ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 18, 2013 4:19 - 5 քննարկում

ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐ ՈՐՈՇ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԷԼ ԿԱՆ…

Հեռաձայնային հարցազրույց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ Հարություն Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք հարցազրույց տալ և հասարակական ակտիվ գործունեության վերադարձի ճանապարհին ընտրեցիք մեր Լույսաշխարհ լրատվականը…

-Հարգելի՛ս, եթե շնորհակալություն հայտնելու խնդիր կա, այն իմ կողմից պետք է բարձրաձայնվի, իսկ Լույսաշխարհն ինձ համար ոչ միայն լրատվամիջոց է եղել ու կա, այլ նաև համակիրների, գաղափարակիցների հետ առնչվելու միջավայր, և ինչպես երջանկահիշատակ Ստեփան Քերիմիջյանն էր ասում, սա ազգային կարևորագույն խնդիրների դեմ առնելու հարթակ է, իսկ մենք զուտ հերթապահներ:

-Համաձայն եմ: Պարո՛ն Առաքելյան, այժմ դուք գտնվում եք Չեխիայում և մաս եք կազմել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ղեկավարությանը. ինչպե՞ս են ընթանում գործերը, ի՞նչ ծրագրեր կան մոտ ապագայում, մանավանդ մամուլից տեղեկացանք, որ սեպտեմբերին մեծ համագումար է եղել, և բազմաթիվ մարդիկ են մասնակցել:

-Այո՛, շատ լավ կազմակերպված համաժողով էր: Որքան էլ որ հայկական որոշ դեսպանատներ փորձեցին խանգարել, հակառակ արդյունքը գրանցվեց՝ մասնակցեցին 25 երկրների ներկայացուցիչներ, հետևաբար այն նույնիսկ կարելի է ոգևորիչ որակել: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ Ֆորումին միացան նոր մարդիկ, բերեցին նոր գաղափարներ և ծրագրեր, ընդլայնվեցին կառույցները, բայց այս ամենը ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի տարիների մեծ աշխատանքի արդյունքն էր: Նա այսօր էլ չի զլանում հասնել Եվրոպայի ցանկացած անկյուն, եթե համագործակցության պատրաստ հայրենակից կա: Նրա ղեկավարությամբ Ֆորումը թե՛ Հայրենիքին, թե՛ Եվրոպահայության տարբեր համայնքներին տարատեսակ աջակցություններ էր իրականացրել և, որպես լոբբինգային կազմակերպություն, այսօր էլ բազմաթիվ ծրագրեր կան գործողության մեջ, որոնց մասին հետագայում դեռ շատ առիթներ կլինեն լուսաբանության համար: Օրերս նա վերադարձավ Նորվեգիայից, որտեղ հանդիպեց նորաստեղծ հայ համայնքի ղեկավարների հետ և պայմանավորվեց համագործակցություն ծավալել հայ համայնքի և ԵՀՄՖ-ի միջև:

-Վերջերս չեխահայ մի լրատվամիջոց ցավագին էր ընդունել ձեր հասարակական ակտիվությունը և փորձել էր < <մրոտել>> Ֆորումի գործունեությունը, կպարզաբանե՞ք ինչումն էր իմաստը նման գործելաոճի:

-Հատուկ իմաստ մի փնտրեք այդ ամենի մեջ, այդ ղզիկը մի ժամանակ իր գոյությունը ապահովում էր Ֆորումից, և երբ այն դադարեց, ապա վերոհիշյալ պարոնիկը իր բարերարի հետ թշնամացավ՝ ստանձնելով ապերախտի դերակատարություն: Իսկ իմ պահով նշեմ՝ երբ ես ՀՌԱԿ ատենապետ էի, այդ լրատվամիջոցը դեռ տասը տարի առաջ էջեր էր տրամադրում իմ դեմ կազմակերպված ցեխարձակությունների համար, իսկ հիմա, կերակրվելով դեսպանատան կողմից, շարունակում է կատարել հայաստանյան բռնապետության գործակատար հանդիսացող դեսպանի և ղարաբաղյան կլանի անմիջական ներկայացուցիչ հանդիսացող հյուպատոսի պատվերները: Ավելին ասեմ, եթե այդ խամաճիկը դրական գնահատեր մեր գործունեությունը, ուրեմն մենք ինչ-որ բան սխալ արած կլինեինք հաստատ, այնպես որ ամեն ինչ շատ օրինաչափ է:

-Բայց կոնկրետ ի՞նչն է զայրացրել նրանց և հայաստանյան որոշակի պաշտոնյաներին:

-Հոկտեմբեր ամսին ԵՀՄՖ ղեկավարությունը հրավեր ստացավ չեխական պառլամենտից և Ֆորումի պատվիրակությունը մասնակցեց պառլամենտում տեղի ունեցած փակ քննարկումներին, որի հիմնական նպատակը թուրք-ազերական լոբբինգի գործունեության չեզոքացումն էր Չեխիայում: Նաև, օգտվելով առիթից, հանդիպումներ եղան չեխահայ համայնքներում: Սա էր, որ կատաղեցրեց բաշիբոզուկներից կազմված հայկական կառավարության չեխական ներկայացուցիչներին: Նրանք փոխանակ իրենց ողորմելի վիճակից դուրս գալու քայլեր անեն, որ այլևս չեխական պառլամենտում Խոջալուի դեպքերի համար հայության հանդեպ մեղադրական փաստաթղթեր չընդունվեն, կամ գոնե իրավական առումով հայկական համայնք գրանցեն, կամ Պրահայում եկեղեցի և Խաչքար ունենան, զբաղված են խառնակչությամբ ու խարդավանքներով: Ցավոք չեխահայությունը այսօր գործում է լոկալ, և բազմաթիվ հայորդիներ տեղերում իրենց ուսերի վրա են կրում համայնքային հարցերի լուծումները:

-Իսկ ի՞նչն է խանգարում մեր դեսպանատանը համախմբողի դերակատարությամբ հանդես գալ, և եթե դա չի անում, ապա ինչո՞վ են զբաղված:

– Ըստ իմ տեղեկատվության՝ այն վերածվել է ընտանեկան կապալի և հիմնականում զբաղված է հայաստանյան պաշտոնյաների ու նրանց հարազատների ընթացիք հարցերի լուծմամբ՝ մեկին Կառլովի Վարում հանգիստը կազմակերպելը, մյուսի համար շահավետ բիզնես-ներդրումներ կազմակերպելը, իսկ համայնքն էլ իրա համար… Սրան եթե ավելացնենք դեսպանատան կողմից սլովակիահայ համայնքի հանդեպ սառնությունը և կեղծ լուրերի տարածումը, ապա պատկերը կամբողջանա: Կարճ ասած պետք է երես ունենան, որ ժողովրդի հետ հանդիպեն, և պատկերացրեք, որ այդ հանդիպմանը մեկը հանկարծ հարց բարձրացնի, թե հայաստանյան նախկին մարզպետին որտեղի՞ց այդքան միլիոնավոր դոլարներ, որ ներդրումներ է անում Չեխիայում… Ի՞նչ պետք է պատասխանի դեսպանը, որ ինքն անձամբ է մասնակցել ժողովրդից յուրացրած գումարների արդյունավետ ներդրմանը, թե՞ պետք է ասի տեղյակ չեմ… Երկու պատասխաններն էլ հուշում են, որ դեսպանը չի ծառայում Հայ Ժողովրդի շահերին, ումից որ աշխատավարձ է ստանում, այսինքն իր տեղում չէ իր գերազանցությունը:

-Պարո՛ն Առաքելյան, կարելի՞ է արդյոք փաստել, որ ՀՀ վարչակազմը գաղտնի գործընթաց է սկսել սփյուռքում ընդդիմադիր կեցվածք ունեցող կազմակերպությունների հանդեպ, մանավանդ, եթե նրանք հայաստանցիներն են: Նման եզրահանգման համար հիմք է ծառայում այն լրատվությունը, որ գերմանահայոց համայնքի ղեկավար Ազատ Օրդուխանյանն օրեր առաջ հրաժարական է ներկայացրել և նա կոնկրետ մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայում ՀՀ դեսպանի խարդավանքների մասին:

-Շատ ճիշտ եք նկատել, ձեռագիրը նույնն է, և պարոն Օրդուխանյանին պետք է դնեին այս վիճակի մեջ, քանի որ Հայաստանում տիրող բարքերի դեմ նա ակտիվ պայքարողներից է, ու համոզված եմ, որ անկախ համայնքում զբաղեցրած իր դիրքից՝ ավելի անկաշկադ է շարունակելու պայքարը: Բաշիբոզուկներից կազմված վարչակազմը չի հանդուրժում ազատ մտածող և արտահայտվող հայորդիներին, ու պատրաստ է կատարել ամենանենգ քայլերը, իսկ դեսպանատներում էլ ցավոք մեծ տոկոս են կազմում առավել փոքր մասշտաբի բաշիբոզուկներ, որոնք գիշերները թաքուն երազում են և կյանքի նպատակ են դարձրել խոշոր բաշիբոզուկ դառնալ:

-Փաստորեն չեք մոռացել ձեր հիմնական որակումը հակահայերին՝ բաշիբոզուկներին…

-Փաստորեն չեմ մոռացել… (լիաթոք ծիծաղում է)

Հարցազրույցը վարեց Եվգենի Կուրղինյանը



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Susanna
Nov 18, 2013 10:43