ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, November 24, 2013 2:18 - չքննարկված

«Դերսիմի հայկականությունը բազմաշերտ ինքնություն է»

Օզգյուն Չաղլար

«Իսլամացված հայեր» թեմայով խորհրդաժողովի երկրորդ օրը կայացած «Հիշողություն, էթնիկություն, կրոն. Դերսիմ» խորագրով քննարկման շրջանակներում «Պահպանված, բայց` արհամարհված. Դերսիմի հայերը» վերնագրով` ալևի դարձած երկու դերսիմահայ եղբայրների թոռների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկած լրագրող-գիտնական Գյոքչեն Բ. Դինչը 2006 թ. ի վեր ուսումնասիրություններ է իրականացնում իսլամացված հայերի շուրջ: Դինչի հետ զրուցեցինք դերսիմահայության և ինքնության խնդիրների մասին` որպես ելակետ ընդունելով խորհրադոժովը:

Ըստ Ձեզ, ի՞նչ իմաստ է կրում սույն խորհրդաժողովը:

Իսլամացված հայերը մինչ այժմ Թուրքիայի ամենամեծ տաբուներից մեկն էին, պետության հայկական վախի մարմնացումը: Քանզի ամեն պահ մտավախություն կար, թե «Այդ մարդիկ իրենց ինքնությանը վերադառնալով` կարող են թիկունքից հարվածել մեզ»: Ազգայնամոլությունը նույնպես սնուցում էր այդ ահը: Այս խորհրդաժողովը խիստ էական է` այդ վախի հետ առերեսվելու, նման մտավախության անհիմն լինելը ցույց տալու առումներով: 2005 թ. կայացած հայկական կոնֆերանսից ի վեր շատ բան է փոխվել: Մարդիկ, հանգիստ կերպով գալով, ունկնդրեցին խորհրդաժողովում ներկայացված զեկուցումները և անկեղծորեն կիսեցին իրենց փորձն ու ցավը: Իսլամացված հայերի համար այս խորհրդաժողովը ավելի կարևոր էր, քանի որ նրանք գտնվում են այն կետում, որոմ հատվում են թուրք/մուսուլման և հայ/քրիստոնյա ինքնությունները, և հնարավորություն ունեցան կիսելու այդ միջանկյալ դրության հարուցած տրավման:

Խորհրդաժողովն ինչպիսի՞ արձագանք կստանա արտերկրում բնակվող հայերի կողմից:

Սփյուռքահայերը նույնպես միատարր խումբ չեն կազմում իհարկե և տարբեր կարծիքներ ունեն` այս խնդրի վերաբերյալ: Սակայն եթե հարցին անդրադառնանք հայկական ինքնության շուրջ տարածված տեսակետի, այսինքն` «հայը թուրք և մահմեդական չեղողն է» առանցքում, ապա կարող եմ հետևյալն արձանագրել. նրանց համար իսլամացված հայերը մարտահրավեր են և հարցականի տակ են դնում հայկական ինքնության մասին տարածված տեսակետը: Ըստ իս, այդ ինքնությունը հարցականի տակ դնելու հնարավորությունը լավ բան է: Բացի այդ` ես, լինելով մեկը, ով կարծում է, թե ազգային պետության սահմանները խիստ խնդրահարույց են, համոզված եմ, որ իսլամացված հայերի փաստը կարող է կարևոր և դրական նախաձեռնությունների տեղիք տալ` սահմաններով իրարից զատված ժողովուրդների փոխառնչվելու առումով: Քանզի ինքնությունները միատարր, կարծր և անփոփոխ չեն, ինչպես փորձում են այդպես սահմանել պետությունները: Ինքնությունները բազմատարր, բազմաշերտ և փոփոխական են. նրանք կարող են փոխվել անգամ` ըստ վայրի, ժամանակի, անձի և փորձառության:

Ձեր զեկուցման նյութը եղած դերսիմահայերն ինչպե՞ս են առերեսվում ինքնության այդ խնդրի հետ:

