ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, August 24, 2013 14:15 - չքննարկված
Մի համեմատություն :Թաներ Աքչամ
1919-21 թթ. երիտթուրքերի դատավարությունները և Էրգենեքոն-Բալյոզ դատական գործերը երկու մեծ օրինակներ են, որ կարելի է տալ` օսմանյան-թուրքական հասարակության` սեփական անցյալի հետ առերեսվելու առումով:
Առաջինում հաշվեհարդար տեսան պատերազմի տարիներին գործված հանցանքների և, հատկապես, հայերի կոտորածների հեղինակների հետ, իսկ մյուսում` զինվորական հեղաշրջումների և վերջիններիս կապակցությամբ օրակարգ բարձրացված մի շարք ոճրագործությունների:
Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1919-21 թթ. իթթիհադականների դեմ հարուցված դատական գործերի թիվը շուրջ 63-ն է: Սույն դատական գործընթացներում ընդհանուր հաշվով դատվեցին մոտ 200 հոգի: Դատավարությունների մեծ մասը կա’մ ավարտվեց ամբաստանյալների արդարացմամբ, կա’մ էլ անավարտ մնաց: Միայն 13 դատական գործերում մասնակի արդյունք ձեռք բերվեց, և 3 հոգի մահապատժի ենթարկվեցին:
Առերեսման այս երկու դեպքին ավելի մոտիկից նայելն ուսանելի կլինի:
Առերեսման սույն երկու իրադարձություններն էլ որոշ չափով դրսի կոնյուկտուրայի արդյունք են: Առաջինում որոշիչ դեր է կատարել Փարիզի հաշտության բանակցություններից դրական արդյունք ստանալու ցանկությունը, իսկ երկրորդում` այն բանի գիտակցումը, որ զինվորական ժառանգության ռեժիմով, որի սահմանները գծվել են սառը պատերազմի կողմից, հնարավոր չէ լավ տեղ ապահովել գլոբալ աշխարհում…
1919 թ. երիտթուրքերը կորցրել էին իրենց իշխանությունը, և նրանց փոխարինել էր Ազատություն և համաձայնություն կուսակցության անդամներից բաղկացած մի խումբ: Իսկ մեր օրերում երիտթուրքերի շարունակությունը հանդիսացող զինվորական ժառանգության ռեժիմի պաշտպան կուսակցություններն էին ընտրություններում պարտվել, և նրանց փոխարեն իշխանության էր եկել իսլամական մարմնի ներկայացուցիչ Արդարություն և զարգացում կուսակցութունը:
Այս երկու դեպքում էլ հասարակության մեջ առկա էր անցյալում կատարվածներից համընդհանուր դժգոհություն, բայց, մամուլն էլ ներառյալ, քաղաքացիական և քաղաքական կազմավորումներում իթթիհադականությունը, որպես ավանդույթ, լրջորեն շարունակում էր պահպանել իր գոյությունը:
Նկատելի է, որ այս երկու ժամանակաշրջաններում էլ իթթիհադականությունը լրջորեն դիմակայում է: Առերեսման դեմ կատարվող առարկությունները երկու դարաշրջաններում էլ նույնն են: Դրանց մեջ գլխավոր է «արտաքին ուժերին դիմադրելու» գաղափարը: 1919-ին հիմնական թեզն էր այն միտքը, թե «երկիրը գրավման տակ է գտնվում, և դատական գործերն իմպերիալիստների խաղն են»: Ուշագրավ է, որ Էրգենեքոնի դատական գործի շրջանակներում ևս Վելի Քյուչյուքն ու ազգայնականները նույն թեզերն են օգտագործել:
Երկրորդ առարկությունը վերաբերում է իրավունքին. երկու ժամանակաշրջաններում էլ պնդվում էր, թե դատավարություններն անօրինական են և հետամուտ են վրեժխնդիր լինելուն: Առաջին դեպքում առաջ է քաշվել այն տեսակետը, թե Ազատություն և համաձայնություն կուսակցությունն է ցանկացել վրեժ լուծել երիտթուրքերից: Ինչ վերաբերում է Էրգենեքոնի-Բալյոզի դատավարություններին, եթե կուզեք` չընդգրկվեմ սույն դատական գործերի առնչությամբ եղած խորը իրավաբանական բանավեճերի մեջ… Նույնիսկ որոշ ձախակողմյան շրջանակներ ևս իրենց առարկությունը հայտնեցի Էրգենեքոնի դատավարությունների վերաբերյալ` ասելով, թե Արդարություն և զարգացում կուսակցությունը տառապում է «վրեժխնդիր լինելու կատաղի մոլուցքով»: Առաջինի դեպքում տեղյակ ենք, որ առարկողները երիտթուրքեր են եղել, իսկ երկրորդի դեպքում դրանց դասակարգելու և բնորոշելու գործը թողնում եմ ընթերցողներին:
Իրականում երկու դեպքում էլ բավարար չափով չեն խորացել առերեսման հարցում: 1919 թ. մեկ ու կես միլիոնի հասնող մարդկանց բնաջնջման կապակցությամբ բավարարվեցին ընդամենը 200 հոգու դատելով, որոնց մեծ մասն էլ արդարացվեց: Մի անգլիացի դիտորդ զեկույց է գրել` նշելով, թե «ինչ տարօրինակ է, որ մեծ մասամբ մահապատժի են դատապարտվում փախուստի մեջ գտնվողները»: Բավարարվեցին միայն 3 ոչ բարձրաստիճան պաշտոնյաների մահապատժի ենթարկելով: Դատական գործերից, դրանից բացի, ոչ մի լուրջ արդյունք չեղավ:
Նույնն է նաև Էրգենեքոն-Բալյոզ դատական գործերում. հայացքները զուր տեղը որոնեցին Չիլլերին, Դեմիրելին, Էվրենին և Աղարին: Պետությունը երկու դեպքում էլ հոգ տարավ, որ սահմանը գծվի իրեն հնարավորինս քիչ վնաս հասցնելու կետում: Սակայն երկու ժամանակաշրջաններում էլ անգամ այդքանը շատ համարվեց հասարակության կողմից:
Եթե 1928 թ. «Տառերի հեղաշրջում» կոչեցյալ (նկատի ունի այն օրենքը, ըստ որի` թուրքերեն գիրն արաբատառից վերածվեց լատինատառի-Ակունքի խմբ.) մեծ հանցագործությունը չկատարվեր, մենք հնար կունենայինք ընթերցելու 1918-21 թթ. մամուլում հրապարակված լուրերը և բանավեճերը: Եվ բերաններս բաց` կըմբռնեինք, թե որքան են իրար նման այն և այս դարաշրջաններում իթթիհադականների կողմից առաջ քաշված փաստարկները:
Այնուամենայնիվ, այս երկու դատական գործերի կայացումն ավելի լավ է, քան եթե ընդհանրապես այդ դատավարությունները տեղի չունենային: 1919 թ. դատական արձանագրություններն առնվազն տեղ գրավեցին Հայոց ցեղասպանության փաստի ամենաէական ապացույցների շարքում:
Ինչ վերաբերում է Էրգենեքոնի դատավարության արձանագրություններին, դրանք ևս հսկայական պատմական փաստաթղթեր են` գալիք սերունդների համար: Հիմա դրանք ոչ ոք չի ընթերցել, տա Աստված` պատմաբաններն ընթերցեն:
tanerakcam@gmail.com
http://www.taraf.com.tr/taner-akcam/makale-bir-kiyaslama.htm
Թարգմանությունը` Մելինե Անումյանի