ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 28, 2013 1:07 - 1 քննարկում

Սիրիական քաղաքացիական պատերազմը կարող է առաջիկա ժամերին վերածվել ռեգիոնալ մեծ պատերազմի

Konstantin Ter-Nakalyan (Antiliberast)
Սիրիական մսաղացը, որն արդեն խլել է ավելի քան 100 հազար մարդու կյանք և անդադար շարունակվում է արդեն երկու տարուց ավել, սպառնում է վերածվել առնվազն ռեգիոնալ մասշտաբի հսկայական մսաղացի: Այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվանձաններում քիմիական զենքի կիրառության զոհ դարձան, այսպես կոչված միջազգային հանրությունը միանգամից ձեռնամուխ եղավ այդ միջադեպը Casus belli-ի՝ պատերազմի պատրվակի վերածելուն, թեև դժվար թե մոլորակի վրա գտնվի ողջամիտ մի մարդ, ով իրազեկ է այս կոնֆլիկտից, որ կկասկածի անգամ, որ քիմիական զենքը կիրառել են հենց «ապստամբները»՝ իրենց արևմտյան հովանավորների անմիջական կարգադրությամբ: Եվ այժմ, երբ կոնֆլիկտը ժամ առ ժամ էսկալացվում է, իսկ ամերիկյան ու բրիտանական ռազմական էսկադրան սկսել է դիրքավորվել Սիրիայի ափերի մոտ, եկեք հասկանանք, թե ինչից այս ամենը սկսվեց, ինչպես զարգացավ ու ինչի առաջ ենք կանգնած այժմ:

Հակիրճ նախապատմություն

Սիրիան պատմականորեն եղել է բազմազգ ու բազմակոնֆեսիոնալ պետություն, որը կարող է կայուն լինել միայն հզոր պետական ապպարատի ներքո: Ասսադների գերդաստանը՝ ի դեմս Բաշար Ասսադի հոր՝ Հաֆեզ Ասսադի, իշխանության եկավ դեռ սառը պատերազմի տարիներին՝ մի շարք հաջող ու անհաջող ռազմական հեղաշրջումների արդյունքում: Սա իրականում երկրի հեռանկարի վրա երկակաի ազդեցություն ունեցավ, որովհետև մի կողմից Հաֆեզը Սիրիան կիսագաղութային պետությունից վերածեց կայուն զարգացող պետության, բայց մյուս կողմից էլ, երկրում իշպանություններն անցան կրոնական փոքրամասնություն կազմող ալավիների ձեռքը, ովքեր ի դեպ Կիկլիկայի հայերի սերունդներն են: Հաշվի առնելով, որ Սիրիայի բնակչության մեծամասնությունը իսլամի սուննի ճյուղի հետևորդներ են, իսկ ալավիները հերիք չէ շիա ճյուղին են ավելի մոտ, դեռ մի բան էլ ալավիզմը բարդ է կրոնական ճյուղ համարել և իսլամական աշխարհում այդ հոսանքն ընկալվում է մեծամասամբ որպես աղանդ:

Ինչևիցէ, անգամ Հաֆեզի օրոք, սուննիները փորձեցին ապստամբել, բայց Հաֆեզը խեղդեց այդ ապստամբությունը արյան մեջ՝ հողին հավասարեցնելով Հոմս քաղաքը: Տարիներ շարունակ, Սիրիայում կայուն աճ ու խաղաղություն էր տիրում, մինչև չէկավ Արաբական գարունների ժամանակաշրջանը:

Քաղաքացիական պատերազմի սկզիբը

Ի տարբերություն արաբական այլ երկրների, որտեղ արաբական գարունը հաղթանակեց, Սիրիան ուներ մի շարք առանձնահատկությունները, որոնց պատճառով հետագա քաոսի ու իսլամիստաան բռնապետության բերող հեղափոխության փոխարեն, սկսվեց սկսվեց 21-րդ դարի ամենաարյունահեղ ներքին կոնֆլիկտը: Սկզբում ամեն ինչ գնում էր ստանդարտ սցենարով. բողոքի ցույցեր (էլի Հոմս ու Համա քաղաքներում), սկզբում հարաբերականորեն անարյուն բախումներ իրավապահների հետ, արևմտյան ուժերի սուր քննադատություն և այլն, իսկ հետո սկսվեցին արդեն զինված բախումները:

