ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, June 26, 2013 16:20 - չքննարկված
Ո՞ւր են գնում գյուղատնտեսական նպատակներով եկած գումարները, և ինչո՞ւ են գյուղացիները, շպրտելով հողը, հեռանում երկրից
Ինչո՞ւ չի զարգանում ագրոբիզնեսը Հայաստանում: Ինչո՞ւ են գյուղացիները հողերը շպրտում և արտագաղթում երկրից: Արտագաղթում է գյուղատնտեսության մասնագետը, որովհետև աշխատանք չունի, արտագաղթում է գյուղացին, որովհետև աշխատելու և ապրելու համար նորմալ պայմաններ չկան:
Այն էլ այն դեպքում, երբ գյուղատնտեսության զարգացման և գյուղերում աղքատության նվազեցման նպատակներով տարիներ շարունակ բազմաթիվ միջազգային ծրագրեր են մտել Հայաստան, և եթե դրանց կեսն էլ նպատակային և արդյունավետ օգտագործվեին, ապա մեր երկիրը այսօր կդասվեր զարգացած ագրարային երկրների շարքին:
Հանրապետության տարբեր մարզերի տարբեր գյուղերի բազմաթիվ գյուղացիների հետ իրականացրած մեր հարցումները`«…օգտվե՞լ եք արդյոք վերոնշյալ իրականացված ծրագրերից, և տեղյա՞կ եք ներկայիս իրականացվող ծրագրերին», գյուղացիները միանշանակ պատասխանել են` ոչ: Այդ դեպքում հետաքրքիր է իմանալ` ովքե՞ր են օգտվել և ո՞ւր են գնացել այդ գումարները, ո՞ւմ համար է աշխատել և աշխատում գյուղատնտեսության նախարարությունը:
Բազմաթիվ աղքատ գյուղացիների կողքին այսօր ձևավորվել են որոշակի ֆեոդալներ՝ իրենց կալվածքներով: Այլ բան չի մնում ենթադրել, քան այն, որ գյուղնախարարությունը աշխատում է այդ նոր ձևավորված ֆեոդալների համար: Արդյունքում` հարուստը էլ ավելի է հարստացել, աղքատը` էլ ավելի աղքատացել:
Դրա համար էլ մեր սակավահող Հայաստանում մշակելի հողատարածքների կեսից ավելին չի մշակվում (դեգրադացվել, շարքից դուրս է եկել), մշակվող հողատարածքներն էլ մշակվում են ոչ լիարժեք կերպով և պահանջվող ագրոտեխնիկային անհամապատասխան երկրին սպառնում է անապատացման վտանգը, մասամբ հարցականի տակ է դրված մշակաբույսից ստացվող սննդամթերքի անվտանգությունը, գյուղատնտեսական որոշ կենդանիներ հիվանդ են թաքնված բազմաթիվ հիվանդություններով, և այլն, և այլն, և այլն:
Այս ամենի կողքին ունենք պարտքերի, վարկերի, հարկերի ու դրանց տոկոսների մեջ խրված անթիվ աղքատ գյուղացիներ: Այս ամբողջը խոսում է նաև երկրում իրականացված և իրականացվող սխալ ագրարային քաղաքականության մասին:
Գյուղատնտեսական նպատակներով միջազգային ծրագրեր այժմ էլ են իրականացվում: Դրանցից են` Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր»-ը իր 4 բաղադրիչներով, «Սննդի անվտանգության կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագիրը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերը` իրենց վարկային և դրամաշնորհային ծրագրերով, Դանիական Թագավորության աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» դրամաշնորհային ծրագիրը, ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը, և այլն:
Որպես ի գիտություն՝ տեղեկացնեմ, որ մասնավորապես գյուղնախարարության ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր»-ի ընդհանուր արժեքը կազմում է 21.33 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի բաղադրիչներն են` Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ (15.36 մլն ԱՄՆ դոլար), Գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում (2.48 մլն ԱՄՆ դոլար), Մրցակցային դրամաշնորհներ (2.05 մլն ԱՄՆ դոլար), Ծրագրի իրականացում և մոնիտորինգ (1.45 մլն ԱՄՆ դոլար):
Հատկանշական է, որ նշված ծրագրերը չեն անցել հանրային լայն քննարկումներ, հետևաբար` անորոշ է նաև այդ ծրագրերի իրականացման նպատակահարմարությունը ու արդյունավետությունը: Որքան էլ որ գյուղնախարարությունը փորձի համոզել, իրականում բացակայում է համագործակցությունը գյուղնախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև:
Ծրագրերը ուսումնասիրելիս պարզ երևում է, որ այդ ծրագրերում հիմնականում ներգրավված են նույն դեմքերը, նախարարությանը մոտ կանգնած նույն ՀԿ-ները, նույն անձիք, որոնցից ոմանք գյուղատնտեսական համապատասխան կրթություն անգամ չունեն: Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ լավագույն մասնագետներ այսօր անգործ են, նրանց որոշ մասը հիասթափված լքել է երկիրը, մի որոշ մաս էլ պատրաստվում է հեռանալ երկրից:
Գյուղացու վրա շատ թանկ է նստում ստացված բերքի ինքնարժեքը:
Մի՞թե այսպես է գյուղնախարարությունը գյուղատնտեսության ոլորտի մասնագետների և գյուղացիների համար ստեղծում ապահով Հայաստան…
Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