ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, August 20, 2013 8:09 - 3 քննարկում
Քի Վեսթ` չիրացված հնարավորություն
Մինչեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի անձնական անմիջական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, որը սկսվեց 2001 թվականից եւ ավարտվեց 2002թ. Քի Վեսթում Քոչարյան-Հեյդար Ալիեւ մեկշաբաթյա գագաթաժողովով, Ղարաբաղյան կարգավորման հարցում տեղի ունեցավ աննախադեպ շեղում` միջնորդության եւ բովանդակային առումներով:
Պրիմակովի՝ ընդհանուր պետության գաղափարի իրականացման տապալումից հետո, համենայնդեպս, շարունակվում էին Քոչարյան-Ալիեւ երկկողմ հանդիպումները: Նրանք 2000-2001 թվականների ընթացքում երկկողմ մի քանի հանդիպում ունեցան Ժնեւում: Այդ հանդիպումների ընթացքում, մեր մեկնաբանությամբ՝ հաշվի առնելով Ալիեւի տարիքը, իշխանությունը որդուն ժառանգություն թողնելու ցանկությունը եւ օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ նրա մոտ ակնհայտ նկատվում էր միտում ԼՂ հարցին տալու մի այնպիսի լուծում, որը կլիներ վերջնական, ամբողջական, կողմերի կարիքները բավարարող եւ ապագայում առաջացող հնարավոր բարդություններից զերծ: Այլ կերպ ասած՝ հայր Ալիեւի մոտ լուրջ ցանկություն կար որդուն ձերբազատելու այս խնդրից եւ հանձնելու նրան մի երկիր, որը զերծ կլիներ հնարավոր պատերազմի վտանգից: Նման ամբողջական լուծում Ալիեւը տեսնում էր Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին զիջելու դիմաց՝ Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ անխափան կապ ստեղծելու միջոցով:
Ալիեւի այս տրամադրությունները ինչ-որ ձեւով հասանելի էին դարձել ամերիկյան միջնորդներին, եւ ահավասիկ հայց ստացանք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թալբոտը 1999թ. հոկտեմբեր 27-ին ժամանելու է Երեւան՝ հանդիպելու նախագահին եւ քննարկելու ԼՂ հարցի կարգավորման մի նոր առաջարկություն: Միջնորդական առումով սա շեղում էր Մինսկի խմբի բանակցային գործընթացից, որովհետեւ նախաձեռնությունը միայն ամերիկացիներինն էր, իսկ բովանդակային առումով այն էապես տարբերվում էր մինչ այդ միջնորդների կողմից արված բոլոր առաջարկություններից:
Այդ հանդիպմանը մասնակցելու համար Քոչարյանը կանչել էր նաեւ ինձ եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին: Թալբոտի երկհոգանոց պատվիրակությանը միացել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը: Հանդիպումը սկսվեց առավոտ 10-ին եւ կեսօրվա ընդմիջումից հետո դեռ շարունակվում էր: Երեկոյան մոտ՝ 4:15-ի կողմերը, Վազգեն Սարգսյանը հիշեցրեց. «Պարո՛ն նախագահ, ես եւ Վարդանը շուտով պետք է գնանք Ազգային ժողով` կառավարության հետ հարցուպատասխանին»: Բավական բարդ եւ դժվարին մեր քննարկումները դեռ հեռու էին ավարտվելուց, երբ Քոչարյանը, ամփոփելով օրվա քննարկումները, ի գիտություն ընդունեց առաջարկությունները՝ հույս հատնելով, որ թերեւս առիթ կունենանք հարցը շարունակելու քննարկել եւ եզրահանգման հասնել:
