ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Sunday, April 6, 2014 1:16 - 1 քննարկում
Մեծ Բրիտանիայի և ցեղասպանության ընթացքում հայերի կրած նյութական և ֆինասական վնասների մի շարք հարցերի շուրջ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Առանց բացառության, ցանկացած ցեղասպանություն ուղեկցվում է բնաջնջման ենթակա ժողովրդի ունեցվածքի թալանով: Հայ ժողովրդի ունեցվածքի յուրացումը տեղի ունեցավ ոչ միայն բնաջնջող թուրքական պետության և նրա դաշնակիցների կողմից, այլև Առաջին աշխարհամարտում հայերին «դաշնակից» համարվող Անտանտի տերություններից` Մեծ Բրիտանիայի կողմից: Պնդումներն այն մասին, որ Մեծ Բրիտանիան մասնակից է դարձել Առաջին աշխարհամարտի ավարտից հետո բնաջնջման դատապարտված հայերի ունեցվածքի մասնակի յուրացմանը, տեղ են գտել անմիջապես Հայկական հարցի պատմությանը և պատմաբանների քննարկմանը հանձնելուն զուգընթաց: Այդ պնդումներից շատերը կրել են անուղղակի բնույթ և շարունակվել գրեթե ինը տասնամյակ` այդպես էլ չհիմնավորվելով որևէ հավաստի, արժանահավատ և վավերական պաշտոնական վավերագրով: Այդ հանգամանքին է անդրադարձել անգամ մեծ բևեռախույզ Ֆրիտիոֆ Նանսենը, ովը 1920-ական թվականներին, Ազգերի Լիգայի շրջանակներում եռանդուն աշխատանք էր տանում Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին և որբացած հայ մանուկներին փրկելու ուղղությամբ: Հետամուտ լինելով նյութական միջոցների հայթայթմանը, թերևս, աշխարհում Նանսենն առաջինը հանդես եկավ, իր պնդմամբ, հայերից յուրացված 5 միլիոն ոսկե ֆունտի մասին, ով հայտնվել էր Մեծ Բրիտանիայում հայերին վերադարձնելու նախաձեռնությամբ: Սակայն, մինչ օրս այն չստացավ իր լուծումը, իսկ ցեղասպանագետները դրան այդպես էլ չանդրադարձան, թերևս, փաստերի` անվավեր լինելու գլխավոր պատճառով: Մեր համար ուրախալի էր, որ պաշտոնական վավերագրերի հայտնաբերումը վիճակված էր մեզ, երբ 2002թ. հերթական անգամ ճանապարհորդեցինք Լոնդոն՝ գիտական մեր հետազոտությունների իրականացման նպատակով: Ցեղասպանության ընթացքում նյութական վնասների դիմաց միջազգային իրավական պատասխանատվությունը Արդի միջազգային իրավունքը ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունների կատարման հետ է կապում նյութական պատասխանատվության կրումը, որպես ունեցվածքի վերադարձում և սեփականության այլ իրավունքների վերականգնում (ռեստիտուցիա), վնասների և կորուստների փոխհատուցում (ռեպարացիա` տոկոսների համարժեքով և հավելումով): Ընդ որում, ամբողջ ազգին կամ ազգային խմբին պատճառած բարոյական վնասի հատուցմամբ` տնտեսական գնահատմամբ: Այս առումով, պատմական ամենամեծ անարդարություններից է հանդիսանում Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ընթացքում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ոճիր, որը նույնիսկ ինը տասնամյակ անց չդարձավ ո՛չ միջազգային-իրավական, ո՛չ էլ միջազգային-տնտեսական դատապարտման առարկա: Հիրավի, ոճիրն ուղղված էր հայ տարրի ֆիզիկական և քաղաքական բնաջնջմանը, նրա սեփականության բոլոր ձևերի հափշտակմանը, և դրան ուղղված գործողությունների համար պատասխանատվությունը պետք է կրեին ոչ միայն պետություն կազմող ժողովուրդը և պետությունն ինքը, այլև բոլոր այն օտար պետությունները, բանկերը և մասնավոր անձինք, ովքեր յուրացրել են ցեղասպանության օբյեկտ դարձած ժողովրդի կողոպտման պտուղները: Ահա այդ օտար պետություններից մեկի՝ Անգլիայի, նրա ֆինանսական հաստատությունների, բանկերի և մասնավոր անձանց կողմից յուրացված, հայերից բռնազավթված ունեցվածքի խնդիրն է, որ մեկնում ենք հանրության լայն շրջանակների քննարկմանն` այն բանից հետո, երբ հնարավորություն ունեցանք աշխատելու Մեծ Բրիտանիայի արխիվային հաստատություններում՝ հավաքագրելով և ուսումնասիրելով խնդրո վերաբերյալ բազմաթիվ անհերքելի վավերագրեր: Առանց այդ վավերագրերի անհնարին կլիներ մեկնաբանել` մինչ օրս բավարար չափով չուսումնասիրված, ինչպես Հայոց ցեղասպանության համար նյութական պատասխանատվության բացակայության առեղծվածը, այնպես էլ հայերից թալանված, իսկ հետագայում` Մեծ Բրիտանիայի կողմից զավթված 5.000.000 թուրքական ոսկե ֆունտի ճակատագիրը: Ցեղասպանության ընթացքում հայերի ունեցվածքի թալանի իրավական մեկնարկը 1915թ. մայիսի 27-ին թուրքական կառավարությունը, առանց թուրքական պառլամենտի ընդունման, մամուլում հրապարակեց հայերի տեղահանման մասին ժամանակավոր օրենքը. թուրքական պաշտոնական պատմագրության կեղծ վարկածի համաձայն` այդ օրենքն իբրև թե ընդունվել է 1915թ. սեպտեմբերի 15-ին: Դրան զուգահեռ` 1915թ. հունիսի 10-ին պառլամենտի քննարկմանը