ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 27, 2013 2:02 - 3 քննարկում

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԻ ԱՅՆ ՑԵԽԻՑ, ՈՐԸ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԻՐ ՎՐԱ ՇՊՐՏԵԼ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների
ֆորումի նախագահ, Սլովակիայում բնակվող Աշոտ Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, վերջերս Հայաստանում աշխուժացել է
հասարակական-քաղաքական կյանքը, տարատեսակ բողոքի ակցիաներ, երթեր են
անցկացվում, ունենք նոյեմբերի 5-ի հայտնի իրադարձությունները: Դրսից,
օրինակ, ինչպե՞ս է երևում՝ իշխանափոխության հասնելու հեռանկար տեսնու՞մ եք:

– Պետք է ասեմ, որ մենք նայում ենք և՛ դրսի, և՛ ներսի աչքով, որովհետև մենք
Հայաստանում ունենք ներկայացուցչություն, մեր սեպտեմբերյան 15-րդ
հոբելյանական համագումարի արդյունքում էլ դա հաստատվեց:
Երևանում ունենք շատ լուրջ , ակտիվ խումբ, որը միացել է մեր կոչին․ առաջին
անգամ ողջ հայ ժողովրդին կոչով ներկայացանք՝ միավորվելու և իշխանափոխության
գնալու, քանի որ այս իշխանությունները մեզ տանում են որոշակի քայլերով դեպի
կործանում: Այդ կոչի մեջ մենք նույնիսկ հայտարարեցինք, որ համահայկական
ազգային ճակատ ենք ստեղծում, անմիջապես հետո մեծ թվով անհատներ Հայաստանից
և Սփյուռքից դիմեցին մեզ, որ պատրաստ են համախմբվելու և որոշակի քայլեր
անելու: Ինչպես արցախցի հայտնի մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանը
հայտարարեց մեր համագումարի ժամանակ, 20 րոպեում իշխանափոխություն
կատարելու պահանջով ենք ներկայանում, այսինքն իշխանափոխությունը չպետք է
վերածվի հեղափոխության և չպետք է արյուն թափվի, քանի որ մենք ունենք
արտաքին թշնամիներ՝ ի դեմս մեր հարևանների և մենք իրավունք չունենք այդպիսի
շռայլություն թույլ տալ:
Արձագանքներ ունեցանք նույնիսկ ազատամարտիկներից, զանգ եկավ Հայաստանի
նստացույց անցկացնող ազատամարտիկների կողմից, և մենք խնդրեցինք մեր
ներկայացուցիչ՝ նախագահաի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին ամեն ինչ
կոորդինացնել և ներկայացնել մեր ծրագիրը:
Բրյուսելի Հայ դատի կոնֆերանսի իմ ելույթի շուրջ բանավեճ ծավալվեց… նաև
Հովիկ Աբրահամյանի պատասխան ելույթի հետևանքով: Նա պատասխան ելույթի
ժամանակ ինձ հրավիրեց հատուկ ինձ համար կազմակերպված լսումների՝ Ազգային
ժողով, որտեղ պետք է խորհրդարանական խմբակցությունների հետ կոռուպցիայի դեմ
պայքարի միջոցների մասին խոսեինք: Մենք ընդունեցինք այդ հրավերը, սակայն
մինչ լսումներ կազմակեպելը ուղարկեցինք ԱԺ բաց նամակ, որտեղ ներկայացրել
էինք երեք կետեր՝ «Նաիրտ»-ի կողոպուտ վարչապետի կողմից, երկրորդ՝ օֆշորային
սկանդալային գործարքը և հետո՝ Հայաստանում էկոլոգիական կատաստրոֆիկ
պայմանները:

– Հովիկ Աբրահամյանը համակարգի մաս է, ի՞նչ հույսեր ունեիք այդ նամակն
ուղարկելիս: Որ նա վարչապետի դեմ քայլե՞ր կիրականացնի:

