ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Sunday, December 22, 2013 0:57 - չքննարկված
Կարինի տնտեսությունը. վաճառականություն, առևտուր և արհեստներ
Հայն իր գործընկերոջը խարդավանելու, «քցելու» բարոյազուրկ վարք չի ունեցել:
«Վաճառել-վեճով առնել-վաճառ-արևելյան բազար» բառը, ամենայն հավանականությամբ, հայերեն «վաճառ» բառի հնչյունափոխված ձևն է:
Վաճառականությունը, թերևս, մարդկային հասարակության կայացման հիմքերից մեկն է եղել և այսօր էլ պետությունների զարգացման կարևորագույն գործոններից է: Մեծ Հայքն իր աշխարհագրական դիրքով եղել է հին աշխարհի քաղաքակրթական կենտրոնների խաչմերուկը: Արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ աշխարհագրական առանցքի վրա եղող Մեծ Հայքը, հազարամյակներով վաճառականության շնորհիվ հարևան և հեռավոր երկրներում տարածելով նյութական և հոգևոր արժեքներ, եղել է մշակութային տարանցիկ գործոն: Երկրի աշխարհագրական բարենպաստ դիրքը բնականորեն մարդկանց մղել է զբաղվելու վաճառականությամբ, և հայերը, իրավամբ, հաջողակ վաճառականների համբավ են ունեցել, և օտարները նույնիսկ հայոց վաճառականությունն իր նուրբ և անթերի հաշվարկված գործունեության համար արվեստ են անվանել:
Բարձր Հայքը, լինելով Մեծ Հայքի ամենամեծ նահանգը, իր աշխարհագրական դիրքով ավելի քան նպաստավոր է եղել վաճառականության համար: Սակայն աշխարհագրական նպաստավոր դիրքն արդյունք չէր տա (չէ՞ որ այդ նույն տարածաշրջանում ապրում էին նաև քրդեր, թուրքեր և այլ ազգեր), եթե չլինեին հայի բնատուր աշխատասիրությունը, մտավոր բարձր ունակությունները, առք ու վաճառքի մեջ անվերապահ ազնվությունը և ծայրահեղ անբարենպաստ պայմաններում դժվարությունները հաղթահարելու կամք ու համառություն դրսևորելու կարողությունը:
Ահա այդ հատկանիշներն են, որ զարմացրել, գուցե նաև զայրացրել և նախանձ են առաջացրել մեզ ճնշած, թալանած, բարոյապես մեզ ընկճել փորձած մեր թշնամիներին: Մի օրինակ բերեմ. 1895 թ. համիդյան կոտորածից և թալանից մոտ մեկ տասնամյակ հետո Կարինը` շնորհիվ աշխատանքի հմուտ կազմակերպման, աշխատասիրության և շուկայական միջավայրի ճիշտ գնահատման, կարճ ժամանակամիջոցում կարողանում է վերականգնել և՛ հոգևոր, և՛ նյութական կորուստները: 1908-1914 թթ.` մինչև Մեծ եղեռնը և տեղահանությունը, Կարինի տնտեսությունը նույնիսկ աճ է գրանցում:
Իսկ անկախ ՀՀ կառավարությունները 20 տարում փոշիացրին Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը և անկախ պետության տնտեսությունը զրոյացրին` հզորացնելով սեփական «տնտեսությունը»:
Վերադառնանք Կարին:
Առևտուրը շահավետ է լինում, եթե ժողովրդի գնողունակությունը բարձր է: Կարին քաղաքը և շրջակա գյուղերն իրենց գնողունակությամբ նպաստում էին առևտրի զարգացմանը: Կարնեցիների և՛ առևտրական, և՛ արտադրական (արհեստավորական արտադրության) գործունեությունը պայմանավորված էր նաև բնակլիմայական պայմաններով. ամառն ու աշունը կարճ էին, ձմեռը` երկարատև, և ամենքը ձգտում էին ձմռան շեմին պահեստավորել անհրաժեշտ ապրանքներ, իսկ վաճառականները` առավելագույն չափով, կարճ ժամանակամիջոցում վաճառել իրենց ապրանքը:
