Իսկ ինչքա՞ն հուզված էին մարդիկ, ում որդիների, հայրերի, ամուսինների, եղբայրների մասին գեներալ Մանվելը հանդես եկավ ինքնախոստովանությամբ: Գեներալ Մանվելը ելույթում խոսել էր պատերազմի տարիների եռամսյա հավաքների մասին, երբ փողոցից պարզապես որսում էին մարդկանց եւ ուղարկում պատերազմ, որպես թնդանոթի միս:
«Մենք օրենքով եռամսյա հավաքներ արեցինք, որ շատ դժվար էր երկրի վիճակը, մարդկանց մետրոներից, ավտոբուսներից, շուկաներց հավաքում էին, տալիս էին վայենկոմատներին, լցում էին ավտոբուսները, բերում էին ընդեղ: Զենքն ու գրանատան իրարից չէին տարբերում, առաջին օրերին էին զոհվում, երկրորդ օրերին, օր ա եղել, 8-9 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք ուղարկել, անձամբ ես: Առաջին 16 հոգին, որ Հայաստան ա բերվել մի ուղղաթիռով՝ անտեսանելի, անճանաչելի, ոչ մեկս չենք իմացել, Եռաբլուրում բերել թաղել ենք ու էդ մարդկանց ոչ մեկս չենք ճանաչել, հենա Շմայսն էլ վկա», հայտարարել է գեներալ Մանվելը:
Դա ոչ այլ ինչ է, քան հաղորդում հանցագործության մասին: Ի՞նչ են զգում ներկայում այն մարդիկ, ում հարազատին այդ օրերին քաղաքի ինչ որ տեղից բռնել են եւ պարզապես ուղարկել ռազմաճակատ, իսկ հետո հետ բերել նրա դիակը: Ի՞նչ են զգում այդ մարդիկ նայելով օրինակ մեծահարուստ գեներալ Մանվելին, նույնքան հարուստ գեներալ Սեյրանին, ֆեոդալ Շմայսին, որին որպես սպանդի վկա է բերում գեներալ Մանվելը: Ի՞նչ են զգում այդ մարդիկ, լսելով, թե ինչպես են այդ մեծահարուստներն իրար վկա բերելով հայտարարում, որ զենքն ու նռնակն իրարից չտարբերող մարդկանց տարել են ռազմաճակատ, երբ պարզ էր, որ այնտեղ նրանք դառնալու են թնդանոթի միս՝ նույն օրը կամ մի քանի օր անց:
Ի՞նչ վիճակի մեջ են այսօր այդ զոհերի ընտանիքները: Նրանք Հայաստանու՞մ են, թե հեռացել են, Հայաստանը թողնելով այն մարդկանց, ովքեր Երեւանի փողոցներում թնդանոթի միս էին որսում: Ո՞վ է մեղավոր դրա համար: Ո՞վ է պատասխան տալու դրա համար: Ո՞վ էր պատասխանատու, որ փողոցներից բերման ենթարկվածները չէին անցնում բավարար նախապատրաստություն, որպեսզի քսան տարի անց խոստովանություն չհնչի, թե այնքան անփորձ եւ անտեղյակ էին, որ առաջին օրերին ութ-իննը ուղղաթիռ զոհ ու վիրավոր է տեղափոխվել Հայաստան:
Ամեն ինչ կբացատրվի պատերազմով եւ անփորձ պետությամբ: Դե պատերազմ էր, թշնամին գերազանցում էր իր բոլոր ռեսուրսներով, վիճակը ծանր էր, պետությունն էլ նոր էր, անփորձ, նաեւ տնտեսական շրջափակման մեջ, մտածելու ժամանակ չկար:
Լավ է, հիմնավոր է հնչում: Միայն թե զարմանալի է, որ այդ անփորձ պետության պատասխանատուները նույն անփորձությունը չէին ցուցաբերում ասենք իրենց որդիներին պատերազմից ու բանակից հեռու պահելու համար, անփորձություն չէին անում ասենք դիակապտության եւ թալանի հարցերում, անփորձություն չէին անում պատերազմի ընթացքում Երեւանում եւ հանրապետության այլ մարզերում զենքով եւ բիրտ ուժով իշխանություն հաստատելու համար: Իսկ պատերազմից հետո հանկարծ պարզվեց, որ նրանք բոլորը դարձան փորձառու միլիոնատերեր, փորձառու բիզնեսմեններ, փորձառու ընտրակեղծարարներ, փորձառու պատմակեղծարարներ:
«Ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ ընկերներին, իրավունք չունե՞մ: Ես ուզում եմ ոչ թե գեներալ-լեյտենանտ ըլնեմ, ՀՀ առաջին աստիճանի մարտական խաչը ես եմ ստացել, Արցախի հերոս եմ, բայց չեմ ուզում ստանամ, Հունան Ավետիսյանի նման կուրծքս բացեմ, չեմ ուզում իրանցից բարձր ըլնեմ», հայտարարել է գեներալ Մանվելը, ասելով, թե պետք չէ բարդություններ փնտրել երկրապահի կարգավիճակի մասին օրենքի նախագծում:
Իսկապես հուզիչ է: Պարզապես հետաքրքիր է, երբ գեներալ Մանվելը սկսում էր ապրել շքեղ կյանքով, ու՞մ նման էր ուզում լինել նա, ու՞մից էր բարձր կամ ցածր դառնում նա, մտածու՞մ էր նա երկրապահներից ոչ մեկից բարձր չլինելու մասին, թե հավասարության ներքին զգացումն ու պահանջը նա զգաց, երբ արդեն շատ բարձրի վրա էր: Եվ եթե այսօր նա ուզում է լինել բոլորին հավասար, պատրա՞ստ է արդյոք իր ունեցվածքը եւս հավասարապես բաժանել: Չէ՞ որ կռվել են բոլորը, իսկ իշխանության տեր մեծահարուստ դարձել են մի քանիսը:
Այ, երբ այդ մի քանի մեծահարուստը կորոշեն իրենց ունեցվածքը բաժանել բոլոր երկրապահների միջեւ, հավասարաչափ, հավասարապես, դառնալ նրանցից մեկը ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով ու կենսակերպով, այդ դեպքում արդեն հասարակության հուզմունքը կլինի լիովին արդարացված:
Այդ օրը նույնիսկ կարելի է Հայաստանում նշել որպես համազգային հուզմունքի օր, եթե իհարկե հաջորդ օրն այդ մեծահարուստ գեներալները չասեն, թե հուզմունքի պահին մի բան էր արեցինք, հիմա հետ տվեք փողերը՝ տոկոսներով: