ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, November 5, 2013 9:36 - 1 քննարկում
Եվրոպահայերի Ֆորումից ՀՀ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի լրացում. հարցաշար թիվ 1
Եվրոպահայերի Ֆորումից ՀՀ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց
նամակի լրացում. հարցաշար թիվ 1
Հարգելի պարոն Աբրահամյան
Ի լրացում հոկտեմբերի 31-ին Ձեզ հանձնված բաց նամակի՝ ցանկանում ենք առավել
մանրամասնել ներկայացված խնդիրները, և հարցաշարի միջոցով օգնել Ձեզ,
որպեսզի հասցեատերերին ուղղված Ձեր հարցերը լինեն անխոցելի, քանի որ
սահմանադրորեն ԱԺ իրավասությունների տիրույթում է գտնվում ազգային
կարևորագույն հարցերի բարձրացումը ու դրանց լուծման վերահսկողությունը: Նաև
ցանկանում ենք նշել, որ ստորև ներկայացված հարցերի պատասխանները մենք
ունենք, սակայն, հարգելով անմեղության կանխավարկածի օրենսդրական դրույթը,
զերծ ենք մնում այս պահին մեղադրանքներից և ցանկանում ենք լսել այն
բարձրագույն պաշտոնյաների պատասխանները, որոնց անունները նշված են
կոռուպցիոն անհերքելի փաստերի մեջ:
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
1. Ո՞ր իրավունքով է ՀՀ կառավարությունը „Նաիրիտ“ գործարանի պետական
սեփականություն հանդիսացող բաժնեթղթերի 90%-ը նվիրաբերել քիմիայի ոլորտում
ղեկավարման փորձառություն և պատմություն չունեցող ու ընդամենը 25000
ֆունտստերլինգ ունեցող օֆշորային “Rhinoville Property Limited“
ընկերությանը, որն էլ, ունենալով ՀՀ կառավարության պետական երաշխիքը,
գրավադրելով նշված բաժնեթղթերը, 70 միլիոն դոլար վարկ է վերցրել
„Միջպետական բանկից“, նույն գումարի 39 միլիոնով գնել „Նաիրիտ“ գործարանը,
իսկ մնացած 31 միլիոն դոլարը գրպանել: Ինչպե՞ս կարելի էր ժողովրդի
ունեցվածքը`բաժնեթղթերը, կառավարական մակարդակով նվիրել անհայտ սուբյեկտին,
որ նա գրավադրի ժողովրդի սեփականություն հանդիսացող գույքը՝ դրա դիմաց
ստանալով վարկ, գումարի մի մասով գնի ժողովրդի ունեցվածքը, իսկ մնացած մասն
էլ ,,անհայտացնի,,:
2. Ո՞ր իրավունքով է, որ մինչ օրս չի հրապարակվում կառավարության հետ
պայմանագիր կնքած „Rhinoville Property Limited“ օֆշորային ընկերության
սեփականատերերի անունները:
3. Եթե ինչ որ „խորհրդավոր“ օֆշորային ընկերություն կարողացավ „Նաիրիտ“
գործարանի համար ստանալ 70 միլիոն վարկ, ապա ինչո՞ւ նույնը չարեց ՀՀ
կառավարությունը, մանավանդ պետական երաշխիքներ էր տվել այդ օֆշորային
ընկերությանը:
4. Ինչպե՞ս է ստացվում, որ նույն գործարքի ռուսական կողմի մասնակիցները
„Rhinoville Property Limited“ օֆշորային ընկերությանը „վարկ“ տրամադրելու
համար գտնվում են բանտերում, բռնագրավված է նրանց գույքը, իսկ հայաստանյան
կողմի անմիջական մասնակիցները դեռ շարունակում են զբաղեցնել բարձր
պաշտոններ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
5. Արդյո՞ք որևէ քննչական խումբ հետաքննել է այն փաստը, որ կաուչուկը
արտահանվում էր դեպի ԱՊՀ երկրներ 2500 դոլար արժեքով, իսկ “միջնորդ”
ֆիրմաները այն սպառողին էին մատակարարում մինչև 8000 դոլար արժեքով`
ստանալով գերշահույթ:
6. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ “Նաիրիտում” պայթյունի
հետևանքով զոհերի հիմնական պատճառ նշվեց 150.000 դոլար ֆինանսական
միջոցների բացակայությունը, բայց պայթյունից օրեր առաջ “Նաիրիտի” հաշվից 30
միլիոն դոլար է փոխանցվել տարբեր ֆիրմաների և անհատների, իսկ պայթյունի
իրական պատասխանատուն մնաց անպատիժ ցայսօր:
7. Արդյո՞ք որևէ քննչական խումբ տեղյակ է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության
ստուգումների արդյունքում բացահայտված միջանկյալ ակտում արձանագրված
բազմամիլիարդ դրամի կողոպուտի հետ կապված հանցագործությունները կոծկվել են
և չեն ուղարկվել իրավապահ մարմիններին:
8. Ինչպե՞ս է ստացվում, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը նվեր
ստացած օֆշորային ընկերությունը հարյուրավոր միլիոնների խարդախություններ է
կատարում՝ գործարանը կանխամտածված հասցնում սննկացման և հանկարծ այդ սնանկ
գործարանը „գնում է“ իրեն ժամանակին գնած ու ներկայումս պարտքերի մեջ
թաղված այդ նույն օֆշորային ֆիրմային: Արդյունքում, երկրում կառավարական
մակարդակով իրականացվում է խոշոր քիմիական գործարանի թալան` գործազրկության
և աղքատության մատնելով հազարավոր մարդկանց, որի հետևանքով խթանվում է
արտագաղթը ու կորցվում է մի եզակի և հսկայական հնարավորություն ՀՀ-ի
տնտեսության վերելք ապահովելու հարցում:
Հարգելի պարոն ԱԺ նախագահ
Հավանաբար Դուք էլ անձամբ արդեն պատկերացնում եք, թե որքան պետք է մարդ
լինի ընչաքաղց ու ագահ, որքան մարդ պետք է ատի Հայ Ազգին, որ թուրքերին
ցնծության հասցնող նման գործելաոճ որդեգրի ՀՀ քաղաքացիների հանդեպ: Հաշվի
առնելով Ձեր բրյուսելյան վրդովմունքը՝ դիմում ենք Ձեզ հավատալով, որ
կօգտագործեք բոլոր օրինական ճանապարհները Հայ Ազգին վարկաբեկող, ջլատող,
աղքատության և սոցիալական աղետի հասցրած մեղավորներին արժանի
պատասխանատվության ենթարկելու գործում, հետևաբար Եվրոպայի Հայկական
Միությունների Ֆորումի կառույցները և հանձնախմբերը պատրաստ են
առավելագույնը աջակցել արդարության հաստատաման գործընթացին:
ԵՀՄՖ Նախագահություն
05.11.2013թ.
1 քննարկում
Narin