ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, January 29, 2014 17:43 - չքննարկված
Մի հերոսի պատմություն։”Հետմահու մեդալ՝ կենդանի Հրաչին”
Ես Հրաչի հետ ծանոթացա պատահաբար: «Գրիգոր Տաթևացի» հրատարակչություն-տպարանում էի աշխատում, երբ գլխավոր խմբագիրը զինվորական շորերով մեկին ներկայացրեց ինձ՝ գուցե կարողանանք նրա մասին մի փոքրիկ գրքույկ հրատարակել: Արցախյան պատերազմի մասնակից է, նրան հետմահու մեդալ են շնորհել ու ինքն իր ձեռքով գնացել, ստացել է: Դեպքն իհարկե հետաքրքեց ինձ, բայց խմբագրի մոտ առանձին դժգոհեցի՝ ինչքան անվճար պատվեր կա, ինձ եք տալիս: Ինչու՞ մեկը դուք չեք անում: Ինձ գլխավոր խմբագրի մոտեցումն էր բարկացնում: Դե, ապրելու խնդիր կար: Նա էլ թե՝ չեմ պարտադրում:
…Բայց ինձ հուզել էր զինվորի ճմրթված շորերը, դոշին կպցրած շքանշանները, որոնք մի առանձնակի մաքրությամբ փայլում էին ու այն, որ նա ահավոր դժվար էր լսում: Արկը պայթել էր հենց քթի տակ ու կանտուզիա էր ստացել: Ինձ հուզում էր նաև այն հանգամանքը, որ նախկին կռվողն ինձ անընդհատ քույրիկ էր ասում: Իսկ երբ անկեղծացավ՝ եթիմ եմ մեծացել, շաքարի պես հալվեցի: Լավ, կգրեմ,- ասացի:
Հրաչը որբ էր եղել: Մայրը վաղ մահացել ու հայրը լքել էր նրանց: Նրանց բաժին է ընկել որբության ցուպը: Երկու որբ եղբայրներին տանում են Շուշիի մանկատուն: 1971 թվականին Հրաչը զորակոչվում է խորհրդային բանակ ու ինքը մի բանաստեղծություն է գրում, որ գրելու օրվանից պահում էր ծոցում: Խունացած, տեղ-տեղ ջնջված ու պատերազմի բովով անցած թուղթ էր, որը պահում էր մի հասարակ ցելոֆանե տոպրակի մեջ: Ծոցից, շքանշանները բարձրացնելով, հանում է այն ու հանձնում ինձ: Նույնությամբ ներկայացնում եմ.
Մի տխրիր, մայրիկ, իմ տասնութ տարին է լրացել,
Մինչ այսօր չգիտեի քո գերեզմանի տեղը,
Գիշեր-ցերեկ հոգով քո հետ եմ, սիրելի մայրիկ,
Բայց դու չես ասում՝ սիրելի որդիներ,
Ինչպե՞ս եք ապրում, երբևէ կուշտ փորով հաց կերե՞լ եք:
Մայրիկ, ես քեզ կպատմեմ, որ այն օրվանից, ինչ գնացիր,
Մեր ազիզ հերը մեզ չոլերը ձգեց, կյանք չտեսանք,
Ե՛լ մայրիկս, թող ես քեզ տեսնեմ, ձայնդ լսեմ,
Միգուցե երջանիկ լինեմ այսուհետ,
Ե՛լ մայրիկս, ինձ բանակ են տանում,
Ինձ ոչ ոք չի ճանապարհում, ոչ ոք չի լացում, պատուհանից նայեցի,
Ծնողները թաշկինակներ են թափահարում
Եվ արցունք թափելով որդիներին ճանապարհում:
Բայց իմ ետևից ոչ ոք չի լացում, մայրիկ ջան,
Միայն ես եմ լացում և արցունք թափելով
Գրում իմ վառված կյանքի մասին:
Սիրելի հայրեր ու մայրեր, մի լքեք ձեր երեխաներին,
Իմ կյանքը ձեզ օրինակ, նրանց մի կործանեք,
Ես հայր ու մայր չեմ հիշում, Շուշիս էլ առան,
Հիմա ես ո՞նց ապրեմ առանց մայր հայրենիք:
Զորացրվելուց հետո Հրաչն ամուսնանում, հետո կնոջ հետ մեկնում է Մոնղոլիա: Միջազգային լրատվական միջոցներով տեղեկանում է, որ իր հայրենիքը վտանգի մեջ է և 1988-ին վերադառնում է Հայաստան: Ծառայում է «Անդրանիկ զորավար», «Ջավախք», «Վրիժառուներ» ջոկատներում: Հրաչը, որ տիրապետում էր թուրքերեն, ռուսերեն, մոնղոլերեն լեզուներին, հետախուզության է գնում ադրբեջանական Թաբլի, Ջաֆարլի /Լալի/, Ալփռուտ գյուղերը: Այնտեղ կատարված աշխատանքների մասին այլ նկատառումներով լռում եմ, Հրաչն իր մասին պատմում է.
