ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 25, 2013 1:26 - 1 քննարկում

Աղվանստանի պատմությունը, կամ Տաշած Աղվանը գետնին չի մնա

Լրատվամիջոցներն արդեն «ավետում են», որ մի շատ կարճ ժամանակահատված անդուռ և անաթոռ մնացած Աղվան Հովսեփյանը վերադառնում է: Դեռևս այն պահին, երբ այս պարոնը, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ, դրեց դռնապաչպչության հիմնաքարը` շատերն էին համոզված, որ տաշած Աղվանը գետնին չի մնա:

Չափից ավելի շատ բան գիտի ՀՀ նախկին գլխավոր դատախազը, և Սերժիկ Սարգսյանն էլ առյուծի կաթ չի խմել, որ մատի մեկ շարժումով չեզոքացնի մի մարդու, ով այնքա՜ն մութ գաղտնիքների է տիրապետում, որ հանգիստ խղճով կարող էր Լավրենտի Բերիայի հետ մրցակցել: Եվ վերջապես` ինչո՞ւ հրաժարվել մեկից, ով պատրաստ էր, հանուն պաշտոնի, կատարել Ռոբերտ Քոչարյանի ցանկացած ապօրինի հրահանգ, հետո էլ պատրաստ էր կատարել այս նույն Սերժիկ Սարգսյանի բոլոր ապօրինի հրահանգները, վաղն էլ կազմուպատրաստ կլինի կատարել երրորդի ապօրինի հրահանգները, եթե այդ երրորդն էլ լինի նույնքան «օրինապաշտ», որքան նշվածները:

Չէ՞ որ հենց այս մարդն էր, որ 1998 թվականի օգոստոսի 6-ին մտավ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սենյակ և, ըստ ներկայացված մանրակրկիտ հաշվետվության, այնտեղ էր նաև այն ողբերգական պահին, երբ Հենրիկ Խաչատրյանն սպանվում էր, իսկ տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը` ինքնասպանվում: Ճիշտ է, հետագայում մեծ ջանք թափվեց՝ ապացուցելու համար, որ պարոն Աղվան Հովսեփյանը դուրս է եկել մինչ սպանությունն ու ինքնասպանությունը, և եղած-չեղածն անփութության հետևանք էր, բայց հո կասկածը մնա՞ց և մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությանը համոզող չի գտնվել, թե ինչ պատճառով Արամ Կարապետյանը դիմեց այդ հուսահատ և սահմռկեցնող քայլին: Ոչ մի համոզիչ փաստարկ չգտնվեց, բայց «անփութության զոհ» Աղվան Հովսեփյանը, նախկին ՀՀ գլխավոր դատախազի սպանությունից հետո, բազմեց նրա արյունոտ աթոռին:

Հետո՞ ինչ եղավ: Հետո` նույն թվականի տարեվերջին, իր բնակարանի շքամուտքում հրազենից սպանվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խորխոռունին: Սպանությունը չբացահայտվեց: Երկու ամիս հետո սպանվեց ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: Ըստ պաշտոնական վարկածի` գեներալ-մայորը մի օր վեր էր կացել ու գնացել քարուղռերի մեջ երկու կրակոցով ինքնասպանություն գործելու: Հենց այդպես. մի անգամ ինքն իր ձեռքով կրակել էր սեփական գլխին, մի անգամ էլ` սեփական սրտին: Ի դեպ, հենց այս օրերին էլ Սերժիկ Սարգսյանը հրապարակ նետեց «Արմենիկում»-ի մասին բլեֆը, և հասարակությունը կուլ տվեց դրախտային Հայաստանում ապրելու հեռանկարի խայծը` մոռանալով Արծրուն Մարգարյանի «ինքնասպանությունը»:
Հետո՞… Դե, հետո էլ մի խումբ ռոմանտիկ նարկոմաններ մտան ԱԺ դահլիճ և սպանեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին (ակադեմիկոս): Այս նախճիրի մեղավորները «շատ արագ բացահայտվեցին» Աղվան Հովսեփյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ. կազմակերպիչ, պատվիրատու չկար, ինչ արել էին` հենց այս մի խումբ ռոմանտիկ նարկոմաններն էին արել:

Հաջորդն ո՞վ էր… Այո, ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանն էր: 2001-ի սեպտեմբերի 11-ին այս մարդուն նռնակի պայթյունով սպանեցին իր բնակարանի դռան շեմին: Այս սպանությունն էլ է չբացահայտվածների շարքից:

