը՝ Մարինա ԲաղդագյուլյանիՆյութի աղբյուրը ` http://newsbook.am/?33657&l=am/