ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 28, 2013 2:27 - 2 քննարկում

«Նաիրիտի» գործը փակվեց. 180 մլն դոլարի մասին այլևս չխոսել

«Հետքը» այս տարվա սկզբից սկսել էր հրապարակել հոդվածների շարք, որով ակնհայտ էր դառնում, որ օֆշորային ընկերությունների միջոցով փոշիացվել էին «Նաիրիտ գործարանի» համար վերցված 180 մլն դոլարի վարկային միջոցները:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Դատախազությունը մեր հրապարակումների վրա սկսել էր ուսումնասիրությունը, և նախապատրաստված նյութերն այնուհետև ուղարկել ոստիկանություն` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն): Ամիսների շարունակ գործը ձգձգելուց հետո ոստիկանության 6-րդ վարչությունը այն փոխանցեց Քննչական գլխավոր վարչություն:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե ինչ փուլում է գտնվում «Նաիրիտի» գործը, ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով»: Այս հոդվածը նշանակում է, որ հանցակազմ չկա:

Այսպիսով` ոստիկանությունը, ի դեմս Վլադիմիր Գասպարյանի, դարձավ «Նաիրիտի» ապօրինությունների կոծկման վերջին օղակը: Մինչդեռ այս գործում ակնհայտ էին փողերի լվացման, փոշիացման և յուրացման փաստերը:

Վարկային միջոցների անմիջական պատասխանատուն, «Նաիրիտ գործարանի» այս գործարքների քաջատեղյակ և անմիջական մասնակիցը` էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է պաշտոնավարել: Այժմ նա խիստ զբաղված է Ղարաբաղում երկու հանքարդյունաբերական ծրագրեր իրականացնելով: Շարունակում է պաշտոնավարել նաև մյուս գործող անձը` «Նաիրիտի» նախկին տնօրեն, Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը:

Վերջում խմբագրությանը մնում է միայն մեկ հարց ուղղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` որտեղ են շուրջ 180 մլն դոլար վարկային միջոցները:

Հետք



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Levon Poghosyan
Aug 28, 2013 7:06