Ընդամենը երկու շաբաթ հետո «Առագաստ» սրճարանում Ռ. Քոչարյանի թիկնապահները, բազմաթիվ «աչալուրջ» սուրճ ըմպողների աչքի առաջ, գազանաբար սպանեցին Վրաստանի քաղաքացի, ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանին` Քոչարյանին «պրիվետ, Ռոբ» ասելու համար: «Դատապարտվեց» միայն մեկ թիկնապահ` երկու տարի պայմանական ազատազրկում և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Հետո սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, և «պարզվեց»` պատվիրատուն նահատակված Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Այս սպանությունը հեշտ էր «բացահայտել». «պատվիրատուն» աղվանական թիմից չէր:
Ուշադրություն. հաջորդ մարդասպանը` Արմեն Քեշիշյանը, որը, երկու ոստիկանի ներկայությամբ, վեց կրակոցով սպանեց ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրենին, դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման և… պայմանական ազատ արձակվեց: Հետո սպանվեց Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետը, սպանողը նախկին գյուղապետն էր, հետո՝ Արմավիրի մարզի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը (մարդասպանը բացահայտված չէ), հետո իր ծառայողական մեքենայում նռնակի պայթյունից սպանվեց ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը, հետո` Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը, հետո՝ ՀՀ որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանը, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանը: Այս սպանությունները նույնպես բացահայտված չեն:

Խնայենք մեր ընթերցողների ջղերը: Սպանությունները բազմաթիվ են, «ինքնասպանությունները»` նույնպես: Եթե մարդասպանը բացահայտվում է, և այդ մարդասպանն իշխանական թևից է, ուրեմն`Աղվան Հովսեփյանի դատախազիկներին լիովին բավարարում է պայմանական ազատազրկումը կամ քրգործի կարճումը:

Հենց այս Աղվան Հովսեփյանն էր, որ մտավ Ազգային ժողով` Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով: Եվ ոչ միայն. հետո` Մյասնիկ Մալխասյանի, հետո` Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ), հետո` Սասուն Միքայելյանի, հետո` Խաչատուր Սուքիասյանի: Ինչու՞: Միայն մի պատճառով` իր նման պատրաստ չէին «դուռը պաչել» և ծառայել հանցագործ իշխանություններին:

Հենց այս Աղվան Հովսեփյանի վարժեցրած դատախազիկներն էին դատարաններում մոլեռանդորեն պայքարում, որ հարյուրավոր քաղբանտարկյալների հնարավորինս երկար պահեն բանտախցերում, իսկ Մարտի 1-ին սպանված տասը ՀՀ քաղաքացիների դահիճները մնան «չբացահայտված»: Հենց այս Աղվան Հովսեփյանի դատախազիկն է այսօր լկտի անամոթությամբ շարունակում «դոշ տալ», որ ծախու ոստիկանների կեղծ ցուցմունքներով վեց տարի ազատազրկված մնա քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, իսկ այդ նույն ժամանակահատվածում ազատ են արձակվում ոչ անհայտ Լիսկայի մարդասպան որդին և թիկնապահը: Եթե նույնիսկ դատարանն ապացուցեր, որ Տիգրանը գլխով հարվածել է ոստիկանի քթին, այդ դատախազիկի վեց տարվա ազատազրկման պահանջը մտապահեք և վերադարձեք ու նորից կարդացեք, թե քանի մարդասպան է պայմանական ազատազրկման «դատապարտվել» (և դեռ քանիսի մասին չհիշատակվեց` ընթերցողի գերլարված ջղերը խնայելու պատճառով) Աղվան Հովսեփյանի թեթև ձեռքով, և քանի սպանություն է որպես ինքնասպանություն ներկայացվել` կրկին այս նույն Աղվան Հովսեփյանի ջանքերով:

Հիմա դուք ասեք` Սերժիկ Սարգսյանն ինչպե՞ս կարող է հրաժարվել Աղվան Հովսեփյանի նման «պարգևից»:

Միասին եկել են, միասին էլ գնալու են: Հուսանք` նույն բանտախցում են վայելելու իրենց ջերմ և անխախտ բարեկամությունը:

WWW.ilur.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

smerch
Sep 25, 2013 9:16