ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, December 30, 2013 11:56 - չքննարկված

ՀԱՅԵԱՑՔ ՀԱԼԷՊԻՑ – Ապատեղեկատւութիւն. վերջաբան (Շար. 6 եւ վերջ)

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ

Ապատեղեկատուութեան մասին ընդհանրապէս բացատրութիւնից, պարզաբանումից եւ զանազան օրինակներ տալուց յետոյ, որպէս վերջաբան, տեսնում ենք, որ ապատեղեկատւութիւնը ինքնին տեղեկատւութեան մտածւած խեղաթիւրում է, որը հետապնդում է նպատակ եւ շահ: Այն հակառակորդին մոլորեցնելու նպատակով սեփական զօրքերի, դրանք համախմբւելու, կազմի, սպառազինութեան, մարտունակութեան, համայնքներ տկարացնելու, ռազմական գործողութիւնների մասին կանխամտածւած լուրեր տարածելու քողարկման հնարք է:

Առ այդ՝ եզրակացնում ենք, որ

ա- Հայկական աղբիւրների կողմից ապատեղեկատւութիւն տարածող լուրերը խաթարում եւ վտանգ են պատճառում հայկական լրատւադաշտին:

բ- Հայկական աղբիւրների կողմից ապատեղեկատւութիւն տարածող լուրերը միջազգային լրատւադաշտ են մուտք գործում եւ ինքնաբերաբար հիմք ծառայելով՝ տարածւում են: Այս երեւոյթը նոյնպէս վտանգ առաջացնելով՝ սպառնում է հայութեան ընդհանուր շահերին:

գ- Թուրքական եւ ադրբեջանական ապատեղեկատւութիւնից մեծ ազդեցութիւն են կրում միջազգային լրատւական աղբիւրները, եւ եթէ հայկական լրատւամիջոցները հիմնւեն ադրբեջանական աղբիւրների վրայ, ապա, պարզապէս, կընկնեն թուրք-ադրբեջանական ապատեղեկատւութեան ծուղակը: Հայկական լրատւամիջոցները պէտք է ցուցաբերեն զգօնութիւն՝ տարբերելով ծուղակը, ապատեղեկատւութիւնը եւ անկողմնապահ լրագրութիւնը:

Հայաստանում եթէ ռազմական առումով կիսապատերազմական իրավիճակ է, ապա տեղեկատւական առումով ուղղակի պատերազմի մէջ ենք:

Հետեւաբար՝ մեզ անհրաժեշտ է անաչառ, առարկայական տեղեկատւութիւն՝ տեսանիւթերի, ֆիլմերի, լուսանկարների տեսքով: Տւեալ պարագայում՝ տեղեկատւութիւնը մեզ պէտք է տրամադրւի նաեւ պետական մակարդակով, որպէսզի Սփիւռքի լրատւական աղբիւրները եւս ի վիճակի լինեն արագօրէն արձագանգելու կամ անհրաժեշտ հակահարւած տալու, այդ նիւթերը զանազան լեզուներով, յատկապէս՝ արաբերէնով. ուստի՝ անհրաժեշտ է նաեւ կարեւոր նիւթեր արաբերէնի թարգմանել: Դա եռակողմ համագործակցութիւն ձեւաւորելու մէկ օրինակ է՝ ԼՂՀ-Հայաստան-Սփիւռքի միջեւ: Կարեւոր ենք համարում նաեւ օտարազգի լրագրողների այցը ԼՂՀ եւ Հայաստան, ինչ որ նաեւ նպաստում է համագործակցութեան ձեւաւորման:

Մենք պէտք է ոչ միայն հակահարւած տանք հակառակորդին, այլեւ մենք նախաձեռնող լինենք:

Գայլը գառնուկի մորթ հագած՝ ջանք է թափում պատմական ճշմարտութիւնը եւս իւրօրինակ սպանդի ենթարկելու մաքիաւելական դիտաւորութեամբ:
Միւս կողմից, մինչ այդ՝ տեսնում ենք, որ տեղեկատւական պատերազմը վատթարանում է եւ իւրաքանչիւր կողմ իր ձեռքով թողած առաւելութիւնների մասին հաղորդագրութիւններ է տարածում կողմնորոշելու, աւելի ճիշտ՝ ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը:

Ապատեղեկատւութիւն տարածելու գործում ուշադրութեան արժանի է «ֆէյսբուք»-ի յատկապէս հասարակական փակ էջերը, որտեղ անհատներն իրենք են կազում իրենց խմբերը՝ ըստ իրենց ցանկացածի, իրենք են, որ «այո» են ասում իրենց խմբակը մուտք գործել խնդրող անհատներին եւ կամ խմբակի անդամներին խմբակից դուրս են շպրտում: Դուրս են շպրտւում, քանի որ նրանք, խմբակը առաջացնողի ցանկացած նիւթերը չեն գրում կամ ընդհանրապէս ճիշտերն են գրում: Պէտք է նշել, որ «ֆէյսբուք»-ի խմբական եւ անհատական էջերը արդէն մեքենական շրջանառութիւններով մեծ լրատւական աղբիւրների չափ իրենց ազդեցութիւնն են ունենում ընթերցողի վրայ: Յաճախ էլ զուգորդւում են մեկնաբանութիւններով, տեղի-անտեղի կարծիքներով երբեմն նիւթի մէջ չտեղաւորւող, երբեմն անտեղի հաստատումներով:
Ուրեմն՝ կարելի է ընդգծել, որ հայութեան թշնամիները, տեղի ու պարագայի համեմատ, մանաւանդ երբ ականատես են լինում մեր շարքերի միասնութեան աստիճանական ամրապնդման, ամէն հնարաւոր սադրանքի են դիմում մեր ներքին ճակատը քայքայելու, մեր հաւաքական կամքը ջլատելու եւ մեր պայքարի կորովը չէզոքացնելու համար:

Յատկապէս, քաղաքական ճակատի վրայ, մեր ազատագրական պայքարը ձախողութեան մատնելով՝ յարմարագոյն եւ ամենայուսալի ռազմավարութիւնը հայութեան պառակտումն է մեր թշնամիների կողմից՝ մեր շարքերը տկարացնելու եւ Հայ Դատը մեր իսկ ձեռքերով սնանկութեան դատապարտելու յստակ դիտաւորութեամբ:

Այս առնչութեամբ նորանոր փորձեր են կատարւում մանաւանդ մեր օրերում: Թշնամին միջոցների միջեւ խտրութիւն չի դնում եւ այլազան դաւալից եղանակներով ջանում է փորձութեան ենթարկել հայ ժողովրդին եւ հայ քաղաքական կազմակերպութեանց քաղաքական եւ գաղափարական ողջմտութիւնն ու պայծառատեսութիւնը, ինչպէս նաեւ կազմակերպական հզօրանքի եւ պայքարի ներքին ամուր ճակատի կերտման մեր կեանքը:

Արդարեւ, հայութեան թշնամիները որքան աշխուժանան, որքան բորբոքւի իրենց հակահայ պայքարը, որքան յաճախակի դարձնեն հայութեան դէմ իրենց ուղղակի թէ անուղղակի հարւածները, պարզապէս նշանակում է, որ հայութեան պայքարը յաջող, արդիւնաւոր ընթացքի մէջ է՝ ազգային թէ հասարակական ազատագրութեան ճանապարհին:

Հայութեան թշնամիների աշխուժացումը, բրտացումն ու բորբոքումը, հետեւաբար, յարաճուն պայքարի նոր հրաւէր է, նոյնիսկ որպէս մարտահըրաւէր պէտք է ընդունել՝ աւելի միասնական շարքերով առաջ ընթանալու համար մեր ընդհանրական իդէալների կենսագործման ուղիով:

Վերջապէս, ապատեղեկատւութիւն տարածելու աշխատանքը զուրկ է հաւաստի տեղեկութիւն փոխանցելուց, լրագրական բարոյագիտութիւնից եւ վերջին երկու տասնեակ տարիների ընթացքում ապատեղեկատւութիւն տարածելու իրողութիւնը մեծ թռիչք է արձանագրել ամբողջ աշխարհի տարածքում:

Քանի որ հայութիւնը դիմագրաւում է մեծ մարտահրաւէր, որի անունն է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՒՈՒԹԻՒՆ՝ «սեւ քարոզչութիւն», «տեղեկատւական պատերազմ», եւ մարտնչում է երբեմն իր պարզ եւ համեստ, շատ անգամ անձնական միջոցներով նոյնիսկ, լինեն նրանք լրագրողներ, մտաւորականներ կամ յատկապէս լաւագոյն պարագայում, երբ գտնւում է մի բարերար՝ այդ գործը իրականացնելու (դա էլ, բնականաբար, մնում է բարերարի քմահաճոյքին): Ուրեմն՝ խիստ կարեւոր է հետզհետէ ծաւալող ապատեղեկատւութիւն արտադրող լրատւամիջոցների տեղեկութիւնների (գրութիւններ, պատկերներ, հնչիւնային նիւթեր եւ տեսահոլովակներ) դիմաց, եւ նրանց քարոզչամեքենաների տակ չընկնելու զգօնութեան խնդիրը՝ նախ:

Ապա՝ հայկական կազմակերպութիւնների, միութիւնների եւ կենտրոնների առաջնահերթութիւնը պէտք է լինի ծրագրաւորւած ձեւով եւ երբեք չվարանելով նիւթականի յատկացումից՝ քարոզչական մեքենաների առաջացումը, լրջութեամբ հետեւողականութիւնը, պահելով նիւթերին պատասխանելու հնարաւոր առարկայականութիւնը՝ անմիջապէս հերքել եւ պարզաբանում կատարել խեղաթիւրւած նիւթի, ինչպէս նաեւ հաւաստի աղբիւրներով ու տւեալներով, բծախնդրութեամբ տեղատարափ նիւթեր սփռել, նոյնքան եւ աւելի անհրաժեշտ է վերոնշեալ նիւթերի տարածումը՝ նաեւ զանազան լեզուներով:

(Շար. 6 եւ վերջ)
«Ազդակ»
(Արեւելահայերէնի վերածւած



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