ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, October 1, 2013 15:56 - 5 քննարկում
Կառավարությունը հաջողությամբ շարունակում է մասնավորապես խոշոր չափերի հափշտակումները պետբյուջեյից.
Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ, որը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է Մշակույթի նախարարությանը, որն էլ իր հերթին այդ չափով վճարել է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: 54.6 մլն դրամը միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգի արժեքն է:
Կառավարության կողմից արված այս քայլը ուրիշ այլ կերպ, քան ցինիզմ, հնարավոր չէ որակել: Շուրջ 55 միլիոն դրամ հատկացնել աղքատության ճիրաններում տառապող պետության անկախության տոնակատարությունների ընդամենը մի դետալին՝ բացահայտ արհամարանք է այդ պետության հարկատուների նկատմամբ: Հատկապես այն պարագայում, երբ այդ նույն հարկատուները խիստ վերապահումներով են մոտենում այն փաստին, որ Մարտի 1-ի զոհերի և 2008-ի փետրվարյան հետընտրական իր ցինիկ և հակահիգիենիկ արտահայտություններով հայտնի երգչուհին խտացնում է այդ օրվա տոնի խորհուրդը:
Ստեղծվել է յուրօրինակ օֆշորային գոտի՝ պետության ներսում, որտեղ գումարներ լվանալիս արդեն անգամ չափի զգացողությունն են կորցրել:
Ուշադրություն դարձրեք, գումարները ոչ թե փոխանցվել են համերգի տեխնիկական մասն ապահովելու և տոնակատարության կազմակերպման համար, այլ «Նունե Եսայան» հասարակական կազմակերպությանը: Դա նշանակում է, որ համերգի կազմակերպման համար շատ ավելին է ծախսվել իրականում, իսկ վերոնշյալ միլիոնները ունեն կոնկրետ մեկ հասցեատեր՝ իշխանությունների սիրելի երգչուհին:
Այն դեպքում, երբ հարյուրավոր մշակութային հուշարձաններ տարիներով անխնամ են մնում՝ ընդամենը մի քանի դրամ ֆինանսավորման բացակայության պատճառով, երբ հարյուրավոր գրքեր մնում են չհրատարակված՝ մի քանի սիմվոլիկ դրամների բացակայության պայմաններում, երբ իսկական մշակութային արժեքները շարունակում են մնալ տարեկան մեկ միջին կենսաթոշակի չափով ֆինանսավորման կարոտ՝ մշակույթի տիկին նախարարը իրեն թույլ է տալիս առատորեն վարձատրել նոմենկլատուրային երգչուհուն՝ երգելու համար մի հասարակության տոնին, որի զգալի հատվածի նկատմամբ փոքր ինչ հարգանք անգամ չի ցուցաբերել:
Մեծ հաշվով, պետությունը ամբողջ տարի ֆինանսավորում է տասնյակ երգչախմբերի, թատրոնների և մշակութային այլ կառույցների, ինչու՞ նմանատիպ օրերին հենց նրանք չեն ապահովում քաղաքացիների տոնական տրամադրությունը: Էլ չեմ ասում բազմաթիվ մեր բարձրակարգ ստեղծագործողների մասին, որոնք, անկասկած, առանց վարձատրության պատրաստ էին Անկախության օրը վերածելու իսկական տոնի:
Թե՞ կառավարությունում Նունեին աստղաբաշխական գումարներ նվիրելու առանձնահատուկ կիրք ունեն: Վստահ եմ, որ Նունեն շուտով կհայտարարի, որ ինքը այս ֆինանսական հարցերից տեղեկություններ չունի. ամեն մարդ կարող է իր անունից հաշվեհամար բացել և այնտեղ գումարներ փոխանցել:
Այս ամբողջ պատմությունը փչացնում է որևէ հոգևորականի բացակայությունը: Հարկավոր էր այս սկանդալային պատմության մեջ ներգրավել որևէ շքեղ փոխադրամիջոցից օգտվող մի եպիսկոպոսի, ու պատմությունը կլիներ հյութեղ և ամբողջական:
Վարուժան Բաբաջանյան
lurer.com
5 քննարկումներ
Anahit