հանձնվեց, այսպես կոչված, «Լքյալ ունեցվածքի մասին» օրենքը, որը պարունակում էր ցուցումներ «պատերազմի և քաղաքական արտակարգ պայմանների հետևանքով տեղահանված հայերի թողած շարժական և անշարժ կայքի» հետ վարվելու մասին: Այս իմաստով, իրավացի է ցեղասպանագիտության հիմնադիրներից պրոֆ. Վ. Տատրյանը, երբ այն բնութագրում է որպես «Էվֆեմիստիկ արտոնագիր` թալանելու և ուրախությամբ յուրացնելու զոհաբերվող ազգաբնակչության կուտակած հարստությունը»: Օրենքը պառլամենտին մոլորեցնելու միջոցով ընդունվեց 1915թ. սեպտեմբերի 13-ին: Պատմության մեջ, թերևս, աննախադեպ այդ փաստաթուղթը թույլ էր տալիս բռնագրավելու տեղահանված հայերի «լքյալ» ունեցվածքը, անգամ` բանկային հաշիվները: Օրենքի ուժ ստացած այս անօրինականությունը գտավ իր ընդդիմախոսներին նույնիսկ թուրքական պառլամենտում: Այսպես, Ստորին պալատի անդամ Ահմեդ Ռիզան, որն ընդհուպ մինչև 1918թ. բողոքներով բազմիցս հանդես էր եկել հենց նույն պառլամենտում, հայտարարել էր. «Ոչ ոք իրավունք չունի վաճառել իմ ունեցվածքը, եթե ես չեմ կամենում: Դա արգելված է Սահմանադրության 21-րդ հոդվածով: Եթե մենք ունենք սահմանադրական իրավահամակարգ, որը գործում է սահմանադրական իրավունքին համապատասխան, ապա չենք կարող դա անել: Կամայականություն է: Բռնել ինձ, վտարել իմ գյուղից, հետո վաճառել իմ ունեցվածքն ու սեփականությունը, նման բան երբեք չի կարող թույլատրվել: Դա չի կարող թույլ տալ ո՛չ գիտակցությունը, ո՛չ օսմանյան իրավունքը»: Հայերի ունեցվածքի բռնագրավման մասին բրիտանական տեղեկատվությունը Այն, որ պատերազմող Թուրքիայի ֆինանսական ողջ համակարգը կախված էր դաշնակից կայսերական Գերմանիայից և ահռելի ծախսեր պահանջող պատերազմը մասամբ մղվում էր ցեղասպանության դատապարտված հայ ժողովրդի ունեցվածքի հափշտակման և դրա վաճառքից ստացված միջոցներով, անգլիացիներին հայտնի էր տակավին 1915թ. վերջերին: Դա ապացուցվում է դեկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ու. Լանգլիի` արտաքին գործերի նախարար Էդուարդ Գրեյին և ֆինանսների նախարարին ներկայացրած «Թուրքիայի ֆինանսական կացությունը» վերնագիրը կրող զեկուցագրից: Փաստաթուղթը ստացվել էր Օսմանյան կայսերական բանկի Կ. Պոլսի կառավարչից, իսկ տեղեկությունը Թուրքիայից հնարավոր էր դարձել դուրս բերել բանկի վտարված իտալացի աշխատակիցներից մեկի միջոցով: Փաստաթղթում խնդրանք է արտահայտվում՝ չհիշատակել այդ ամենին մասնակից դարձած որևէ անձի անուն: Այն ասում է. «Օսմանյան կառավարությունը հուլիս ամսին թողարկեց 5.000.000 թուրքական ֆունտ արժողությամբ գանձապետական պարտամուրհակներ: Այս պարտամուրհակներն ապահովագրված են ոսկով դեպոզիտագրված (պահ տրված)` Բեռլինում և Վիեննայում: Միևնույն ժամանակ, գերմանական կառավարությունը Բեռլինում օսմանյան կառավարության տրամադրության տակ է դրել 1.500.000 թուրքական ֆունտ, որպեսզի այն վճարի Գերմանիայի զինագործական ձեռնարկություններին` կատարված պատվերների համար: գԻնչ վերաբերում է օսմանյան պաշտոնական պարտքին, ապա բանկը ստացել է հետևյալ տեղեկությունը, որը ցույց է տալիս, որ գերմանացիները շահագործում են Թուրքիան՝ բացարձակապես իրենց սեփական շահերից ելնելով»: Թուրքիայի 750.000 ֆունտ պարտքը Դոյչե բանկին (Deutsche Bank) մարվեց 450.000 ֆունտի չափով, իսկ մնացած 300.000-ը պետք է վճարվեր «այն բանից հետո, երբ հնարավոր լիներ հավաքել դա նահանգներից»: Բանկի կառավարչի կարծիքով` այն հերթական գործոնը, որն առաջնորդելու էր Թուրքիային դեպի անխուսափելի սնանկացում, դա կառավարության որդեգրած հայաջինջ քաղաքականությունն էր: Օսմանյան բանկը հայերի նկատմամբ իրականացրած կոտորածներում կորցրել էր իր աշխատակիցներից 25-ին, և միայն մեկ հայի էր հաջողվել, այն էլ անձամբ` Թալեաթին հղված խնդրագրի շնորհիվ, ազատվել անխուսափելի մահից: Թե ինչպես էր իրականացվում վերը հիշատակված պարտքի մարումը, կառավարիչը նույնպես նկարագրում է՝ համոզիչ և անհերքելի փաստերով: «Հայերի ունեցվածքի հարկադիր վաճառքը տակնուվրա է արել ամեն ինչ: Միայն Էրզրումում 400.000 ֆունտ արժողությամբ ապրանքը վաճառվել է (աճուրդի միջոցով) 20.000 ֆունտով, միևնույն ժամանակ ոչնչացվել են հայերին պատկանող ձեռնարկություններ, ջուլհակահաստոցներ և այլ պարագաներ և, հետևաբար, արդյունաբերական կյանքը կանգ է առել»: Աճուրդի առարկա էր դարձել ոչ միայն նյութական բարիքը, այլև մարդկային կյանքը: Թուրքական կառավարության կողմից Բեռլինում պահ տրված 5.000.000 թուրքական ոսկե ֆունտը հավաքագրված էր նաև հայ կանանց և մանուկների վաճառքից: Այսպես. «12-14 տարեկան հայ աղջնակն արժեր 2 մեջիդեից 1 ֆունտ (թուրքական)»: Անգլիական