ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 18, 2014 0:11 - չքննարկված
Թուրքիայի բնակչությունն աճում է, բայց ոչ թուրքերի հաշվին
Հայաստանյան լսարանը որոշակի մտահոգությամբ է ընդունում վերջին տարիներին Թուրքիայում բնակչության մշտական աճի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ ընդունելով, թե թուրքերի թիվը շարունակաբար զգալի ավելանում է։
Վերջին 2-3 տարիներին մեր արևմտյան հարևանի բնակչությունն աճում է միջինը 1 մլն-ով։ Այս աճը, սակայն, մեծ հաշվով պայմանավորված չէ էթնիկ թուրքերի բազմանալով, այլ մեծապես, թեև ոչ ամբողջապես կապված է հարևան երկրի քուրդ բնակչության ավելանալու հետ։ Այս մասին հայտնում է AllTurkey.am-ը։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը 2014 հունվարին հայտարարեց, որ Թուրքիայի բնակչությունը 76 667 864 մարդ է։ 2012-ի համեմատ՝ այս թիվն աճել է 1 040 480 հոգով։ Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսն արական սեռի ներկայացուցիչ է, 49.8 տոկոսը՝ իգական սեռի։ Թուրքիայի բնակչության միջին տարիքը 30.4 է, ինչը 2012-ի համեմատ բարձր է 0.3-ով։ Թուրքիայում բնակչության թվով առաջատարը Ստամբուլի նահանգն է (14.1 մլն), որին հետևում են Անկարան (5.5 մլն) ու Իզմիրը (4.6 մլն)։
Սա որոշ տվյալներ՝ ընդհանուր պատկերացում կազմելու համար, իսկ հիմա փորձենք ըստ Թուրքիայի նահանգների պատկերացնել, թե որ էթնիկ խմբի մոտ է ժողովրդագրության շեշտակի աճ և միջին տարիքի ցածր ցուցանիշ գրանցվում։ Վիճակագրական ծառայության տվյալներից պարզ է դառնում, որ Թուրքիայում ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ու ամենաերիտասարդ բնակչությունը երկրի հարավարևելյան շրջաններում են, որոնք մեծամասամբ քրդաբնակ են։ Բնակչության միջին տարիքով ամենաերիտասարդ նահանգներն են Շըրնաքը (18,7), Ուրֆան (19) և Աղրըն (19,7), որոնք ունեն հիմնականում քուրդ բնակչություն, իսկ Ուրֆայում ապրում են նաև մեծաթիվ արաբներ։
Իսկ ահա, այսպես ասած, թուրքաբնակ նահանգներից մի քանիսն առաջատար են բնակչության «ծերությամբ»։ Այսպես, Սինոպում, Բալըքեսիրում ու Էդիրներում բնակչության միջին տարիքը 37-38 է, ինչը Թուրքիայի ամենաբարձր ցուցանիշն է։ Եվ մինչ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին շարունակում է իր երկրի քաղաքացիներին (իհարկե, իր կոչերը ոչ բացահայտ հասցեագրելով թուրքերին) հորդորել «առնվազն երեք երեխա ունենալ», նրա կոչը կարծես արձագանք է ունենում Թուրքիայի քուրդ քաղաքացիների շրջանում։
Թուրքաբնակ նահանգներում բնակչության «ծերացմանը» քրդաբնակ շրջանները հակադրում են բավական երիտասարդ բնակչությամբ, ինչը ցույց է տալիս, թե վերջին տարիներին որքան բարձր է ծնելիության մակարդակը քրդերի շրջանում։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ թեև Թուրքիայում բնակչությունը շարունակաբար աճում է, սակայն հիմնականում դա լինում է ոչ թուրքերի հաշվին, իսկ ավելի հստակ՝ գերազանցապես քուրդ բնակչության շնորհիվ։
Ըստ տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում քրդերի թիվը հասնում է մինչև 20 մլն մարդու, որը կազմում է մեր արևմտյան հարևանի ամբողջ բնակչության շուրջ 25 տոկոսը, իսկ այդ տոկոսը շարունակում է աճել ու աճել։ Իհարկե, բավական բարդ է հստակ իմանալ Թուրքիայում բնակվող քրդերի թիվը, քանի որ տասնամյակներ շարունակ նրանք մարդահամարներում և պետական վիճակագրություններում որպես թուրք են նշվել, ինչպես և պահանջում է Թուրքիայի սահմանադրությունը։
Այնուամենայնիվ, քրդական բնակչության սույն դեմոգրաֆիկ պատկերի պահպանումն ապագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել էթնիկ թուրքերի և ընդհանրապես Թուրքիայի համար։ Ներկա տեմպերով քրդական բնակչության «մասնաբաժինը» շարունակելու է աճել Թուրքիայի բնակչության մեջ, իսկ այդ դեպքում քրդական հարցն ավելի սուր բնույթ է ընդունելու և դամոկլեսյան սրի նման կախվելու է Թուրքիայի Հանրապետության վրա։
Քուրդ բնակչության շարունակական աճը ներկայիս Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում պետք է որ հետաքրքրի նաև հայերին, չէ՞ որ հայկական պատմական տարածքներն այժմ հիմնականում բնակեցված են հենց քրդերով, որոնց թիվը միայն ու միայն ավելանում է Արևմտյան Հայաստանում։
Araratnews.am