«Մի օր մտա Ջաֆարլի գյուղի ճաշարանը՝ ճաշելու, պատվիրեցի մակարոնով փլավ: Խոսում էի մայրաքաղաքային գրական լեզվով: Կասկածեցին, և ես հայտնվեցի շրջապատման մեջ: «Գորշ գայլերի» ներկայացուցիչն ինձնից փաստաթուղթ է պահանջում, որպեսզի պարզի ինքնությունս, իսկ ես նրան ադրբեջաներեն լեզվով պատասխանում եմ՝ ինչ իմանայի, որ այդպիսի անհաջողություն է ինձ հետ պատահելու, որ հետս վերցնեի: Բնականաբար նրանց շփոթեցնում է ադրբեջաներենի իմ լավ իմացությունը: Ինձ տանում են «Գորշ գայլերի» շտաբը»:
Այստեղ էլ սկսվում է Հրաչի կյանքի դաժան օրերի շարքը: Վրայից պոկում են շապիկը և քարացած նայում նրան: Հրաչի թևին հայերեն տառերով գրված էր՝ «Սեր իմ Ալվարդ»: Հրաչը բացատրում է նրանց, որ իր նախկին կինը հայ է եղել և ինքը լքել է կնոջը՝ երեխաներով: Հիմա նրանք գտնվում են Հաղթանակ գյուղում: Թուրքերը գոռում են՝ հանիր շալվարդ: Անօրեններն իջեցնում են շալվարն ու տեսնում, որ թլպատված չէ: Տեսնելն ու աքացիների տակ առնելը մեկ է լինում: Հրաչը կորցնում է գիտակցությունը, երբ ուշքի է գալիս, ջրի մեջ լողանում էր: Նրան գցել էին մի խոր նկուղ՝ կրծողներով շրջապատված, որտեղց փչում էր խոնավահոտություն ու գարշահոտություն: Ինչ որ հսկիչ թուրք ներս է մտնում, մի շատ փոքր կտոր հաց շպրտում գետնին, ոտքով տրորում և ասում՝ լափիր: Հրաչը ճաշարանի մակարոնով փլավից հետո ոչինչ չէր կերել. Ճանկում է հացը, որ բերանը տանի, թուրքը ոտքով հարվածում է ծնոտին: Բերանը լցվում է արյունով:
-Թուրքից դաժան կենդանի չկա,- պատմում է Հրաչը:- Երբ զուգարան էին տանում, ճանապարհին թրիքի մեջ հատիկ էի փնտրում, որ սովից չմեռնեմ, շատ էի ուզում ապրել, տեղ հասնել, ընկերներիս տեղեկացնել թուրքի ծրագիրը:
Հրաչը չի էլ հիշում, թե որերորդ օրը ազերիները նրան մահակով ծեծում, գցում են գետնին: Լուծ էր կպել: Խնդրում է, որ իրեն տանեն զուգարան: Զուգարանը շտաբից մոտ երեսուն մետր հեռու էր: 60-ամյա մի թուրք ուղեկցում է նրան: Հրաչը մտնում ՝ զուգարան և սկսում լսել ազերիների խոսակցությունը: Նրանք հայհոյում էին հայերեն, իրարանցում, խուճապ էր զգացվում նրանց մոտ: Բայց Ղազախից զենք ու զինամթերքի էին սպասում: Հրաչը պատմում է.