Առևտրի տարանցիկ ճանապարհները հիմնականում տնօրինում էին կարնեցի հայ վաճառականները` ապրանքներ ներմուծելով Կ. Պոլսից, անմիջականորեն Եվրոպայից` մասնավորապես Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Թիֆլիսից: Վաճառականներից շատերն ունեին իրենց մասնաճյուղերը Կ. Պոլսում, Թիֆլիսում և Կովկասում: Կարնեցիների տնտեսագիտական բնատուր ունակությունների շնորհիվ ներմուծմանը զուգահեռ զարգանում էր նաև արտահանությունը` խթանելով երկրամասի տնտեսության բազմակողմանի զարգացումը: Եվ դա մի երկրում, որի տնտեսական քաղաքականությունը սահմանափակվում էր միայն ծանր հարկահանությամբ:
Ահա, տնտեսագիտական փայլուն ինքնակազմակերպման շնորհիվ Կարնո նահանգը և մասնավորապես Կարին քաղաքը, առևտրա-վաճառականական լայն իմաստով դառնում են անընդհատ զարգացող, ընդլայնվող և հարստացող բազմաբնույթ շուկա:
Կարինի շուկան իր մեծությամբ, ճոխությամբ և շքեղությամբ այն դարձրել էր կարևոր նշանակություն ունեցող, կենտրոնական քաղաք: Այստեղ ժամանած օտարերկրացիներն անակնկալի էին գալիս նրա շուկաների բազմազանությունից, հարստությունից և բարձրորակ ապրանքներից, կազմակերպված և ազնիվ առևտրից:
Արտաքին առևտուրը հիմնականում հայերի ձեռքին է եղել. քաղաքում մի երկու թուրքի վաճառականական տներ կային, որոնք հազիվ էին գոյատևում:
Կարնո շուկայում դարերով մշակվել է առևտրական հարաբերությունների չգրված օրենք, որը կարնեցի և՛ վաճառականը, և՛ առևտրականը, և՛ արհեստավորը պահպանում էին սրբորեն: Օտար գնորդները փաստում էին, որ կարնեցի արհեստավորը, առևտրականն ու վաճառականը եղել են ուղղամիտ և շիտակ: Նրանք երբեք գինն արհեստականորեն չէին բարձրացնում: Այդ շուկայում խաբեությունը բացառված է եղել: Թեև չկային կառավարության կողմից առանձնահատուկ հսկողություն և գները կարգավորող օրենքներ, շուկայում կարնեցին իր ապրանքի համար մի գին էր ասում, և երբեք այդ գինը չէր տատանվում հօգուտ վաճառողի: Եթե օտար գնորդը չէր հավատում կարնեցի առևտրականին կամ վաճառականին, ապա նա, իր արժանապատվությունը վիրավորված համարելով, դադարեցնում էր գործարքը: Իրենց աշխատասիրության, պարկեշտության և փոխադարձ վստահության շնորհիվ` Կարինի առևտրական միջավայրում հազվադեպ էին լինում սնանկացման փաստեր և դրամական խնդիրներով դատական գործեր: Անգամ մեծ գումարներով առուծախը կատարվել է պարզ, բանավոր պայմանավորվածությամբ` առանց մուրհակի և ստորագրության: Եթե որևէ օտար վաճառական պահանջել է գործարքը հաստատել ստորագրությամբ, կարնեցիները վիրավորվում էին գործընկերոջ անվստահությունից և գործարքը դադարեցնում: Ահա այսպես հայ գործարարը ազնվության և անխարդախության դաս էր տալիս օտարներին, և նրանք, գոնե կարնեցիների հետ հարաբերվելիս, ընդունում էին հայի խաղի կանոնները: Ավա՜ղ, հետագայում, մեր խաղի կանոնները մոռացած` հայը հայի հետ օտար խաղեր է խաղում Հայաստանում: Վերջին քսան տարիներին հաճախ են ոմանք հայերիս բնորոշ գիծ համարում «քցելը», մինչդեռ այդ երևույթն իր հասկացությամբ, ի թիվս այլ եվրոպական «արժեքների», մեր երկիր է թափանցել կապիտալիզմի երեքհարյուրամյա «փառահեղ» ուղի անցած Եվրոպայից: Վկան` նրանց` կապիտալի նախասկզբնական կուտակման և հետագա դարերի կյանքը նկարագրող գեղարվեստական գրականությունը: «Քցել» բառն էլ ռուսերենից «кинуть» բառի ուղղակի թարգմանությունն է:
Հայն իր ընկերոջը, գործընկերոջը խարդավանելու, «քցելու» բարոյազուրկ վարք չի ունեցել:
Փոխադարձ վստահությունն ու ազնիվ հարաբերությունները կարնեցիների համար եղել են կենսակերպ, ինչի շնորհիվ ձեռներեցությունն ու վարկավորումը Կարինում մեծ չափերի էին հասնում. սա էլ նպաստում էր, որ որևէ արհեստավոր կամ գործատեր մի քանի տարում ստեղծեր իր ընտանեկան բարեկեցությունը, կամ նույնիսկ որոշակի հարստության տեր դառնար: Մինչդեռ այսօր անկախ Հայաստանի պետությունը հնարավորություններ չի տալիս շարքային գործարարին ձեռներեցությամբ և ազնիվ աշխատանքով իր գործը զարգացնելու. այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր իշխանավորները կա՛մ տնտեսավարություն չգիտեն, կա՛մ երկրի զարգացման հակառակորդներն են: Գոնե մի բան պարզ է նույնիսկ ոչ տնտեսագետներին. երկիրը հզորանում է աշխատանք ունեցող մարդկանց հարկատվությամբ:
Կարինում սոցիալական խավերը ձևավորվում էին իրենց բնորոշ կերպարով. գյուղացին ամուր կառչած էր իր հողին, խորապես մաքուր բարքով և հարգալից քաղաքացու հանդեպ, վստահաբար նրան էր հանձնում իր վաստակի արդյունքը` համոզված, որ նա չի խաբի իրեն: Կարնո շուկայում ոչ ոք իր մրցակցին ասպարեզից հանելու համար դավ ու խարդավանքի, գների կտրուկ իջեցման չէր դիմում. հայ վաճառականը մտածում էր, որ մի այլ հայ վաճառական էլ պիտի աշխատի և չսնանկանա:
Արհեստավորն իր համառ և տևական աշխատանքի արդյունքով հպարտ ու անկախ էր և իրեն զգում էր հասարակության լիիրավ անդամ: Նյութական և դրանից բխող բարոյական և հոգեկան այդ անկախությունը նա վայելում էր լիարժեքորեն:
Վաճառականական դասն ավանդաբար ձեռք էր բերել որոշ հատկանիշներ, որոնք հարգանք ու պատկառանք էին ներշնչում շրջապատին: Հայ վաճառականի կերպարը դարերով հղկվել և ձեռք է բերել բարոյական վարքականոնի (կոդեքսի) արժեք. ահա դրանք.
1) վաճառականը հասարակության մեջ պատվավոր պիտի լիներ,
2) նա պիտի պաշտպաներ արհեստավորի շահերը և արժանապատվությունը` որպես իր հետ անմիջականորեն տնտեսապես և ընկերային հարաբերություններով (սոցիալապես) կապված անհատի,
3) նա բարոյական պարտավորվածություն է ունեցել արհեստավորին նյութապես և բարոյապես օժանդակելու,
4) վաճառականն իր նիստուկացով, բարք ու վարքով պիտի լիներ ծանրաբարո և հարգանք ներշնչող:
Այսօր, ցավոք, վաճառականները (ո՛չ մանր առևտրականները, ովքեր մեծ վաճառականների, այն էլ մենաշնորհյալ (մոնոպոլ), թելադրած օրենքներով են խաղում) չեն ժառանգել հայ վաճառականության ոսկե օրենքը` շահույթ ստանալուց առաջ մտածի՛ր բարություն անել:
Ահա այսպիսի մարդկային մաքուր փոխհարաբերությունների շնորհիվ էր, որ Կարնո շուկայում իշխում էր ոչ թե զուտ շուկայական-շահադիտական հոգեբանությունը, այլ ամենաիսկական` մեկ մեծ ընտանիք լինելու մտայնությունը: Կարնո շուկայում գերակայում էր բարոյականությունը, և դրա արդյունքը վայելում էր ողջ հասարակությունը` և՛ նյութական, և՛ բարոյական առումներով:
Տնտեսության առանցքային ճյուղերից մեկի` վաճառականության կողքին զարգանում էին նաև արհեստները, որոնք պարզ տնայնագործությունից վերածվել էին պահանջարկային արտադրության: Վաճառականական դասի օրինակով արհեստավորները նույնպես ստեղծում էին իրենց արհեստակցական միությունները, որոնք իրենց անդամների համար եղել են բարոյապես և մասնագիտորեն օժանդակող կազմակերպություններ: Այս միություններն ունեցել են իրենց ընդհանուր ժողովը, որն ընտրում էր վարչություն` բանիմաց, հարգված և շնորհալի արհեստավորներից: Վարչությունը պարտավոր էր կատարելագործել արհեստավորների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, բարձրացնել արհեստակիցների բարոյական մաքրությունը և վարկը: Արհեստակցական միության մեջ իշխում էին ոչ թե կանոնակարգված կամ գրված հանձնառություններ, այլ դարերով եկած ավանդույթներ: Ահա այս չգրված օրենքներն էին, որ մարդիկ, բարոյական մեծ պատասխանատվությամբ, երբեք չէին խախտում: Հասարակության մեջ իշխող բարոյահոգեբանական այսպիսի վերահսկելի հարաբերությունները վկայում են մեր ժողովրդի` համայնքով բարեկեցիկ ապրելու, այլ ոչ եսակենտրոն, միայն իր նյութական հարստությամբ շահագրգռված անհատի կյանքով ապրելու մերօրյա գործարարների խաթարված հոգեբանությունը: Որպես օրինակ բերենք Կարնո ոսկերիչների արհեստակցական կազմակերպության գործունեությունից դրվագներ:
Կարինում եղել է 40-45 ոսկերչական խանութ, բոլոր վարպետները, վարպետի օգնականները և աշակերտները բացառապես եղել են հայեր: Ավանդաբար հայ ոսկերիչները թուրք աշակերտ չէին պահում, իրենք` թուրքերն էլ առանձնապես ձգտում չեն ունեցել այդ նուրբ և արվեստին մոտ արհեստով զբաղվելու: Ոսկերիչ արհեստավորների ընդհանուր հավաքն ընտրում էր յոթ հոգուց բաղկացած վարչություն, որն իր անդամներից ընտրում էր ավագ վարպետ, որ միաժամանակ դառնում էր վարչության ատենապետը կամ արհեստակցական միության պետը: Վարչության անդամներն ընտրվում էին ըստ իրենց բարձր վարպետության, փորձառության, պատիվ ու պատկառանք վայելելու, անկախ և արդարամիտ լինելու արժանիքների: Պետական կառույցներում ազդեցության լծակներ ունենալու համար վարչությունը հրավիրում էր մի թուրք հովանավորի` մաքրակրոն իսլամադավանի, որ շեյխ էր կոչվում: Նա պետք է լիներ տարեց և շրջապատում պատվարժան անձնավորություն: Շեյխի պարտավորությունների մեջ էր մտնում իշխանությունների և մասնավորապես քաղաքապետարանի հետ ծագած խնդիրների կարգավորումը: Շեյխը հասարակության բոլոր անդամների կողմից ընդունված անձ էր: Որպես հարգանքի նշան` ծառայությունների համար արհեստակցական միությունը նրան վճարում էր:
Ոսկյա և արծաթյա իրերի հարգը հաստատում էին ընդհանուր վարչական ժողովում` հատուկ պատրաստված կնիքով: Արծաթյա յուրաքանչյուր իրից սուր նշտարով (դանակով) մի բարակ տաշեղ էին քերում և տաքացնում քուրայի վրա, քերվածքը հետո սառեցնում էին և եթե սառչելուց հետո այն պահպաներ իր սպիտակ գույնը, ուրեմն բաղադրությունը 85-90 % էր, եթե սևանում էր, 80 %-ից էլ պակաս էր:
Ոսկյա զարդերի հարգը ստուգվում էր քերուկի վրա բորաթթու լցնելով: Երբ վարպետներից բաղկացած հանձնաժողովը ստուգում էր վաճառքի հանելու ենթակա ապրանքները և գնահատական էր տալիս, այդ ժամանակ միայն շեյխը հատուկ պատրաստված և կնքված տուփից հանում էր հարգակնիքը և տաքացնելով` դաջում էր իրը: Ի դեպ, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում պատրաստված ոսկերչական և պղնձյա առարկաների վրա եղած կնիքները եղել են արաբատառ օսմաներեն: Մինչև այսօր ինձ պարզ չէր, թե ինչու էին հայ վարպետներն իրենց աշխատանքների վրա արձանագրում ոչ թե հայատառ, այլ արաբատառ: Հիմա հասկանալի է ինձ նաև շրջանառվող այն մտայնությունը, որը թյուրիմացաբար թուրքերին և պարսիկներին է վերագրում հայ վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա զարդերը և պղնձյա կենցաղային առարկաները. փաստորեն, հարգակնիքի վրա գրվել է այն երկրի պետական լեզվով, որտեղ արտադրվել է: Նույն երկրի վաճառականներն էլ, հիմնականում հայերը, տարել են այդ ապրանքը երկրեերկիր, և մաքսատունը գրանցել է այն որպես տվյալ երկրի ապրանք, պարզունակ տրամաբանությամբ` այդ երկրի ժողովրդի մշակութային արժեք: Նույնն է եղել նաև գորգերի հարցում: Եթե ոսկու կամ արծաթի բաղադրության տոկոսը խախտված էր լինում, ապրանքը հանձնաժողովը մերժում էր, վարպետը պարսավանքի էր ենթարկվում, և անգամ մի քանի օր փակվում էր նրա խանութը: Այսպիսի անկաշառ խստությունից հետո ոչ մի արհեստավոր չէր համարձակվում դիմել խարդախության: Ապրանքների հարգը որոշելուց հետո կնիքը դրվում էր իր տուփի մեջ, կնքվում և ի պահ տրվում շեյխին: Այս փաստը ևս վկայում է, որ հայը, թեկուզ վարպետաց վարպետ, միևնույն է, ենթակա էր իշխող ազգին:
Արհեստակցական միությունների խիստ հսկողությունը ոչ միայն վերահսկում էր շուկա մտնող ապրանքների որակը, այլև հեռու էր պահում արհեստավորներին բարոյական սայթաքումներից և խարդախություններից, որոնք կարող էին խաթարել և՛ Կարնո շուկայի, և՛ իրենց` արհեստավորների վարկը: Վարչությունը խստորեն հսկում էր նաև երիտասարդ արհեստակիցներին, որ նրանք չընկնեին բարոյական մոլորությունների և մասնագիտական թերացումների որոգայթը:
Վարպետ կոչվելու և սեփական խանութ ունենալու համար հատուկ արարողություններ էին արվում. նորընծա վարպետն իր աշխատանքներով ներկայանում էր վարչական ժողովին, որտեղ լինում էր նաև նրա անմիջական վարպետը: Երբ վարպետն իր նախկին աշակերտին երաշխավորում էր որպես ինքնուրույն վարպետի, վերջինս մոտենում և համբուրում էր նրա ձեռքը և նրանից ստանում սեփական խանութի բանալին:
Պատկերացնո՞ւմ եք, պատկառանքի և ակնածանքի ի՜նչ հրաշալի դաս է եղել բոլորի համար, իսկ վարպետի համար եղել և՛ պատասխանատվության, և՛ հպարտության անխառն զգացմունքների հորդում:
Երանելի՜ ժամանակներ…
Նորընծա վարպետը ճոխ հացկերույթի էր հրավիրում ներկաներին: Հետո հրավերք էր անում նաև վարպետը` ի պատիվ իր աշակերտի:
Նյութական ծանր վիճակում հայտնված կամ որևէ փորձանքի եկած արհեստակիցներին օգնելու մտահոգությունն ընդհանուր էր. օժանդակությանը մասնակցում էին բոլոր արհեստավորները և վարչական ժողովը:
Ոսկերիչները, սովորաբար, պատկանում էին ունևոր խավին և աչքի էին ընկնում նաև իրենց առատաձեռնությամբ: Կարինում սովորություն կար Ս. Աստվածածնի եկեղեցու տարեկան տուրքը հավաքելիս դրամական մուծում-նվերների և ոսկյա ու արծաթյա իրերի նվիրատվությունը եկեղեցու դասից (բեմից) բարձրաձայն հայտարարելու: Սա մեծացնում էր ժողովրդի մեջ նվիրատվություն և զոհողություն անելու առողջ մրցակցությունը: Այսպես եկեղեցիները ժողովրդից ընծա էին ստանում նաև գորգեր: Ավա՜ղ, այս բոլորը, որպես հայ արհեստավորի ոսկի ձեռքերի արդյունք, 1915 թ. եղեռնի և տեղահանության ժամանակ որպես մշակութային արժեք և ժառանգություն, անհետ կորան: Եթե անգամ դրանց մի մասը պահպանվում է այսօր որևէ թուրքի կամ քրդի տանը կամ թանգարանում, իրականում օտարվել է այն ստեղծող ժողովրդից: Ցավ ու ավա՜ղ:
Ոսկերիչների արհեստակցական միության այս կառույցի և գործունեության նմանությամբ էին ստեղծվում նաև դերձակների, կոշկակարների, պղնձագործների, դարբինների և այլ արհեստավորների միությունները, որոնք Կարինի հայ կյանքի և հավաքական գործունեության առանցքն էին կազմում, որն ուղղորդվում էր նրանց ազգային գիտակցությամբ և քաղաքացիական պարտականություններով:
Խորապես հայի տիպար այս արհեստավորները, որ նաև որոշակի կրթություն ստացած էին լինում, իրենց գործունեությամբ հանրային կյանքին էին կապում նաև առևտրական և վաճառականական դասակարգերը, որոնց աշխատանքն ու շահը հիմնված էին արհեստավորների բարձրորակ և բարձրարժեք ապրանքի վրա:
Նյութապես անկախ և փորձված արհեստավորները հանրային կյանքում և ազգային գործերում նույնպես հարգված և հեղինակություն ունեցող մարդիկ են եղել:
Այսպես ապրել են կարնեցիներն իրենց երկրի և պապերի օրենքներով:
Ահա կորուսյալ մեր հայրենիքի քաղաքներից մեկի` Կարինի ներքին կյանքին վերաբերող որոշ դրվագներ: Իսկ թե որքան բազմաբնույթ ու բազմաբովանդակ հույզ ու կարոտով, սեր ու նվիրումով, միտք ու բանաստեղծությամբ է լցված եղել ամեն կարնեցու օրը, և դեռ որքան բան կարող էին նրանք ստեղծել ու հարստացնել մեր մշակույթը և տնտեսագիտական միտքը, եթե ամեն մի կարնեցի հայ ամեն օր մի ոսկի խնայեր և ինքնապաշտպանության համար ազգովին զենք կուտակեին եվրոպացի ծախված դիվանագետներից և անհրաժեշտության դեպքում ոսկով անկախություն գնեին։
Ավա՜ղ, ցեղասպանությունն ու գաղթը մեզ համար ոչ միայն մարդկային զոհերի և հայրենիքի կորստի պատճառ դարձան, այլև այս` մոտ հարյուրամյա պատմական վայրիվերումների ընթացքում, երբ հայը կտրվեց իր ազգային բարոյահոգեբանական միջավայրից և հայտնվեց քաղաքակրթական այլ միջավայրում, նա այդ ճանապարհին կորցրել է իր ազգային հոգեկերտվածքի լավագույն գծերը և հարմարվելու զուտ մարդկային բնազդով փոխ առավ այլոց կենցաղահարաբերությունները:
Այսօր էլ կարծես կուրորեն հետևում ենք աճպարարի ձեռքերին և կրկնում նրա շարժումները։ Սթափվել է պետք. մենք մեր հայրենիքում ենք և մեր պետությունն ենք կերտում։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