հետախուզության տվյալներով, միայն Մարդինում և Դիարբեքիրում կողոպտվել էր 6.000.000 թուրքական ֆունտ արժողությամբ ակնեղեն, գորգեր, հնաոճ իրեր և 1.500.000 թուրքական ֆունտ արժողությամբ ոսկի: Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Դիարբեքիրի նահանգապետը, Կ. Պոլիս գնացքով տեղափոխել էր ոսկերչական իրերով 48 արկղ և թանկարժեք քարերով լի երկու սնդուկ: Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից համարվող կայսերական Գերմանիայի կառավարությունն, իհարկե, լիովին քաջատեղյակ էր Բեռլինում պահ տրված ոսկե հաշվեհամարի ծագման աղբյուրների մասին: Եվ եթե գերմանական կառավարությունը, ելնելով իր քաղաքական և տնտեսական շահերից, պետք է լռությամբ հետևեր դաշնակից Թուրքիայի վայրագություններին, ապա նույնը չէր կարելի ասել գերմանական բազմաթիվ մասնավոր ձեռնարկությունների մասին, որոնք գործում էին Թուրքիայում, գլխավորապես՝ Արևմտյան Հայաստանում: Այսպես, Կիլիկիայում գործող Գերմանա-լևանտական բամբակի ընկերությունը խիստ բողոք ներկայացրեց Ադանայի գերմանական հյուպատոսությանը` թուրքական կառավարության կողմից իր պարտատեր հայերի բռնագաղթի և, մասնավորապես, նրանց ունեցվածքի բռնագրավման և վաճառքի վերաբերյալ: Ձեռնարկությունը Թուրքիայում իր գործունեությունը ծավալելուց հետո, վերջին մի քանի տարում, կարողացել էր բամբակի արտադրությունը 40.000 հակից հասցնել տարեկան 100.000 հակի: Այն լայնորեն օգտագործում էր հայ գյուղացիների վարկավորման մեթոդը և չէր կարող չընդվզել այն միջոցների դեմ, որի հանգամանքներում պետք է տեղի ունենար պարտատեր հայերի ունեցվածքի օտարումն ու յուրացումը: Կից փաստաթղթում՝ ֆինանսական հաշվետվության մեջ բերվում է ֆինանսական կորուստների մանրամասն հանրագումարը՝ 1.628.626 թուրքական լիրա, որ կրել էր ձեռնարկությունը հայերի բռնագաղթի կազմակերպման և ունեցվածքի առգրավման հետևանքով: Մեկ այլ՝ Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Հոհենլոե-Լանգենբուրգին Գերմանական արևելյան բանկի կողմից հղված նամակից պարզ է դառնում, որ բանկը ահռելի կորուստներ է կրում իր կողմից վարկավորված և այնուհետև բռնագաղթված և ֆիզիկապես բնաջնջված հայերի մահվան արդյունքում: Գերմանիայի ռայխսկանցլեր Բետման-Հոլվեգին ուղղված զեկուցագրի մեջ Կ. Պոլսում հավատարմագրված գերմանական դեսպան Մետերնիխը, ի մի բերելով Թուրքիայի ողջ տարածքից ստացված հաղորդագրությունները, Բեռլին ուղարկած իր զեկուցագրերից մեկում նշում է, որ հայ պարտատերերի անհետացման կամ սնանկացման հետևանքով, գերմանական ընկերությունների կրած կորուստները և վնասը ահռելի են: Դրանցից` Գերմանական բանկը կրել էր` 1.500.000, Մերձավոր-արևելյան բանկը` 2.000.000, Գերմանա-լևանտական բամբակի ընկերությունը` 500.000, Անատոլիական առևտրային ընկերությունը` 20.000 մարկ վնաս: Գերմանական ձեռնարկությունների և ֆինանսական կազմակերպությունների կրած նյութական ողջ վնասը 1915թ. և 1916թ. առաջին եռամսյակի տվյալներով գնահատվում էր շուրջ 5.000.000 գերմանական մարկ: Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի մեծ մասը, Թուրքիայի և վերջինիս դաշնակիցների վարած հայաջինջ քաղաքականության հետևանքով, զրկվեց ոչ միայն բազմադարյա պատմության ընթացքում կուտակած նյութական միջոցներից, այլև իրեն իսկ «դաշնակից» համարվող Անտանտի տերությունների կողմից ակնկալվող օժանդակություն ստանալու հույսից. տերություններ, որոնցից մի քանիսը հետագայում, Եռյակ համաձայնության պետությունների պարտությունից հետո, մասնակից դարձան նրանից թալանված ունեցվածքի յուրացմանը: Հայ գաղթականները, Մեծ եղեռնը վերապրողներն ու Բրիտանիան Մեծ եղեռնի ողջ ընթացքում Մերձավոր Արևելքը, Արևելյան Հայաստանն ու Անդրկովկասը հեղեղված էին հարյուր-հազարավոր հայ գաղթականներով: Դրանց մի մասը սովամահ եղավ կամ մահացավ տարբեր մահաբեր ու համաճարակային հիիվանդություններից: Այդ օրերին, հայ ժողովրդի «դաշնակից» Անգլիայում որոշ անհատներ փորձեցին կառավարության միջոցով մասնակից լինել տարագիր հայերի փրկության կազմակերպման գործին: Բրիտանա-հայկական կոմիտեի անդամ լորդ Ջեյմս Բրայսը 1915թ. սեպտեմբերին վարչապետին հղած նամակում ներկայացնելով միայն Թիֆլիսում և նրա շրջակայքում կուտակված հարյուր-հազարավոր «բացարձակապես ընչազուրկ, հիվանդություններից և սովից մեռնող» հայ գաղթականների վիճակը, օգնություն կազմակերպելու համար կառավարությունից աղերսում էր 40.000 անգլիական ֆունտ ստեռլինգի հասնող նվիրատվություն: 1916թ. փետրվարին Լոնդոն հասավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովի` հայ գաղթականներին օգնելու ռուսական