ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 19, 2014 8:32 - 1 քննարկում
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
Նադիրե Մաթեր
Զաբել Եսայանն իր «Աւերակներուն մէջ» գրքում ականատեսի աչքով պատմում է Կիլիկիայի հայկական ջարդերից հետո իր` պատրիարքարանի պատվիրակության հետ որբանոց հիմնելու նպատակով Ադանա գնալու մասին: 103 տարի անց գիրքը թարգմանվել է թուրքերեն: «Երեխաներին և թոռներին դաշտ էր ուղարկում, իսկ հարսների ու աղջիկների միջև տնային գործերն էր բաժանում, ինքն էլ իրենց տան դռան մոտ` փայտե սանդղափուլի վրա ծալապատիկ նստած` մանում էր թթենու շվաքի տակ: Այսպես էր անցնում նրա օրը…
Ժամերն անցնում էին, իսկ նա սպասելով երեխաների ու թոռների` հանդից վերադառնալուն` մանում էր: Այժմ թոռներն ու երեխաները չկան, տունն ավերակների է վերածվել, թթենին տապալել են, սանդղափուլն էլ չկա, բամբակ չկա, սակայն ծեր կինը դեռ մանում է, այդպես` դատարկության մեջ, մանում է»:
Տարեց կնոջ բոլոր սիրելիները 105 տարի առաջ՝ 1909 թ. ապրիլի 1-3-ին, Ադանայում և նրա շրջակայքում տեղի ունեցած կոտորածների ժամանակ սպանված 25 հազար հայերի մեջ են եղել:
Օսմանահպատակ հայերի առաջադեմ կանանցից Զաբել Եսայանը կոտորածին հաջորդած օրերին հայ համայնքի հսկողության տակ որբանոց հիմնելու նպատակով պատրիարքարանի` Կիլիկիա ուղարկած երկրորդ պատվիրակության կազմում էր: Այնտեղ մնաց երեք ամիս և հանձնարարությունն առանց ավարտելու` վերադարձավ Պոլիս:
«Նամակները թաքցրու…»
Եսայանը Պոլիս վերադառնալուն պես Կիլիկիայի կոտորածների վերաբերյալ առաջին տպավորություններն ու հակազդեցությունները հրապարակեց «Ազատամարտ» թերթում: Մարկ Նշանյանը «Աւերակներուն մէջ» գրքի առաջաբանում գրում է, որ սույն ստեղծագործությունը թեև գրվել է 1910 թ., սակայն լույս է տեսել միայն 1911-ին:
Նշանյանը գրում է, որ Զ. Եսայանը Մերսին հասնելուն պես ամուսնուն նամակներ էր ուղարկում, որոնցում նշում էր. «Թաքցրու այս նամակաները: Գրում եմ օր օրի կատարած դիտարկումներիս մասին, կարող է պետք գան…»: Հետևաբար, «գիրքը, որ գրելու էր, ի սկզբանե էր կանխորոշվել»:
«Ամոթ, հոռետեսություն և զզվանք»
Եսայանը «Աւերակներուն մէջ» գրքի նախաբանում գրում է, թե ինչպես է գրի առել աչքով տեսածը. «Երբ մարդկային սիրտս ուժգնօրէն բաբախած է թշնամանքով, երբ ոճրագորներու տեսքը ամօթ ու վհատութիւն ու զզուանք ներշնչած է ինծի, երբ հողի հավասար եղած հայկական գիւղերու քով զգացած եմ անեղծ մնացած թուրք թաղերու ամբարտաւանութիւնը, երբ նշմարած եմ չպատժուած ոճրագործներու նայուածքի լրբութիւնը, հաւատարմօրեն արձանագրած եմ զանոնք առանց հոգ ունենալու այն պայմանադրական բանաձեւերու՝ որոնց ներքև եթե ավելի երկար ատեն շարունակենք քօղարկել մեր ճշմարիտ զգացումները այլազգի հայրենակիցներու աչքին՝ վստահ եմ որ փոխադարձ անվստահութիւնը մշտնջենաւորած կ՛ ըլլանք»:
Միություն և առաջադիմությանը…
Անհրաժեշտ է նշել, որ Կիլիկիայի հայկական ջարդերը տեղի են ունեցել 1908 թ. երկրորդ սահմանադրության հռչակումից ութ ամիս անց: Եսայանի բառերով` «անգամ մըն ալ ցեղի երակը բացուած էր, եւ անգամ մըն ալ մեր արիւնը՝ դեռ բաբախուն նորածագ Ազատութեան ուրախութիւնովը՝ թափուած էր մեր քրտինքով բեղմաւորուած հողին վրայ»:
Եսայանը վերջաբանում էլ ասում է. «Այն պարագային, որ Կուսակցութեան մասն կազմող ոճրապարտ անհատներ չարտաքսուին իր ծոցէն եւ իրենց արժանի պատիժը չկրեն, Իթթիհատ եւ Թէրաքքըի վրայ ծանրացող մեղքերը անհերքելի պիտի մնային»:
Քաջությամբ և ուղղակի
Գիրքն ավարտվում է հետևյալ պարագրաֆով. «Ներկա ժամուս, ուր կառավարութիւնը, եթէ կարելի է այսպէս ըսել, բոլորովին մեր կուսակցութեան ձեռքը կւ գտնուի, կրնանք զոհերուն անմիջապես օգնութիւն մը հասցնել, առանց բացառութեան յանցաւորները պատժել Օրէնքին բոլոր խստութիւնովը, եւ նման աղէտներու կրկնութիւնը արգիլող անվրէպ միջոցներ ձեռք առնել, ու այսպես Կուսակցութեան և Կառավարութեան վարկը վերահաստատել և Հայրենիքը փրկել»:
«Աւերակներուն մեջ» գիրքը ընթերցողներին է ներկայացնում մի ճամփորդություն` 105 տարվա վաղեմությամբ Կիլիկիայի ճանապարհներով դեպի կիրակնօրյա պատարագ, մի ուղևորություն, որը չափազանց դժվար է անցնել որբուկների միջով, օգնության օրվա ակնկալիքով, ձերբակալվածների հայացքներով և մահապատժի զոհասեղանով: Սա շատ դժվարին, ամոթալի և չափազանց դառը ճանապարհորդություն է:
Ինչևէ, ինչպես Եսայանն է ասում, «բոլորս պետք է իմանանք արյունախառը մեր երկրի իրական պատկերը, սրան պետք է նայենք քաջությամբ և ուղղակի»:
Կանայք, երեխաներ, ձերբակալվածներ
Կոտորածներից մազապուրծ` կարողացել էին փրկվել կանայք ու երեխաները, իսկ տղամարդկանց սպանել կամ ձերբակալել էին: «Հազարավոր պատմություն…»:
Ողջ մնացածներ…
Եթե մուսուլման դառնաք, կփրկվեք, հակառակ դեպքում սպանվելու եք:
Եթե իսլամ ընդունեք…
Այլևս կրոնով եղբայր եք..
