ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, June 14, 2013 3:10 - չքննարկված
Տիգրանի բարի համբավն ու «Հզբոլահի» դավադրությունը
Որքան էլ Տիգրան Սարգսյանը փորձի «Հայկական ժամանակ» թերթի օգնությամբ և «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանի «պասով» արդարանալ, թե ինքը «Wlispera holdings limited» օֆշորային կազմակերպության գրանցման օրը գտնվել է Պրահայում՝ լրագրողների աչքի առաջ և հետևաբար՝ անմեղ է, միևնույն է, միայն անմեղսունակներին նա կարող է համոզել, թե իրեն վարկաբեկելու համար մութ ուժերը ֆիրմա են գրանցել, այդ ֆիրմային «Ամերիաբանկից» 10 մլն դոլար փոխանցել ու այդ ֆիրմայից հետ փոխանցել «Ամերիաբանկի» մեկ այլ հաշվի համարի վրա։ Փոխանցել են ու հետ փոխանցել, փոխանցել են ու հետ փոխանցել, և այդպես շարունակ, և այդպես անընդհատ, և այդպես անդադար։
Լավ, բա «Ամերիաբանկի» սեփականատեր Ռուբիկ Վարդանյանը չի՞ նկատել, որ իր ընկերոջ բարի համբավը 10 միլն դոլարի չափով արատավորվում է ինչ–որ օֆշորային կազմակերպության կողմից։ Եթե նկատել է ու չի ասել, ապա Տ. Սարգսյանը հիմա պետք է ոչ թե Ռուբիկ Վարդանյանի մեկ այլ բիզնեսի համար հարկային արտոնություններ ապահովող օրինագիծ ներկայացներ ԱԺ–ին, այլ ասեր հետևյալը. «Ռուբիկ ջա՛ն, յա տեբյա ադնու վեշչ սկաժու, տի տոլկո նե աբիժայսյա. տվոյ բանկ ապազօռիլ մենյա»։ Բայց դե Տիգրանը հո գիտի, որ Ռուբիկի բանկը ոչ թե «ապազոռիտ» է արել իրեն, այլ հարստացրել։ Գիտի, դրա համար էլ Դիլիջանն է ուզում Ռուբիկի համար օֆշորային գոտու վերածել ու զարկ տալ «ատկատահեն» տնտեսության զարգացմանը։ Ինչևէ։
Դատելով ամենից՝ Տիգրանը որոշել է դիմադրել ու չհանձնվել։ Դե, ով լիներ իր փոխարեն, որ այդպես չվարվեր։ Նախագահի աջակցությունը կա, դատախազությունը կպարզի այն, ինչ պետք է, իսկ խորհրդարանական կամակատար մեծամասնությունն էլ պաշտոնանկության հարց չի բարձրացնի։
Տիգրան Սարգսյանի արդարացման մարտավարությունը կառուցված է դավադրության տեսության վրա՝ «Սև մոգությունն ընդդեմ աստվածավախ վարչապետի» թեմայով։
Պատկերացնու՞մ եք, դուք տանը հանգիստ նստած եք, իսկ ինչ–որ անհայտ չարագործներ ձեր անունից ֆիրմա են բացում Կիպրոսում ու սկսում միլիոններ պտտեցնել։ Ահա այսպիսի դավադրության սցենար է մեզ ներկայացնում Տիգրանը։
Եթե հավատալու լինենք նրա ասածներին, ապա ստացվում է հետևյալ պատկերը. մութ ուժերը Տիգրանի բարի համբավը և կուսական մաքրությունը դարձրել են իրենց ամենաթանկ կապիտալն ու սկսել «փոխանցումավազքը»։ Այդ ընթացքում Տիգրան Սարգսյանը շարունակել է «Հայկական աշխարհի» շինարարությունը և ցավեր չի զգացել։ Եվ չէր էլ զգա, եթե «Հետք»–ը չհրապարակեր փաստաթուղթը։
«Հետքի» հրապարակումից հետո բացահայտվեց դարի դավադրությունը։
Վարչապետը հիմա պնդում է, թե առանց իր գիտության են օֆշորում իր անունով ֆիրմա գրանցել։ Նա, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե լավ, ենթադրեն՝ք իր անունից օֆշորում ֆիրմա են բացել ու փող փոխանցել այդ ֆիրմային։ Բա հետո ինչպե՞ս են այդ նույն ֆիրմայից փող հետ փոխանցել «Ամերիաբանկ»։ Չէ՞ որ դա առանց սեփականատիրոջ (դե՛, Տիգրանի, էլի՛) հնարավոր չէ։ Այստեղից հետևություն՝ կա՛մ Նավասարդ Կճոյանն է եղել փոխանցումներով զբաղվող լիազորված անձը, կա՛մ վարչապետի փաստաթղթային մյուս «օրթախ» Աշոտ Սուքիասյանը։ Թարսի պես էլ Կճոյանն ու Սուքիասյանը վարչապետի մերձավորներից են, իսկ «Ամերիաբանկը», էլի թարսի պես, վարչապետի գործընկերոջն է պատկանում։ Այս ի՜նչ դավադրություն է կազմակերպվել բյուրեղյա մաքրության տեր Տիգրանի դեմ։
Սա ակնհայտորեն աշխարհաքաղաքական ուժերի կամ էլ «Հզբոլահի» ձեռքի գործը կլինի։ Այդ դավադրությամբ փորձ է արվել վիժեցնել արևմտամետ Սերժ Սարգսյանի բարեփոխումները։ Սերժի արձակուրդ մեկնելը, ըստ այդմ, պատահական չէր։ Նա սկզբում զանգեց Պուտինին, հետո գնաց բուժման։ Այ, եթե ՀՀԿ ղեկավարը գնար բուժման և հետո նոր միայն զանգեր Վլադիմիր Վլադիմիրովիչին, ապա դա ուրիշ։ Իսկ այսպես հաստատվում է դավադրության վարկածը։
Զանգի և բուժման հաջորդականությունն ավելի է մեծացնում համոզվածությունը, թե Տիգրանի դեմ, այդուհանդերձ, «Հզբոլահն» է դուրս եկել՝ համագործակցելով հայաստանյան իշխանության ոչողջախոհ թևի հետ։ Պետք է, հետևաբար, պաշտպանել վարչապետին, քանզի այստեղ ոչ թե նրա, այլ Հայաստանի հարցն է։
Եթե թույլ տանք, որ «Հզբոլահը» Տիգրանին «փուռը տա», ապա մեզ մոտ հակաօլիգարխիկ պայքարը կդանդաղի կամ ընդհանրապես կդադարի, քանզի բարի Սերժ Սարգսյանը միայնակ կմնա իշխանության չար թևի դեմ և ստիպված կլինի հրաժարվել երրորդ ժամկետին գնալու ու հավերժ իշխելու մտադրությունից։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Արարատյան հայրապետական թեմը հայտարարություն է տարածել այն մասին, թե Նավասարդ Կճոյանը կապ չունի օֆշորային կազմակերպության հետ և բիզնեսով չի զբաղվում։«Բենթլին» վկա, հավատում ենք։
7or.am