ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, November 14, 2013 5:34 - չքննարկված
Եվրոպահայերի Ֆորումից ՀՀ ԱԺ Նախագահին ուղղված բաց նամակի լրացում. հարցաշար թիվ 3
Հարգելի՛ պարոն Աբրահամյան,
ԵՀՄՖ Նախագահության կողմից վերջերս Ձեզ ուղարկված Բաց նամակի երրորդ կետում ՀՀ ԱԺ-ի ուշադրությունն էինք հրավիրում Հայաստանի ներկայիս բնապահպանական խնդիրների վրա, քանի որ վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և դրա հետևանքով տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի:
Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ ազգային անվտանգությանը սպառնացող բնապահպանական իրավիճակ է ՀՀ-ում, որի շնորհիվ ոչ միայն ծաղկում է ստվերային տնտեսությունը և կոռուպցիան, այլև անխնա կերպով ոչնչացվում է բնությունը` գալիք սերունդներին թողնելով բնակության համար անպիտան տարածքներ, իսկ ՀՀ քաղաքացիներին մատնելով արհեստածին հիվանդությունների առաջացման ու դրանց թանկ բուժման անմատչելիության խնդիրների առջև:
Այդ առթիվ, որպես լրացում ԵՀՄՖ Նախագահության Բաց Նամակի, Ձեզ ենք ներկայացնում ԵՀՄՖ նախագահության կողմից հերթական հարցաշարը՝ որպես օգնություն Ձեր կողմից խոստացված ԱԺ-ում այս թեմայով ևս լսումներ կազմակերպելու համար:
ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 3
1. Որքա՞ն է շահում Հայաստանի Հանրապետությունը մի խումբ մարդկանց կողմից համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի պաշարների օգտագործումից, երբ սեփական գրպանները լցնելու համար վատնվում է ժողովրդական հարստությունը, և այդ մրցավազքում բնապահպանական աղետալի վիճակի սրացման պայմաններում թալանվում է երկիրը. կա՞ն արդյոք հաշվարկներ, թե ընդերքի արդյունահանումից ո՞ր մասն է մուտք լինում բյուջե, իսկ ո՞ր մասը հանգրվանում օֆշորներում:
2. Արդյո՞ք չեք գտնում, որ երկրի բնապահպանական ներկայիս վիճակը սպառնում է ազգային անվտանգությանը բոլոր մակարդակներում, և վաղուց հասունացել է պահանջ՝ հասարակության համար բաց վերահսկողություն սահմանել հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող նախագծերի ու մրցույթ-տենդերների անցկացման նկատմամբ, ինչպես նաև անտառահատումների, ներկրվող վառելիքի և գյուղատնտեսության համար ներկրվող պարարտանյութերի ու թունաքիմիկատների որակների, ներկրվող սննդի անվնասակարության և պիտանելիության, Սևանա լճի, ջրային պաշարների ու հոսքերի հզորության ձևափոխման, օդի աղտոտվածության, Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների գոյությանը վնասող ծրագրերի նկատմամբ:
3. Արդյո՞ք տեղեկացրել են հայաստանյան բնապահպանության գերատեսչության պատասխանատուները Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզին, որը նաև Վայրի բնության համաշխարհային կազմակերպության` WWF-ի Մեծ Բրիտանիայի գրասենյակի պատվավոր նախագահն է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մեծացնելու է ՀՀ բնությանը սպառնացող աղետների ծավալը և հակասում է Հայաստանի բնապահպանական օրենսդրությանը: Տեղեկացվեց արդյո՞ք հասարակությանն այն մասին, որ Արքայազն ու իր ընկեր Արմեն Սարգսյանը, որոնք “Լիդիան Ինթերնեշնլ” կազմակերպության միջոցով պատրաստվում են Համաշխարհային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ շահագործել Ամուլսարի ոսկու հանքը, չեն անցել բաց ու թափանցիկ տենդերի կամ մրցության փուլերով, այլ ընտրվել են ըստ ,,բարձրյալի կամոք,,: Եվ վերջապես ՀՀ ԱԺ ե՞րբ է լուրջ վերահսկողություն իրականացնելու իր կողմից ընդունված օրենքների կատարման կամ ոտնահարման հանդեպ: Արդյո՞ք այս քայլով ևս մեկ ծանր բեռ չի ընկնի տարածաշրջանի վրա և վեջնականապես չի վերանա բուսական ու կենդանական աշխարհը:
4.Արդյո՞ք Հայ Ժողովրդի հանդեպ խորը ատելությունից է, որ ներկայիս ՀՀ կառավարությունը սեփական ուժերով չի իրականացնում հայկական ոսկու և այլ թանկարժեք մետաղների արդյունահանումը ու դրանից ստացվող շահույթի մուտքագրումը պետական բյուջե: Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների շահերից է բխում ժողովրդական սեփականություն հանդիսացող հանքերը նվիրաբերել օտարներին, որոնք էլ իրենց հերթին հայաստանյան դրածոների միջոցով ստանում են գերշահույթներ՝ ստեղծելով առողջապահական, սոցիալական, բնապահպանական աղետներ և պարարտ հող բացահայտ կոռուպցիոն դրսևորումների համար:
ԵՀՄՖ Նախագահություն
14.11.2013թ.