Քանի որ Լիբիայի օրինակն աչքներիս առաջ էր, դժվար չէր հասկանալ, որ ամեն ինչ մի քիչ այլ է, քան դա մատուցվում էր համաշխարհային մեդիա գիգանտների կողմից: Բացի դրանից, մի քիչ դժվար էր հավատալ իշխանությունների արյունալի ու մարդակեր իմիջին, պայմաններում, երբ ամեն բախումից հետո հաղորդվում էր, որ զոհերի կեսը հենց իրավապահներ են՝ հրազենային վնասվածքներով: Պարզապես Սիրիայում իշխանություններն ավելի կուռ գտռնվեցին և ավելի քիչ վարկաբեկված, քան ասենք Եգիպտոսում և տեղի չտվեցին: Մյուս սպեցիֆիկ առանձնաահատկությունը նա էր, որ իշխանություններին սատարող հասարակության շերտի զգալի մասի համար սա ի սկզբանե կենաց-մահու հարց էր, որովհետև ալավիները քաջ գիտեին, որ եթե հաղթեն իսլամիստները, իրենց սևը կտան:

Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքի մասին, որ ի տարբերություն Լիբիայի օրինակի, Սիրիային Ռուսաստանն ու Չիանաստանը միանգամից չհանձնեցին, իսկ բացի ներքին ռեսուրսներին, Սիրիային լուրջ նյութատեխնիկական ու ռազմական օգնություն էր տրամադրում ու շարունակում է տրամադրել Սիրիայի դաշնակից Իրանը: Բացի դրանից, չի կարելի նաև դրժել Քադաֆիի գործոնը, ով նախատեսվածից ավելի երկար դիմադրելով, ժամանակ շահեց Ասսադի համար: Այս ամենը բերեց նրան, որ նախնական պլանով որպես արագ նախագծված հեղափոխությունը վերածվեց լայնամսշտաբ ու դաժանագույն ներքին պատերազմի:

Քաղաքացիական պատերազմի ընթացքը

Եթե քաղաքացիական պատերազմի սկզբում ընդդիմությունում բազմաթիվ սիրիացի սուննիներ կային, որոնք իրոք հավատում էին իրենց պայքարին ու ժողովրդավարությանը, ապա այսօրվա դրությամբ «ապստամբների» զգալի մասը կազմում են միջազգային ծայրահեղական իսլամիստական խմբավորումներ, որոնք հաճախ անգամ արաբներից էլ չեն բաղկացած: Ընդդիմության շարքերում են այսօր գրեթե բոլոր ահաբեկչական կազմակերպությունների մարտական թևերը՝ Ալ Քաեդայց սկսած, Հեզբութ Թահրիրից վերջացրած: Չխորանամ մանրամասների մեջ, բայց կարելի է ասել, որ այսօր արդեն գործ ունենք ոչ թե իրական քաղաքացիական պատերազմի հետ, այլ վարձկանների ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչների զավթիչ բանակի հետ, որին հակադրվել է Սիրիայի բանակը (որում ի դեպ մեծամասնություն են սուննիները), Իրանի հատուկ նշանակության զորքերը և Հզբոլլա շիական ահաբեկչական որակվող շարժումը:

Նշեմ նաև, որ եթե պատերազմի սկզբի փուլում քրդերն ու քրիստոնյաները հնարավորինս փորձում էին չներքաշվել, ապա այսօր արդեն նրանք ակտիվորեն զբաղված են ինքնապաշտպանությամբ և հաճախ օգնում են իշխանական զորքերին, որովհետև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ իսլամիստները սպանդի են ենթարկել այս փոքրամասնության ներկայացուցիչներին:

Նշեմ նաև, որ կոնֆլիկտի այս էսկալացիան ըստ իս մեծապես պայամանվորված է նրանով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ասսադի ուժերը և նրա դաշնակիցները մի շարք ջախջախիչ պարտությունների մատնեցին ընդդումությանը և եթե այսպես շարունակվեր, ապա նշմարվում էր քաղաքացիական պատերազմի ավարտը՝ Ասսադի տոտալ հաղթանակով, ինչը անթույլատրելի էր այս արյունահեղության կազմակերպիչների համար:

Միջազգային հարթակում

Կոնֆլիկտի ողջ ընթացքում Արևմուտքը բազմիցս փորձեց ՄԱԿ-ի միջոցով գործարկել Լիբիական սցենարը, երբ անվտանգության խորհրդի որոշմամբ «թռիչքների համար արգելված գոտի» էր սահմանվում երկրում, ինչը սակայն վեր էր ածվում լայնամասշտաբ օդա-հրթիռային պատերազմի: Լիբիայի դառը փորձից դասեր քաղած Չինաստանն ու Ռուսաստանը հետևություններ արեցին: ԱԽ մշտական այս երկու անդամները բազմիցս օգտվեցին վետոյի իրավունքից և Արևմուտքը հայտնվել էր դժվար իրավիճակում, երբ պետք է հերթական անգամ առհամարհեր ՄԱԿ-ը և առանց դրա սանկցիայի ներքաշվեր պատերազմի մեջ: Բացի դրանից, մինչ օրս էլ պարզ չի նման պատերազմի հետագա զարգացումը, որովհետև հայտնի չէ, թե Իրանը կհամարձակվի՞ ներքաշվել պատերազմի մեջ, որովհետև մի կողմից դա մահացու վտանգ է հենց Իրանի համար, իսկ մյուս կողմից, Սիրիայի հետ համապատասխան պայմանագրից զատ, Իրանը քաջ գիտակցում է, որ Սիրիայի անկման դեպքում հերթը հենց Իրանինն է լինելու…