կառավարության առաջարկը, որը փոխանցվեց անգլիական կառավարության քննարկմանը Մեծ Բրիտանիայում հավատարմագրված Ռուսաստանի դեսպան կոմս Բենկենդորֆի միջոցով: Համաձայն ռուսական ծրագրի՝ ռուսական և անգլիական կառավարությունները պետք է հավասարապես կիսեն Թուրքիայում հայերի օգնության համար հատկացված 1.000.000 ֆրանկ նվիրատվությունը: Ընդ որում, անգլիական կառավարությունը պետք է հատկացներ 20.000 անգլիական ֆունտ ստեռլինգ: Ֆինանսների նախարարության կողմից արտաքին գործերի նախարար Էդ. Գրեյին փոխանցված նամակում Ջոն Բրէդբըրին նշում էր, որ «քանի դեռ չի ծագել քաղաքական կարևոր շահագրգռվածություն, իրենք ազգային շահերի տեսանկյունից կասկածելի են համարում» այն ճանապարհը, որով առաջարկվում էր օժանդակել հայերին: Հենվելով կառավարության, ֆինանսների և իր նախարարության համատեղ կարծիքի վրա` արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջ. Լոկոկը կոմս Բենկենդորֆին հղած պատասխան-նամակում մերժեց «փոքր ազգերի ազատագրության համար կռվող» Մեծ Բրիտանիայի կողմից հայ տարագիրներին չնչին նյութական միջոցներով օժանդակելու առաջարկությունը` պատճառաբանելով այն «հրատապ ու անհետաձգելի աղերսագրերով, որոնք ուղղվում են Ֆինանսների նախարարությանը, կարիքից մահացող բրիտանացի և դաշնակից երկրների հպատակների կողմից»: Ճշմարտությունն այն է, որ Թուրքիայի դեմ մղված պատերազմի ընթացքում անգլիական կառավարությունը ոչ մի լումա չհատկացրեց անգամ մեկ հայի փրկության համար: Կառավարությունը ոչ միայն մերժում էր իր միջոցներից գումար հատկացնել, այլև մասամբ խոչընդոտում էր նույնիսկ անգլիական մասնավոր ընկերությունների կողմից մինչ պատերազմը հայերի նկատմամբ ստանձնած ֆինանսական և նյութական պարտավորությունների կատարմանը: Խոսքը վերաբերում է Օսմանյան Թուրքիայում գործող կյանքի և ունեցվածքի ապահովագրման մի շարք ընկերությունների գործունեությանը: Դրանք գլխավորապես ամերիկյան էին, կային նաև ֆրանսիական և անգլիական տարբեր ընկերություններ: Ինչպես, օրինակ` անգլիական Գրեշամ (Gresham) և Սթար Աշուրանս (StarAssurance Company) ապահովագրական ընկերությունները: Թուրքահպատակ հայերի կյանքի ապահովագրումը բրիտանական ընկերությունների կողմից և ցեղասպանությունը Տակավին 1916թ. նոյեմբերին Կ. Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն (որը մինչԹուրքիային ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելը համատեղության կարգով ներկայացնում էր նաև Մեծ Բրիտանիայի շահերը) Անգլիայի արտաքին գործերի նախարարությանը հղած հաղորդագրության մեջ նշում է, որ Սամսունի ամերիկյան հյուպատոսական աշխատակցից ստացել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ ցեղասպանության ժամանակ զոհված Հովակիմ Գևորգի Մասաթյանը հասցրել էր ապահովագրել իր կյանքը 3000 ֆրանկ գումարով անգլիական «Սթար Աշուրանս» ընկերության հետ կնքված N114645 պայմանագրով: Հ. Մորգենթաուն անգլիական իշխանություններին միաժամանակ խնդրում էր` զոհված անձին հասանելիք գումարը վճարել ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա որբացած երեխաներին: Էդ. Գրեյի անունից արտաքին գործերի նախարարի տեղակալ Հարոլդ Նիկոլսոնը առևտրի նախարարին հղած նամակում գրում էր, որ անգլիական ապահովագրական ընկերությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած փոխհատուցման գումարի վճարումից, քանի որ «բռնագաղթված հայերի մահվան առնչությամբ ներկա պայմաններում որևէ բացարձակ ապացույց չի կարող ներկայացվել»: Հ. Նիկոլսոնի նամակը պետք է փոխանցվեր Լոնդոնում ամերիկյան դեսպան Վ. Փեյջին: Նամակում Հ. Նիկոլսոնի արտահայտած այս կարծիքը հետագա տասնամյակների ընթացքում ընկավԱնգլիայի կողմից որդեգրած հայերի նկատմամբ ստանձնած պարտականությունների ուրացման խորխորատը: Հենվելով առևտրի նախարարի տեղակալ Հ. Մ. Վիներալսի կարծիքի վրա` Հ. Նիկոլսոնը ԱՄՆ դեսպանին ուղղված պատասխան-նամակում նշում է, որ պատերազմի ընթացքում արգելվում է որևէ գումար վճարել այն անձին, որը հանդիսանում է թշնամի երկրի քաղաքացի: Նա հնարավոր էր համարում վճարել ապահովագրական պայմանագրով նախատեսված գումարը միայն այն անձին, ով Անգլիայի մշտական բնակիչ էր, կամ նախքան պատերազմը բնակվել էր այնտեղ: Վերջում Հ. Նիկոլսոնն ավելացնում էր, որ «ապահովագրական ընկերությանը չի թույլատրվում որևէ գումար վճարել Մասաթյանի երեխաներին, անգամ, եթե քննարկվող ընկերությունը ցանկություն ունի վճարել ապահովավճարը մահվան դիմաց»: Ալբիոնը պատերազմում էր Թուրքիայի դեմ` վերջինիս լծի տակ հեծող «փոքր ազգերի ազատագրման համար»: Եվ ահա, այդ գործին իր բուռն ավանդը ներդնող