Այդ պահին դեսպան Լեմոնը մի կտոր թղթի վրա գրություն տվեց ինձ, որտեղ ասվում էր, որ Թալբոթը կուզենա ինձ հետ մի քանի այլ հարցերի մասին խոսել, եւ առաջարկում էր, որ ես իր մեքենայով նրան ուղեկցեմ օդանավակայան, որտեղից նա հատուկ չվերթով պետք է մեկներ Անկարա: Մի պահ մենք բոլորս ոտքի կանգնեցինք, ես պատրաստվում էի Վազգենից հարցուպատասխանին չմասնակցելու թույլտվություն հարցնել, երբ լսեցի՝ Քոչարյանը Վազգենին առաջարկեց՝ միգուցե ընդհանրապես չգնալ Ազգային ժողով եւ մնալ ու երեքով քննարկել նոր առաջարկությունը: Վազգենը պնդեց, որ անպայման պետք է ներկա լինի նիստին, եւ այդպիսով մենք բաժանվեցինք: Վազգենի թույլտվությամբ ես ուղեկցեցի ամերիկացիներին, իսկ նա մեկնեց Ազգային ժողով, որտեղ եւ տեղի ունեցավ հոկտեմբեր 27-ի ողբերգությունը:
Հոկտեմբեր 27-ի ոճիրը կտրուկ փոխեց իրավիճակը բանակցային գործընթացում եւ խառնեց միջնորդների քարտերը: Ամերիկացիները հույս ունեին, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի նախնական համաձայնություն ունենալուց հետո, դեկտեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում նրանց առաջարկությունը կամ դրա մի տարբերակը կարող էր արդեն դառնալ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված առաջարկություն, որը եւ սկիզբ կդներ բանակցային նոր փուլի, որի նպատակը պետք է լիներ ԼՂ հարցին տալ համապարփակ եւ ամբողջական լուծում:
Լիսաբոնի փորձը թարմ լինելով իմ մտքում՝ չէի կարող պատահականության թողել Ստամբուլի գագաթաժողովի հնարավոր զարգացումները: Նախ՝ չգիտեինք՝ ինչպիսին է ադրբեջանցիների վերաբերմունքը առաջարկության նկատմամբ: Երկրորդ՝ նրանք անպայման կմտածեն, որ խորհրդարանի դեպքերը խոցելի են դարձրել մեզ եւ՛ ներքին, եւ՛ արտաքին առումներով, եւ անպայման կփորձեն շահարկել այդ թվացյալ իրավիճակը՝ հույս ունենալով կրկնել այն, ինչ նրանց հաջողվեց անել Լիսաբոնում:
Նման իրավիճակը կանխելու նպատակով ես նախաձեռնեցի իմ տասը տարվա նախարարության շրջանի թերեւս ամենաինտենսիվ ուղեւորությունը: Քսանչորս ժամվա ընթացքում եղա հինգ տարբեր երկրներում: Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ Ստամբուլի գագաթաժողովը սկսվելուց տասն օր առաջ, ես թռա Ֆրանկֆուրտ, որտեղից անմիջապես մեկնեցի Օսլո: Նորվեգիան այդ տարի նախագահում էր ԵԱՀԿ-ն, եւ ժամանակ շահելու համար խնդրել էի Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Վոլոբեկին հանդիպել հենց օդանավակայանում: Նրա հետ միասին նախաճաշ-հանդիպումից հետո ուղեւորվեցի Փարիզ, որտեղից էլ՝ Վաշինգտոն: Օդանավակայանից անմիջապես մեկնեցի պետքարտուղարություն, որտեղ հանդիպեցի Ստրոբ Թալբոտի հետ: Երկու այլ հանդիպումներից հետո՝ Համաշխարհային բանկում եւ Արժույթի միջազգային հիմնադրամում, նորից ուղեւորվեցի օդանավակայան` վերադառնալու Փարիզ, որտեղից նույն օրը վերադարձա Երեւան: Իմ առաքելության նպատակն էր պարզել ստեղծված խառնաշփոթ իրավիճակը, հստակեցնել մեր դիրքորոշումը գործընթացի եւ ԱՄՆ-ի կողմից արված առաջարկությանը, ինչպես նաեւ հայտնել գագաթաժողովից մեր ակնկալիքների մասին՝ վստահ լինելով, որ չի կատարվի այն, ինչ կատարվել էր Լիսաբոնում:
Ստամբուլի գագաթաժողովը առանց անակնկալների ավարտելուց հետո մեզ համար գերխնդիր էր դարձել Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու պատրաստակամությանը կարողանալ ինչ-որ ձեւով փաստաթղթային ձեւակերպում եւ ամրագրում տալ: Դրա իրականացման բանալին մենք տեսանք Ֆրանսիայի նախագահ Շիրակի միջնորդական առաքելության մեջ: Շիրակը գաղափարապես պատրաստ էր նման միջնորդությանը՝ հաշվի առնելով բեյրության իմ առաջին հանդիպումը եւ ավելի ուշ՝ ամերիկացիների փոխանցած տեղեկությունները Թալբոտի առաքելության եւ նրա առաջարկության բովանդակության մասին:
Շիրակը իր առաջին միջնորդությունն արեց 2001թ. ապրիլին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրելով Փարիզ՝ երկկողմ եւ եռակողմ հանդիպումների: Դրանից հետո Շիրակի միջնորդությամբ եւ անմիջական մասնակցությամբ տեղի ունեցան չորս այլ հանդիպումներ:
Այս միջնորդական առաքելության գլխավոր գաղափարական հենքը կառուցված էր հարցին ամբողջական լուծում տալու մոտեցման վրա՝ սկզբունք ընդունելով ԼՂ-ն Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան կայուն եւ անխափան միջանցքի տրամադրումը: Որոշ ժամանակ անց արդեն այս տարրերը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները եւ փախստականներին վերաբերող հարցերը սկսեցին ճանաչվել որպես «Փարիզյան սկզբունքներ»:
Այս բոլոր հանդիպումների ընթացքում մեր եւ միջնորդների ընդհանուր տպավորությունն այն էր, որ այս սկզբունքները մեծ հաշվով ընդունվում են Ալիեւի կողմից, որ նա պատրաստ է այդ ուղղությամբ առաջ շարժվել: Այդ տպավորությունների թելադրանքն էր, որ համանախագահող երկրները՝ հիմնականում Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ, որոշեցին արդեն Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ կղզում մեկշաբաթյա հավաք կազմակերպել՝ նպատակ ունենալով արդեն մինչ այդ կուտակված համաձայնությունները ամփոփել եւ ի մի բերել մի փաստաթղթում, որը եւ հարցի կարգավորման նախագիծը կդառնար:
Փարիզյան վերջին հանդիպումից հետո, երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն հանդիպում խնդրեց Քոչարյանից, որտեղ եւ պաշտոնապես հայտնեց քիվեսթյան հանդիպման մասին: Հակառակ հանդիպումների մասին մեր արտաքուստ դրական տպավորություններին՝ համենայնդեպս Քոչարյանը մեծ տարակուսանքով ընդունեց Քավանոյի լավատեսությունը, որ Ալիեւը պատրաստ կլինի այս բոլորը դնել թղթի վրա, ուր մնաց՝ հետո էլ ստորագրի: Քոչարյանը ուղիղ հարցրեց Քավանոյին, որ, հաշվի առնելով հանդիպման վայրի հեռավորությունը, եւ այն, որ առնվազն մի շաբաթով կտրվելու է իր աշխատանքից, ինչքանով է նա վստահ, որ այս բոլորը ապարդյուն չի լինելու: Քավանոն բավական մեծ վստահությամբ պնդեց, որ նման հանդիպումը հանգեցնելու է դրական արդյունքների:
Քավանոն նման լավատեսություն էր սերմանել նաեւ ԱՄՆ ամենաբարձր ղեկավարության մոտ: Արդեն նախատեսվում էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի մասնակցությունը բանակցությունների մեկնարկին, իսկ բանակցությունների ավարտին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունելությունը նախագահ Բուշի մոտ՝ Սպիտակ տանը: Իհարկե, երբ բանակցությունները տապալվեցին, Քավանոյի այս անհիմն լավատեսությունը բավական թանկ արժեցավ նրա դիվանագիտական կարիերայի վրա, եւ նա մեկուսացվեց դիվանագիտական ակտիվ աշխատանքից՝ «աքսորվելով» կրթական մի հաստատություն:
2001թ., ապրիլի 2–ին Քոչարյանը, ես եւ պատվիրակության մյուս անդամները Փարիզով ուղեւորվեցինք ամերիկյան Մայամի: Այնտեղ՝ օդանավակայանում, մեզ սպասում էր ամերիկահայ գործարար Ջերի Գաֆեսճյանի տրամադրած փոքր ինքնաթիռը, որը եւ մեզ տեղափոխեց Քի Վեսթյան կղզիներ:
Քի Վեսթում ամեն ինչ չքնաղ էր՝ տաք եղանակ, պայծառ արեւ, գեղեցիկ բնություն եւ հանդարտ օվկիանոս: Ամերիկայի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, ասում էին բոլորը, Էռնեստ Հեմինգուեյի սիրած վայրը, որտեղ նա ապրել եւ ստեղծագործել էր երկար ժամանակ: Ազատ մի ժամանակ այցելեցի նրա տունը, որտեղ նա գրել էր իր հայտնի «Ծերունին եւ ծովը»:
Ինձ համար այդ ամենը մի քիչ մթագնած էր առողջական վիճակիս պատճառով: Քի Վեսթ մեկնելուց մի քանի օր առաջ պաշտոնական այցով Երեւանում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարաշվիլին: Երեկոյան, երբ Մենաղարաշվիլու հետ ճաշից վերադարձա տուն, փոքր տղաս՝ 12-ամյա Արմանը, տան դռան առաջ ճոճվում էր իր սկուտերի վրա: Պահի տակ վերցրեցի սկուտերը եւ միանգամից ուղղվեցի տան առաջ գտնվող զառիվայրը: Որոշ արագություն էի հավաքել արդեն, երբ սկուտերի առջեւի փոքր անիվը մխրճվեց փոսի մեջ, որը եւ շատ կտրուկ արգելափակելով ընթացքը՝ ինձ մեծ իներցիայով բարձրացրեց վերեւ, եւ, ինչպես հետո Արմանն էր ծիծաղը հազիվ զսպելով պատմում, օդում թռցնելով՝ տապալեց գետնին: Ընկնելիս բնազդաբար առաջ դրեցի ձեռքերս, եւ այդ հուժկու հարվածի ամբողջ ծանրությունն ընկավ ձեռքերիս վրա: Պարզվեց, որ երկու ձեռքերիս երկու դաստակներն էլ ճաքել էին. ձախը՝ շատ ավելի խոր: Իմ այս վիճակը շատ էր անհանգստացնում եւ ցավ պատճառում առնվազն հաջորդ մեկ ամիսը, հատկապես՝ սկզբնական շրջանում, եւ էապես կաշկանդում էր իմ գործողություններն ու խոչընդոտում բնականոն կյանքս: Ահավասիկ այս դեպքից ընդամենը մի քանի օր հետո ես արդեն Քի Վեսթում էի, որտեղ առավոտները երեսս սափրելիս նախագահի թիկնապահների օգնությունն էի հայցում:
Քի Վեսթի բանակցությունների բացումը հիասթափեցուցիչ էր եւ՛ մեզ, եւ՛ Մինսկի խմբի համանախագահների համար: Ալիեւը՝ ԱՄՆ պետքարտուղար Փաուելի ներկայությամբ իր ամբողջ նախագահության շրջանի թերեւս ամենախիստ, ամենաանկառուցողական, անզիջողական եւ ամենահակահայկական ելույթն ունեցավ: Ելույթի ընթացքում բոլորս ապշահար իրար էինք նայում, իսկ Քավանոն մղձավանջ էր ապրում: Փաուելը՝ առանց դիմագծի որեւէ բացահայտող արտահայտության, սառնասրտորեն լսում էր:
Թվում էր, թե այդ ելույթից հետո մենք բոլորս արդեն պետք է վերադառնանք մեր տները, բայց ադրբեջանցիները՝ իրենց յուրահատուկ սովորությամբ, բացմանը հաջորդած նախարարների մակարդակով բանակցությունների ընթացքում այնպես էին պահում իրենց, կարծես ելույթ ունեցողը իրենց նախագահը չէր: Նրանք մտան իրենց կառուցողական դերի մեջ եւ սկսեցին քննարկել արդեն սեղանի վրա դրված Փարիզյան սկզբունքները պարունակող փաստաթուղթը:
Բանակցությունները հիմնականում ընթանում էին իմ եւ Վիլայաթ Գուլիեւի միջեւ: Նախագահների ներկայությունը կղզում կարծես նպատակ ուներ նրանց ներգրավելու միայն արտգործնախարարների մակարդակով բարդություններ առաջանալու դեպքում, ուստի երկու նախագահներն էլ անսահմանափակ ազատ ժամանակ ունեին: Կղզում շատ բան չկար անելու, եթե հատուկ սեր եւ հետաքրքրություն չունես ջրային մարզաձեւի կամ ձկնորսության հետ: Քոչարյան ուներ եւ՛ մեկը, եւ՛ մյուսը, Ալիեւը՝ ոչ մեկը: Սա հետաքրքրական հակադրություն էր ստեղծել երկու նախագահների միջեւ, որը խոսակցության առարկա էր դարձել նախագահներին տրամադրված ամերիկացի թիկնապահների մեծ բանակի շրջանում՝ Ալիեւի թիկնապահների մոտ նախանձ առաջացնելով Քոչարյանի թիկնապահների նկատմամբ: Քոչարյանը ջրից դուրս չէր գալիս, իսկ Ալիեւը՝ սենյակից: Մի օր Քոչարյանը գնաց օվկիանոսի խորքերը՝ ձկնորսության, մյուս օրերին ջրային տարբեր տեսակի մարզաձեւերով էր զբաղվում, եւ ոչ ոք չգիտեր, որը կլինի այդ օրը: Երրորդ օրը ամերիկյան թիկնազորը արդեն պահանջեց, որ նախօրոք ասվի իրենց, թե հաջորդ օրը որ մարզաձեւն է լինելու: Երբ օրերից մեկը Քոչարյանն ասաց, որ հաջորդ օրը ուզում է սուզվել, նրանք արդեն ստիպված էին Մայամիից նոր ջրասուզակ թիկնապահներ բերել:
Իմ մասով բանակցությունները բավական ինտենսիվ էին ընթանում: Ամերիկացիները մեծ լրջությամբ էին վերաբերվում այս բանակցություններին եւ անհավատալի պատրաստություններ էին արել՝ նպաստելու փաստաթղթի պատրաստմանը: Մի մեծ խումբ տարբեր ոլորտների մասնագետներ էին ներգրավել Պենտագոնից եւ ամերիկյան բանակի ինժեներական կորիզից՝ զինված ժամանակակից տեխնիկայով: Սրա անհրաժեշտությունն այն էր, որ հարցի լուծումը խարսխված էր այն սկզբունքի վրա, որ ԼՂ-ն Լաչինի միջանցքով Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց՝ Ադրբեջանին պետք է տրամադրվեր ազատ եւ անխափան կապ Նախիջեւանի հետ՝ Հայաստանի միջոցով: Հնարավոր նախատեսվող լուծումներից մեկը Հայաստանի հարավում էստակադաների միջոցով այդ կապի ստեղծումն էր, որը եւ նման մասնագիտական եւ տեխնիկական հագեցվածություն էր ենթադրում: Օրինակ, հենց այնտեղ հնարավորություն էր ստեղծվել եռաչափ (3D) տարբերակով համակարգչի միջոցով դիտարկել տեղանքը:
Ակտիվ դիվանագիտական ջանքերը եւ երկու նախագահների՝ զարմանալիության աստիճանի համարձակությունը, հատկապես՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, հանգեցրին Քի Վեսթի համաձայնագրի նախագծին: Այդ փաստաթուղթը կարող էր վերջնական լուծման հանգեցնել, քանի որ բոլոր հարցերին համապարփակ կերպով էր անդրադառնում: Քի Վեսթում իր համաձայնությունը տալուց հետո՝ վերադառնալով Բաքու, նախագահ Ալիեւը հետ կանգնեց դրանից: Այսպիսով, Քի Վեսթի համաձայնագիրը եւս մերժվեց Ադրբեջանի կողմից: Դրանից հետո գործընթացը մտավ փակուղի:
Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
– See more at: http://www.mediamax.am/am/column/12454/?fb_comment_id=fbc_523497024383735_4223116_523508457715925#f2d54f424e82f8e
3 քննարկումներ
Ստեփան Աբրահամյան