ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 7, 2014 15:25 - չքննարկված

Ցեղասպանագիտության աղետալի վիճակը Հայաստանում

Գիտակրթական հաստատությունը, ինչ-որ հիմնադրամ կամ պետությունը մասնագիտական համապատասխան կրթությամբ, գիտական կոչումով և միջազգային չափանիշներին համապատասխան ցեղասպանություններ ուսումնասիրող մասնագետ պատրաստելու համար պետք է ծախսի 400.000 ԱՄՆ դոլար: Միայն այս գումարի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել ցեղասպանագիտական որոշ դպրոցների ձեռքբերումներն ու գրել հոդվածներ միջազգային պարբերականներում: Անգամ հարուստ, բարեկեցիկ երկրների քաղաքացիները չեն ծախսում աստղաբաշխական թվացող այս գումարը, այն պարզ պատճառով, որ նմանատիպ գումարներ ծախսելու դեպքում` կարելի է իրավաբանի, բժշկի, ծրագրավորողի կրթություն ստանալ Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարաններում և շատ արագ կերպով ուսումը ստանալուն պես հետ վերադարձնել կրթության ոլորտում ներդրված գումարները: Ցեղաս պանագիտության ոլորտում կատարված ներդրումները գրեթե երբեք չեն վերադարձվում, մանավանդ, այդ գումարները հնարավոր չէ փոխհատուցել այն երկրում` Հայաստանում, որն իր գիտաշխատողին վճարում է միջինը հիսուն հազար դրամ աշխատավարձ: Այս մասին ՀՀ իշխանությունները պարտավոր են լուրջ խորհել: Ես ավելի քան 10 տարի գիտահետազոտական աշխատանքներ եմ կատարել Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի արխիվներում` բաց և գաղտնի։ Այդ տարիների ընթացքում հեղինակել եմ մի քանի գիտական հոդվածներ անգլերեն և գերմաներեն լեզուներով` տպագրված ոլորտի լավագույն պարբերականներում: Իմ աշխատանքը բարձր են գնահատել միջազգային ճանաչում ունեցող ու հեղինակավոր գիտնականները: Հայաստանում գիտության նկատմամբ պետական քաղաքականության բացակայությունը, կատարյալ բարձիթողի վիճակն անդրադարձել է գիտության բոլոր ոլորտների վրա, այդ թվում` Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրության բացակայության վրա: Ավելի համոզիչ լինելու համար բերեմ հետևյալ աչքի զարնող փաստը: Ցեղասպանագիտության ոլորտում իմ կատարած գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, որքան էլ ցավալի է, բայց փաստ, բարձր գնահատվեցին միայն միջազգային մեծանուն համբավ ունեցող Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան միջազգային հիմնադրամի կողմից, որի հատկացրած դրամաշնորհի միջոցով, 2008թ. կարողացա գիտահետազոտական աշխատանք կատարել Գերմանիայում նույն թվականին լավագույնը ճանաչված Գյոթինգենի Գեորգ-Ավգուստ համալսարանում: Եվրոպայի մեծանուն այս համալսարանում է մեծ ֆիզիկոս Օպենհայմերն առաջին անգամ ճեղքել ատոմը, իր ուսումն է ստացել Գերմանիայի երկաթյա կանցլեր Օտտո Լեոպոլդ ֆոն Բիսմարկը, այս համալսարանն է, որ իր Նոբելյան մրցանակակիրների թվով աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը: Իր գոյության ընթացքում Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակին են արժանացել շուրջ 60.000 անվանի գիտնականներ, այդ թվում` Նոբելյան մրցանակակիրներ: Ինձ համար մեծ պատիվ էր, որ աշխարհում առաջին գիտնականն էի, որը Հումբոլդտի անվան հիմնադրամի կողմից, ընդամենը 33 տարեկան հասակում, կարողացավ արժանանալ միջազգային այդ մրցանակին: Թվում է, որ նման ուշադրության արժանացած հայազգի գիտնականը պետք է վայելեր ոչ միայն միջազգային, այլև սեփական ժողովրդի ու պետության հարգանքն ու ուշադրությունը: Բայց կյանքը հակառակն է հուշում: Վերադառնալով հայրենիք, շուրջ 6 ամիս մնացինք գործազուրկ ապա գիտական աշխատանքի անցանք ՀՀ ԳԱԱ-ում: Պետական այրերը, թերևս, զբաղվածության պատճառով, այդպես էլ անտարբեր մնացին Հայաստանին բերած մեր մրցանակի` «Հումբոլդտակրի» կոչման նկատմամբ: Անհասկանալի իրողություն մի երկրում, որը ենթարկվել է ցեղասպանության և պատրաստվում է միջազգայնորեն նշել` «մոռացված ցեղասպանության» հարյուրամյա տարելիցը: Այնուամենայնիվ, չենք կարող հասկանալ, թե ինչպես կարող է ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն ու մեր պետությունն այդքան անտարբեր լինել իր համար այսքան կարևոր հարցի` ցեղասպանագիտության նկատմամբ: Բերենք այդ անտարբերության լավագույն փաստը: Այդ անտարբերության լավագույն փաստը կայանում է նրանում, որ, օրինակ, իմ աշխատավարձը, որպես ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, կազմում է շուրջ 62.