Սա էականորեն հետաձգեց կոնֆլիկտի ուժային հանգուցալուծումը, բայց վերջին սադրանքը, որի մասին խոսեցի հենց սկզբում կարծես թե տվեց պատերազմ սկսելու պատրվակ և այսօր արդեն մի իրավիճակում ենք, երբ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի շուրթերով հայտարարում է, որ «այս դեպքում ՄԱԿ-ի թույլատվությունն էլ պետք չէ» և կենտրոնացնում է տարածաշրջանում գտնվող ուժերը՝ վճռական հարված հասցնելու համար:

Խոսուն է նաև Ռուսաստանի վարքը, որը խիստ հիշեցնում է 1999 թվականի դավաճանությունը՝ սերբերի նկատմամբ: Լավրովը իր մամլո ասուլիսում դե ֆակտո հասկացրեց, որ Ռուսաստանը ոչ մի ծայրահեղ միջոցների չի դիմի կոնֆլիկտի դեպքում և անձամբ ես շատ քիչ պատճառներ եմ տեսնում, որպեսզի ՌԴ նման քայլը որակեմ որպես բլեֆ: Ավելին, Ռուսաստանը արդեն էվակուացրել է Տարտուս նավահանգստում տեղակայված իր ռազմական կայանի անձնակազմին և հիմա ողջ աշխարհը արդեն տալիս է ոչ թե այն հարցը «Կխփե՞ն, թե՞ չէ», այլ «Ե՞րբ կխփեն, ինչքա՞ն ու ի՞նչ դուրս կգա դրանից»:

«Ե՞րբ կխփեն, ինչքա՞ն ու ի՞նչ դուրս կգա դրանից»

Ամեն ինչ խոսում է այն բանի մասին, որ եթե ոչ մի կարդինալ փոփոխություն չլինի միջազգային հարթակում ու կուլուարային բանակցություններում, ապա կխփեն ու կխփեն շատ մոտ հեռանկարում (չեմ զարմանա, եթե պարզվի, որ արդեն խփում են):

Խփելուց՝ կխփեն հիմնավոր՝ փորձելով հնարավորինս արագ ու հնաարվորինս արդյունավետ ոչնչացնել ռազմական ու պետական ինֆրաստրուկտուրան, ոչնչացնել առանցքային դեմքերին: Դրա համար Արևմտյան երկրներն ու իրենց դաշնակիցները ունեն թե բավարար ուժեր, թե միջոցներ: Հարցը նրանում է, թե ինչ կորուստներ կկրեն իրենք՝ սիրիական բանակից (գուցե նաև Իարնից), ի՞նչքան թույլ կտան որ կոնֆլիկտը խորանա և վերջապես՝ կլինի՞ նաև ցամաքային զորքերի ներգրավում, թե՞ կբավարարվեն միայն օդուժի հարվածներով:

Անգամ եթե նման օպերացիան արագ հասնի դրված նպատակներին, դա միայն կնշանակի, որ քաղաքացիական պատերազմը էլ ավելի կսաստկանա, որովհետև առանց ինչ որ համակարգի ու առաջնրոդների, կսկսվի տոտալ քաղաքացիական պատերազմ, որտեղ բոլորը կլինեն բոլորի դեմ, իսկ ինչպես նշեցի, հատկապես ալավիների համար սա ուղակի լինել-չլինելու հարց է և Սիրիան կտրոհվի պերմանենտ արյունահեղության մեջ գտնվող մի քանի մասերի: Վերերկրային մասշտաբներով հետևանքների մասին մտածելն անգամ սարսափելի է, որովհետև եթե Իրանը ներգրավվի, ապա կարող է սկսվել շղթայական ռեակցիա՝ ընդհուպ մինչև 3-րդ աշխարհամարտ, բայց մի բան փաստ է՝ եթե ԱՄՆ-ը այնուամենայնիվ ետ չկանգնեց, Սիրիային ոչ մի լավ բան չի սպասվում և ոչ մի սցենարով:
Konstantin Ter-Nakalyan (Antiliberast)



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Hakob M.
Sep 2, 2013 19:25