հայը վերածվել էր «թշնամի քաղաքացու»: Մամուլի էջերում և պառլամենտում բազմիցս դեմագոգիկ հայանպաստ հայտարարություններով հանդես եկող անգլիական կառավարության անդամները նույնիսկ մասնավոր ընկերություններին խոչընդոտում էին կատարել իրենց իսկ կողմից ստանձնած պարտականությունները: Անգլիական արխիվներում մինչ օրս պահպանված նախքան Առաջին աշխարհամարտը հայերի հետ կնքած կյանքի ապահովագրման նմանատիպ պայմանագրերն այդպես էլ առ այսօր մնում են` որպես, մեծի մասամբ, պատմական մոռացված արձանագրություններ: Տարատեսակ ունեցվածք ու մարդկային կյանքն ապահովագրող իրավական այդ փաստաթղթերը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այդպես էլ երբեք կյանքի չկոչվեցին ո՛չ պատերազմի ժամանակ և ո՛չ էլ պատերազմի ավարտից հետո: Իրավունքի, արդարադատության և քաղաքականության միջև. ավարի ու թալանի «լեգիտիմացումը» Անգլիայի և Թուրքիայի միջև 1918թ. հոկտեմբերի 30-ին կնքված զինադադարով ազդարարվեց Առաջին համաշխարհային պատերազմում վերջինիս պարտությունը: Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության, հայ ժողովրդի համար կենսական այլ հիմնահարցերը տեղափոխվեցին Փարիզի խորհրդաժողով, մեծ տերությունների միջև շարունակաբար ընթացող երկարատև բանակցությունների և տարբեր կոնֆերանսների ու պատերազմի ավարտին ստեղծված, Անգլիայի ձեռքերում խաղալիք հանդիսացող` Ազգերի լիգայի քննարկման ոլորտը: Անգլիացիների կողմից Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանությանն առնչվող Փարիզի խորհրդաժողովին, Սևրի` Հայաստանին վերաբերող անիրականանալի հոդվածներին, Սան Ռեմոյի և Լոնդոնի կոնֆերանսների ընդունած որոշումներին հաջորդեց 1923թ. Լոզանի կոնֆերանսը, որտեղ խաչ քաշվեց Սան Ռեմոյի և Սևրի հոդվածների վրա: Օսմանյան Թուրքիայի երբեմնի ախոյանները հաշտության ձեռք պարզեցին քեմալական Թուրքիային` դիվանագիտության պատմությանը հանձնելով Հայկական հարցը: Նախքան Լոզանի կոնֆերանսը, հայ ժողովրդի արդարացի պահանջները, այդ թվում` նյութական փոխհատուցման հարցերը, լայն քննարկման առարկա էին դարձել Ազգերի լիգայում: Ազգերի լիգան, որի լույս աշխարհ գալու գաղափարը անգլիական քաղաքական խոհանոցում ծագել էր դեռևս Առաջին աշխարհամարտի ավարտին, հիմնադրվեց 1919թ. Վերսալի հաշտության պայմանագրով: Այդտեղ էլ ազդարարվեց վերջինիս հիմնադիր փաստաթղթի (ստատուտի) ընդունումը: Լիգայի խորհուրդը բաղկացած էր չորս մշտական անդամներից, դրա կազմի մեջ էին մտնում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան: Բնական էր, որ գլխավոր որոշումների ընդունման և դրանց իրականացման լծակները, ինչպես նաև` ամբողջ աշխարհում հետպատերազմյան միջազգային նոր իրավահամակարգի հաստատման բանալին գտնվում էին Անգլիայի ձեռքերում: Ազգերի լիգան 1922թ. քննության առավ հայ փախստականների և ցեղասպանության արդյունքում թուրքական քաղաքացիությունից զրկված հայ գաղթականների խնդիրը, առաջարկելով, ի գիտություն միջազգային հանրության, ընդունել «նանսենյան անձնագիր»՝ անձը հաստատող փաստաթղթի հասկացությունը, որը թույլ կտար հայրենիքը կորցրած յուրաքանչյուր հայի օգտվել որոշակի արտոնություններից, այդ թվում` Ազգերի լիգայի հովանու ներքո Թուրքիայում ստեղծվելիք «Ազգային օջախ» վերադառնալու հնարավորությունից: Պատմությանը, սակայն, վիճակված էր արձանագրելու «դե ֆակտո» հաստատված իրողությունը: Իսկ այդ իրողությունը հանգում էր նրան, որ միջազգային հարաբերությունների օրակարգից հանվել էր «Հայկական հարցը»՝ Թուրքիայի տարածքում գրեթե ոչնչացված էր հայ տարրը, պատմական Հայաստանի մի չնչին հատվածը խորհրդայնացվել էր, և, թոհուբոհի և բնաջնջման արդյունքում մազապուրծ եղած հայ ժողովուրդն այլևս անզոր էր դիմակայելու մեծ տերությունների խարդավանքներին և իսպառ բնաջնջում խոստացող թուրքական սպառնալիքին: Այս իրողությամբ էին առաջնորդվում մեծ տերությունները, մասնավորապես` Անգլիան, որ վիժեցրեցին ոչ միայն Հայաստանի ազատագրման, այլև իրենց իսկ կողմից որպես այլընտրանք առաջադրված «Ազգային օջախ» ստեղծելու գաղափարը: 1923թ. ի վեր, ընդհուպ մինչև 1925թ.