Դերսիմն Օսմանյան կայսրության դարաշրջանից ի վեր առանձնահատուկ տարածք է: Մի շրջան, որը պետությունը երբեք չի կարողացել լիովին տիրել: Այնտեղի հայկական փորձը ինքնին ուշագրավ պատմություն է: Համարվում է, որ դերսիմցիները 1915 թ. պաշտպանել են հայերին: Ասում են, թե Էրզինջանի (Երզնկա-Ակունքի խմբ.) միջով կառուցված գետնափոր թունելով 20-30 հազար հայ Դերսիմից Ռուսաստան է փախել: Մյուս կողմից Դերսիմում ապրող հայեր էլ կան, որոնց հայրենի երկիրը հենց Դերսիմն է. դա ըմբռնում ենք գյուղերի անվանումներից, եկեղեցիների ավերակներից: Այս տարածքի մարդիկ միասին են ապրել տեղի տրավմաները` 1937-38 թթ. կոտորածը, հեղաշրջումները, ահաբեկչությունը, պետության գործադրած անհատնում բռնությունները: Շատերը տարբեր ժամանակներում, ընդհանուր առմամբ, ճնշումների պատճառով, երբեմն էլ` կամավոր կերպով փոխել են իրենց ինքնությունը և ալևի դարձել: Սակայն նրանք թե ժողովրդի և թե պետության կողմից ենթարկվել են խտրականության: Քանի որ նրանց ամեն պահ հիշեցվել է, որ մի ժամանակ հայ են եղել, նրանք անընդհատ հանդիպել են ինքնության մասնատման խնդրին: Թեև հայերեն չգիտեն, քրիստոնյա չեն, դաստիարակվել են որպես ալևի, բայց խտրականությունը երբեք չի դադարեցվել: Նրանց հետևից, որպես վիրավորանք, «հայ» են գոռացել, որովհետև դժբախտաբար Թուրքիայում որևէ մարդու հայ անվանելը վիրավորանք է համարվում: Վերջին տարիներին նրանցից ոմանք, մկրտվելով և անվանափոխվելով, վերստին հայ են դառնում, ոմանք այլևս ուզում են ալևի մնալ, ոմանք էլ իրենց ոչ ալևի են բնորոշում, ոչ հայ, ոչ էլ քուրդ, այլ` որպես մարդ կամ հեղափոխական: Այս բոլոր պատճաներով, ինչպես որ քիչ առաջ էլ նշեցի, ինքնությունների ներթափանցման, փոփոխականության, բազմաշերտության տեսանկյունից Դերսիմի հայերն ուշագրավ օրինակ են: «Աթեիստ» հայ էլ կա, «հեղափոխական» հայ էլ, «քուրդ ալևի» հայ էլ… Եթե խնդրին անդրադառնանք ալևի ինքնության համատեքստում, ապա կարձանագրենք, որ Դերսիմի հայերը նույնիսկ իսլամացված հայեր չեն, որովհետև Դերսիմի ալևիականությունը շատ տարբերվում է Անատոլիայի ալևիականությունից և չի պատսպարվում մահմեդականության քողի տակ: Թեև ինքնությունները շատ բազմաշերտ են, սակայն իշխանությունն անշուշտ չի ցանկանում, որ դրանք այդ կերպ ներթափանցեն իրար մեջ, և ինչ-որ իմաստով ինքնության սահմաններն անորոշ դառնան: Քանզի ռեժիմի պահպանման համար մարդը չպետք է առանց ինքնության լինի, կամ նրա ինքնությունը չպետք է անորոշ լինի. ռեժիմն անհատի վրա ճնշում է գործադրում` «Ասա’, թե որտեղի՞ն ես պատկանում» հարցնելով:

