ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, May 29, 2014 12:51 - չքննարկված
Գիբրալթարի շուրջ իսպանա-բրիտանական լարվածության վերջին փուլը
Գիբրալթարի պատկանելիության շուրջ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև բուռն հակադրման իրադարձությունների վերջին փուլը սկսվեց նախորդ տարվա ամռանը: Դրա համար որպես առիթ հանդիսացավ Գիբրալթարի իշխանությունների կողմից ծովում բետոնե կոնստրուկցիաների միջոցով արհեստական ծանծաղուտ ստեղծելու փորձը, ինչը զգալի խոչընդոտներ ստեղծեց իսպանացի ձկնորսների համար: Թվում է, թե խնդիրն այն արժեքը չուներ երկու երկրների միջև հարաբերությունները սրելու համար և այն հեշտությամբ կարող էր լուծվել զուտ համապատասխան գերատեսչությունների մակարդակով: Սակայն հաշվի առնելով Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև հակադրությունների հարուստ պատմությունը ընդամենը 6,5 ք.կմ. կազմող այդ տարածքի համար ու դրա ռազմավարական նշանակությունը՝ դժվար չէ պատկերացնել, որ նույնիսկ աննշան դրդապատճառն իր մեջ հակադրման հսկայական ներուժ է պարունակում, և հեռու չէ այն օրը, երբ դա շատ կոնկրետ դրսևորումներ է ունենալու:
Իսպանացի ձկնորսների կրած վնասների փոխհատուցման նպատակով Իսպանիան պատրաստվում էր փակել իր օդային տարածքները դեպի Գիբրալթար թռչող օդանավերի համար և 50 եվրո արժողությամբ տուրք սահմանել Գիբրալթարի ցամաքային սահմանը հատելու համար, որի մասին պաշտոնապես հայտարարել էր այդ երկրի արտգործնախարար Գարսիա-Մարգալյոն: Դրան ի պատասխան՝ Գիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն Իսպանիան համեմատել էր Հյուսիսային Կորեայի հետ:
Զարգացող իրադարձությունների կապակցությամբ Մեծ Բրիտանիայի անհանգստության լրջության մասին վկայեցին ամենաբարձր մակարդակով հնչեցված մտահոգություններն ու հայտարարությունները: Մասնավորապես, այդ երկրի վարչապետ Դ. Կէմերոնը և արտգործնախարար Ու. Հեյգը՝ միմյանց կրկնելով, մի քանի անգամ ընդգծված ձևով նշեցին, որ «Մեծ Բրիտանիան միշտ լինելու է Գիբրալթարի շահերի պաշտպանը»: Իսկ Գիբրալթարի իշխանությունների կողմից տեսակետներ են հնչում այն մասին, որ Իսպանիայի կողմից մշտապես կրկնվող նման սադրանքներն իրականում այլ նպատակներ են հետապնդում. այդ միջոցով իսպանական իշխանությունները փորձում են շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը իր երկրի ներսում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից և, որ ամենակարևորն է, հնարավորինս մեղմել անջատողական զարգացումները հենց Իսպանիայի ներսում /Կատալոնիա, Բասկերի երկիր և այլն/: Թեև, հարկ է նշել, որ նման անջատողական տրամադրություններով հարուստ է նաև իսպանական Անդալուսիան, որն անմիջականորեն սահմանակցում է Գիբրալթարին, և որտեղի շուրջ 10 հազար իսպանացիներ ամենօրյա աշխատանքի են մեկնում թերակղզի: Իսկ իսպանական իշխանությունների կողմից սահմանային անցակետում ստեղծված խոչընդոտներն ու դժվարությունները առաջին հերթին կարող են լուրջ դժգոհություններ ծնել հենց իրեն՝ իսպանական իշխանության նկատմամբ:
Իսպանական նավերը /այդ թվում՝ նաև ռազմական/ բազմիցս մուտք են գործում Գիբրալթարի ջրային տարածքներ ու նավարկելով ափային գոտու երկայնքով՝ մշտապես լարվածություն են ստեղծում ու գրգռում են Գիբրալթարի իշխանություններին, որի կապակցությամբ թե թերակղզու, թե Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչություններն ու վերջինիս ռազմածովային ուժերի հրամանատարությունը դիվանագիտական միջոցներով կոչ են անում իսպանացիներին հեռանալ ու այլևս չկրկնել նման գործելաոճը. «Մենք շարունակում ենք երաշխավորել, որ Թագավորական նավատորմը այլևս կոշտ միջոցների կդիմի: Միևնույն ժամանակ մենք համոզված ենք, որ մեր տարաձայնություններն Իսպանիայի հետ պետք է լուծվեն դիվանագիտական ու քաղաքական միջոցներով, այլ ոչ թե՝ ռազմածովային հակամարտությամբ»: Մինչդեռ, Իսպանիայի վարչապետ Մ. Ռահոյը Գիբրալտարն անվանել է «անաքրոնիզմ», որը մշտապես լարվածություն է ստեղծում տարածաշրջանում:
Հետաքրքիրն այն է, որ ըստ էության հանդիսանալով Մեծ Բրիտանիայի գաղութը՝ Իսպանիայի կողմից տարածքային ոտնձգությունների ամեն մի փորձի ժամանակ Գիբրալթարի իշխանությունները հղումներ են կատարում ինքնիշխան պետության իրավունքների միջազգային նորմերին ու դրանց հիման վրա տարբեր երկրներին /առաջին հերթին Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին/ կոչ են անում դիվանագիտական լծակներ կիրառել իսպանական «ախորժակները» զսպելու համար: Միևնույն ժամանակ՝ չբացառելով իրավիճակից դուրս գալու ռազմական ուղու հնարավորությունը, կամ թե պարզապես դրան պատրաստակամ լինելու ցանկության ցուցադրման համար, Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ պատրաստվում է ռազմական նավեր ուղարկել Գիբրալթարի նեղուց, ինչն անմիջապես իրականացվեց զորավարժությունների անվան տակ. Թագավորական ռազմածովային ուժերի 10 նավեր ժամանեցին տարածաշրջան: Սակայն, փորձելով խնդրի լուծումը վերադարձնել դիվանագիտական դաշտ, Իսպանիան հայտարարեց բախումնային իրավիճակը ՄԱԿ-ի քննարկումների առարկա դարձնելու մտադրության մասին: Իր հերթին բրիտանական արտգործնախարարությունը հայտնեց, որ իսպանական կողմի գործողությունները համարժեք չեն ստեղծված իրավիճակին, ինչը հիմքեր է տալիս խնդրի կարգավորման համար միջազգային դատական ատյաններ դիմելու համար:
Ամիսներ տևած դիվանագիտական հայտարարություններն ու ջանքերը, ըստ էության, անպտուղ մնացին, և կողմերը դիմեցին առավել կոշտ սպառնալիքների: Արդեն ուշ աշնանը, Գիբրալթարի կառավարության ղեկավար /գլխավոր նախարար/ Ֆ. Պիկարդոն իսպանական կողմին զգուշացրեց, որ դեպի իր ջրային տարածքներ ներխուժման փորձերն այսուհետ կարող են կասեցվել կրակահերթով: Չնայած այդ զգուշացումներին, իսպանական տարբեր «խաղաղ» և ռազմական նավերի ներխուժումները Գիբրալթարի ջրային տարածքներ պարբերաբար կրկնվում են մինչ օրս:
Իհարկե, բրիտանական կողմն իր հայտարարությունները և գործողությունները հիմնավորում է ոչ թե իր և Հյուսիսատլանտյան դաշինքի համար «ժայռի» /Գիբրալթարն այդպես են անվանում բրիտանացիները/ ռազմավարական նշանակությամբ, այլ՝ Գիբրալթարի բնակչության իրավունքների ու անվտանգության պաշտպանությամբ, այլ կերպ ասած՝ բրիտանացիք տեղի բնակչության ինքնորոշման իրավունքը գերադասում են Իսպանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ: Իսկ այդ բնակչության հանրային տեսակետը, ինչպես վկայեցին վերջին հանրաքվեի արդյունքները /2002 թ./, կայանում է նրանում, որ «Գիբրալթարը պետք է պահպանի իր ներկայիս կարգավիճակը՝ բրիտանական ենթակայության ներքո»:
Վերջին մեկ տարվա ընթացքում Գիբրալթարի հիմնախնդրի շուրջ իսպանա-բրիտանական լարվածությունը կարելի է բնութագրել կոշտ և փափուկ, դիվանագիտական ու ռազմական գործողությունների դիմելու մտադրությունների մասին երկկողմ հայտարարություններով, սակայն առանց կոնկրետ գործողությունների իրականացման: Դա լիովին հասկանալի մարտավարություն է, քանզի երկու երկրներն էլ ունեն բազմաթիվ ներքին տնտեսական, սոցիալական, էթնո-ժողովրդագրական և այլ խնդիրներ, և «գիբրալթարյան հիմնախնդրի» լուծման առավել կոշտ /հատկապես՝ ռազմական/ լուծման նախաձեռնողը կարող է անկանխատեսելի ու անդարձելի բացասական հետևանքների բախվել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև՝ ներքին կյանքում: Իսկ Գիբրալթարի պատմական ու արդի անկայուն իրավիճակից միանշանակորեն դիվիդենտներ է քաղում նա, ում ձեռքերում է իրապես գտնվում Եվրասիայի դարպասի բանալին:
Վերջապես, ու՞մ ձեռքերում է Եվրասիայի դարպասի բանալին:
Շարունակելի
Մաս 1
Լևոն Անդրիասյան
«Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտ»
http://evdu.am/?p=2121