` Ազգերի լիգան արդեն քննարկում էր 320.000 «նանսենյան անձնագրեր» տրամադրել հայ գաղթականներին` նորաստեղծ ՀԽՍՀ-ում վերաբնակվելու համար: Ֆրիտիոֆ Նանսենը 1925թ. Խորհրդային Հայաստան կատարած այցից հետո, հանրապետության կացության վերաբերյալ հատուկ զեկուցագիր ներկայացրեց, որտեղ պնդում էր, որ, անհրաժեշտ ֆինանսական աջակցության դեպքում, երկիրն ի վիճակի կլինի ընդունել 25.000-30.000 փախստական: Այս նախաձեռնության կյանքի կոչումը հնարավոր կլիներ միայն ֆինանսական միջոցների առկայության պարագայում: Ուստի Ֆ. Նանսենը բարձրացրեց ցեղասպանության ընթացքում հայերից թալանված և ապա անգլիացիների կողմից առգրավված 5.000.000 թուրքական ոսկե ֆունտի ճակատագիրը: Այն սերտորեն կապված էր Առաջին աշխարհամարտում պարտություն կրած կայսերական Գերմանիայի նկատմամբ հաղթանակ տարած Անտանտի տերությունների կողմից գանձվելիք ռեպարացիաների խնդրի հետ: Համաձայն Վերսալի հաշտության պայմանագրի` ստեղծվեց Միջդաշնակցային ռեպարացիոն հանձնաժողով: Բուն Վերսալի հաշտության պայմանագիրը չամրագրեց գերմանական ռեպարացիաների չափը: Այսինքն՝ Գերմանիան պետք է իր վրա պարտականություն վերցներ վճարելու այն ռեպարացիոն գումարը, որն արդյունքում սահմանելու էին դաշնակիցները: Նախատեսվում էր, որ Գերմանիան պարտավոր է դաշնակիցներին վճարելու այն ոսկին ու թանկարժեք իրերը, որոնք նա պատերազմի ընթացքում ստացել էր Թուրքիայից, Ավստրո-Հունգարիայից և Ռուսաստանից: Միանշանակ էր, որ դրա մեջ էր մտնում այն 5.000.000 թուրքական ոսկե ֆունտը, որը Գերմանիայի պարտությունից հետո անգլիացիները գերմանական Ռայխսբանկից տեղափոխել էին Անգլիա: Վերսալի պամանագրի ստորագրումից անմիջապես հետո հիմնահարցը փոխադրվեց անգլիական պառլամենտ և դարձավ «հայանպաստ ուժերի» նախաձեռնած բուռն քննարկումների առարկա: Հայ ժողովրդին պատկանող և նրանից բռնազավթված սեփականության գրպանման հիմնահարցը սերտորեն կապված էր կառավարության և պառլամենտի անդամների միջև ծավալված ռեպարացիոն հարցերի շուրջ բանավեճերի հետ: Այսպես, 1921թ. փետրվարին գերմանացիների կողմից պատերազմի ընթացքում պատճառած վնասների նյութական փոխհատուցման առնչությամբ պառլամենտի անդամ պրն Ռապերը հանդես եկավ հարցադրմամբ` փորձելով պարզել, թե արդյոք Գերմանիան պարտավո՞ր է բավարարել իր և իր դաշնակիցների նկատմամբ բրիտանացի քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր պահանջները: Խոսքը Թուրքիայի և Բուլղարիայի մասին էր: Պատասխանող` արտաքին առևտրի նախարարի պառլամենտի գծով տեղակալ Պ. Լլոյդ Գրիմը նշեց, որ Բրիտանացի քաղաքացիների հայտարարագրված պահանջները Թուրքիայի նկատմամբ կազմում են 23.000.000 ֆունտ և, որ Վերսալի պայմանագրով Գերմանիան չի կրում որևէ պարտավորություն թշնամի կամ նախկինում թշնամի եղած այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնք պարտք են բրիտանացի քաղաքացիներին, այսինքն՝ կառավարության անդամը քողարկում էր Գերմանիայից Անգլիա ապօրինաբար տեղափոխված 5մլն թուրքական ոսկե ֆունտի փաստը: 1921թ. հունվարի 31-ի դրությամբ Գերմանիան ռեպարացիաների տեսքով հասցրել էր Անտանտի դաշնակից երկրներին փոխանցել 6.055.000.000 ոսկե մարկ (303.000.000 անգլիական ոսկե ֆունտ ստեռլինգ) տուգանք, որից 22%-ը նախքան այդ կնքված Սպաայի համաձայնագրով պետք է բաժին ընկներ Բրիտանական կայսրությանը: Պառլամենտի անդամ՝ ռազմածովային ուժերի կապիտան-լեյտենանտ Յունգը հոխորտում էր` քննադատելով կառավարության ռեպարացիոն քաղաքականությունը: Նա իր դիրքորոշումն ամրապնդում էր նրանով, որ միայն 1920թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով` գրավված տարածքներում անգլիական զորքերի պահպանման ծախսը կազմել էր 3.530.000.000 ոսկե մարկ (177.000.000 անգլիական ոսկե ֆունտ ստեռլինգ) և, որ բոլոր ծախսերը հանած, հաղթանակած Անգլիան 1921թ. հունվարի 31-ի տվյալներով կարողացել էր ստանալ միայն 100.000.000 ֆունտ ռեպարացիոն գումար: Այս առումով առաջին լուրջ հարցադրումը բարձրացվեց և ուղղվեց Անգլիայի ֆինանսների նախարար Ռ. Հորնին` խորհրդարանի անդամ Վայսի կողմից: Վերջինս պահանջում էր բացատրել, թե արդյո՞ք այն ոսկին, որ փոխանցվել էր Վիեննայից Լոնդոն (խորհրդարանի անդամը, ինչպես և շատ-շատերը տեղյակ չէին, որ գումարը փոխանցվել էր Բեռլինից) ուղղվելու էր օսմանյան պետական պարտքի մարմանը: Անգլիական պաշտոնական անձանցից առաջինը ֆինանսների նախարար Ռ. Հորնը հրապարակայնորեն ընդունեց, որ գումարը ոսկով դեպոզիտագրված է եղել Ավստրո-հունգարական բանկում` ապահովագրելու համար թողարկված թուրքական առաջին թղթադրամները և քննարկվող ոսկին (5.000.000 թուրքական ոսկին) տեղափոխվել է Լոնդոն: Այն չպետք է ներկայացվեր ռեպարացիոն հանձնաժողովի քննարկմանը և չպետք է օգտագործվեր Թուրքիայի կողմից Բրիտանական կայսրության նկատմամբ մինչ այդ գոյություն ունեցող պետական պարտքի մարման համար: Փաստորեն, կառավարության խոսնակը պառլամենտի առջև բացեիբաց հայտարարում էր, որ ոչնչով չհիմնավորված ոսկե հաշվեհամարում գտնվող գումարի անօրինական փոխանցումը Լոնդոն և դրա յուրացումը հանդիսանում էր կառավարության կողմից որդեգրած պետական ֆինանսական հափշտակիչ քաղաքականության