ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 26, 2013 17:04 - 2 քննարկում

Տիգրանակերտցիների բարբառի բառարան

Dikranagerdtsi Vernacular Handbook in English TransliterationԵրկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում Նյու Ջերսիում լույս է ընծայվել տիգրանակերտցիների տեղական բարբառի բառարանը` «Ի՞նչ կուսիս» խորագրով, որը նշանակում է «Ինչ ես ասում»: Հեղինակն է «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի երկարամյա սյունակագիր Չարլզ Գասպարյանը, ով Տիգրանակերտում ապրող հայերի յուրահատուկ գունավորում ունեցող բառերն ու արտահայտությունները հավաքել է եւ անգլերեն գրադարձությամբ ներկայացրել բառարանում:

Ըստ այդ առթիվ ստացված հաղորդագրության, բառարանի լույս ընծայման դրդապատճառը եղել է այն, որ գնալով ավելի քիչ վերապրողներ են մնում եւ հետեւաբար տիգրանակերտցիների «համով ու հումորով հագեցած» բարբառը անհետանալու եզրին է: «Ես ցանկացա սերունդներին հանձնել այն, ինչը իմ մայրենի լեզուն է: Հիշում եմ, երբ մանուկ հասակում ոչ տիգրանակերտցիների հետ էի շփվում այդ լեզվով, ծիծաղում էին ինձ վրա: Բայց հետո հասկացա, թե ինչ մեծ նշանակություն ունի պահպանել այն եւ փոխանցել սերունդներին», նշում է Գասպարյանը` ավելացնելով, որ լեզվաբաններ շատ անգամներ են դիմել նրան ճշտելու այս կամ այն բառը եւ խորհուրդ տվել անպայման հրատարակել բառարանը:

Բառարանում տեղ են գտել բազմաթիվ գունազարդ արտահայտություններ, ինչպես, օրինակ, «խեր էղնա» (առողջության իմաստով, երբ որեւէ մեկը փռշտում է), «գնա քնի» (դուրս արի իմաստով) կամ «Ջիվիտ կոտրե, տուն նստի» (հերիք է թրեւ գաս իմաստով) բառակազմությունները:

Գասպարյանը Յունիոն Սիթիում (Նյու Ջերսի) է մեծացել «մեծ ճգնաժամի» տարիներին: Տարբեր առիթներով հավաքների ժամանակ ներկայացրել է Տիգրանակերտի բարբառով փոքրիկ կոմիկական պիեսներ:

Առավել հասանելի դարձնելու համար նա բառարանը զետեղել է օն-լայն «http://www.armeniapedia.org/wiki/Dikranagerdtsi Vernacular Handbook in English Transliteration» հասցեով:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արա Հովհաննեսյան
Dec 27, 2013 1:07