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ այդքան գումար ես միայն ծախսում եմ գրենական պիտույքներ գնելու նպատակով: Համեմատության նպատակով բերեմ մի ավելի խոսուն փաստ: Գերմանական համալսարանում գրենական պիտույքների և այլ գրասենյակային ծախսերի համար վճարվում էր ամսական շուրջ 300.000 ՀՀ դրամ: Չեմ խոսում այն մասին, որ միջազգային գիտաժողովներում իմ մասնակցության ծախսերը վճարում եմ սեփական միջոցներից, միջազգային գիտական թանկարժեք հրապարակումները նույնպես ձեռք եմ բերում ինքնուրույն` իմ միջոցներով. կարճ ասած` ծառայում ենք մեր ժողովրդի ու պետության գերնպատակին ու արժանանում հավաքարարից ավելի ցածր ուշադրության: Նյութական միջոցների բացակայությունը չէ միայն, որ խափանում, իսկ ավելի ճիշտ` ոչնչացնում է գիտությունը Հայաստանում: Դրա գլխավոր պատճառը ՀՀ իշխանությունների անտարբերությունն է: Բերեմ մեկ փաստ: Գիտության մեջ մեր համեստ ներդրումն այնքան բարձր գնահատականի արժանացավ Գերմանիայում, որ հատուկ ընդունելության արժանացանք Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլլերի կողմից` հրավիրվելով Բելևյու ամրոցում գտնվող իր նստավայրը: Մինչդեռ ՀՀ իշխանություններին ուղարկված մեր գրություններն ու առաջարկները մնում են անպատասխան: Զարմանալ կարելի է, որ այս ամենից հետո ՀՀ իշխանությունները զարմանքով են ընդունում ոճրագործ Սաֆարովի ազատ արձակման լուրը: Գուցե այդ զարմա՞նքն էլ է թվացյալ: Թերևս ազգովի հարց տալ է պետք. իսկ ի՞նչ է արվել ՀՀ պետական այրերի կողմից Սաֆարովի էքստրադիցիան կասեցնելու նպատակով, որքա՞ն գիտական հրապարակումներ են հրատարակվել միջազգային գիտական հեղինակավոր պարբերականներում` ներկայացնելու համար ոճրագործ ադրբեջանա-թուրքական զինակցության հանցավոր գործունեությունը ՀՀ-ի նկատմամբ, արդյո՞ք միջազգային որևէ գիտաժողովում գեթ մեկ հայազգի գիտնական անդրադարձել է ոճրագործության իրական դրդապատճառներին և հովանավորողներին: Պատասխանը մեզ հայտնի է` ո՛չ: Ի՞նչ է լինելու հայ ժողովրդի վիճակը, օրինակ, մի քանի տարի անց, երբ գիտության ոլորտում չմնա այլևս որևէ գիտնական, ինչպե՞ս է ներկայացվելու հայ ժողովրդի պատմությունն ու ցեղասպանությունը միջազգային ատյաններում, գիտաժողովներում, հրապարակումներում, երբ սպառվեն ինչպես մեր ու որոշ հատուկենտ «մոհիկանների» համբերությունն ու ներուժը, այնպես էլ ինքնակոչ և գիտության նկատմամբ «հոգատար դեմագոգիա» որդեգրած մի շարք ղեկավարների բառապաշարը: Ցավում եմ, բայց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակը նման կերպ չեն նշում, իսկ տարելիցին նախապատրաստվողները պետք է լավ գիտակցեն, որ աշխարհի հետ զոհը խոսում է ոչ թե շրջիկ պաստառներով, թանգարաններով ու ցուցահանդեսներով, այլ` գիտական նվաճումներով: Իսկ այդ ձեռքբերումները տրվում են մեծ կամքի, անդուլ աշխատանքի և հսկայական այն ռեսուրսների միջոցով, որ յուրաքանչյուր պետություն ծախսում է իր գիտական ներուժը ճիշտ օգտագործելու համար: Այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն ազատ են արձակվելու ռամիլ սաֆարովներն ու ներկայացվելու` որպես հերոսներ, այլև միջազգային մակարդակով անարգանքի է արժանանալու Հայաստանի միջազգային հեղինակությունը: Գիտության հայաստանյան սպասավորները պետք է լրջորեն խորհեն այն խոսուն փաստի շուրջ, որ ՀՀ ոչ մի գիտնական մինչ օրս չի կարողացել հանդես գալ որևէ միջազգային հեղինակավոր պարբերականում` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին: Մինչդեռ միջազգային պարբերականները հեղեղվում են Հայոց ցեղասպանությունը ժխտող և պատմության քաղաքական նպատակահարմարությունից բխող ռևիզիոնիստական հրապարակումներով: Ո՞վ պետք է պատասխան տա այն ամենի դիմաց, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն այդպես էլ չկարողացավ ստեղծել ցեղասպանագիտության ազգային դպրոցը: Չասե՛ք միայն` թե թուրքերը: Ուշքի եկե՛ք:

Տիգրան Սարուխանյան Ալեքսադր Ֆոն Հումբոլդտի անվան հիմնադրամի մրցանակակիր, պ.գ.թ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2012/09/06/123489.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