ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, August 15, 2013 2:01 - 2 քննարկում

Պատմաբան Թաներ Աքչամի համաձայն՝ համակարգը ստեղծվել է հայերի ունեցվածքի ոչնչացման հիման վրա:

Թուղբա Թեքերեք

Ոչ մուսուլմանների ունեցվածքը օրակարգ է բերվում երբեմն հայտնի գործարարի կողմից հափշտակման, երբեմն էլ քաղաքային որևէ զարգացման արդյունքում: Պատմաբան Թաներ Աքչամի համաձայն՝ համակարգը ստեղծվել է այս ունեցվածքի ոչնչացման հիման վրա, այսօր Անատոլիայում (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) բազմաթիվ ունեցվածք հայերին է պատկանում:

Մայիսին «Թարաֆ» թերթում լույս տեսած «Էրդողան Դեմիրորենը մեղադրվում է սպանության մեջ» լուրը միայն մի գործարարի սպանելու և նրա ունեցվածքին տիրանալու պնդմամբ չի սահմանափակվում: Միաժամանակ կարևոր էր այն տեսանկյունից, թե այս երկրում ոչ մուսուլմանն ինչպես կարող է կյանքից ու գույքից զրկվել, իսկ արարքը` անպատիժ մնալ, որովհետև սպանվածը հույն էր: Որոշ ժամանակ առաջ էլ «Թարաֆ» և «Ակօս» թերթերում կարդացինք, թե քաղաքային զարգացման շրջանակում ոչ մուսուլմանների ունեցվածքն ինչպես է ավերվել, իսկ գնման կայքագրի հարցը՝ փակուղի մտել: Այս լուրը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հարյուր հազարավոր ոչ մուսուլմաններին այս հողերից աքսորելը, սպանելն ու ունեզրկելը 1915 թվականով սահմանափակված երևույթ չէ: Քանի դեռ այդ տներում, այդ ցավերի վրա ոմանք շարունակում են ապրել, «ոչնչացումը» շարունակվում է:

Հայկական հարցի վերաբերյալ իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամի հետ խոսեցինք այն մասին, թե 1915 թ. և դրանից հետո հայերի ունեցվածքն ինչպես էին յուրացնում: Ամերիկայի Քլարկ համալսարանի դասախոս Թաներ Աքչամի և Ումիթ Քուրթի վերջին` «Օրենքների ոգին. հետևել Ցեղասպանության հետքին «լքյալ գույքի» օրենքներում» աշխատությունն ամբողջությամբ այս խնդրին է նվիրված:

-Երբ «Թարաֆ» թերթում կարդացիք Էրդողան Դեմիրորենի մասին լուրը, ի՞նչ մտածեցիք, զարմացա՞ք:

-Շատ չզարմացա. այս սկանդալը Թուրքիայում Միություն և առաջադիմություն կուսակցության ժամանակից ցայսօր կիրառվող քաղքականության, միգուցե և հանցանքի հետ անմիջապես կապված ձև է: Սակայն այս երկրում քրիստոնյաների ունեցվածքը հափշտակելն այդքան աննորմալ չէ: Համակարգն ինքնին ստեղծված է քրիստոնյաների ունեցվածքի պաշտոնական և ոչ պաշտոնական ոչնչացման հիման վրա: Այս լուրը ցույց է տալիս, որ այդ մտածելակերպը շարունակվում է: Կարդացի և ժպտալով ասացի «Թարաֆը» նորից իր անելիքն արեց:

-1915 թ. հայերին տեղահանելիս նրանց ունեցվածքի վերաբերյալ օրենսդրական կարգավորում կատարվե՞լ է:

-Կատարվել է: Առաջին համակարգված աքսորները տեղի են ունեցել մայիսին: Իսկ թե աքսորված հայերի ունեցվածքն ինչպես են յուրացնելու, որոշվել է մայիսի 30-31-ին` Նախարարների խորհրդի որոշմամբ: Հունիսի 10-ին մանրամասն շրջաբերական է պատրաստվել: Եւ վերջապես 1915 թ. սեպտեմբերի 26-ին ընդունվել է սեպտեմբերի 13-ի թիվ 1331 ժամանակավոր օրենքը: Այս օրենքն ու օրենքի կիրառման վերաբերյալ որոշումը կազմում են ողջ թալանի իրավական ենթակառուցվածքը:

-Օրենսդրորեն ինչպե՞ս էր գործարկվում այս թալանի համակարգը:

-Նախ շրջաններում ստեղծում էին Լքյալ գույքերի հանձնաժողովներ, որոնք նպատակ ունեին հայերի անունով գրանցել նրանց ունեցած-չունեցածը: Հայերին աքսորելուց 15 օր առաջ, երբեմն նաև մեկ ամիս առաջ կատարված ողջ առևտրական գործողությունները չեղյալ էին հայտարարում:

-Ինչպիսի՞ առևտրական գործողություններ:

-Օրինակ՝ տունը հարևանին վաճառելը չեղարկվում էր՝ պատճառաբանելով, թե «գիտեր, որ աքսորվելու է, ունեցվածքը երաշխավորելու համար կեղծ վաճառք է ձևակերպել»: Այնուհետև ունեցվածքի վերաբերյալ գրանցումներն ուղարկում էին Նահանգային վարչական խորհուրդ, որտեղից էլ ուղարկում էին դատարան: Նրանք, ովքեր պնդում էին, թե հայերից են գնել, դիմում էին դատարան: Այս հարցի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը բեկանման ենթակա չէր: Ըստ օրենքի՝ առ ու ծախի գումարը հայերին էին տալու այնտեղ, որտեղ նրանք հաստատվելու էին:

-Եվ գումարը հանձնու՞մ էին:

-Ո՛չ, որևէ կերպ չէին հանձնում: Ըստ իս` ցայսօր ամենամեծ խնդիրը, որից չեն կարողանում ազատվել, սա է: Թուրքական իրավական համակարգի ամենամեծ բացն է: Ըստ առկա օրենքի՝ վաճառքից ստացված գումարը պետք է հայերին հանձնել, սակայն չեն հանձնում, յուրացնում են: 1918 թ. փետրվարին, երբ ամեն ինչ ավարտվել էր, կառավարությունը հարցի վերաբերյալ հանձնաժողով է ստեղծում, որը զեկույց է պատրաստում, համաձայն որի՝ «Թեև ասել ենք, որ ըստ օրենքի՝ այս մարդկանց պետք է վերադարձնենք իրենց ունեցվածքի գինը, այնուամենայնիվ, չեն տվել: Սա անօրինականություն է»: Ո՛չ իթթիհադականների, ո՛չ էլ հանրապետության շրջանում «հայերն իրենց ունեցվածքի իրավունքից ամբողջությամբ զրկվել են» արտահայտությունը երբեք չի կիրառվել: Որևէ տեղ չի գրվում կամ չի ասվում, որ հայերին զրկել են իրենց իրավունքից:

-Այս գործընթացում հայերն այլևս դադարու՞մ էին լինել քաղաքացի:

-Ո՛չ: Թուրքիայում քրիստոնյաներին ունեզրկելու և Գերմանիայում հրեաներին ունեզրկելու գործընթացների միջև եղած հիմնական տարբերությունը սա է. «Հրեաներին զրկել են քաղաքացիությունից, և նրանց ունեցվածքն ինքնաբերաբար անցել է պետությանը, իսկ մենք քանի որ հայերին քաղաքացիությունից չենք հանել, ասում են, թե «պետությունը այն օգտագործել է տիրոջ անունից»»:

-Հայերից մնացած ունեցվածքը օգտագործելու վերաբերյալ պետությունը ռազմավարություն ունի՞:

-Բավականին համակարգված քաղաքականություն կա: Ունեցվածքն օգտագործել են 5 նպատակով: Առաջին՝ դրսից եկած մուսուլման փախստականներին բնակեցնելու. փախստականներին անվճար բնակեցնում էին հայերից մնացած տներում: Երկրորդ՝ իսլամական բուրժուազիա ձևավորելու համար. հայերից վերցրած գործարանները շատ էժան գներով տալիս էին իսլամ գործարարներին: Երրորդ՝ հայկական ունեցվածքից ստացած եկամուտով ֆինանսավորում էին պատերազմը. այնպիսի գյուղատնտեսական արտադրանքները, ինչպիսք են հացահատիկն ու խաղողը կամ դրանց վաճառքից ստացած եկամուտն ու կարևոր շինությունները հանձնում էին բանակին: Բացի այդ` հայերի վերաբնակեցման ծախսերը ևս կառավարությունը հոգում էր հայկական ունեցվածքից ստացած եկամուտով: Եւ, վերջապես, որոշ մեծ շինություններ օգտագործում էին տարբեր պետական կարիքների համար՝ դպրոց, հիվանդանոց:

-Լավ, իսկ պետությունը կարողանու՞մ էր իրականացնել այս նպատակները, թե վերահսկողությունը կորցնում էր, և ալան-թալանի էր վերածվում:

-Երկուսը միասին: Օրինակ՝ Լքյալ գույքի հանձնաժողովները երբեք ունեցվածքը լրջորեն չեն գրանցել: Նախազգուշացնում էին՝ ասելով. «Մի թալանեք, այդպես մի վարվեք», այնուհետև պատվիրակություն ուղարկում շրջաններ և որոշ ձերբակալություններ կատարում:

-Իրո՞ք:

-Այո՛: Կատարած անարդարությունների և շահագործումների համար Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներին և բյուրոկրատիային Անատոլիայում (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) ստեղծված դատարաններում դատում էին: Արդյունքում` իմ ստացած պատկերը հետևյալն է. Կառավարության և տեղական կառավարիչների միջև հայերին աքսորելու և բնաջնջելու հարցում տարաձայնություն չկար, սակայն ունեցվածքը ախորժալի պատառ էր: ունեցվածքն ըստ կարիքի օգտագործելու պետության ցանկության և տեղական կառավարիչների թալանի ցանկության արդյունքում մշտապես վիճաբանություն էր ծագում:

Հայ աղջիկների ապրած մեծ ողբերգությունը

-Ասացիք, որ հայ երեխաներին «երեխաների շուկայից» գնում էին որպես աշխատուժ: Աղջիկներին սեռական շահագործման ենթարկու՞մ էին:

-Երիտասարդ աղջիկներին ամուսնանալու պատճառաբանությամբ էին գնում: Հուշերից պարզ է դառնում, որ որոշ պաշտոնյաների մոտ 3-5 երիտասարդ աղջիկ է եղել: Որոշ դեպքերում հայ աղջիկներին որպես երկրորդ, երրորդ կին իրենց հարեմ են վերցրել: Այստեղ ուզում եմ առանձնացնել լավ նպատակ հետապնդող ընտանիքներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց մոտ ապաստանած երեխաներին տարել և հանձնել են անգլիական պատկան մարմիններին կամ էլ այլ պաշտոնյաների: Սակայն այն, ինչ ապրել են հայ երեխաները, հատկապես աղջիկները, մեծ ողբերգություն է:

-Երեխաներին իրենց ունեցվածքի համար են հափշտակել: Տեղահանության ժամանակ եղել են մարդիկ, ովքեր հայերին օգնել, երեխաներին իրենց տուն են վերցրել, այնպես չէ՞:
-Այո՛, ասում են, որ Անատոլիայի բազմաթիվ շրջաններում հայ երեխաներին վերցրել և փրկել են: Իրոք, եղել են մարդիկ, ովքեր մարդասիրական մղումներով են արել: Ուզում եմ նրանց մի կողմ թողնել: Սակայն 1915 թ. ամռանը կենտրոնից շրջաններ որոշում են ուղարկում, համաձայն որի՝ «Եթե որևէ երեխայի ձեր ընտանիք վերցնեք, ապա նրա ընտանիքի ունեցվածքը ձերը կդառնա»: Եվ ահա Անատոլիայի որոշ գյուղաքաղաքներում տեղի մեծահարուստների շրջանում սկսվում է հայ հարուստ երեխաներին հափշտակելու մրցակցությունը: Սխալ չի լինի, եթե ասենք, որ հայ երեխաներին իրենց տուն վերցրած մարդկանց մեծ մասը դա տնտեսական շահ հետապնդելու նպատակով է կատարել: Բացի այդ` կառավարությունը նաև որոշ գումար էր վճարում հայ երեխա վերցրած ընտանիքներին:

-Այդ դեպքում հայ երեխաներին մուսուլման ընտանիքներին տալու երևույթը պետական քաղաքականությու՞ն էր:

-Այո՛, hամակարգված պետական քաղաքականություն էր: Հայոց ցեղասպանությունը լոկ որպես ֆիզիկական բնաջնջում տեղի չի ունեցել: Ցեղասպանության կարևոր հատկանիշներից մեկը ձուլումը, հատկապես հայ երեխաների ձուլումն ու իսլամացումն էր: Նախքան աքսորը սկսելը շրջաններ ուղարկված շրջաբերականներով պահանջում էին տեղեկություն, թե տեղահանության արդյունքում քանի երեխա է ծնողազուրկ մնալու: Տեղահանությունից հետո այս երեխաներին, հատուկ կացարաններում տեղավորելով, իսլամացնում էին: Շրջաններ ուղարկված հեռագրերից պարզ է դառնում, որ այստեղ հատկապես ուշադրություն էին դարձնում հատուկ տարիքային խմբի՝ 4-12 տարեկան երեխաների խմբին: Որովհետև մինչև 4 տարեկան երեխան խնամքի կարիք ուներ, երե խնամող որևէ մուսուլման ընտանիք չէին գտնում, սպանում էին: 13 տարեկանից բարձր երեխաներին ևս սպանում էին, քանի որ ասում էին՝ «հայկականությունը չի մոռանա»: Աղջիկներին հատուկ հրամանով ամուսնացնում էին մուսուլմանների հետ, ինչն էլ 1948 թ. բնորոշվել է որպես ցեղասպանություն:

-Հայ ընտանիքներն իրենց երեխաներին թողում էին որբանոցներու՞մ, թե՞ նախընտրում էին իրենց հետ տանել:

-Մեծավ մասամբ իրենց հետ էին տանում: Ճանապարհին հանգստանալու համար կանգառները վերածվում էին յուրօրինակ «երեխաների շուկայի»: Որոշ ընտանիքներ իրենց երեխաներին ստիպված էին լինում տալ կամ վաճառել, որպեսզի փրկվեն: Նույնիսկ կային մուսուլմաններ, ովքեր այս վայրեր բժիշկների հետ էին գալիս: Շատ ներողություն, բայց, ինչպես կենդանիների դեպքում, առողջ երեխաներին էին ընտրում: Տարբեր նպատակներով էին ընտրում այս երեխաներին: Բնականաբար, բարի նպատակներ հետապնդողներ էլ կային, սակայն որքանով որ ես եմ հասկացել հուշագրություններից, մեծավ մասամբ այս երեխաներին ընկալում էին որպես աշխատույժ: Քանի որ չափահաս տղամարդիկ պատերազմի պատճառով բացակայում էին, տանը, դաշտում աշխատուժի կարիք կար: Հայերն իրենց հուշերում «ստրկություն» բնութագիրն են տալիս իրենց երեխաների` մուսուլման ընտանիքներ վերցնելու երևույթին: Իրոք, շատ ծանր պայմաններում էին աշխատեցնում, նույնիսկ լինում էին դեպքեր, որ հետագայում վաճառում էին:

http://www.taraf.com.tr/haber/cocuklar-mallari-icin-kapisildi.htm

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Levon Poghosyan
Aug 16, 2013 10:22