բաղկացուցիչ մասը: Այստեղ առկա հակասությունը` կապված հոդվածի սկզբում անգլիական պաշտոնական արխիվների փաստաթղթերում հիշատակվող 1915թ. վերջին Գերմանիա տեղափոխված 5.000.000 թուրքական ոսկու ճակատագրի հետ և, թե ինչո՞ւ և ինչպե՞ս արդեն 1921թ. անգլիական պառլամենտում, ինչպես նաև այլ աղբյուրներում, որոնց մենք կանդրադառնանք ստորև, գերմանական Ռայխսբանկի փոխարեն նշվում է Ավստրո-հունգարական բանկը, կարելի է բացատրել հետևյալ կերպ. 1. կամ անգլիական կառավարությունը փորձում էր մոլորության մեջ գցել հանրությանը` թաքցնելով այն վայրը, որտեղից Լոնդոն էր փոխանցվել և ապա անգլիացիների կողմից յուրացվել հայերին պատկանող թուրքական ոսկին, 2. կամ պատերազմում Թուրքիայի դաշնակից Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի միջև կայացած որևէ համաձայնությամբ, նախքան պատերազմի ավարտը, ոսկին Ռայխսբանկից տեղափոխվել էր Ավստրո-հունգարական բանկ: Հավանաբար, այն մտահոգությամբ, որպեսզի հնարավոր լիներ քողարկել գումարի ստացման սկզբնական վայրը և ծագման աղբյուրը՝ այն հետագայում Թուրքիա վերադարձնելու կամ Անտանտի տերությունների ռեպարացիոն գանձումներից թաքցնելու համար: Անհրաժեշտ է նշել, որ ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդից թալանված և այնուհետև անգլիացիների կողմից յուրացված նյութական կորուստների և դրա համար պատասխանատվության ենթարկման խնդիրն այլևս չբարձրացվեց անգլիական պառլամենտում: 1923թ. հուլիսի 23-ին Լոզանի պայմանագիրը ստորագրելուց հետո, երբ արդեն եվրոպական տերությունները հաշտության ձեռք պարզեցին «նոր մտածող» Քեմալ Աթաթուրքին, թուրքական պառլամենտը սեպտեմբերին վավերացրեց այն դաշնագիրը, որով հայրենիք վերադառնալու իրավունքից զրկեց Կիլիկիայից և արևելյան վիլայեթներից «տարագրված» հայերին: Քեմալական Թուրքիայի թերթերը 1925թ. դեկտեմբերի 26-ին հրապարակեցին կառավարության հայտարարությունը, ըստ որի` հաշվի առնելով այն, որ հայերին պատկանող «լքյալ ունեցվածքի» չհամակարգված վաճառքը վնաս է հասցնում երկրին, որոշված է ստեղծել հատուկ մարմիններ, որոնք պետք է գնահատեին հայերի թողած շարժական և անշարժ ողջ գույքն ու այլ ունեցվածքը՝ հետագայում աճուրդի միջոցով իրականացնելով դրանց վաճառքը: Սրանով, փաստորեն, «վերածնված Թուրքիան» շարունակելու էր այն գործընթացը, որն իրականացրել էր նախորդ` իթթիհատական կառավարությունը` պետական մակարդակով յուրացնելով բնաջնջված տարրի սեփականությունը: Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձինք Լոզանի դաշնագիրը Թուրքիայի կողմից վավերացնելուց անմիջապես հետո՝ 1924թ. սեպտեմբերի վերջերին, բարձրացրեցին իրենց իսկ պետության կողմից յուրացված 5.000.000 ոսկու հետագա ճակատագրի հարցը: Անգլիայի պահպանողական կուսակցության առաջնորդ լորդ Սթենլի Բոլդուինը, լիբերալ կուսակցության ղեկավար Հերբերտ Ասքուիթը և պառլամենտի անդամ Նոել Բեքսթոնը կազմեցին և իրենց ստորագրությամբ հուշագիր ներկայացրեցին վարչապետ ընտրված լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ռամզեյ Մակդոնալդին: Այդ հուշագրում մասնավորապես ասվում էր, որ Մեծ Բրիտանիան պարտավոր է մի մեծ գումար տալ՝ օգնելու Հայաստանում, Բալկաններում և այլ երկրներում գտնվող հայ գաղթականներին: Այդ պահանջը նրանք հիմնավորել են մի շարք դրույքներով, որոնք հանգում էին հետևյալին. «1) պատերազմի ընթացքում և զինադադարից հետո դաշնակից և նրանց հարող տերությունների պետական գործիչները մի քանի անգամ երաշխիք են տվել հայ ազգի ազատագրման ու անկախության մասին: 2) … 5.000.000 ֆունտ ստեռլինգը (թուրքական ոսկի), որ թուրքական կառավարությունը 1916թ. պահ էր տվել Բեռլինում, և զինադադարից հետո վերցվել էր դաշնակիցների կողմից, մեծ մասամբ (գուցե և ամբողջովին) հայերի դրամն է»: Հուշագիրը կազմողները փաստաթղթի վերջում նշում էին, որ հայերին տրված, բայց երբեք չիրականացված խոստումների համար իրենք կրում են բարոյական պատասխանատվություն` պահանջելով բրիտանական կառավարությունից «մի կարևոր շնորհ» անել հայերին` վերադարձնելով առգրավված ոսկին: Այս դիմումը ներկայացնելուց շատ չանցած, երբ Սթենլի Բոլդուինը, որը փոխարինեց Ռամզեյ Մակդոնալդին վարչապետի պաշտոնում, այնուամենայնիվ, հրաժարվեց որևէ գումար տրամադրել հայերին, որոնց իր իր իսկ կազմած հուշագրով «բարոյապես պարտք էր» որոշ փոխհատուցում»: Անգլիացիների կողմից առգրավված 5.000.000 ոսկե ֆունտի ճակատագրին երկու տասնամյակ անց` 1944թ. հոկտեմբերի 10-ին, Սթենլի Բոլդուինին հղած նամակով անդրադարձավ Մարի Թերզյանը, ով խնդրում էր իրեն տրամադրել Ս. Բոլդուինի` Հ. Ասքուիթի ստորագրությունը