ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, February 22, 2014 9:15 - չքննարկված
ԵՀՄՖ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԽՈՇՈՐԱՄԱՍՇՏԱԲ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԵՀՄՖ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԽՈՇՈՐԱՄԱՍՇՏԱԲ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2013 թվականի տարեվերջին ԵՀՄՖ-ն դիմել էր իր հայտնի բաց նամակներով ՀՀ ԱԺ նախագահին և այնուհետև ՀՀ նախագահին, ներկայացնելով հանրապետության կառավարության մի շարք անդամների և նրա ղեկավարի` վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կատարած աղաղակող վնասարարությունների փաստերը, միաժամանակ մատնանշելով կոռուպցիայի հայտնի աղմկահարույց սկանդալների շուրջ իշխանությունների ցուցաբերած անտարբերության և կամ դրանք ցինիկաբար լռության մատնելու իրողությունը: Նամակներում ԵՀՄՖ-ն զգուշացրել էր, որ պատասխան չստանալու դեպքում կներկայացնի մատնանշված հանցագործությունների շուրջ առավել մանրակրկիտ տեղեկատվություն և վարչակազմից կպահանջի պատասխան: Այնուհետև, բավարար պատասխան չստանալու դեպքում, նշել էինք, որ այս փաստերն արդեն կներկայացվեն միջազգային փորձագետներին և արդարադատության մարմիններին հայցելով օգնություն` ՀՀ-ում պետպաշտոնյաների կողմից կազմակերպված միջազգային մակարդակի կողոպուտների և օֆշորային սկանդալների բացահայտման հարցում:
Որպես առաջին խոշոր չափի հանցագործություն` այժմ ներկայացնում ենք «Նաիրիտ» գործարանի շուրջ կատարված օֆշորային` միջազգային հանցագործակցության մանրակրկիտ ուսումնասիրված փաստերը և հայտարարում, որ պատասխան չստանալու դեպքում այն ներկայացվելու է միջազգային փորձագետների քննությանն ու այնուհետև միջազգային ատյաններին:
Ստորև ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հանցագործության փաստերը առաջին «խմբաքանակ» է ԵՀՄՖ կողմից վարձված իրավաբանների, փորձագետների և մասնագետների կողմից կատարված աշխատանքների, որի համար իրականացվել են ահռելի աշխատատար գործունեություն` տեղեկատվության հավաքագրում, անհրաժեշտ մարդկանց հետ հանդիպումներ ու քննարկումներ, գործուղումներ տարբեր երկրներ:
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ “ՆԱԻՐԻՏ” ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ
ԹԱԼԱՆԻ ՇՈՒՐՋ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ “Նաիրիտ” գործարանի կարևոր դերակատարությունը քիմիական ոլորտի համար և վերջին ժամանակահատվածում տարբեր լրատվամիջոցներում հրապարակված օրինախախտումների մասին հոդվածներն ու հարցազրույցները` ԵՀՄՖ-ի նախագահությունը որոշեց կազմել իրավաբաններից և այդ ոլորտի մասնագետներից կազմված հանձնախումբ “Նաիրիտ” գործարանի արհեստական սննկացման մասին պնդումները հաստատելու կամ հերքելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ իրականացվեցին բազմաթիվ ու բազմաբնույթ աշխատանքներ` հանցագործությունների մասին տեղեկատվության հավաքագրում, անհրաժեշտ մարդկանց հետ հանդիպումներ ու քննարկումներ, գործուղումներ տարբեր երկրներ:
Ցավոք, առաջին իսկ ուսումնասիրությունները ապացուցեցին, որ “Նաիրիտ” գործարանի այսօրվա անմխիթար և անհեռանկար վիճակի համար պատասխանատու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններ, որոնց կանխամտածված անգրագետ կառավարման արդյունքում գործարանը կուտակել է հարյուրավոր միլիոն դոլարների հասնող պարտքեր, և սա այն պարագայում, երբ օր-օրի միջազգային շուկայում աճում է և կաուչուկի պահանջարկը, և գինը:
ԵՀՄՖ-ի տնտեսական հանձնախումբը պարզեց, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆունտ ստեռլիգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) օֆշորային ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:
«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը` ԱՊՀ Կենտրոնական Բանկերի հիմնադիր կապիտալով ստեղծված «Մեժգոսբանկում» գրավ դնելով ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե` գնելով «Նաիրիտ» գործարանը, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է մինչ օրս:
Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006 թվականին այս «գործարքին» իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել հետևյալ պատասխանատու անձինք.