Պարզ վերաբերմունք, ամուսնություն… Աղջիկներին տվեք, 18 տարեկանում կամ էլ օրինակ՝ 12 տարեկանում…
Տանում են թլպատելու…
Եթե չընդունեք… «Ալլահը ողորմած է, շատ չտանջվեց»:
Կանա՞յք: «Կանանց սպանելու թույլտվություն չկա, մի կողմ քաշվիր»:
Զաբել Եսայան
Ծնվել է 1878 թ. Սկյուտարում: Սորբոնի համալսարանում սովորել է գրականություն և փիլիսոփայություն: 1900 թ. ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի հետ: 1908 թ., երբ հռչակվում է սահմանադրությունը, վերադառնում է Ստամբուլ: Պատմվածքներում և վեպերում մեծ տեղ է հատկացրել հասարակության մեջ կնոջ դիրքին: Նրա հոդվածներն ու թարգմանությունները լույս են տեսել ինչպես ֆրանսերեն պարբերականներում, այնպես էլ հայտնի հայկական ամսագրերում և թերթերում:
1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների մահվան քայլերթից փրկվեց` մի հիվանդանոցում թաքնվելով: Բուլղարիայում որոշ ժամանակ մնալուց հետո վերադարձավ Փարիզ:
1933 թ. տեղափոխվեց Երևան: 1937 թ. Ստալինի բռնաճնշումների ժամանակ լրտեսության մեջ մեղադրեցին և աքսորեցին Սիբիր: Հայտնի չէ, թե երբ ու որտեղ է մահացել:
Զաբել Եսայանի կենսագրության և գրական ժառանգության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել «Արաս» հրատարակչության լույս ընծայած` Լեռնա Էքմեքչիօղլուի և Մելիսա Բիլալի «Արդարության ճիչը. 5 հայ ֆեմինիստ գրողները Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում (1862-1933)» աշխատությունում:
*Զաբել Եսայանի համառոտ կենսագրությունը հակիրճ ներկայացնում ենք «Աւերակներուն մէջ» գրքում տեղ գտած ինքնանկարից:
Փորձեցին իրենց ձայնը լսելի դարձնել Պոլսում, բողոքագիր գրեցին:
Սպառնացին նրանց: «Եղածը եղած է, ո՞ր մեկին պատժենք: Ըստ էության, բավականին արյուն է հոսել: Մոռացե՛ք անցյալը»:
Եսայանը գրում է, որ Ադանայում անցկացրած երեք ամսվա ընթացքում ամենադժվարը բանտեր այցելությունն էր. «Իմանացանք, որ անմեղներ կան նաև թուրք ձերբակալվածների մեջ: Նման պարագայում ստիպված եղանք հետաքրքրվել նաև նրանցով, նյութական կացությանը օգտակար լինել: Նրանց ազատելու համար ևս դիմումներ ուղարկեցինք»:
320 էջից բաղկացած գրքի վերջին 80 էջում տեղ են գտել Եսայանի «Կիլիկիայի որբանոցները. անձնական դիտարկումներ և հուշեր» հոդվածը, օսմանյան մեջլիսի Ադրիանապոլսի պատգամավոր Հակոբ Պապիկյանի «Զոհերի թիվն ու նյութական վնասի լրջությունը», «Խառնակությունների պատճառները. ինչպե՞ս սկիզբ առավ և ընթացք ստացավ», «Դեպքերից առաջ և հետո կառավարության դիրքորոշումը», «Ռազմական դատարան» գլուխներից բաղկացած Կիլիկիայի զեկույցը, «Վերջաբան» «Դեպի անցյալ» վերնագրով Կիլիկիայի աղետի ժամանակագրության սեղմագիրը, նկարների վկայությունները:
Պարտքս եմ համարում գիրքը ջանասիրաբար և բծախնդրությամբ թուրքերեն թարգմանելու համար շնորհակալություն հայտնել Գայուշ Չալըքման Գավրիլովին, ով Ժողովուրդների ժողովրդական կուսակցության` Ստամբուլի կղզիների գավառապետի թեկնածու է, ինչպես նաև` «Արաս» հրատարակչությանը:
http://www.bianet.org/biamag/diger/154007-gilikya-ermeni-kiyiminin-uc-ayi?bia_source=rss
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net
1 քննարկում
Արա Հովհաննեսյան