Դուք, լինելով մեկը, ով նախորդ տարիներին բազմիցս Դերսիմ այցելելով` հանդիպումներ է ունեցել այնտեղի մարդկանց հետ, ի՞նչ եք կարծում այն հարցի մասին, թե դերսիմահայության առումով ինչ փոփոխություններ կլինեն ժամանակի ընթացքում:

Ասեմ` մեկ օրինակով: Երբ երեք տարի առաջ առաջին անգամ Դերսիմ էի գնացել, ժամերով զրուցել էի մի մարդու հետ: Նա եկել էր այս խորհրդաժողովին մասնակցելու, և այստեղ նորից հանդիպեցի նրա հետ: Թեև այն ժամանակ ժամերով խոսել էինք իրար հետ, սակայն այդ ընթացքում ո’չ թողել էր, որ ձայնագրիչս միացնեմ, ո’չ էլ` հետագայում իր պատմությունը գրի առնեմ: Այն ժամանակ նա ինձ ասել էր. «Դերսիմը նման չէ Թուրքիայի այլ վայրերին. հիմա վաղաժամ է հայկականության քննարկման համար»: Այժմ այնքան բան է փոխվել, որ ինքը չէր նախընտրել խորհրդաժողովը համացանցի միջոցով դիտել, այլ ուղղակի եկել էր մասնակցելու: Այլևս շատերն ավելի հանգիստ են կարողանում խոսել իրենց հայկական արմատների մասին: Հայկականությունը Դերսիմի տարածքում վերածվել է մի նյութի, որի շուրջ շատ են մտածում, ուսումնասիրություններ անում, և որով շատ են հետաքրքրվում: Պետք է խոստովանենք, որ դրան նպաստել է նաև Դերսիմի հայերի միությունը, չնայած որոշ խնդիրների առկայությանը: Քանզի նախկինում ոչ ոք չէր լսել դերսիմահայության մասին, և միակ բանը, որ գիտեին նրանց վերաբերյալ, Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի` «Ալևի քրդերը հայ են» խտրական, սպառնալից արտահայտությունն էր և թշնամական պնդումները:

«Պետք է քննարկվեն նաև հայկականությանը պատկանող այլ ներքին մշակույթները»

«Հայկական» ինքնությունը, ընդհանրապես, սահմանվում է որպես «թուրք և մուսուլման չեղող» կամ «քրիստոնյա»: Սակայն իրականում միայն քրիստոնյա ասելով` հնարավոր չէ հայերին լիովին բնորոշել, որովհետև հայերի քրիստոնեության մեջ ևս տարբեր շերտեր են առկա` ուղղափառ, կաթոլիկ, բողոքական հայեր… Սույն խմբերը բավարար չափով ճանաչված չեն. չեն խոսում դրանց պատմության մասին, պետության, այլ հանրությունների և միմյանց հետ փոխառնչությունների, զանազան դինամիկաների շուրջ: Օրինակ, շատ քիչ մարդ կա, ով տեղյակ է, թե Օսմանյան պետությունն ինչպես և ինչու է արգելել հայերի կաթոլիկացումը: Պետությունը պետություն է մնում. ըստ իր քաղաքական շահերի` ձգտում է հասարակությունների վրա տիրապետություն հաստատել, սակայն ժողովուրդները և իշխանությանը դիմադրելու ձևերը տարբեր են: Քրիստոնեության ներքին ինքնությունների վերաբերյալ ուսումնասիրությունները մեզ ցույց կտան, թե ինչ զանազան ճակատագրեր են ունեցել այդ ինքնությունները պատմության ընթացքում, և կավելանան հայկականության մասին մեր տեղեկությունները: Հուսով եմ` երբ նման ուսումնասիրությունները շատանան, մեր երկրում «հայ» բառն այլևս չի գործածվի որպես վիրավորանք:

ozguncaglar1@gmail.com

http://www.agos.com.tr/haber.php?seo=dersim-ermeniligi-cok-katmanli-bir-kimliktir&haberid=6101

Թարգմանեց Մելինե Աումյանը

Akunq.net



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