– Զրո հավատ․․․ մենք ոչ թե դիմել ենք իրեն, որ իրենից լուրջ պատասխան
ստանանք, այլ այն, որ դեմագոգիկ հայտարարություն արեց Բրյուսելում՝ թե
պարոն Գրիգորյան, ամեն տեղ քննադատում եք, բարի եղեք կոնկրետ փաստեր
ներկայացնել, և մենք պատրաստ ենք շատ պաշտոնյաների աշխատանքից հեռացնել: Ես
ընդունեցի մարտահրավերը և առաջին պաշտոնյան, որից ուզում ենք ազատվել, դա
վարչապետ կոչեցյալն է, այնուհետև կփորձենք հասնել վերին կետը՝ ՀՀ նախագահին
հարցաշար կուղղենք, որտեղ կփորձենք պարզել՝ ինչու՞ անպատասխան մնաց
Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը: Կոնկրետ մատնանշվեց
դեպքը, թե որ խաղատանը կորցրել է աստղաբաշխական թվով գումար, պարոն
նախագահը չհերքեց դա: Նա հայտարարեց, թե երբևէ եվրոպական խաղատանը չի եղել,
բայց դա բոլորի մոտ ծիծաղ է առաջացնում, որովհետև գոնե եվրոպահայերը գիտեն,
թե ինքը տարվա որ օրերին է անցկացնում իր հանգիստը խաղատներում: Չէ՞ որ
նրա՝ այդ երկիր ժամանելը մեր եվրոպահայերի օգնությամբ է լինում՝
դիմավորում, հաճախ կնոջ հետ է լինում, կնոջը տեղավորում են համապատասխան
հանգստավայրում․․․ Ես ոչ մի անուն չեմ ասում, պատասխաններ ստանալուց հետո
ճշգրտումներ կմտցնենք:

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականի
փոխարեն վարչապետի հրաժարականն է պահանջում առաջին հերթին, փաստորեն
համակարծի՞ք եք :

– Մեր ծրագիրը հետևյալն է․ մենք պատրաստվում ենք ստեղծել և համարյա արդեն
կազմել ենք ստվերային կառավարություն, ես ներառել եմ Հայաստանի
ամենատաղանդավոր մասնագետներին, որոնք նաև աշխատանքային մեծ փորձ ունեն:
Գտնում եմ, որ միայն խիստ արհեստավարժ կառավարությունը կարող է Հայաստանի
տնտեսությունը երկու տարում բերել այն մակարդակի, որից հետո զարգացումը
կլինի շատ ակնհայտ ու հեշտ, այսինքն ես այն տեսության կողմնակիցն եմ, որ
երբ երկրում քաղաքական ճգնաժամ է տեղի ունենում, և բոլոր քաղաքական
կուսակցությունները վարկաբեկվում են՝ ինչպես Հայաստանում (Հայստանում այսօր
կա կոալիցիային սպասարկող, այսպես կոչված, ընդդիմություն): Այսպիսի
իրավիճակում ժողովրդի մասին ոչ ոք չի մտածում, հետևաբար այլ բան պետք է
մտածել:
Պտտվել եմ եվրոպական երկրներում, մի քանի օր առաջ վերադարձա Նորվեգիայից՝
հանդիպել եմ այնտեղի հայ համայնքի հետ՝ բոլոր հայկական համայնքների հետ
աշխատանքներ եմ տանում, որ գտնեմ 30-45 տարեկան մարդկանց, որոնք պատրաստ են
հանուն հայրենիքի երկու տարի բանակ գնալու փոխարեն Հայաստանի
կառավարությունում աշխատել որպես նախարար, փոխնախարար, բաժնի վարիչ: Ինչու՞
բանակ գնալու նման, որովհետև այն կադրերը, որոնց ես դիմում եմ՝ նրանց համար
Հայաստանում աշխատելը պատիժ է, որովհետև նրանք Եվրոպայում այնպիսի
արդյունքի են հասել, որ եթե գնան Հայաստան, իրենց կարիերան կկործանեն: Բայց
երկու տարով շատերին համոզել եմ, որ գան իրենց կյանքը նվիրեն Հայաստանին՝
ճիշտ այնպես, ինչպես ես: Այստեղ ես ապրում եմ ըստ պահանջի, նվիրվել այդպիսի
ծանր աշխատանքի՝ ինքնազոհություն է:

– Ձեր նշած 20 րոպեանոց իշխանափոխությունից հետո, ու՞մ եք պատկերացնում
որպես երկրի նախագահ, գուցե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում
նկատմամբ Ձեր համակրանքը երբեք չեք թաքցրել:

– Ես իմ համակրանքը պահել եմ մինչ այդ պահը, երբ սպասում էի պարոն երկրորդ
նախագահից այնպիսի անձնազոհություն, ինչպիսին ես վերջին 10-15 տարում անում
եմ իմ հայրենիքի նկատմամբ: Չեմ կարող բնութագրել, թե ինչ նվիրվածությամբ
ենք աշխատում մեր հայրենիքի համար: Ես պարոն նախագահից այդպիսի
ինքնազոհության ակտ եմ սպասում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ես համաձայն
եմ, որ պարոն Քոչարյանը վերդառնա և իր երկրորդ հնգամյա քաղաքականության
նման քաղաքականություն վարի՝ սխալվում է: Ես Ռոբերտ Քոչարյանին
ինքնամաքրման առաջարկ եմ անում, որպեսզի այն ցեխը որը շպրտվել է իր վրա՝
մաքրվի դրանից և իր իշխանության առաջին հնգամյակի ստացած հաջողությունները
տասնապատկի: Հետագայում էլ կարողանանք մեզ հետ միասին ձեռք ձեռքի տված
ստեղծենք եվրոպական ժողովրդավարական թափանցիկ աշխատող և իսկապես երկրի
բոլոր խնդիրների լուծմանը նվիրված կառավարութուն:

– Ռոբետ Քոչարյանը մշտապես ակնհայտ ռուսամետ քաղաքականություն է վարել:
Չե՞ք կարծում, որ եվրոպական արժեքներն իր համար փոքր-ինչ խորթ են:

– Ես գտնում եմ, որ պարոն նախագահն, ունենալով բավականին մեծ տաղանդ (երբ
վերլուծում եմ, թե կարճ ժամանակամիջոցում ինչպիսի քայլեր կատարեց՝ նկատի
ունեմ 98 թվականից 2003 թվավանի թռիչքը), եթե մեզ հետ նա համաձայնության
գար, ապա պարտադիր կերպով դեպի Եվրոպա կշրջվեր, ինչպես արեց Վարդան
Օսկանյանի հետ միասին՝ արտաքին քաղաքականությունն այն ժամանակ կերտելիս: Ես
ինքս Ռուսաստանին չեմ մերժում, ես գիտեմ, որ մեր տարածաշրջանում ամենահզոր
ուժը, որը գերիշխում է՝ Ռուսաստանն է, ես գիտեմ, որ հայ-ռուսական շահերը,
երբ համընկել են՝ մենք շահել ենք, ինչպես վերջին 10 տարիների ընթացքում:
Այսինքն, լինելով Ռուսաստանի կողիքն՝ ես ուզում եմ անպատճառ եվրոպական
բարձր մակարդակի մենեջմենթը մտցնել Հայաստան և եվրոպացիների հետ լինել
բարեկամ, իսկ Ռուսաստանին առաջարկել, որ Հայաստանը դառնա կամուրջ
Ռուսաստանից դեպի Եվրոպա ճանապարհին: Ես այսպիսի բան քննարկել եմ
Սլովակիայում գտնվող Ռուսաստանի դեսպանի հետ, և բոլորն էլ գտնում են, որ դա
հիանալի ճանապարհ է:

– Փաստորեն Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանի վրա հենց այնպե՞ս է ցեխ
շպրտվել:

-Երկրորդ նախագահը բնական է, որ զերծ չի մնացել սխալներից: Ամենամեծ
մեղադրանքը, որը նրա հասցեին կարելի է ասել, այն է, որ նրա ժամանակ
քրեաօլիգարխիկ համակարգը չվերացավ, այլ շարունակվեց: Շատ ճիշտ կաներ
երկրորդ նախագահը, եթե քոքից կտրեր քրեաօլիգարխիկ համակարգը, որը Լևոն
Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով էր
առաջացել: Նա կա՛մ փորձեր չարեց ազատվելու, կա՛մ էլ անհաջող փորձեր էին
դրանք:
Անկասկած, այն ինչ ստեղծվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի համակարգում, զարգացավ
և այսօր հասել է իր հզորությանը և մայրամուտին, այնքան է հզորացել, որ
անկում է սպասվում:
Այն, որ ասում եմ «ցեխից մաքրվի», սա է: Մենք առաջարկում ենք, որպեսզի
միացյալ ուժերով ազատվենք քրեաօլիգարխիկ համակարգից, ով կմիանա մեզ՝
կմիանա, երկրորդ նախագահը կմիանա՝ կգնանք ձեռք ձեռքի տված:

– Գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի , հոկտեմբերի 27-ի համար չեք
մեղադրում, բայց հասարակությունը մեղադրում է, չե՞ք կարծում, որ այդ ցեխից
նա չի կարողանալու մաքրվել:

– Ես նախընտրում եմ խոսել այն բաների մասին, որում 100 տոկոսով համոզված
եմ: Ես հոկտեմբերի 27-ի համար ոչ միայն 100 տոկոս համոզված չեմ, որ մեր
իշխանությունների մատը խառնված է, այլ ուրիշ ինֆորմացիաներ ունեմ, դրա
համար հոկտեմբերի 27-ը չեմ էլ ուզում քննարկել և հայտարարում եմ, որ ես
կխոսեմ դրանից այն ժամանակ, երբ կունենամ հստակ տեղեկատվություն, թե որ
ուժերից էր ծրագրված: Իմ համոզմունքն այն է, որ գործող նախագահին բացարձակ
ձեռք չէր տալիս: Դա գործող նախագահին դեմ էր, դա ասում են եվրոպացի
վերլուծաբանները: Երկրորդ նախագահի բախտը բերեց, որ նա կարողացավ խելոք
քայլերով այդ սադրանքից ազատվել:
Իսկ մարտի 1-ը տրամադրված եմ մտածել, որ Սերժ Սարգսյանին էր ձեռնտու, նա
էր իշխանության գալու, ոչ ոք չի կարող համոզել, որ Սերժ Սարգսյանը գործող և
որոշիչ դեր չի ունեցել:

– Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր երկրի նախագահը, կարծում եք նա չի՞
օգնել Սերժ Սարգսյանին:

– Երկրորդ կետը որ նշեցի՝ Ձեր նշած կետն է․ այո, պետք է մաքրվի այն ցեխից,
որ նա իր վրա թույլ տվեց շպրտել, նա մեր ազգի գլխին բերեց Սերժ Սարգսյանին
և ժողովրդի առաջ պատասխանատու է իր անխոհեմ քայլի համար: Եթե ոչ՝ նրա
անունը պատմության մեջ իր արած լավ գործերի հետ մեկտեղ՝ այս բացասական
ակտով կմնա:

– Լավ, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, ո՞վ կարող է գալ իշխանության, նախագահի
թեկնածու տեսնու՞մ եք , գուցե Վարդան Օսկանյա՞նը:

– Ես ասեմ, որ Հայաստանի իշխանությունը պատկերացնում եմ պարտադիր ոչ
միանձնյա, ինձ էլ եթե վաղը դնեք իշխանության գլուխ՝ զերծ չեմ մնալու
սխալներից: Ես կարծում եմ՝ նախագահական բուրգը պետք է թուլացնել, Ազգային
ժողովի ճիշտ ընտրություններ անել: Պարտադիր պետք է ունենալ փայլուն
տաղանդավոր մարդկանցից բաղկացած կառավարություն, և եթե հաջողվի՝
իշխանափոխություն անել: 2 տարում տնտեսությունը կբերենք մինիմում 2008
թվականի մակարդակին և մի բան էլ ավել: Եվ որ ամենակարևորն է՝
հնարավորություն կտանք քաղաքացիական հասարակությանը դառնալ տիրապետող…
Զարգացած այդ հասարակությունը կստեղծի նոր Ազգային ժողով, որտեղ կլինեն ոչ
թե այն թափթփուկները, որ այսօր են՝ խոսքս մեծամասնության մասին է:
Դրանից հետո կարելի է նոր ընտրություններ հայտարարելով՝ քաղաքական
կուսակցությունների հիման վրա ստեղծել կառավարություն: Այդ դեպքում ով
կլինի նախագահ՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, բայց ոչ այնպես, որ ամբողջ
ազգը թագավորի փոխարեն նախագահ ընկալի: Ի՞նչ կարևոր է՝ ով կլինի նախագահ,
կարևոր է որ չլինի այնպիսի մեկը, որ ինքնագլուխ որոշում կայացնի, թե
Հայաստանը կմիանա այս կամ այն միությանը:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Artin
Nov 27, 2013 18:15