ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, December 30, 2013 11:49 - չքննարկված
ՀԱՅԵԱՑՔ ՀԱԼԷՊԻՑ – Ապատեղեկատւութիւն. Սիրիահայութեան հասցէին կատարւած ապատեղեկատւութիւն (Ա) (Շար. 4)
ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ
Ապատեղեկատոութեան մասին մեր խօսած ժամանակ, որպէս սիրիահայ, անհրաժեշտ ենք զգում նաեւ լուսարձակի տակ առնել Սիրիայի մասին ընդհանրապէս եւ սիրիահայերի մասին յատկապէս օտար ու հայկական, յատկապէս հայաստանեան մի շարք լրատւական աղբիւրների, վերլուծաբանների եւ արաբագէտերի ապատեղեկատւութիւն տարածելու իրողութիւնը:
Սիրիահայ համայնքը՝ Հալէպ քաղաքով, մեր համասփիւռքեան կառոյցների այն ինքնատիպ ու աւանդական համայնքն է, որ կազմւեց յետեղեռնեան դժբախտ իրողութեան բերումով:
2011 թւականի մարտից սկսած Սիրիայում զարգացող դէպքերը ալեկոծեցին նաեւ սիրիահայութեանը:
Սիրիահայ զանգւածը ենթարկւեց անապահովութեան, բռնարարքների, նիւթական մեծ կորուստների, տնտեսական եւ հոգեբանական բեկման: Ազգային թէ անհատական կառոյցներն ու հաստատութիւնները նոյնպէս ենթարկւեցին կեղեքման եւ քանդման: Տւեցինք նահատակներ եւ անմեղ զոհեր, ծայր առաւ ժամանակաւորապէս երկրից տեղափոխւելու երեւոյթ:
Հետեւաբար՝ ակնյայտ են սիրիահայութեան դիմագրաւած տագնապը շրջանցելու համար տարւած ճիգերը, սիրիահայ համայնքների եւ կազմակերպութիւնների համախումբ աշխատանքը, ինչպէս նաեւ՝ մեր հարիւրաւոր երիտասարդների անձնուրաց եւ նւիրական գործը:
Առ այդ՝ այս ճգնաժամում սիրիահայութեան տագնապը բարդացնող եւ ղեկավարման ու ծառայութեան գործին լծւած մարմինների նւիրական աշխատանքը խաթարող ու մեր յոգնաբեկ ժողովրդի կեանքը ալեկոծող երեւոյթ դարձաւ նաեւ ապատեղեկատւութիւնը:
Սիրիահայութեանը վերաբերող ապատեղեկատւութեան մասին խօսելուց առաջ՝ նախ տեղեկութիւն տալ Սիրիային առնչւող տեղեկատւական պատերազմի մասին: Զանազան դէտեր ասում են, որ Սիրիայի նկատմամբ «բառերի պատերազմ»-ը սկսւել է յունւարի 29-ին, «Թուիթեր»-ի «@damascustweets» հաշւի վրայ, որը պատկանում է «ընդդիմութեան հետ սերտ կապեր ունեցող գործիչների»: «Թուիթեր»-ի այդ հաշիւը պնդեց, որ երկրի նախագահ Բաշշար Ասադը փախուստ է տւել երկրից: Ըստ այդ հաղորդման՝ Սիրիայի «ազատ» բանակը պաշարել է նախագահական պալատը եւ անկիւն է քշել «բռնատէր»-ին, որ փորձ կատարեց՝ հասնելու միջազգային օդանաւակայան եւ իր կնոջ ու զաւակների հետ գնալու Մոսկւա: Թէեւ անստուգելի, բայց այս տարաձայնութիւնը «հիմքից զուրկ չէ»,- ասաց «Լը Նուվէլ Օբզերւաթոր»-ի կայքէջը: Նոյն աղբիւրն ասաց, որ «Բի. Բի. Սի.»-ի Միջին Արեւելքի թղթակից Ջերեմի Բոուընն ասում էր, որ «ազատ» բանակը Ասադի նախագահական պալատից կէս ժամ հեռու է, եւ այս զինւորական յաջողութիւնը կարող է «բռնատէր»-ին փախուստի մղել:
Սիրիայի տագնապի ստեղծման առաջին օրից սիրիահայոց եւ ընդհանրապէս հայկական երեւոյթների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող պատահարներին թիրախաւորւած լինելու հաւանականութիւնների մասին մտավախութիւններ առաջացան:
Մանաւանդ համացանցի էջերում, որոնք լայն հնարաւորութիւններ տւեցին աշխարհի բոլոր ժամանակների «իմաստուններին»՝ լոյսին բերելու իրենց մտածածները: Ամենքը, որոնք ժամանակի հասկացողութիւն չունեն, որոնք ինքնացուցադրւելու դաշտ են փնտրում, որոնք յանկարծ մարդկութեան ու ազգին ուղեցոյց դառնալու բուռն փափագն են զգում… քաղաքական մեկնաբանութիւններ կատարեցին ու դեռեւս կատարում են: Համացանցի զանազան հասարակական էջերում երբեմն կարդում ենք հայերի կողմից տեղադրւած մեկնաբանութիւններ՝ սիրիահայութեան կարիքների մասին, ակնարկներ՝ զանազան նիւթերի շուրջ:
Այստեղ, բնականաբար, արժէ նշել մեր փոքրիկ, աւանդապահ ու հերոսաբար մարտնչող համայնքի անդամների այն խօսակցութիւնը, որտեղ յաճախ կրկնում են՝ «խենթեր, չարակամներ, վարձկաններ, որոնք իրենց ազգի արիւնից գերիվեր են համարում իրենց որովայնն ու պարում են թշնամու «դուդուկների տակ»: Այսպիսով՝ նրանք ապակողմնորոշում են կարճամիտներին, յատկապէս՝ մեր փոքրիկ ու խոցելի համայնքը շրջապատողներին ու թշնամանքի սլաքներ են ուղղում դէպի մեզ: Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում նման մարդիկ՝ իրենց խղճին թող հարցնեն, իսկ մենք այդ մոլորւածներից խնդրում ենք, որ եթէ անգիտակցաբար ընկել են այդ ծուղակը, օր առաջ թող մտածեն ելնելու մասին, իսկ եթէ պղտոր ջրում ձուկ որսալու են ելել, պէտք է յիշել, որ ժամանակներ կան, երբ մարդ պէտք է որոշի սահմանից ա՛յս կողմ թէ՛ այն կողմ լինել»:
Արդարեւ, սիրիական ռազմական ընդհարումներին առընթեր տեղեկատւական-հոգեբանական պատերազմը իր ազդեցութիւնը կունենայ անկասկած:
Սիրիահայ համայնքի եւ կազմակերպութիւնների ղեկավարութիւնը իր օրակարգի վրայ յաճախ ունեցել է լրատւական աղբիւրների խեղաթիւրած եւ ապատեղեկատւութիւն տարածելու իրողութիւնը: Սիրիահայ ղեկավարներից բացի՝ յարմար ենք համարում յիշել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի արտայայտութիւնը, որը մէկ առիթով ունեցաւ լիբանանեան հեռուստատեսութեան հայկական բաժնից, որտեղ դատապարտեց Սիրիայի եւ սիրիահայութեան մասին ապատեղեկատւութեան հարցը՝ շեշտը դնելով մի շարք հայրենի լրատու գործակալութիւնների անհիմն եւ սխալ լուրերով հանդէս գալու երեւոյթի վրայ: Ահաւասիկ, զգալի էր դառնում հայկական մի շարք լրատւական աղբիւրների երբեմն դիտումնաւոր, երբեմն խակ ու անզգոյշ արտայայտութիւնների որպէս հետեւանք ու մեր հակառակորդների ախորժակին որպէս գոհացում՝ հայ համայնքին ուղղւած թշնամական սլաքների առատութիւնը:
Սիրիահայութեան մասին տարածւած ապատեղեկատւութեան մասին կարելի է մի քանի օրինակ տալ ժամանակին տարածւած մի ապատեղեկատւութիւն, որի համաձայն՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մի հայ ընտանիք բարբարոսաբար սպանւել է՝ հայ լինելու համար: Շատ կարճ ժամանակում լուրը հայկական համացանցային խմբերում ամենից աւելի քննարկւած նիւթը դարձաւ: Հայաստանի մի քանի լրատւական աղբիւրներ լուրը հաղորդեցին՝ նշելով, թէ զոհերի թիւը վեց է:
Արաբալեզու հայկական կայքէջը, որ ընդհանրապէս այլ աղբիւրներից լուրեր է վերցնում եւ, ըստ իր հայեցողութեան, վերնագրեր է յարմարեցնում, վերոնշեալ տեղեկութիւնն էլ այլ տեղից վերցրած, լուրը նոյնութեամբ ու առանց աղբիւրի յիշատակութեան տեղադրեց իր կայքէջում՝ տարածելով այն իր «ֆէյսբուք»-ի անդամներին: Որպէս խորագիր ընտրելով հետեւեալը. «Ազատ բանակը մորթում է մի ամբողջ հայ ընտանիքի, մանուկներով միասին, Զամալքայում»: Լուրը համացանցային կայքէջերում ինքնաբերաբար ընդօրինակւեց եւ տարածւեց, իւրաքանչիւր լրատւամիջոց իր հերթին մի բան աւելացրեց լուրի վրայ: Նոյն օրւայ աւարտին արդէն յստակացաւ, որ ամբողջ լուրը չեղած բանի մասին էր:
Յիշենք հայաստանեան աղբիւրների ապատեղեկատւութիւն տարածած խիստ կարեւոր մի նիւթ. 2012 թւականի ամառնային արձակուրդի ժամանակաշրջանում սիրիահայ երեխաների այցելութիւնը Հայաստան՝ իրենց ամառային հանգիստը անցկացնելու համար ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից նախաձեռնւած: Այս ծրագիրն իրականացաւ մէկ Դամասկոսից եւ երկու Հալէպից Երեւան՝ Մայր Հայրենիք տանող օդանաւերով:
Վերոնշեալ տեղեկութիւնը, սակայն, հայաստանեան լրատւական աղբիւրները զանազան ձեւով ներկայացրեցին, յատկապէս մի լրատւական աղբիւր իր 2012 թւականի օգոստոսի 8-ի համարում ընտրեց հետեւեալ վերնագիրը՝ «Արմաւիա»-ն Հայաստան է տեղափոխում սիրիահայ երեխաներին: Այստեղ, բնականաբար, այս տեսակի վերնագիրը մեզ՝ սիրիահայերիս համար շատ ծանր է կշռում, յատկապէս «տեղափոխի», այսինքն՝ տեղափոխւել բառը, որի իմաստը այլ բան է, իսկ սիրիահայ երեխաների Հայաստան այցելութեան խորքը այլ էր:
Ապատեղեկատւութեան առաջին շարքը գրաւող այս լուրը արաբական աղբիւրներ անմիջապէս՝ «Արմաւիա»-ն Հայաստան է տեղափոխում սիրիահայ երեխաներին նախադասութիւնը որպէս աղբիւր ընտրելով՝ իրենց էջերում լայն տեղ տւեցին, կենտրոնացան յատկապէս «Հայերը տեղափոխւում են Սիրիայից» նիւթի վրայ եւ դրա հիման վրայ ռազմավարութիւն որդեգրեցին:
2012 թւականի հոկտեմբերի աւարտին յարձակման թիրախ դարձաւ Հալէպի Նոր Գիւղի (Մէյդան) հայ առաքելական Ս. Գէորգ եկեղեցին, որը դարձաւ հրոյ ճարակ:
Ս. Գէորգ եկեղեցու հրկիզումը կարող է բախումների որպէս ոչ-ուղղակի հետեւանք լինել, արձակազէնների զոհ գնացողների շարքում կարող են ազգութեամբ հայեր եւս լինել, ընդհանուր առեւանգւածների շարքում սիրիահայ համայնքի անդամները դեռեւս արգելափակւած մնալ, հայկական թաղամասերը առանց թիրախ լինելու մարդկային եւ նիւթական վնասների ենթարկւել: Դեր Զորի, Եագուբիէի եւ այլ շրջանների եկեղեցիներն անգամ վնասւած լինել՝ շրջակայքում արձանագրւող բախումների պատճառով:
Սակայն, Հալէպի Ս. Գէորգ եկեղեցու մասին հետագայում մի անհեթեթ նիւթ տեղադրւեց լրատւական էջում, որը գրում էր հետեւեալը. «Եկեղեցին մզկիթի վերածելու դիմում է կատարւել». այս լուրը անմիջապէս ֆէյսբուքեան էջեր եւ զանազան լրատւական աղբիւրներ տարածեցին: Բնականաբար, այս տեսակ լուրը իրականութեան չէր համապատասխանում:
Մի այլ լուր եւս տարածւեց, ըստ որի՝ «Հալէպում ամէն ինչ հայերի դէմ է, հայկական թաղամասերը հայաթափւում են եւ հայերի վիճակը անպատմելի է»: Լուրը, ինչպէս արդէն սովորութիւն է դարձել, մի «ականատես»-ի փոխանցած անձնական տպաւորութիւնների վրայ էր հիմնւել: Աւելի ուշ պարզւեց, որ բախումներ են տեղի ունեցել հայկական թաղամասերի սահմանագծում, եւ իրավիճակը նախկինից աւելի ծանր է քաղաքում տեղի ունեցող ուժեղ բախումների եւ ռմբակոծումների պատճառով, սակայն արդեօք որքա՞ն է յարմար առանց դրա իսկ արդէն ծանր իրավիճակի մասին փոխանցւած լուրերը ուռճացնելն ու զարդարելը եւ աւելի մեծ դրամա ստեղծելը:
(Շար. 4)
«Ազդակ»
(Արեւելահայերէնի վերածւած