ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, June 25, 2013 4:24 - չքննարկված
իրենց ամեն ինչ կարելի է: Ուղղակի հասարակությունն է մեղավոր, որ ավելորդ աղմուկով հարամում է նրանց աստվածատուր վայելքը:
Եվ այսպես, Նավասարդ Կճոյանի հայեցակարգային հարցազրույցը վերջապես շպրտվեց անհավատ ժողովրդին: Աստվածային բարձունքից Նավասարդ սրբազանը իրեն ուղղված մեղադրանքներին հստակ պատասխանելու փոխարեն ավելի խորացրեց դրանք: Անհասկանալի էր նրա պատասխանը «Բենթլի» վարելու հետ կապված: Եթե նախկինում նա պնդում էր, որ այդ մեքենան իրեն նվիրել է Աշոտ Սուքիասյանը, այժմ հայր սուրբը բառացիորեն հայտարարում է. «Նախևառաջ, հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ տարիներ առաջ ինձ նվիրված «Բենթլի»-ով չեմ երթևեկում՝ առավել նախընտրելով օգտվել ծառայողական ավտոմեքենայից: Առհասարակ 14 տարի ավտոմեքենա չեմ վարել, և այդ «Բենթլի»-ին վերաբերվում էի զուտ որպես նվեր. ավտոմեքենան չէ այն երևույթը, որը կարող է ինձ համար արժեք ներկայացնել: Այո, Աշոտ Սուքիասյանը ժամանակին ունեցել է «Բենթլի» ավտոմեքենա, սակայն բոլորովին այլ մոդելի, որը որևէ առնչություն չունի ինձ պատկանող ավտոմեքենայի հետ»: Հիմա չհասկացանք, էդ «Բենթլին» իրականում նվիրել են, թե դուք դրան վերաբերվում եք որպես աստվածային նվերի: Կարծեմ ժամանակին ինքներդ եք, չէ, պնդել, որ Ձեր սանիկ Աշոտ Սուքիասյանի նվերն է: Հիմա ոնց հասկանանք այս լղոզված պատասխանը: Լավ, գրողի ծոցը այդ երկաթյա նժույգը, անցնենք առավել հայեցակարգային պատասխաններին: Օֆշորային սկանդալի հետ կապված աստվածային մեծությունը մեղադրում է ոչ ավել, ոչ պակաս, հայ ժողովրդին, բառացիորեն մեզ շնորհելով հետևյալ հայեցակարգային մտքի գոհարը. «Մեր ժողովուրդը իրապաշտ չէ. մենք ցանկալին և իրականությունը շփոթելու մեծ փորձ ունենք, դա կարծես մեր բնավորության մի մասն է դարձել: Մի ժողովուրդ, որը երկար ժամանակ պետականություն չի ունենում, դառնում է կասկածամիտ: Պետք է ձերբազատվել դրանից»: Կներեք, բայց այս դեպքում անհասկանալի մնաց՝ հայր սուրբը կասկածամտությունից է ուզում ձերբազատվել, թե ժողովրդից: Փաստորեն ինչ է ստացվում, ազգի հոգևոր հայրերի հետ կապված հրապարակ է նետվում սկանդալային տեղեկություններ, որոնք արժանահավատ են թվում: Օրեցոր համացանց են նետվում այդ կասկածները հիմնավորող նորանոր փաստեր, իսկ հերքումները, ներիր մեղսովորիս, դեռ այդքան էլ արժանահավատ չեն թվում: Ժողովուրդը, փոխանակ ինկվիզիցիայի ենթարկի այդ հրապարակումների հեղինակին՝ դարերով պետականությունից զուրկ լինելու պատճառով առաջացած մաղձն ու կասկածները թափում է աստվածաշնորհի հասցեին: Այ, այ, այ, ապիկար հասարակություն, ինչու ես քիթդ խոթում այնտեղ, որտեղ պետք չէ: Ի վերջո, անքննելի են գործերն Աստծո, իսկ Հայրապետական տեղապահը Աստծուն մոտ կանգնած անձնավորություն է:
Հարցազրույցը որևէ կասկած չփարատեց, ավելին, տեղեկություններ ստացանք նրա եվրոպական տուրնեների մասին: Մեկ էլ իմացանք մի բան, որ իրենց ամեն ինչ կարելի է: Ուղղակի հասարակությունն է մեղավոր, որ ավելորդ աղմուկով հարամում է նրանց աստվածատուր վայելքը:
Վարուժան Բաբաջանյան
Ֆեյսբուկից