կրող այն հուշագրի պատճենը, որը նրանք ներկայացրել էին Ռ. Մակդոնալդին, որպեսզի ինքը կարողանա օգտագործել այն իր գրքի մեջ: Մարի Թերզյանի նամակը ստանալուն պես Բոլդուինը, հանկարծակիի գալով, շտապ նամակ է գրում այն ժամանակ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ջ. Կադոգանին: Կցելով հայ կնոջ նամակը` Բոլդուինն արդեն «ողջ պատմությունն անհեթեթություն» է համարում: Կադոգանն, իր հերթին, խորհուրդ է տալիս վերջինիս` Թերզյանին չտրամադրել 1924թ. կազմված հուշագրի պատճենը: Բայց քանի որ Մարի Թերզյանը կարող էր ձեռք բերել փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսի արխիվներից, առաջարկում է որքան հնարավոր է մոլորության մեջ գցել հեղինակին` որակելով հայերին իրավամբ պատկանող դրամը, որպես գումար, որն իսկապես 1916թ. Թուրքիայից տեղափոխվել է Բեռլին և Վիեննա` ապահովագրելու համար թուրքական կառավարության կողմից թողարկվող առաջին թուրքական թղթադրամների արտադրությունը և, «որ որևէ հավանականություն գոյություն չունի, որ այն հանդիսանում է բռնագաղթված հայերի սեփականությունը»: Երկրորդ նամակը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության համար նյութական պատասխանատվության խնդրին, նույնպես պահվում է Մեծ Բրիտանիայի պաշտոնական արխիվներում: Այն շարադրվել է 1945թ. հունիսի 30-ին: Այն ժամանակ, երբ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած դաշնակիցները Պոտսդամի կոնֆերանսում վճռում էին Հրեական ողջակիզման կազմակերպիչներին և մեղսակիցներին միջազգային արդարադատությանը հանձնելու և հրեա ժողովրդի կրած նյութական, ինչպես նաև բարոյական կորուստների և վնասների փոխհատուցման հարցերը: Օրիորդ Ջեորջիա Գաթլերը Վաշինգտոնում հավատարմագրված Անգլիայի դեսպան լորդ Հալիֆաքսին ուղարկած գրության մեջ փորձում էր պարզաբանումներ ստանալ, թե ի՞նչ եղավ 1916թ. Թուրքիայից Բեռլին՝ Ռայխսբանկ, այնուհետև Լոնդոն փոխանցված այն «գ5.000.000 ֆունտը, որը պատկանում է հայերին»: Հայերի ունեցվածքի ու սեփականության վերադարձմանն ուղղված այս և նմանատիպ դիմումներն ու խնդրագրերը անգլիական իշխանությունների կողմից մնում էին կամ անպատասխան, կամ էլ, ինչպես Մարի Թերզյանի դեպքում, բացառիկ կարգով կեղծված և ճշմարտությունը թաքցնելուն միտված: Այսպիսով ավարտվեց Մեծ Բրիտանիայի կողմից Հայկական հարցի միջազգայնացումից ի վեր տրված ոչ միայն քաղաքական խոստումներից հրաժարումը, այլև հայերի բնաջնջման հետևանքով կրած նյութական պատասխանատվության և փոխհատուցման հայ ժողովրդի իրավացիորեն ներկայացրած պահանջների ուրացումը: Ցեղասպանության զոհերի ունեցվածքի մասին մեր հրապարակումն առաջին անգամ լույս է տեսել մեկ տասնամյակ առաջ, ապա՝ վերահրատարակվել ռուսերեն և գերմաներեն լեզուներով: Գիտահետազոտական այս աշխատանքը, այնուամենայնիվ, ունեցավ իր բաղձալի հանգրվանը՝ անհերքելի պաշտոնական վավերագրերը մեծի մասամբ ապացուցում են այն իրողությունը, որ 5մլն ոսկին պատկանում է Օսմանյան կայսրության հպատակ հայ ժողովրդին: Մեծ Բրիտանիայում դժվարությամբ իրագործված այս աշխատանքը, որքան հաջողված էր, այնքան էլ՝ հայ ժողովրդի կրած վնասները փոխհատուցելու իմաստով՝ անհետևանք: Անհետևանք էր այն առումով, որ պետականությունը վերագտած հայ ժողովուրդը և, գլխավորապես, նրա իշխանավորները, այդպես էլ հետամուտ չեղան իրենց ոտնահարված իրավունքների ու վնասների վերականգնմանը: Ճշմարտություն է այն իրողությունը, որ սեփական ժողովրդի հաշվին հարստություն դիզող ոչ մի իշխանություն, ոչ մի վարչակարգ ի զորու չէ արդարության պահանջով հանդես գալ միջազգային որևէ կառույցի, որևէ գերտերության առջև: Սա է, թերևս, այն գլխավոր պատճառը, որ 2008թ. Գյոթինգենի համալսարանում ինձ այցի եկած Բեռլինի իրավապաշտպան և վնասների փոխհատուցման մեջ մասնագիտացած փաստաբանական գրասենյակի ղեկավարն առաջինն էր, որ փորձում էր մեզնից ստանալ բրիտանական պաշտոնական արխիվներում հայտնաբերած անգլիական վավերագրերը: Իսկ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ գնացող Հայաստանի Հանրապետությունը մտազբաղ է հանձնաժողովներ ստեղծելու, մրցանակներ ու հուշամեդալներ բաշխելու, օտարի մեջ հերոսներ որոնելու և թանգարանները համալրելու` ոչ գլխացավ պատճառող, բայց նաև` ոչ պակաս կարևոր գործով: Դժվար չէ կռահել, թե ո՞վ է իրականում պատասխանատվություն կրում պատմությունը պատմաբանների քննարկմանը հանձնելու՝ հայ ժողովրդի համար դառնալի, բայց իրողություն դարձած ճշմարտության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2012/10/18/137006.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
1 քննարկում
SERJ