-Տիգրան Սարգսյան` որպես ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ երկրների Կենտրոնական Բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,
-Վահան Մելքոնյան` միաժամանակ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչ և «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաև հանդիսանում է օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության սեփականատեր, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը
-Անդրե Նարսիսյան` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երևացող սեփականատեր, Ֆրանսայի քաղաքացի, ըստ լուրերի մահացել է 2006 թվականի տարեվերջին,
-Անատոլի Տուրկաձե` «Մեժգոսբանկի» նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար հեռացված է աշխատանքից,
-Սերգեյ Կուլիկով` «Մեժգոսբանկի» փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա և ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ «Մեժգոսբանկի» վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,
-Նատալյա Բլագովա` Կուլիկովի եղբոր կինը, Անդրե Նարսիսյանի տված լիազորագրով որպես «Ռայնովիլի» ներկայացուցիչ, «Մեժգոսբանկի» վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտի» 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանլու համար,
-Տատյանա Սերբկովա` 2001-2007թթ. ժամանակահատվածում աշխատել է «Մեժգոսբանկում»` ղեկավարելով միջպետական ծրագրեր, ստեղծել է «Ինտերկաուչուկ» ընկերությունը եւ ղեկավարել «Նաիրիտ» գործարանի զարգացման ու վերազինման ծրագիրը: Նրա հանդեպ իրականացվել են ահաբեկումներ եւ սպառնալիքներ, կատարվել է կարեւոր փաստատղթերի գողություն նրա կաբինետից:
-Արմեն Մովսիսյան` ՀՀ էներգետիկայի նախարար, 2007 թվականին «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ, որի որոշման համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Տնօրենների խորհրդի անդամներ հանդիսացող Տ.Սերբկովայի, Մ.Պիոտրովսկայաի, Ա.Մարկովսկիի և Մ.Պերելմանի լիազորությունները, իսկ նրանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձևավորվել է բացառապես Սերգեյ Կուլիկով և Վահան Մելքոնյան զույգի միջև (հիշեցում. Ս.Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն էր, իսկ Վ.Մելքոնյանը` նույն բանկի հայաստանյան և օֆշորային ընկերության ներկայացուցիչը):
-Եգելսկի Ալեքսանդր Եվգենևիչ` Կուլիկովի հանձնարարությամբ Տատյանա Սերբկովային սպառնալիքներ ներկայացրած անձ ` վերջինիս «Նաիրիտ» գործարանի «առքուվաճառքի» անհամաձայնության կապակցությամբ
-Աշոտ Սարգսյան` «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների իրականացնում էր գործարանի ֆինանսական շարժի վերահսկողություն:
Ե զ ր ա կ ա ց ու թ յ ու ն
Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող, Հայաստանի Հանրապետության արտադրական հզորություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման` սննկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի ներկայիս մրցակիցները:
Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարել էր մինչև 2012թ. Եվրոպայի տարածքում քլորի արտադրության փակման ծրագրի մասին ու անգամ ֆինանսական տեսանկյունից պաշտպանված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Բայերը» եւ «Դյուպոնը», անընդհատ դաժան քննադատության են ենթարկվում վերահսկող մարմինների և բնապահպան հասարակական կազմակերպությունների կողմից, հետեւաբար «Նաիրիտի» գոյությունը ընդհանրապես նոր դժվարություններ էր ստեղծում քիմիայի ոլորտի համաշխարհային «շնաձկերի» համար:
2006-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում մի խումբ պետական պաշոնյաների կողմից իրականացվել է «Նաիրիտ» գործարանի «անգրագետ» ղեկավարում` կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվել են 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր: Նրանց անգրագետ ղեկավարման տարիներին գործարանում եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր: Այսօր էլ շարունակվում է երբեմնի ՀՀ սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սննկացումը, և որպես նշվածի ապացույց են հանդիսանում արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստը` մետաղի ջարդոնի տեսքով:
«Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել է քրեական գործեր, պետականացվել են նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ: Այս հարցում առանձնանում է Տիգրան Սարգսյանի դերակատարությունը, քանի որ նա հանդես է եկել 2 կողմից`
Ա/ Հայաստանում` որպես Կենտրոնական Բանկի նախագահ. «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերը նվիրաբերել է Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը
Բ/ Ռուսաստանում` արդեն որպես Մեժգոսբանկի նախագահ. այդ նույն Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը տվել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերի դիմաց:
Եվ այս ամենի պատճառով է, որ Մեժգոսբանկի ռուսաստանցի պաշտոնյաները դատապարտվել են, բռնագանձվել է նրանց գույքը, քանի որ նրանք կատարել են Տիգրան Սարգսյանի հրամանները /հիշեցնեք որ այդ ժամանակ Տ. Սարգյանը հանդիսանում էր Մեժգոսբանի նախագահ/:
Իրավաբանական հանձնախմբի սույն հայտարարությունը ԵՀՄՖ Նախագահությունը համարում է հանցագործության մասին հայտարարություն և պահանջում է ՀՀ իրավապահ մարմիններից գործի լուրջ հետաքննություն, որի սկսվելու պարագայում ԵՀՄՖ Նախագահությունը պատրաստ է տրամադրել հանցագործությունները ապացուցող բոլոր ապացույցները:
ԵՀՄՖ Նախագահություն
19.02.2014թ.