ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, November 8, 2013 9:39 - 2 քննարկում
ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 2 ՀՀ Աժ ՆԱԽԱԳԱՀԻՆ. Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում
Հարգելի պարոն Հովիկ Աբրահամյան
Համաձայն Ձեր կողմից երկրի խնդիրներին առնչվող հարցերի լուծման շուրջ
համագործակցության առաջարկի և Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի
նախագահության պատրաստակամության՝ շարունակում ենք ներկայացնել
աղմկահարույց հանցագործությունների մասին պառլամենտական լսումներին
առաջարկվող օրակարգային հարցերը, և դրանց առավել արդյունավետ լուսաբանման
համար ներկայացնում ենք հաջորդ հարցաշարը:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը դիմում է Ձեզ՝
համոզված լինելով, որ անկասկած տեղյակ եք, որ գործարար Աշոտ Սուքիասյանը
«Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները
յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի
հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական
փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ վարչապետն էլ այս առթիվ
հանդես եկավ հայտարարությամբ, թե որևէ կապ չունի այդ ընկերության հետ:
ՀԱՐՑԱՇԱՐ ԹԻՎ 2
1. Ինչպե՞ս կարելի է հանդուրժել երկրի վարկը խաթարող այնպիսի բացահայտ
հանցագործությունների անպատիժ թողնելը, երբ փաստերը առկա են, իսկ
մեղավորների կոորդինատները հայտնի: Եվ եթե Հայաստանում չեն խոսում արդեն
դրա մասին, իսկ Եվրոմիության մայրաքաղաքում ՀՀ կոռուպցիայի շուրջ
ահազանգումը համարում եք ոչ կոռեկտ, ապա ինչպե՞ս կորակեք հայ բարձրաստիճան
պաշտոնյայի և բարձրագույն հոգևորականի կողմից օֆշորային խարդավանքների
ճչացող այս փաստը:
2. Արդյո՞ք վարչապետի մոտ հիշողության կորուստ է արձանագրվել, երբ հերքում
է իր մասնակցությունը այս գործընթացին: Սա այն դեպքում, երբ Փայլակ
Հայրապետյանը որոշել է գրավադրել իր ունեցվածքը և վարկ վերցնել հենց ՀՀ
Կառավարությունում կայացած որոշման համաձայն: Այս ամենին եթե ավելացնենք
պետական պաշտոնական հաղորդագրությունները աֆրիկացի գործարարների հետ
վարչապետի հանդիպման մասին և տեղեկատվությունները նույն այս գործարքի
կապակցությամբ, ապա պատկերը կամբողջանա ու հարցերին պատասխաններ տալը
կդառնա խիստ անհրաժեշտ:
3. Ի՞նչ եք կարծում հանրությունն ինչպե՞ս ընդունեց վարչապետի այն “միամիտ”
հայտարարությունը, որ իբր այս ամենը սուտ է, իսկ երբ ներկայացվեցին
փաստաթղթեր, նա նոր առավել տարօրինակ հայտարարություն կատարեց, վախվորած
պնդելով, թե ինքն օֆշորում մասնակցություն չունի և առանց իր գիտության են
գրանցել իրեն: Չհանգստանալով և առաջ գնալով՝ կատարեց հաջորդ զավեշտական
քայլը՝ հայտարարելով, որ օֆշորում գրանցվել նա չէր կարող, քանի որ ինքը
Կիպրոսում երբեք չի եղել: Արդյո՞ք սա հանրությանը մոլորեցնող հերթական
անհաջող փորձը չէ, քանի որ օֆշորային ընկերություն բացելու համար ոչ ոք
երբևիցե չի այցելում օֆշորային գոտի:
4. Համաձայն ՀՀ Ֆինանսական գործառույթներ իրականացնելու օրենսդրական
դրույթների՝ որևէ քննչական խումբ ստուգել է՞ արդյոք օրենքի այն պահանջը,
ըստ որի Ամերիաբանկը խոշոր գումար երկրից դուրս փոխանցելու դեպքում պետք է
ստանար ՀՀ Կենտրոնական բանկի թույլատվությունը:
5.Համաձայն ՀՀ Ֆինանսական գործառույթներ իրականացնելու օրենսդրական
դրույթների՝ որևէ քննչական խումբ ստուգել է՞ արդյոք օրենքի այն պահանջը,
ըստ որի ՀՀ Կենտրոնական բանկը, ստանալով նմանատիպ տեղեկատվություն,
պարտավոր էր շտապ տեղեկացնել Ազգային Անվտանգության Ծառայությանը:
6. Այդ խոշոր գումարը պտտվելով օֆշորում և նրա մի մասը հետ գալով
Ամերիաբանկ, արդյո՞ք անցել է օրենքի պահանջ հանդիսացող նույն պրոցեդուրան՝
ստուգվել ԱԱԾ-ի և Կենտրոնական բանկի կողմից: Եվ այն փաստը, որ գումարը եկել
է հետ ու առանց որևէ խնդիրների “հանգրվանել” անհրաժեշտ հաշվեհամարի վրա,
արդյոք չի՞ փաստում պարզ ճշմարտություն, որ իրականացվել է կազմակրպված
թալան պետական ինստիտուտների մասնակցությամբ:
Եվրոպայի Հայկական Միությունների
Ֆորումի նախագահություն
08.11.2013թ.
2 քննարկումներ
RAZMIK