-Մինչ նրանք զբաղված էին պատերազմի վերաբերյալ իրենց գիտելիքները ցուցադրելով, ես անաղմուկ բացում եմ զուգարանի դուռը, վազում և մտնում կողքի չօգտագործվող զուգարանը: Այն համարյա փտած էր, տախտակները կոտրատված էին, ծակից մտա, նստեցի գրեթե չորացած կեղտի վրա: Սուզվել էի ապականության որջում, տախտակներով փակելով այն: – Երբ հիմա վերհիշում եմ,- մռայլվում է Հրաչի դեմքը,- զարմանում եմ, թե ինչպես դիմացա այդ արտաթորանքի մեջ: Կյանքը շատ քաղցր է, մեծ նպատակ ունեի և պետք է անպայման կենդանի մնայի:
Հրաչը լսում է, թե ինչպես է իրեն հսկող թուրքը հայհոյում, թքոտում, շրխկացնում զուգարանի դռները: Շտաբի տղաները ծեծում են ծեր դավաճան թուրքին և թողնում երեսնիվայր ընկած: Մոտ հինգ ժամ Հրաչը մնում է զուգարանում: Երբ մութն ընկնում, դադարում է անցուդարձը, նա հարյուր մետր սողալով, հասնում է գլխավոր ճանապարհին, պատսպարվում մի խոր փոսի մեջ: Երկու քար է գտնում, նետում ճանապարհի աջ ու ձախ կողմերը, արձագանք չգտնելով՝ շարունակում է ճանապարհը:
-Նկատեցի մի հաստաբուն ծառ,- պատմում է Հրաչը:- Կարծես ինձ համար հատուկ անկողին էր պատրաստված: Ճյուղերը խաչաձև գրկել էին իրար և ասես օրորոց լիներ: Պառկեցի և մինչև արշալույս հանգիստ քնեցի: -Ինձ անընդհատ թվում էր, թե կորցրած մանկությունս ետ է եկել, և մայրս երգելով օրորում է ինձ: Բնության ներդաշնակ ձայները մեղմում էին վերքերս և խաղաղություն բերում հոգուս: – Արևածագին ճանապարհ ընկա: Անտառում էլ խոտ ու հատապտուղ չէր եղել, որ չճաշակեի: Թուլությունից, սովից ոտքերս հազիվ էի քարշ տալիս: Այդ վիճակում չեմ էլ իմանում, թե ինչքան էի քայլել, հասել Իջևանի մայր ճանապարհին: – Հայրենի հողի մոտիկությունը զգալով, ամբողջ մարմնով ընկա՝ փարվելով հողին:
«Գերի Հրաչը» հանգիստ էր, չէ՞ որ հասել էր մայր հողին և հանգիստ կարող էր մեռնել: Ազերիները չէին չարչարի, չէին խոշտանգի նրա մարմինը: Բայց արի ու տես, որ ճակատագիրն ավելի դաժան էր: Հայկական մեքենա է անցնում, տեսնում են ընկածին, կասկածում թուրք լինելու մեջ, վերցնում ու կոպտորեն շպրտում մեքենայի թափքի մեջ: Տանում են Իջևանի ռազմական շտաբ: Հրաչն արտասանում է թուրքերեն, ռուսերեն բառեր, «Վրիժառուների» Վրեժը սկսում է անխնա ծեծել Հրաչին:
-Ատամներս զնգզնգում էին,- պատմում է Հրաչը,- ծնոտս ճաքել էր: Իմ վրայից զուգարանի գարշահոտությունն էր փչում: Նրանք զզվեցին և կանչեցին «Քեռի Սլավիկին», որ ինքն ինձնով զբաղվի: Սլավիկն ինձ անմիջապես ճանաչեց ու գոռաց. «Այդ ի՞նչ եք արել, խելառներ, սա մեր Հրաչն է»:
Լողացրին, հաց տվին, ինձ կարգի բերեցին, և ես ուշքի եկա: Պատմեցի թշնամու ծրագրերի մասին: Մի քանի օր ինձ արձակուրդ տվին: Չգիտեի, որ տանն ինձ վաղուց թաղել, լացել, ափսոսացել էին ու հանգստացել: Երբ ներս մտա, տան բոլոր հայելիները սպիտակ շորով ծածկված էին: Ողբում էին իմ կորուստը: Զանգել էին կնոջս և ասել, որ արիության համար Հրաչին հետմահու մեդալ են Արցախում տալու, որ գնա ու ստանա: Կնոջս փոխարեն ես գնացի ու հետմահու մեդալս ստացա:
Հետո Հրաչը մասնակցեց Շուշիի ազատագրմանը: Նա ուզում էր ազատագրել այն մանկատունը, որն իր համար տուն էր եղել: Ու պատմում է Հրաչը. «Հասել էինք Շուշվա մանկատանը: Դառը հիշողությունները ծուխ առան քթիցս, աչքերս լցվեցին արցունքով՝ որբանոցն էլ ձեռիցս առան շները: Ես պետք է գերությունից հանեմ իմ դառը մանկությունը»: Հարամ ջրի մոտ Հրաչի աչքերը մթագնեցին: Նա պղտոր աչքերով նայում էր մանկատանը, մի պահ ժապավենի պես աչքի առաջ հայտնվեցին որբանոցի երեխաները՝ կարմիր, կանաչ, դեղին կետեր կայծկլտացին, հետո կետերը գծերի փոխվեցին, սևացան աչքերը…
Կոմանդոսը զորքը հետ էր կանչել, որ թուրքերը Լաչինի միջանցքով փախչեին: Ամեն մի արծվի կյանք շատ թանկ էր գնահատում: Ազերիները ճողոպրում էին, հողը իրենցը չէր, որ կուրծք դեմ տային, պահեին:
Արևը կարմրել էր: Հրաչը հաղթական աղմուկից աչքերը բացեց. Շուշին ազատագրվել է: Նրա կրծքից մի ծանր քար ընկավ: Հողը թեթևացած շունչ քաշեց: Հրաչը կարմրագույն արևի մեջ փնտրում էր իր ընկերների արյունը:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
www.hraparak.am